Գլխավոր » 1988-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ...
1988-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ...
01:37
1986 թ. գարնանը Ստեփանակերտում գործող մի շարք ազգայնական, ոչ ֆորմալ կազմակերպությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ Ստեփանակերտում հիմնադրեցին «Արցախական Միությունը» (ԱՄ)։ ԱՄ-ի նպատակն էր՝ միավորել Արցախում գործող բոլոր ազգայնական խմբերին և կազմակերպություններին, նախապատրաստվել ազգային-ազատագրական պայքարին։
«Արցախական Միության» նախագահն էր Արկադի Կարապետյանը, քարտուղարը՝  Հակոբ Խաչատրյանը։ Անդամներն էին՝ Գենադի Ներսիսյան, Սերժ Առուշանյան, Սամվել Պետրոսյան, Կամո Մարտիրոսյան, Աշոտ Սարգսյան, Աշոտ Ղուլյան (Բեկոր), Վահրամ Հայրապետյան, Սերգեյ Շահվերդյան։

ԱՄ նախագահության յուրաքանչյուր անդամ պատասխանատու էր այս կամ այն բնագավառի համար։ Ստեղծվել էին քաղաքական, տնտեսական, մարտական, գաղափարախոսական և հատուկ բաժիններ։ ԱՄ-ն ուներ իր ծրագիրը և կանոնադրությունը։ Արցախի բոլոր շրջաններում գործում էին փոքրաթիվ խմբեր, որոնք անմիջական կապ ունեին Ստեփանակերտի կենտրոնի հետ։ Միությունը գործում էր ընդհատակյա։

 1987 թ. լայն թափ ստացավ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքը։ ԱՄ ջանքերով այդ գործընթացը ստացավ գործնական բնույթ՝ ստորագարահավաքները կազմակերպվեցին այդ նպատակի համար նախատեսված հատուկ ձևաթղթերի վրա։ Բացի ստորագրահավաքից, Միության անդամները արձանագրում և հավաքում էին Արցախի և Ադրբեջանի տարածքում հայության իրավունքների ոտնահարման և «սպիտակ ցեղասպանության» իրագործումը հաստատող փաստեր։ Հավաքված, խմբավորված նյութերն ԱՄ նախագահ Ա. Կարապետյանը տանում էր Երևան, հանձնում Իգոր Մուրադյանին ու այլ շահագրգիռ անձանց։

 1988 թ. հունվարի սկզբներին «Արցախյան Միության» նախագահ Արկադի Կարապետյանը Երևանում հանդիպում է քաղաքական տարբեր ուժերի առաջնորդների, համոզվում, որ արցախահայությանը պետք է նախապատրաստել ցույցերի և հանրահավաքների։ Վերադառնալով Ստեփանակերտ, Ա. Կարապետյանը հրավիրում է Միության նիստ և ներկայացնում երևանյան տեսակետները։ 
 1988 թ. փետրվարի սկզբին Ա. Կարապետյանի կազմակերպությունից ինքնամեկուսացման և նախագահության անդամների անձնական բնույթի տարաձայնությունների պատճառով «Արցախյան Միությունը» լուծարվում է։ 

 ԱՄ անդամների մեծամասնությունը նորից համախմբվում է 1988 թ. փետրվարի 13-ին՝ երբ հազարավոր քաղաքացիներ են դուրս գալիս Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ և հայտարարում Մայր Հայաստանի հետ վերամիավորման իրենց վճռականությունը։ 
 1988 թ. փետրվարի 24-ին հիմնադրվում է «Հայոց Ընկերվարական Արցախական Կուսակցությունը» (ՀԸԱԿ)։ Սկզբնական շրջանում այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում՝ չուներ ծրագիր և կանոնադրություն։ 1988 թ. սեպտեմբերի 17-ին հրավիրված ժողովին ՀԸԱԿ Բյուրոն հաստատեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Ծրագրի առանցքը կազմում էր Հայ Դատը։ Բյուրոյին կից գործում էին տարբեր բաժիններ։ 

Գաղափարախոսության-քարոզչության բաժինը (պատասխանատու՝ Լևոն Ավանեսյան) զբաղվում էր պաշտոնաթերթի հրատարակմամբ, թռուցիկների ստեղծման և տարածման, քարոզչական բնույթի այլ աշխատանքներով։ Մարտական բաժինը (պատասխանատու՝ Արկադի Կարապետյան) զբաղվում էր մարտական ջոկատների ստեղծման և նրանց միջև կապի հաստատման աշխատանքներով, ինչպես նաև՝ զենքի և զինամթերքի հայթայթմամբ և բաշխմամբ։ Ելմտանքի-տնտեսական բաժինը (պատասխանատու՝ Գենադի Ներսիսյան) զբաղվում էր անդամավճարների հավաքման, տնտեսական բազայի ստեղծման, դրամական և նյութական միջոցների հայթայթման աշխատանքներով։ Հատուկ բաժինը (պատասխանատու՝ Աշոտ Սարգսյան) ուներ հետախուզական և հակահետախուզական ենթաբաժիններ. զբաղվում էր կուսակցության անդամության թեկնածուների հուսալիության ստուգման, անդամների ընդունելության, կուսակցության ներքին ու արտաքին կյանքին վերաբերող, զենքերի և զինամթերքների անվտանգ տեղափոխման հարցերով։ 

Շրջանների կուսակցական խմբերի հետ կապն անմիջական էր։ Բոլոր խմբապետները գիտեին Բյուրոյի նախագահին, մարտական և տնտեսական բաժինների պատասխանատուներին։ Խմբապետների բացակայության դեպքում, նրանց տեղակալները հատուկ նշանաբանով կապվում էին Բյուրոյի ցանկացած անդամի հետ և լուծում ծագած հարցերը։
 Կուսակցական խմբեր ունենալով Արցախի տարբեր շրջաններում, պարբերաբար Բյուրոյին տեղեկացնում էին շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հարկ եղած դեպքում Բյուրոն շրջաններ էր գործուղում գործիչների՝ կազմակերպելու նոր խմբեր, ստեղծելու մարտական ջոկատներ և լուծելու այլ բնույթի խնդիրներ։ 

 Արցախում հազարավոր թռուցիկներ տարածելով, ՀԸԱԿ Բյուրոն գտնում էր, որ հարցի լուծման, այսպես կոչված, քաղաքական (խաղաղ) տարբերակը ցանկալի է, բայց ոչ իրատեսական, ուստի կոչ էր անում արցախահայությանը համախմբվելու, զինվելու և նախապատրաստվելու ինքնապաշտպանության։ Սումգայիթյան եղեռնագործությունից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է արյանը արյամբ պատասխանել՝ պատժիչ գործողություն իրականացնելով Ջամիլու գյուղում։ Արցախի քաղաքական առաջնորդները, տեղեկանալով այդ մասին, կանխում են՝ «համոզելով», որ նման գործողությունը կվնասի ազգային-ազատագրական պայքարի քաղաքական ոգուն։ 

 ՀԸԱԿ Բյուրոն Արկադի Կարապետյանին գործուղում է Երևան՝ զենք և զինզմթերք հայթայթելու համար, իսկ Բյուրոյի մյուս անդամները մեկնում են Արցախի տարբեր բնակավայրեր և զբաղվում զինված պայքարի քարոզչությամբ։ Բյուրոյի հրահանգով կուսակցական բոլոր խմբերը սկսում են զինվել։ Այդ ժամանակ Արցախում լայն թափ էր ստացել ինքնաշեն զենքերի գաղտնի արտադրությունը։ Կարճ ժամանակում, 1988 թ. նոյեմբերին, փորձարկվում են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) «երևանյան նախագծերով» արտադրված ականներն ու նռնակները։ Պատրաստված զինատեսակները բաժանվում են ոչ միայն կուսակցական խմբերին, այլև սահմանամերձ բնակավայրերի Շարժման ակտիվ մասնակից անձանց ու խմբերին։

ՀԸԱԿ Բյուրոն որոշում է ընդունում համագործակցել տարբեր քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների հետ։ Այդ նպատակով Ա. Կարապետյանին հանձնարարվում է Երևանում շփվել տարբեր քաղաքական և կուսակցական առաջնորդների, գործիչներ, ներկայացուցիչների հետ։ Ա. Կարապետյանը տեղեկացնում է Բյուրոյին, որ միայն ՀՅԴ ծրագիրն ու գործելաոճն է համընկնում ՀԸԱԿ-ին։ Նա ՀԸԱԿ ծրագիրը և կանոնադրությունը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի գործիչին և առաջարկում համագործակցել։

 1989 թ. հունվարի սկզբներին Ա. Կարապետյանը վերադառնալով Ստեփանակերտ, իր հետ բերում է ՀՅԴ ծրագիրը, կանոնադրությունը և հարուստ գրականություն։ Երկարատև երկուստեք հետախուզումներից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է Երևանում հանդիպել ՀՅԴ Բյուրոյի գործիչին և տեղում որոշել համագործակցելու պայմանները։ Բյուրոն քննարկում է նաև ՀՅԴ-ին անդամակցելու հարցը։ 
 ՀԸԱԿ Բյուրոյի հինգ անդամներ՝ Հ. Խաչատրյանը, Լ. Ավանեսյանը, Ա. Կարապետյանը, Գ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը 1989 թ. ապրիլի 19-ին Երևանում հանդիպում են ՀՅԴ Բյուրոյի գործիչ Ափո Պողիկյանին։ Երկարատև քննարկումներից հետո ՀԸԱԿ Բյուրոյի անդամները որոշում են ընդունել ՀՅԴ Բյուրոյի գործիչի առաջարկը և անդամակցել ՀՅԴ-ին։ Նույն օրը տեղի է ունենում հինգ ընկերների Դաշնակցության շարքերը մտնելու երդման արարողությունը։ 

Հատուկ լիազորությամբ վերադառնալով Ստեփանակերտ, ՀՅԴ հինգ անդամները գումարում են ՀԸԱԿ Բյուրոյի նիստ և որոշում ընդունում ՀԸԱԿ-ը լուծարելու մասին։ ՀԸԱԿ անդամների բացարձակ մեծամասնությունը մտնում են Դաշնակցության շարքերը։ 
 1989 թ. մայիսի 3-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, հատուկ շրջաբերականով ստեղծվում է ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն, որի կազմում էին Հակոբ Խաչատրյանը (նախագահ), Լևոն Ավանեսյանը (քարտուղար, գաղափարա-քաղաքական բաժնի պատասխանատու), Արկադի Կարապետյանը (մարտական գործերի պատասխանատու), Գենադի Ներսիսյանը (ֆինանսա-տնտեսական բաժնի պատասխանատու), Աշոտ Սարգսյանը (հատուկ բաժնի պատասխանատու)։

ՀՅԴ Բյուրոյի որոշմանբ Արցախ է գործուղվում Բյուրոյի գործիչ Վարանդ Փափազյանը։ Նրա ցուցումներով և ակտիվ գործունեության շնորհիվ վերակազմվում են նախկին կուսակցական (ՀԸԱԿ) խմբերը, ստեղծվում են նորերը։ Կուսակցական ամեն մի խումբ պատասխանատու էր իր բնակավայրի, թաղամասի ինքնապաշտպանության կազմակերպման, քաղաքական և տնտեսական կացություններին վերաբերող հարցերում։ 
 1989-1990 թթ. «Անտառ» կոմիտեն Բյուրոյի գործիչ Վ. Փափազյանի ցուցումով համալրվում է նոր անդամներով՝ Մուրադ Պետրոսյան, Ժաննա Գալստյան, Գեորգի Պետրոսյան, Վալերի Բալայան, Մանվել Սարգսյան (Երևան)... Իսկ 1991 թ. հունվարին դաշնակցության շարքերն է ընդունվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ։

ՀՅԴ արցախյան կազմակերպության միջուկը հանդիսանում էին մարտական խմբերը՝ ջոկատները։ Բացի դաշնակցական ջոկատներից, Արցախում գործում էին բազմաթիվ զինված այլ ջոկատներ։ Ի տարբերություն մնացած զինված ջոկատների, վերջինները գործում էին միասնական հրամանատարության ներքո, կապված էին իրար և համեմատաբար լավ էին զինված։ Ազատամարտիկների շարքերում իշխում էր կուսակցական կարգապահությունը։ Մարտական ջոկատների նպատակն էր՝ համախմբել տվյալ բնակավայրի բնակչությանը, կազմակերպել նրանց անվտանգության ապահովումը, օգնել տեղերում նոր ջոկատների ստեղծմանը։ Այդ գործընթացին նպաստում էին նաև տարբեր ճանապարհներով ձեռք բերված զենքերն ու զինամթերքները և տեղում արտադրված ինքնաշեն ականներն ու նռնակները։ Զինվելով ժամանակակից հրաձգային զինատեսակներով, դաշնակցական ջոկատները աստիճանաբար իրենց վրա են վերցնում ամբողջ Արցախի ինքնապաշտպանությունը։ Այդ երևույթը գայթակղելով քաղաքական այլ կազմակերպությունների և ուժերի, ստիպում է, որ Արցախ ուղարկեն որոշ քանակությամբ զենքեր և զինամթերքներ ու հաստատեն իրենց «իշխանությունը»։ 

Տարբեր կուսակցություններ և կազմակերպություններ ձգտում էին Արցախում ղեկավարությունը վերցնել իրենց ձեռքը, բայց չէին համարձակվում։ Այդ խառնաշփոթության մեջ է, որ ծնվում է Ազգային Խորհրդի գաղափարը։ Երևանում 1989 թ. դեկտեմբերի 1-ին կայանում է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստը, որտեղ որոշում է ընդունվում Լեռնային Ղարաբաղը Հայակական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին։ Ցավոք ՀՅԴ-ն չկարողացավ Արցախի Ազգային Խորհրդի կազմավորման և հետագա աշխատանքների կատարման ժամանակ դերակատարություն ունենալ և տեր կանգնել հայության համար ընդունված կարևորագույն փաստաթղթերից մեկի իրագործմանը։

Արցախի ոչ դաշնակցական մարտական ջոկատները ձգտում էին համագործակցել դաշնակցական ջոկատների հետ, հաշվի առնելով նրանց կազմակերպվածությունը և զինվածությունը։ Որոշ ջոկատներ միանում են դաշնակցական ջոկատներին։ 
Լևոն Ավանեսյանին հանձնարարվում է Ասկերանի շրջանում ստեղծել ենթակոմիտեներ։ Էմիլ Աբրահամյանը նշանակվում է Հադրութի շրջանի դաշնակցական կազմակերպության պատասխանատու։ Աշոտ Սարգսյանին հանձնարարում են ստեղծել Ստեփանակերտի ենթակոմիտե։ 1991 թ. մարտի 3-ին, ձևավորվում է Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեն։ Ասկերանի ստեղծվում են երկու խոշոր խմբեր, իսկ Հադրութում՝ «Դիզակ» ենթակոմիտեն...

 1991 թ. մարտի 17-ին խորհրդային ղեկավարությունը անցկացրեց համամիութենական հանրաքվե։ Ադրբեջանը կողմ քվեարկեց ԽՍՀՄ պահպանմանը՝ նոր Միութենական համաձայնագրի շրջանակներում։ Հայաստանը բոյկոտեց հանրաքվեն՝ հայտարարելով, որ սեպտեմբերին անց է կացնելու   անկախության հանրաքվե։ Ադրբեջանի «հավատարմությունը» ըստ արժանվույն գնահատվեց։ «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման» և «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով Ադրբեջանը Կենտրոնի օժանդակությամբ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափման գործընթացին։            

Սև, չարագուշակ ամպեր էին կուտակվել Արցախի վրա։ Իրավիճակը պահանջում էր անհապաղ ելք գտնել։ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի դահլիճում 1991 թ. մարտի 17-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր։                  ԼՂՀ մարզխորհրդի պատգամավորներից բացի նիստ-խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արցախյան շարժման ակտիվիստները, հայտնի մտավորականներ, ֆորմալ և ոչ ֆորմալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սակյան ժողովն այդպես էլ ոչ մի որոշում չի կայացնում...

1991 թ. օգոստոսին տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում էր՝ «Արկադի Կարապետյանի Երևան կատարած այցի մասին»։ Վերջինս տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Քննարկվել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր։ Նախարարը արտահայտելով ՀՀ քաղաքական վերնախավի կարծիքը, Ա. Կարապետյանին առաջարկել է հրաժարվել ՀՅԴ-ից, որպեսզի նշանակվի Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատար։ Կոմիտեականները ոգևորությամբ են ընդունել Ա. Կարապետյանի տեղեկատվությունը։ ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն որոշում է, որ Ա. Կարապետյանը առերես հրաժարվի Դաշնակցությունից և նշանակվի Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր (ԻՊՈՒ) հրամանատար։

Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ սկսվում է Արցախի ԻՊՈՒ համախմբումը։ Նախկին ֆիդայական և տեղի ինքնապաշտպանական ջոկատներից, կամավորականներից ձևավորվում են մարտական վաշտեր և գումարտակներ։ Բնականաբար, առաջինը միավորվում են դաշնակցական ջոկատները, որոնք արդեն կազմավորված էին ու զինված։ Ստեփանակերտի ենթակոմիտեության մարտական խմբերը Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ, Աֆղանստանի պատերազմի վետերաններ Արմեն Գևորգյանի (Դուշման) և Բորիս Ասրյանի ջանքերով ստեղծում են Արցախի ԻՊՈՒ առաջին վաշտը, որի կորիզը կազմում էին «Վարարակն», «Ազատություն» և «Վրեժ» դաշնակցական խմբերը։ Հրամանատար է նշանակվում Աշոտ Ղուլյանը (Բեկոր), ով վիրավոր, բուժվում էր Երևանում։ 

Հայաստանից Արցախ եկած զինված ջոկատների առջև ԻՊՈՒ հրամանատար Արկադի Կարապետյանն անմիջապես պայման էր դնում՝ Արցախ գալուն պես մտնել տեղի ինքնապաշտպանության ուժերի իրավասության տակ։ Այդ մասին նախապես համաձայնություն էր ձեռք բերվել Վազգեն Սարգսյանի հետ։
1991 թ. ամռան վերջերին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Պատճառը երևանյան «ասֆալտի ֆիդայիներն» էին, ովքեր Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ հրաժարվում էին ենթարկվել Վ. Սարգսյանին։

Արկադի Կարապետյանն անմիջապես մեկնում է Երևան։ Վազգեն Սարգսյանն արդեն լրջորեն որոշել էր ցած դնել իր լիազորությունները։ «Խռովարարների» հետ հանդիպման ժամանակ, Արկադի Կարապետյանը հայտնեց, որ եթե նրանք նույն ոգով պատերազմի ժամանակ շարունակեն իրենց խառնակությունները, ապա ինքը մեկնելու է Արցախ և 60 ավտոմատավորների հետ վերադառնա Երևան, պարետային ժամ հայտարարի ու զինաթափի բոլոր ջոկատներն ու «ֆիդայիներին»... Հավաքվածներից ոչ ոք չհամարձակվեց ձայն հանել։ «Խռովությունն» ավարտվեց...

Պատերազմից տարիներ հետո Արկադի Կարապետյանը խոստովանեց, որ այդ պահին դա միակ ելքն էր։ 
Իսկ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պարտադրված ծանր ու դաժան պատերազմը գնալով ավելի մեծ ծավալներ էր ընդունում... 1992 թ. սկզբին Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

«ՆԷ»

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ավելացնենք, որ, ցավոք, շարունակում են ոչ միայն խեղաթյուրել մեր նորագույն պատմությունը, այլև մոռացության մատնել այդ պատմության պայծառ շատ էջեր, անգամ մարդկանց, ովքեր Արցախի ազգային-ազատագրական շարժման մեջ անուրանալի ներդրում ունեն։ Ի դեպ, ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգեվատրվածների մեջ Արցախի ԻՊՈՒ առաջին հրամանատարի անունը չկար։ Պատերազմից շատ տարիներ հետո նորանոր հերոսներ են ի հայտ գալիս, դրան զուգահեռ՝ մոռացվում իրական նվիրյալներն ու հերոսները...

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ