Գլխավոր » 2009 Ապրիլ N5 /1
2009 Ապրիլ N5 /1
16:21
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՆԱԽ ԻՆՔՆԵՐՍ ՀԱՐԳԵՆՔ ՄԵԶ

Մի քանի ամիս է մամուլում, առավելապես հայկական, շարունակվում են քննարկումները՝ ապրիլի 24-ին Բարաք Օբաման հավատարիմ կմնա՞ իր խոստմանը, կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Քանզի վաղուց սովորական է դարձել՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկյան նախագահները խոստանում են, որ նախագահ ընտրվելուց հետո անպայման կճանաչեն անցյալ դարի առաջին մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Սակայն, բազմելով նախագահական գահին, «մոռանում են» իրենց խոստումը: Տարբեր կարծիքներ, ենթադրություններ են արվում, քաղաքագետ թե պատմաբան, հասարակական գործիչ թե անգործ քաղաքացիներ ծանրութեթև են անում «այո»-ի և «ոչ»-ի նժարները, վերլուծում քաղաքական վերջին զարգացումները...

Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ես միանգամայն անտարբեր եմ այդ հարցի նկատմամբ, սակայն ինձ այլ, ոչ պակաս կարևոր հարց է հուզում՝ Արցախը կարժանացնե՞նք Արևմտյան Հայաստանի, Ղարսի, Արդահանի, Նախիջևանի ճակատագրին, որպեսզի հետո ողբանք Հայրենիք, Հայոց հող կորցնելու համար, թե՞ դարավոր մեր պատմության ընթացքում գոնե մի անգամ մինչև վերջ տեր կկանգնենք Հայրենի հողում ապրելու մեր իրավունքին:

Թող այս անգամ էլ ամերիկյան հերթական նախագահը տեր չկանգնի իր խոստմանը: Աստված իր հետ: Թող եվրոպական ինչ-որ պետության սենատում այս անգամ անհրաժեշտ ձայներ չհավաքվի՝ ցեղասպանության ճանաչման օգտին: Բայց թող որ այս անգամ, գոնե մի անգամ մեր ժողովուրդը տեր կանգնի իր Երկրին ու Ապրելու իրավունքին: Թող որ այսօրվա ավագ սերունդը հանգիստ խղճով, առանց ավելորդ երկյուղի ապրի իր բաժին կյանքի վերջին տարիները, օրերն ու ժամերը, համոզված, որ իր զավակները, թոռներն այլևս հայրենի օջախ չեն կորցնելու:
Իրենց նախնիների և իրենց շիրիմներն անտեր չեն մնալու...

Եկեք այսօր այդ մասին խորհենք: Մտածենք, տեսնենք ինչ պետք է անել, որպեսզի կրկին Կենաց ծառ չգլխատվի Հայոց լեռներում: Դրա համար պետք է հզոր երկիր ստեղծել, այնպես անել, որ ոչ թե երկիրը անվանվի անկախ, այլ այդ երկրի քաղաքացին իրեն զգա ազատ ու անկախ, և իրեն զգա իր հող ու ջրի Տերը՝ թե Հայաստանում, թե Արցախում: Առաջին հերթին պիտի մենք ինքներս հարգենք մեզ ու մեր երկիրը:

Այդժամ աշխարհը կհարգի մեզ: Թշնամին, հակառակորդն անգամ կհարգի մեզ: Թեկուզ դա պայմանավորված լինի վախով: Այդժամ աշխարհը կճանաչի նաև Հայոց ցեղասպանությունը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ՝ 3,5 ՏԱՐԻ

Արցախի պատերազմի վետերան, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ դատապարտեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Սարգիս Հացպանյանին բանտ նետեցին «ՀԺ» թերթին տված հարցազրույցում հայտնած մտահոգության համար, թե ՍՍ-ի նկատմամբ կարող է մահափորձ իրականացվել: Քանի որ չպետք է բացառել դեպքերի նման զարգացման վարկածը, Հացպանյանը կարծիք էր հայտնել, թե հանուն Հայաստանի պետականության անհրաժեշտ է դրա դեմն առնել: Այդ մտահոգության մասին հրապարակավ արտահայտվելու համար էլ Հացպանյանին առաջադրվեց ՀՀ քրօրի 333 հոդվածով նախատեսված մեղադրանք: Դատավոր Ավետիսյանը երեկ դատավճիռը կարդացել է Հացպանյանի հետ tet atet: Ներկա չեն գտնվել ոչ մեղադրող Ամիրզադյանը, ոչ էլ Հացպանյանի փաստաբանները:
«Տարեգիր», Երևան


ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

«Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական խոչընդոտն է տարածաշրջանում խաղաղություն ու կայունության հաստատելու ճանապարհին»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նա ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղի խնդրին շատ լուրջ է վերաբերվում և կշարունակի աջակցություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
«Այնուամենայնիվ, երբ խոսք է գնում միջնորդական ջանքերի մասին, ՆԱՏՕ-ն առաջատար դեր չի խաղում: Այդ դերակատարությունը ներկայումս կատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի գործունեությանը մենք ամբողջովին աջակցում ենք: Այդ գործընթացում ՆԱՏՕ-ի առանձին դերակատարության անհրաժեշտություն կամ օգտակարություն մենք չենք տեսնում»,- շեշտել է Սիմոնսը:
«Ազատություն»

ՎԵՐՋԻՆ ԺԱՄԻՆ

Ապրիլի 13-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի շենքի առջև տեղի է ունեցել ցույց: Մոտ վեց տասնյակ ցուցարարներ, ովքեր շուկայում ունեն վարձակալած տեղամասեր՝ առևտրով զբաղվելու համար, բողոքել են վարձակալության բարձր գներից: Օրենսդիր պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները ցրվել են:


ՔԱՂԱՔԱԿԱՆ

 
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՉԵՆ

«Շատ կազմակերպությունների կողմից վերլուծություններ կան հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական օգուտների ու կորուստների վերաբերյալ, բայց, ճիշտն ասած, հենց նույն կազմակերպությունները չեն կարող վստահ լինել, որ դրանք հենց այն հետևանքներն են, որոնք կարելի է սպասել սահմանի բացումից»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Ստյոպա Սաֆարյանը:

Նա այն կարծիքին է, որ հետևանքները դեռևս ամբողջ ծավալով գնահատված չեն. «Մեր դիվանագիտության բացթողումներից մեկն է, որ չհասկանալով կամ չունենալով նախնական գնահատականներ, թե ինչ դրական կամ բացասական հետևանքների կարող է բերել սահմանի բացումը, գնում են դրան»:

Ստյոպա Սաֆարյանը մտահոգված է, որ հայ-թուրքական երկխոսությունից քիչ է տեղեկացված հասարակությունը: Նրա համար անհասկանալի են հայկական կողմի որդեգրած՝ չարձագանքելու մոտեցումը, երբ թուրքական կողմն ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը երբևէ չի վտանգելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները: «Եթե միակողմանի փակված սահմանի բացումը դառնում է սակարկության առարկա և ենթադրում փոխզիջումներ նաև հայկական կողմից, սա անհասկանալի է»:

Լարիսա Ալավերդյանն էլ գտնում է, որ իրավիճակային գործընթացները հղի են անորոշ արդյունքներով. «Ողջունելով ցանկացած հարևանի հետ հարաբերությունների բարելավումը՝ մենք գտնում ենք, որ այդ բոլորը պետք է ներկայացվի ընդհանուր համապարփակ ռազմավարական փոփոխությունների ներքո: Որևէ մեկին հայտնի չեն, թե ինչ սկզբունքների հիման վրա, ինչ վերջնական կամ միջանկյալ նպատակներ ակնկալելով է, որ մենք սկսում ենք հարաբերություններ Թուրքիայի հետ»,- նշել է պատգամավորը:

«Ադրբեջանն աննախադեպ ճնշում է սկսել միջազգային կառույցների, նաև Թուրքիայի վրա՝ սպառնալով, որ գազից կզրկի, էներգետիկ նախագծերը կձախողի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Ո՞ր մասն է այստեղ դերասանություն, ո՞ր մասն է անկեղծ, ժամանակը ցույց կտա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորի մոտ անկեղծության հարց են առաջացնում նաև Արևմտյան Հայաստանի տարածքում սկսված զանգվածային ցույցերը սահմանի բացման դեմ: «Իմ կարծիքով, այս հիստերիկ շարժումները Ադրբեջանի և, իբր թե, թուրքական բնակչության կողմից կարող են նաև համաձայնեցված լինել թուրքական իշխանությունների հետ: Կարծում եմ՝ այս ամենը բեմադրություն է, որը հնարավորություն կտա կամ կպարտադրի արևմտյան աշխարհին ու միջազգային կառույցներին նորից դիմել Հայաստանին՝ Թուրքիայի որոշ նախապայմաններ ընդունելու առաջարկով»,- նշեց պատգամավորը:

Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ մենք չպետք է կուլ տանք խայծը, և «շատ ճիշտ է վարվել ՀՀ ԱԳ նախարարը, երբ բացառել է որևէ նախապայմանի պարագայում այս բանակցությունների շարունակումը»:
«Հետք»

 


ԱԶԳԱՅԻՆ

ՆՈՐԱՇԵՆ. ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորաշեն գյուղը շրջկենտրոն Հադրութից գտնվում է 4 կմ հեռավորության վրա, հարևան Այգեստան գյուղից՝ 2 կմ: Ստեփանակերտիցից Նորաշեն 84 կմ է:
Գյուղն ունի 25 բնակեցված տուն, 10 նոր տներ գտնվում են կառուցման վերջին փուլում: Գյուղը չունի մշտական ջուր, չունի լարային հեռախոսակապ, ներքին ճանապարհները գտնվում են անբարվոք վիճակում, մանավանդ, այն ճանապարհը, որը գյուղը միացնում է գլխավոր ճանապարհին:

Մինչև Արցախյան Շարժումը գյուղի ներքևի մասը բնակեցված էր ադրբեջանցիներով, իսկ վերևի մասը՝ հայերով: Այդ ժամանակ Նորաշենում մնացած հայերը արտաքսվել են: 1992 թ. հուլիսին գյուղն ազատագրվել է: Առաջին բնակիչը եղել է Թամրազյան Ալեքսին, որը գյուղ է վերադարձել մոր, կնոջ և 2 երեխաների հետ: Նախքան գյուղը վերաբնակեցման ծրագրի մեջ ընդգրկվելը, վերադարձել են մի քանի ընտանիքներ, բնիկ նորաշենցիներ: Վերջին 3 տարվա ընթացքում 5 ընտանիք գյուղից հեռացել են՝ տուն կամ աշխատանք չունենալու պատճառով: Ներկայումս գյուղի նախկին բնակչությունից մնացել է ընդամենը 4 ընտանիք, որից 2-ն առայսօր տան խնդիր ունի:

Զինադադարից հետո Նորաշեն է տեղափոխվել բնիկ հադրութեցի Ստեփան Ղազարյանը, այնտեղ բացել է սեփական ֆերմա և այն շահագործում է մինչ այսօր:
2001 թ. կառուցվել են 10 նոր տներ, և գյուղն էլեկտրականացվել է: Նորակառույց տներում վերաբնակեցվել է 5 ընտանիք՝ ՀՀ Գավառի շրջանից: Վերաբնակները ստացել են մեկական կով և երկարաժամկետ վարկեր: 2002 թ. կառուցվել է 9 տուն՝ վերաբնակների ու փախստականների համար: Նույն թվականին բացվել է նորակառույց մանկապարտեզը: Սույն թվականին գյուղին նվիրվել է տրակտոր՝ ողջ համայնքին ծառայելու նպատակով: 2004 թ. գյուղում կառուցվել է բուժկետ-գյուղապետարանի շենք, սակայն շենքի ներքին շինարարական աշխատանքները դեռևս ավարտին չեն հասցվել:

2006 թ. սեպտեմբերին բացվել է նորակառույց 8-ամյա դպրոցի շենքը, որը ֆինանսավորվել է ՀԲԸՄ-ի կողմից: Մինչ այդ երեխաները հաճախում էին հարևան Այգեստան գյուղի դպրոցը: 2008 թ. գյուղում կառուցվել է 10 նոր տուն:
Գյուղում գրանցված է 162 բնակիչ, սակայն որպես մշտական բնակիչ ապրում է ընդամենը 105 հոգի, որից 4 ընտանիք բնիկ նորաշենցիներ են, մյուսները՝ Հադրութից, ՀՀ Գավառի շրջանից, Գյումրիից և Ադրբեջանից եկած փախստականներ:
Գյուղի 21 ընտանիքներում ապրում են 59 երեխաներ, որից 25-ը հաճախում են դպրոց: Ի դեպ, 6 ընտանիք ունեն երեքական երեխա, 4 ընտանիք՝ չորսական երեխա, մի ընտանիք՝ 5 և մի ընտանիք՝ 8 երեխա: Վերջինս պատրաստվում է տեղափոխվել Հադրութ, քանի որ կառավարության որոշմամբ այս ընտանիքը չորս սենյականոց բնակարան է ստացել:

Նորաշենի 8-ամյա դպրոցի ուսուցիչներից ոչ ոք նորաշենցի չէ: Ավելին՝ բնակիչները ստանում են աշխատավարձերի ընդամենը 13 տոկոսը, մնացած 87 տոկոսը ստանում են ոչ տեղացիները:
Բուժքույր Նունե Առուշանյանն ունի մասնագիտական փորձ: Նրա խոսքերով, գյուղի առողջապահությունը գտնվում է ուշադրության կենտրոնում, բուժկետն ապահովված է բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով:
Ընդհանուր առմամբ, գյուղի վերակառուցումը սկսվել է 2000 թվականից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից (ՀԲԸՄ): Սակայն բնակչության սոցիալ-տնտեսական անբարվոք վիճակը թույլ չի տալիս պատկերացնել, որ այս գյուղը գտնվում է աշխարհում ամենաուժեղ հայկական բարեգործական կազմակերպություններից մեկի հովանավորության տակ: Օգնությունները Նորաշենի բնակիչներին անհավասարաչափ են բաժանվել՝ առանց հաշվի առնելու ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Ընդհանրապես բարեգործական գումարները աննպատակ են ծախսվել: Արդյունքում՝ աղքատության մակարդակն ավելի է բարձրացել, որի հետևանքով որոշ ընտանիքներ հեռացել են գյուղից:

Բնակչությունն ապրում է բանջարանոցներ մշակելով, ամսական նպաստներով, թոշակով և աշխատավարձով: Ընտանիքների մեծամասնությունն ունեն 30 հազարական դրամից ավելի ամսական եկամուտ (ներառյալ՝ նպաստները): Եկամտի հնարավորության բացակայության պատճառով երիտասարդությունը զբաղվում է մետաղներ և այլ շինանյութեր հավաքելով ու դրանց դիմաց որոշակի գումար վաստակելով: 2008 թ. ապրիլին 16 տարեկան մի երեխա մահացել է նման աշխատանքի ժամանակ: Ձմռանը գյուղացիները կտրում են ծառերը և հնարավորության չափով փայտը փոխարինում սննդամթերքներով:

Նորաշենն անասնապահությամբ զբաղվելու մեծ հնարավորություններ ունի: Կովերի բաժանումն այնքան էլ մեծ հաջողությունների չի հասել, քանի որ բնակիչներից շատերը չեն կարողանում կովեր պահել: Սակայն կան նաև այնպիսիք, որոնք զբաղվելով անասնապահությամբ, մեծ արդյունքների են հասնում և դրանով կարողանում բավարարել իրենց ընտանիքների կարիքները: Ցավոք, կան բնակիչներ, ովքեր նյութական միջոցներ չունենալով, մորթեցին և վաճառեցին եղած կովերը: Այս ոլորտի զարգացումը մեծապես կախված է շուկայում մսի և կաթնամթերքի իրացումից: Եթե շուկան ապահովի նշված մթերքների վաճառքը, ապա գյուղացին ստիպված չի լինի մորթել ու վաճառել կովերը, այլ կվաճառի միայն կաթնամթերքը:

Նորաշենցիներին հատկացված հողերը շատ հեռու են գյուղից, որի պատճառով նրանք չեն կարողանում օգտագործել այն: Մինչդեռ գյուղին պատկանող հողերը մշակվում են հարևան համայնքների կողմից: Քանի որ դրանք մինչ այսօր սեփականաշնորհված չեն, կարելի է այս հարցը շուտափույթ ու հեշտությամբ լուծել, որպեսզի գալիք աշնանը նորաշենցիները կարողանան մշակել իրենց համայնքի հասանելիք հողերը:
 
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ «ՆՈՐ ԷՋ»

Երևի ինքներդ էլ ականատես եղաք հետպատերազմյան շրջանում ԼՂՀ-ում հրատարակվող մի շարք թերթերի փակվելուն: Եթե չհաշվենք ֆինանսական սղության խնդիրը, ապա տեսանելի է, առաջին հերթին, նաև այն, որ այդ թերթերը Արցախի գյուղական բնակչության ու նրա մտավորականության հետ ոչ մի կապ չունեին: Ասել է թե՝ մենք տպենք-մենք կարդանք, մեզ տպենք-մեզ պաշտպանենք: Շատ նեղ շրջանակներով: Եվ դրա արդյունքը հասկանալի է:

Այսօր գյուղական բնակչության թվակազմից (շուրջ 80 հազար մարդ) ընթերցող է հազիվ 1-2 հազարը և նույն թվակազմի մտավորական-լրագրողական կազմից ԼՂՀ մամուլին թղթակցում է մեկ տոկոսից պակասը: Նրանք էլ հիմնականում դիլետանտներ են:
Ասել է թե՝ մամուլը ձգելու փոխարեն վանում է և թղթակցին (որը նաև ընթերցող է), և ընթերցողին (որը կարող է թղթակցել): Հիմնական պատճառը կապի, փոստային ծառայության բացակայությունը չէ միայն: Գլխավորը հիասթափությունն է:
Որոշ թերթեր, չնայած տեխնիկական հոգեվարքին, գրվում-լցոնվում են մի խմբագիր կոչվածի կողմից: Արտահաստիքային թղթակից, գյուղական թղթակից հասկացությունները վաղուց դուրս են շպրտվել խմբագրական լեկսիկոնից:

Պատճառները հասկանալի են: Բայց, նորից եմ կրկնում, պատճառը գյուղում, ավանում, շրջկենտրոններում, նույնիսկ մայրաքաղաքում ապրող մտավորականի, գյուղի թղթակցի հիասթափությունն է:
Գրածդ պետք է տպագրվի (խոսքն ասելիք ունեցող գրվածքների մասին է): Անպատճառ: Թեկուզ ուշացումով: Բայց՝ ոչ, պարզվում է, որ ամենակարևոր բանն էլ կարող է խմբագրի կամ մյուսների ձեռքով, դեռ չկարդացած անգամ, մակագրվել՝ «Ուղարկել արխիվ»:
Լավ կլինի դուք ունենաք մի ընդհանուր մշտական անկյուն, ուր կարևոր եմ համարում տպագրեք այն հոդվածները, որոնք «արխիվ» են ուղարկվել: Դա կբարձրացնի նաև մյուս թերթերի զգաստությունը:
Կարծում եմ, մեկնաբանելու կարիք չկա:
 
ԷՌՆԵՍՏ ԵՍԱՅԱՆ
 

 

ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՄ

Դեռևս Բակո Սահակյանի նախընտրական հանդիպման ժամանակ (օրը ստույգ չեմ հիշում, միայն այն եմ հիշում, որ Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի բակումն էր հանդիպումը) մտադիր էի ես էլ ելույթ ունենալ: Բայց քանի որ այդ օրը նախագահի թեկնածուն պիտի մի քանի տեղ ևս հանդիպումներ ունենար ընտրողների հետ, ուստի իմ խոսքն այդպես էլ չհասցրի հայտնել: Այն առաջարկությունները, որ պիտի անեի, ուզում եմ ներկայացնել հիմա.

- Արցախը տեսնել խոշոր պետությունների կողմից ճանաչված (առանց տարածքային փոխզիջումների),
- կանխել երիտասարդների արտահոսքը,
- երիտասարդ ընտանիքներին բավարարել բնակարաններով և աշխատանքով,
- նորածինների համար տրվող նպաստը առնվազն եռակի չափով բարձրացնել: Բարձրացնել նաև կենսաթոշակառուների կենսաթոշակը.
- խճապատել կամ ասֆալտապատել Ասկերան-Դահրավ ավտոճանապարհը: Դահրավում կառուցել 3-4 բնակարան,
- կարգավորել հեռախոսային կապը, հեռուստահաղորդումները հասանելի դարձնել Ղարաբաղի ծայրամասային գյուղերին.
- լուծել ջրի պրոբլեմը (թե խմելի, թե ոռոգման).
- վերացնել կենսաթոշակների բաշխման խտրականությունը. ինչո՞ւ մեկը ստանա 10-15 հազար դրամ կենսաթոշակ, մյուսը՝ 250-300 հազար դրամ:

Ընտրությունները վաղուց ավարտվել են, Բակո Սահակյանն ընտրվել է ԼՂՀ նախագահ: Նա իր խոստումերը կատարում է գերազանց: Ես՝ որպես Արցախի մի բնակիչ, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության միջոցով հետևում եմ մեր հանրապետությունում կատարվող բարեփոխումներին, իրականացվող ծրագրերին, գոհ եմ նոր իշխանությունների աշխատանքից:
Բայց մի խնդիր, մի պրոբլեմ ուզում եմ հասանելի դարձնել մեր կառավարությանը: Դեռևս խորհրդային ժամանակներում բազմազավակ, հինգ և ավելի երեխաների մայրը, որպես արտոնություն, կենսաթոշակի էր անցնում հիսուն տարեկանից: Նույն մայրն այսօր ապրում է առանց որևէ արտոնության, դժվարությամբ կատարում իր մայրական պարտքը: Արցախում ինչո՞ւ չի կարելի նման մայրերի կենսաթոշակին, որպես արտոնություն, հավելյալ գումար ավելացնել, ինչպես վարվեցին անհատական կենսաթոշակառուների հարցում:
 
ՄԻՔԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ
գ. Սառնաղբյուր

 

ՀՈԳԱՆՔ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վերջերս որոշ շրջանակներում հաճախակի է հոլովվում Թևան Ստեփանյանի անունը, այն նույնացնելով «հերոս» վեհաշունչ բառի հետ: Պատճառաբանությունը հիմնականում այս է՝ հարևան ազերիներն իրենց Ղաչաղ Նաբուն հերոս են դարձրել, մենք նրանցից ինչո՞վ ենք պակաս: Ուրեմն նրանցի՞ց պիտի օրինակ վերցնենք: Գող ու թալանչի մի ազգից, որի հպարտության խորհրդանիշը ղաչաղ նաբիները, բաբեկներն ու Եվրոպայի կենտրոնում կացնով մարդ հոշոտող ճիվաղներն են: Մինչդեռ մենք ունենք մեկը մյուսից քաջ ու երևելի բազմաթիվ հերոսներ՝ սկսած Վարդան Մամիկոնյանից մինչև Դավիթ Բեկ ու Անդրանիկ, Հայրենական ու Արցախյան պատերազմների հարյուրավոր հերոս հայորդիներ:

Բարեբախտաբար, այսօր ես կենդանի այն վկաներից եմ, որի մեջ դեռ արթուն է այն ծանր հուշը, որ մնացել է Թևանից՝ իմ հարազատների և բարեկամների նկատմամբ կատարած քստմնելի հաշվեհարդարներից: Պատահական չէ պրոֆեսոր Գրիգոր Հովհաննիսյանը գրել, թե Թևան Ստեփանյանը պատմականորեն դատապարտված է այն դաժանությունների համար, որ կատարել է սեփական ժողովրդի հանդեպ:

1921թ. հունվար-փետրվար ամիսներին Թևանի ավանտյուրան ընդգրկեց Վարանդայի շրջանի գյուղերի մեծ մասը: Հունվարի 17-ին Թևանի բանդան ուժեր հավաքելով հարձակվեց Թաղավարդ գյուղի վրա, թալանեց մի շարք գյուղացիների բնակարաններ, դաժան ծեծի ենթարկեցին գյուղացիներին: Լուսահոգի մայրս զայրույթով էր հիշում նրա կատարած սպանությունների, թալանի մասին: Հատկապես թալանել է մեր բնակարանը Թաղավարդ գյուղում: Դաժան ծեծի է ենթարկել ու խոշտանգել պապիկիս, իսկ հայրս՝ Հովհաննես Գասպարյանը, թաքնվել էր գյուղի մի ժայռի տակ: Նույնը կատարել է հարևան գյուղերում: Գյուղացիները նրան ղաչաղ էին անվանում:

Թաղավարդի անկումից հետո թեժ կռիվներ տեղի ունեցան Սխտորաշեն, Մավաս, Սարուշեն գյուղերի բարձունքներում: Հիշյալ կռիվներում քաջի մահով ընկավ Խնուշինակ գյուղի տարրական դպրոցի ուսուցիչ Աշոտ Դանիելյանը, որի դիակը հողին է հանձնված Գիշի գյուղի գերեզմանատանը: Ես նպատակ չունեմ մեջբերելու նրա կողմից խոշտանգված, սպանված մեր հայրենակիցների ցուցակը: Նրա հայ զոհերի մասին տեղեկություններ կարող եք քաղել խորհրդային տարիներին տպագրված պատմական աղբյուրներից:

Ինչպե՞ս կարելի է հերոս անվանել մի մարդու, ով խոշտանգել, սպանել, թալանել է իր հայրենակիցներին, այդ թվում՝ իմ հարազատներին: Հերոսներ հնարելու փոխարեն ավելի լավ է մտածենք եղած իրական հերոսների, մեր ազգի նվիրյալների և լավագույն զավակների հիշատակը արժանիորեն պահելու և հարգելու մասին: Ստեփանակերտի Հուշահամալիրում Մեծ հայրենականի արցախցի հերոսների նկար-քանդակներն անհետացել են, նրանց անունները գրեթե անընթեռնելի են դարձել...
 
ՆԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ «ՃԱԿԱՏԱԳՐԻ» ՇՈՒՐՋ

Հեռուստատեսությամբ իրազեկվեցի ցուցադրվելիք ֆիլմի մասին: Վերնագիրն արդեն ամեն ինչ հուշում էր՝ «Ճակատագիր», ռեժիսոր՝ Գոռ Վարդանյան: Եթե ճակատագիր, ապա այն խտացում է ապրած ու չապրած ակնթարթների, թերևս արցախցիների հերոսական սխրագործություններից մի փոքրիկ պատառիկ: Արդեն որերորդ անգամ շնորհալի բեմադրիչը սեփական դերակատարմամբ է դրսևորում արցախցու առնական կամքն ու ոգին, փորձում յուրովի զգալ ու զգացնել տալ հայի վիշտն ու բերկրանքը, կորուստներն ու հաղթանակը:

Շատերն էին զարմացած՝ ցուցապաստառին կարդալով ազատ մուտքի և մի քանի օր շարունակ ցուցադրվելիք տեղեկատվության մասին, քանզի դեռ չենք մոռացել, թե ինչպիսի բարձր գներով են իրենց «մարգարիտները» մատուցում ռաբիսի էժանագին «աստղերը»: Սակայն սա ռաբիս չէ, արվեստ է, մեծ կյանքի մի պատմություն: Սա մեր պատմությունն է:

Սպայի տան մուտքն մարդաշատ էր: Ճիշտն ասած, ավելի շատ հանդիսատես էի ակնկալում: Հերթական սեանսը համալսարանի համար էր: Հրմշտող հոսանքն ինձ տարավ սրահ, որտեղից բացվող տեսարանն առավել զավեշտական էր: Յուրաքանչյուր կարգում նստած մեկ-երկու հոգին հասցրել էին տասնյակ նստատեղ «զբաղեցնել» ընկերների ու ծանոթների համար: Շատերի պես ես էլ սկսեցի ազատ նստատեղ փնտրել: Դահլիճում համատարած իրարանցում էր: Ներկա գտնվողները ստիպված էին տեղից-տեղ տեղափոխվել, մինչև բացակաները կբարեհաճեին գալ:

Ինչ որ է: Հազիվ տեղավորվեցի: Էկրանին միմյանց հաջորդող կադրերը բավականին հուզիչ էին ու ներազդող: Կարծես մի պահ անցա պատերազմական տարիների ճանապարհներով, վերապրեցի երկրիս արյունոտ ճակատագիրը: Իսկ մյուսնե՞րը: Շատերը դեռ տարված էին «կարևոր» ինչ-որ խոսակցություններով: Բարեբախտաբար, այն երկար չտևեց: Կինոնկարում ռումբի և հրացանի կրակոցն ու ուժգին պայթյունը բավական էր սթափեցնելու որոշ անտարբեր ուսանողների: Նրանցից շատերը փորձում էին բջջային հեռախոսներով «անմահացնել» այս կամ այն տեսարանը: Դա գոնե ավելի տանելի է: Ավելի լավ է ձեռքի տակ ունենալ դրվագ՝ սեփական երկրի պատմությունից, քան այլանդակ տեսարաններ կամ թե՝ չգիտես ինչ, ինչու և ում համար երգող որոշ երգիչ-երգչուհիների ձայնագրություններ:
 
Որոշ ուսանողներ էլ շշուկով քննարկում էին ահասարսուռ տեսարանները, ոմանք էլ՝ անտեղի ժպտում ու ծիծաղում. այնքան անհարկի, որ արժանացան կարգուկանոն հսկող մարդկանց նկատողությանը: Չգիտես ինչ անվանում տաս նմաններին: Մի՞թե ազերիների կողմից մորթազերծ արված երեխային գրկի մեջ առնելն ու ողբալը ծիծաղելի է, կամ թե՝ գիշերով համատարած ու անխնա ջարդ կազմակերպելը ցավից բացի այլ զգացում է ծնում քո մեջ: Մակարդակի հարց է, ավելի ճիշտ՝ դաստիարակության մակարդակի:

Շատ հետաքրքիր էր թուրքերի դերերի ընտրությունը: Դերակատարներից ոմանք թատրոնի դերասաններ էին և, թվում է, այդ է պատճառը, որ էկրանից ճանաչելով ծանոթ դեմքերին, շատերը փորձում էին իրար պատմել, թե որտեղից գիտեն նրանց, մոռանալով նրանց ներկայացրած կերպարների մասին: Պարզ է, որ նրանք դիտում էին ոչ թե նրանց խաղը, այլ պարզապես վերհիշում իրենց ծանոթներին:

Հուզիչ ու սահմռկեցուցիչ տեսարաններին վերջապես հաջորդեցին հաղթական տեսարանները, Քարին տակ գյուղի ինքնապաշտպանության հերոսական մարտերը՝ ազերիներին դուրս շպրտելու հերոսական ավարտով: Դահլիճում ոգևորություն նկատվեց: Ֆիլմն ավարտվեց: Հոգեկան բավականություն ստացած բազմությունը, լքելով լուսավորված դահլիճը, շտապեց դուրս: Լսվում էին մեկնաբանություններ՝ տարբեր տեսարանների վերապրումով: Կարծես բոլորը կռահել էին կինոնկարի հիմնական գաղափարը. թուրքը պարտվեց, որովհետև կռվում էր ուրիշի հողը նվաճելու համար, հայը հաղթեց, որովհետև կռվում էր հայրենի օջախն ու երկիրը պաշտպանելու համար:
Շտապեցի տուն՝ իրազեկելու կինոնկարից ստացած տպավորություններիս մասին, նշելով այն դիտելու անհրաժեշտությունը:
 
ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ



ՆՐԱՆՔ ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍՔԱՆՉ

Կանայք մշտապես ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Նրանց ենք պարտական մեր գոյությամբ: Առանց կնոջ հնարավոր չէ պատկերացնել կյանքը: Նրանք կյանքը դարձնում են ավելի հաճելի ու հիասքանչ‘ իրենց քնքշությամբ ու բարությամբ: Աշխարհի ամենաքնքուշ ու ամենագեղեցիկ արարածն է կինը: Անհնար է լրիվությամբ բացահայտել կնոջ կերպարը, որովհետև կինն առեղծված է, ամեն անգամ և ամեն վայրկյան մի ինչ-որ նոր բան կարելի է բացահայտել նրա մեջ:

Իսկ ինչ վերաբերում է հայ կնոջ կերպարին, ապա այն բառերով նկարագրել ու բացահայտել պարզապես հնարավոր չէ: Հայ կինը բարության, գեղեցկության, առաքինության մարմնացում է:
Մա՜յր... Ինչպիսի քնքշանք ու գորովանք կա այս մի հատիկ բառի մեջ... Աշխարհում գոյուտյուն չունի մորից թանկ բան, քանզի մայրն այն միակն ու անկրկնելին է, առանց որի մարդ կկորցնի իր երջանկությունը: Երևի չկա այնպիսի մեկը, որ չսիրի ու չգնահատի իր մորը, եթե, իհարկե, մարդ է կոչվում: Մայրն այն նուրբ ու փխրուն էակն է, որ իր բարությամբ մեղմացնում է յուրաքանչյուր ցավ, ուրախություն ու լույս սփռում շուրջբոլոր:

Հայ կինը նաև մեծ հայրենասեր է: Հայ կինն անչափ հպարտ էակ է, նրա համար ընտանիք ու հայրենիք բառերը սրբություն են: Այդ փխրուն ու գեղեցիկ էակը միաժամանակ մեծ ուժ ու կորով ունի իր մեջ: Դա բազմիցս է ապացուցել, երբ վտանգ է կախվել իր ընտանիքի և հայրենիքի գլխին: Ղարաբաղյան ազատամարտում քանի՜-քանի հայ կանայք են տղամարդկանց հետ զենքը ձեռքին պաշտպանել մեր հողը, վիրավորվել ու նահատակվել Հայրենի հողի պաշտպանության համար մղվող դաժան ու ծանր մարտերում:
Սիրելի տղամարդիկ, երջանկացրեք ու միշտ սիրեք ձեր կանանց, մայրերին ու քույրերին... Մշտապես նեցուկ եղեք նրանց և ամենադաժան թշնամին անգամ չի կարող հաղթել ձեզ:
 
ՊԻԼԱՐԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս
 


ՄԱՅՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ
Նվիրում եմ մայրիկիս

Ամեն տարի Ապրլի 7-ին մենք նշում ենք Մայրության և գեղեցկության օրը: Մայրությունը սրբություն է: Երեխան մոր գրկին պատկերը հնուց ի վեր համարվում է բարության և հոգատարության խորհրդանիշ:
Վեհաշունչ ու բանաստեղծական են նկարիչների պատկերած տիրամոր կերպարները, Աստվածամոր կերպարները: Նրանք գիտակցում են իրենց կոչումը՝ իրականացնելով մայրության վսեմ առաքելությունը՝ օջախի պահպանություն, անձնազոհություն պատրաստակամություն:

Մայր և Հայրենիք. որքա՜ն անբաժանելի են այդ հասկացությունները:
Մեր հանրապետության բոլոր մայրերին մաղթում եմ աղբյուրի ջրի պես զուլալ առողջություն, երջանկություն և խաղաղ երկինք գլխավերևում:
Թանկագին մայրեր, մենք սիրում, գնահատում ենք ձեզ և այն ամենը, ինչ դուք եք անում մեզ համար: Հպարտանում ենք, որ դուք միշտ մեր կողքին եք: Ձեր ներկայությունը օրհնում է մեզ:
 
ՀՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ