Գլխավոր » 2009 Դեկտեմբեր N13 /2
2009 Դեկտեմբեր N13 /2
21:03
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ
ՆԱՄԱԿԸ ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երկար ժամանակ մտածում էինք, թե ինչպես մեր ձայնը լսելի դարձնենք Ձեզ, և վերջը, մեր պատմական հանրաքվեի ու նորանկախ մեր երկրի Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշեցինք գրել այս տխուր նամակը։
Պատերազմից մոտ 16 տարի է անցել, մեզնից հետո նոր սերունդ է ծնվել, որ միայն պատմածներից ու գրքերից է պատկերացում կազմում մեր մասին։ Արցախում շատ բան է փոխվել այդ տարիներին. Ստեփանակերտն ավելի է գեղեցկացել, նոր շինություններ են ավելացել, աճել բազմաթիվ մեծ ու փոքր խանութներ։ Դրան զուգահեռ, դատարկվում են հայրենի գյուղերը։ Մենք սրտանց ուրախ ենք ամենայն լավի համար, միաժամանակ, խոր ցավ ենք ապրում կյանքում տեղ գտած վատ երևույթների առատությունից։ Բայց, խոսենք մեզ համար ամենացավոտ խնդիրների մասին։

Ամեն տարի տոն օրերին Դուք բոլորդ հիշում եք մեզ. գալիս, ծաղիկներ եք դնում Հուշահամալիրի դեռևս խորհրդային տարիներին Մեծ հայրենականի նահատակների հիշատակին պատրաստած, հսկա անիվ հիշեցնող սև ծաղկեպսակի վրա և գնում ձեր գործին։ Ի՞նչ խոսք, կյանքը շարունակվում է։ Բայց հետո, ձեզնից հետո, ոչ միայն տոն ու հիշատակի օրերին, այլև մեր ծննդյան ու մահվան օրերին կամ հենց այնպես, հոգու և սրտի թելադրանքով մեզ այցի են գալիս մեր հարազատները, թարմ ծաղիկներ դնում մեր շիրիմներին և իրենց հետ շշերով ու դույլերով բերած ջրով մաքրում շիրմաքարերին գոյացած փոշին, սափորների և ծաղիկներ դնելու համար նախատեսված այլ տարաների մեջ ջուր լցնում, որպեսզի ծաղիկներն ավելի երկար պահպանվեն...

Հարգարժան պարոնայք, բայց մի՞թե չէր կարելի այս մեկևկես տասնամյակում մեր հիշատակին մի համեստ հուշաղբյուր կամ սովորական ծորակ սարքել Հուշահամալիրում, որպեսզի արդեն տարիքն առած մեր ծնողներն ու հարազատները քաղաքի տարբեր ծայրերից ջրամաններն առած չայցելեն մեզ։ Լինում են դեպքեր, որ արևի տապին մեզ այցի եկած մեր հարազատներն իրենց վատ են զգում, բայց շրջապատում ջուր չկա, որ թրջեն իրենց չորացած շուրթերը։ Ի դեպ, խորհրդային տարիներին և դրանից հետո մի որոշ ժամանակ գործում էր Հուշահամալիրի շատրվանը, ջուրը խայտալով լցվում էր ջրավազանները, և ջրի մեղմ կարկաչն ասես արձագանքվում էր մեր հոգում, մեզ ստիպում խորհել ասես ջրի պես եկած-անցած մեր տարիների ու կյանքի խորհրդի մասին։ Այսօր այդ ջրավազանները քարուքանդ են արված, իսկ նախկին շատրվանը դարձել է սովորական մի անշուք քարաբեկոր...

Հուշահամալիրում մի ժամանակ կային նաև էլեկտրական լամպեր, որ վառվում էին երեկոյան ժամերին ու գիշերները։ Գիշերային խավարն այսօր ձեռնտու է միայն նրանց, ովքեր ուշ ժամերին այստեղ են գալիս՝ ռազբորկաների համար կամ նստոտում քարերին, գռեհիկ անեկդոտներ պատմում ու քրքջում։ Լավագույն դեպքում, ոմանք էլ ուշ ժամերին Հուշահամալիր են գալիս իրենց սիրախաղերի և, աստված գիտե, թե էլ ինչի համար, չհասկանալով, որ Հուշահամալիրը, հանգստարանը, որտեղ մեր հավերժական հանգիստն ենք անցկացնում մենք, զբոսավայր կամ պուրակ չէ...

Սակայն մեզ ամենամեծ տհաճությունը պատճառում են բոլոր նրանք, ովքեր հարսանքավոր ավտոմեքենաների աղմուկ-ոռնոցով գալիս են այստեղ, իբր թե մեր հիշատակը հարգելու, բայց իրականում՝ այստեղ լուսանկարվելու համար, չհասկանալով, որ հիշատակը ոչ թե աղմուկով, այլ լռությամբ են հարգում, անկեղծ սրտով ու հոգով... Իրենց թանկարժեք ավտոմեքենաների ոռնոցներով նրանք շարունակ խաթարում են մեր հանգիստը, սղոցում են նաև մեր մայրերի, հայրերի, քույր ու եղբայրների նյարդերը... Բարեբախտաբար, մեզ այցելում են նաև ազնիվ ու համեստ նորապսակներ, առանց ճոխ ավտոմեքենաների զազրելի ձայների։ Մենք ուրախ ենք նրանց համար, քանզի հենց նրանք պիտի իրականություն դարձնեն մեր կիսատ երազները...

Զոհված ազատամարտիկների հարազատների միության ջանքերով ստեղծված թանգարանում, լսել ենք, ինչ-որ մեկը, որ մեր կյանքի ու արյան գնով ստեղծված երկրում փափուկ պաշտոն է զբաղեցնում, նայելով պատից կախված մեր լուսանկարներին, Գալյա մայրիկին առաջարկել է «հանել դրանք, որովհետև ճնշում են...»։ Ի՞նչ ասենք, նմաններին խորհուրդ ենք տալիս այլևս չայցելել նման «ճնշիչ» վայրեր, որտեղ պահվում են մեր անձնական իրերը, մասունքներն ու այն ամենը, որ հիշեցնում է մեր ազգային-ազատագրական պայքարի՝ մեր պատմության լուսավոր էջերից մեկի մասին։ Նրանք, ավելի լավ է, փոխարենը հաճախակի զբոսնեն մայրաքաղաքում բուսած շքեղ պալատների, դղյակների ու ապարանքատիպ առանձնատների շուրջ, որոնք ամենևին չեն ճնշում...

Մենք գիտենք, լսել ենք՝ ուրախության ու տխրության սեղաններին գրեթե միշտ հատուկ կենացով հիշում եք մեզ, ցավոք, երբեմն որպես հերթական պարտականություն։ Սիրում եք կրկնել՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել», բայց դրանք արդեն լոկ խոսքեր են դարձել, ցուցադրական հայրենասիրության վկայություն... Խոսք ու գործի տարբերությունը, ցավոք, վաղուց մենք էլ ենք զգում։ Այդ մասին մեզ պատմում են նաև մեզ այցի եկած մեր ծնողները, քույր-եղբայրները, կանայք ու մեզ միայն լուսանկարով ճանաչող մեր զավակները...
Դե ի՞նչ, երևի հոգնեցրինք Ձեզ, բայց առավել շատ մենք ենք հոգնել, որովհետև այս ամենը կսկծացնում է այդպես էլ չսպիացած, մահացու մեր վերքը...
Բարին ընդ Ձեզ։
10 դեկտեմբերի 2009 թիվ
ք. Ստեփանակերտ, Հուշահամալիր



ԾԱՂԻԿՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ, ԱՆԹԱՌԱ՜Մ ԾԱՂԻԿՆԵՐ...

Ստեփանակերտը մեր հոգու դարբնոցն է, մեր օրրանը: Մայրաքաղաքը հասցրել է դառնալ լեռնաշխարհի մաքրության ու գեղեցկության չափորոշիչը: Գեղեցկությանն ու ծաղկմանն ուղեկցող յուրաքանչյուր քայլ, նորույթ (առանձնապես տոն օրերին), իրականացվող կանաչապատման, սանմաքրման աշխատանքներ, շաբաթօրյակներ, ծառատունկ՝ աչք է շոյում, բավականություն պարգևում քաղաքաբնակներիս:

Հպարտանում ու հիանում ես քայլելով արբեցումի շունչ պարգևող հարազատ բնօրրանի փողոցներով: Վերջերս մայրաքաղաքին սկսել են մի նոր փայլ ու գեղեցկություն հաղորդել կենտրոնական փողոցների մայթերի համապատասխան հատվածներում տեղադրված տարաներում աճեցված երփներանգ ու գունագեղ ծաղիկները: Թվում էր՝ երևանյան պուրակները, հրապարակը, փողոցներն ու մայթերը հիշեցնող ծաղիկներով զարդարված նմանատիպ ճոխությունը փոխանցվել նաև Ստեփանակերտին:
Անգամ հաճելի էր երկար ժամանակ ըմբոշխնել ու հիանալ բազմագույն ծաղիկների արտառոց գեղեցկությամբ, ծաղկաթերթիկների եզակի երանգավորմամբ ու հրաշք գույների զանազանությամբ:

Ցավոք, հրապուրանքն այս անցողիկ եղավ: Օրեցոր ծաղիկները թոշնում էին, դալկանում, դառնում դժգույն և անհրապույր: Արևի գայթակղիչ ճառագայթներին զոհ գնացող և ջրի ու խնամքի կարոտ մեր «բազմերանգ» բարեկամներն, ասես, աղերս ու գթություն էին հայցում անցնող անտարբեր ու մտազբաղ անցորդներից: Եվ մարդաշատ անցուդարձի մեջ շարունակում էին տխուր շարժել իրենց ամոթխած ու թոշնած գլուխները…
Ծաղկամաններում լցված հողի՝ «երաշտից» ճաքճքած խորշերից անգամ կարելի էր հաշվել ծաղկի արմատները: «Ձևական հրաշքն» այլևս ի զօրու չէր իրականացնելու իր առաքելությունը՝ հիացնել ու զարմացնել շրջապատին:

Թոշնող անտարբերությունից չքացավ նաև «գունագեղ հրապուրանքը»: Ծաղկի որոշ տարաներ անհետացան քաղաքի մի շարք փողոցներից, իսկ պաշտոնական, մասնավոր ու պետական կառույցներին կից ծաղկանոցներում նույնատիպ ծաղկամաններում «նիրհող» ծաղիկները դեռ շարունակում էին մի վերջին անգամ ժպտալ՝ իրենց հանդեպ մարդկային վերաբերմունքի հույսով. արդյո՞ք իրենք էլ կարժանանան իրենց բախտակիցների դաժան ճակատագրին:
Հարց է ծագում. ո՞ւմ էին պետք այդ ձևական գեղեցկությունները, երբ այդպես էլ չհետաքրքրվեցին նրանց ճակատագրով։ Առանց ջրի, խնամքի, ուշադրության ու մշակման, բոլորիս աչքի առաջ մեր անտարբերությանը կուլ գնաց ևս մի հրապուրանք ու գեղեցկություն։ Թերևս գեղեցիկին ու անզուգականին բոլորն են ձգտում, բայց երբ անտեսում ու չես գնահատում եղածը, կորցնում ես ունեցածդ...

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ




ԼԵՈ

ԱՆՑՅԱԼԻՑ

Լեոյի «Անցյալից» հուշագրությունը հասկանալի պատճառներով տեղ չի գտել խորհրդային ժամանակներում հրատարակված նրա «Երկերի ժողովածուում»։ Այն տպագրվել է ընդամենը մեկ անգամ՝ 1925-ին, Թիֆլիսում: Նշանավոր արցախցու հուշագրությունը վերահրատարակվեց միայն վերջերս՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչության կողմից՝ ՊԿ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Հայրապետյանի նախաձեռնությամբ ու ջանքերով։
«Նոր էջը» որոշել է պարբերաբար առանձին հատվածներ տպագրել «Անցյալից» գրքից, որն այսօր էլ օրահունչ է։ Միաժամանակ՝ շնորհակալություն ենք հայտնում Միքայել Հայրապետյանին՝ գրքի ձեռքբերման խնդրում մեզ օգնելու համար։

Հայ հեղափոխության օգուտը պահանջում էր, որ բոլոր կազմակերպությունները միանան, մի ընդհանուր մարմին դառնան: Այս մասին Թիֆլիսում կայացան խորհրդակցություններ, և վճռվեց, որ «Երիտասարդ Հայաստանը» կոչվի «Դաշնակցություն» և միացնի իր հետ Հնչակյան, Արմենական կուսակցություններն ու այդպիսով գոյություն ստանա մի կուսակցություն՝ դաշնակցային հիմքերի վրա, այսինքն՝ յուրաքանչյուրի ներքին ինքնավարության պայմանով: Այդ «Դաշնակցությունը» պիտի հրատարակեր իր սեփական օրգանը՝ «Դրոշակ» անունով: Այս երկու անուններն էլ՝ «Դաշնակցություն» և «Դրոշակ», թարգմանվեցին Ժնևի հնչակյան մի ուսանողի առաջարկությամբ, ռուսաց հեղափոխական իրականությունից: Ժնևում այդ ժամանակ կար «հՏюջ ՐցրրՍՌւ ՐպՉՏսюՓՌՏվպՐՏՉ», և այդ «րՏюջ»-ը թարգմանվեց «դաշնակցություն»: Իսկ «Դրոշակը» Ամերիկայում հրատարակվող ռուս հեղափոխական «իվՈՎя» թերթի անունից էր վերցվում:
Բայց, ինչպես և պետք էր սպասել, հեղափոխական կազմակերպությունների միությունը չկայացավ: Եվ այս, իհարկե, դարձյալ ի դժբախտություն հայ ժողովրդի: Հաշվի չառնելով արմենականությունը, որ երբեք չկարողացավ ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն դառնալ հայ իրականության մեջ, մնում էին երկու գլխավոր կազմակերպություններ՝ հնչակյան և դաշնակցական, որոնք շատ շուտով իրար հանդեպ բռնեցին հակառակորդի, անհաշտ թշնամու դիրքեր: Ամեն մեկն աշխատում էր ցույց տալ, թե ինքն է լավ գործում, հեղափոխական առատ արդյունքներ տալիս: Ամեն մեկն աշխատում էր մյուսին գերազանցել հախուռն գործողություններով, և այս անմիտ ու տղայական մրցակցության, այս թայֆայական հակամարտության դառն պտուղները կլանողն ուրիշ ոչ ոք չէր լինում, բացի և միայն հայ ժողովրդից: Հնչակյան կուսակցությունը մինչև 1896թ. գտնվում էր հաջողության և լայն ժողովրդականության գագաթնակետին: Այդ միջոցին նա, արբեցած իր դիրքերից, առանձին ուշադրություն չէր դարձնում Դաշնակցության վրա և գրեթե միայն լրագրական բանակռվով էր բավականանում: 1896-ից սկսվում է հնչակյանների անկումը: Այդ ժամանակից էլ կռիվը երկու կազմակերպությունների միջև ընդունում է կոպիտ, նույնիսկ արյունոտ ընդհարումների ընթացք՝ ավելացնելով հայ ժողովրդի աղետների թիվը:

Եվ այսպես, 1890 թվականից սկիզբ է առնում Դաշնակցությունը: Սկզբի երկու տարիներին նա շատ թույլ գործունեություն ուներ, համարյա միանգամայն աննկատելի էր, բավականանում էր գրեթե միայն նրանով, որ պարծենում էր իր անդրանիկ գործով՝ Կուկունյանցի դժբախտ արշավանքով: Ես կարող եմ ասել, որ չնայած այս հանգամանքին՝ Դաշնակցությունը հենց սկզբից ռուսահայերի մեջ համեմատաբար ավելի համակրանք գտավ, քան Հնչակյան կուսակցությունը...
Մի օր էլ լուր առանք, թե Դաշնակցությունը քայքայվում է: Թիֆլիսում հրապարակ էր եկել մի նոր հեղափոխական գործիչ՝ լեռնային ինժեներ Կոստանդին Խատիսյանը, շատ կրքոտ մի երիտասարդ, որին որոշ չափով համարձակություն էր տալիս նրա հոր գրաված բարձր պաշտոնը պետական ծառայության մեջ: Պատմում էին, որ նա իրենց տանն ազատորեն ուժանակ է պատրաստում հեղափոխական մեծամեծ ձեռնարկումների համար, որոնց ծրագրելու մեջ նա մեծ հմտություն էր ցույց տալիս: Նա ձեռնարկել էր Դաշնակցության միջից մի ֆրակցիա հանել, որ պիտի գործեր ինքնուրույնաբար՝ իր ղեկավարությամբ և իր կազմած ծրագրով: Մի օր Թիֆլիսում կազմված ֆրակցիայի կողմից Շուշի եկավ ուսուցիչ Մանուկ Աբեղյանը, որ հավաքեց մեզ՝ Դաշնակցության կոմիտեի անդամներիս, սկսեց բացատրել Կոստանդին Խատիսյանի ֆրակցիայի առավելությունները և համոզել, որ Շուշիի կոմիտեն դառնա այդ ֆրակցիայի բաժանմունքը: Խատիսյանական ծրագրի մեջ վառ երևակայություններ շատ կային, բայց ես այժմ մոռացել եմ դրանք: Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ այդ մտքերի և հավանականությունների մեջ մեծ տեղ էին գրավում ուժանակային ռումբերը, որոնց պատրաստության համար նա նախագծում էր մի ամբողջ գործարան հիմնել Բուլղարիայում: Մենք չհակաճառեցինք անգամ: Ով ուզում է թող ազատի Հայաստանը՝ մենք հոժարությամբ պատրաստ ենք մեր ամսական տուրքը նրան տալ: Դրանից ավել գործունեություն մենք նույնիսկ չէինք իմացել և չգիտեինք:

Բայց Խատիսյանի ֆրակցիան շուտով ջուրն ընկավ, և Դաշնակցությունն էր, որ մնաց գործի գլուխ: Այդ ժամանակ էր, որ այն իրենց ձեռքն էին առնում մի քանի կարող երիտասարդ ուժեր, որոնց մեջ արդեն անուն էին հանել մանավանդ երկուսը՝ Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը...
Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում: Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել և հաստատել է կուսակցության ծրագիրը: Ամեն խոսքից երևում էր, որ իմ առջև կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին: Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը: Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր և պայթուցիկ նյութեր: Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ և հայդուկային կայաններ կազմակերպելու համար...

Եվ այսպես, Դաշնակցությունը երկու տարուց դուրս էր գալիս գրեթե կիսակենդան դրությունից, կազմակերպչական թափ էր ստանում 1892-ին: Այնպես որ, նրա հիմնադրումը, իսկապես, այս թվականից պետք է հաշվել: Նա արդեն ուներ իր որոշ և պարզ գաղափարախոսությունը, հայտնում էր, թե ինչ նպատակ ուներ և ինչ միջոցներով էր ուզում իրագործել այդ նպատակը:
Եվ առաջին իսկ վայրկյանից երևան էր գալիս մի շատ պարզ հանգամանք: Այն, որ Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով, իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է՝ թուրքահայերի ազատագրության մեջ: Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի: Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը՝ տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը: Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակականության տեղը և գործել նրա նման: Այդպես էլ եղավ: Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս երկու կազմակերպությունների միջև: Բախվում էին ոչ թե գաղափարները, ոչ թե տակտիկական և ռազմավարական հարցերը, այլ բախվողը միշտ և գերազանցապես կաշվի հարցն էր:
Նմանությունն ավելի ևս ցայտուն, աչք ծակող դարձնելու համար՝ դաշնակցական ծրագիրն էլ մեջտեղ էր բերում մարքսիզմը՝ ազգայնականությունը և ազգամոլությունը՝ իր կարմիր քղամիդով զարդարելու համար...

Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին: Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա... Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել և սոցիալիզմը: «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ և այնուհետև երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին:
Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով՝ դեպի սոցիալիզմ: Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, և այսպես մինչև վերջը...
Թիֆլիսից վերադառնալուց հետո, ես Շուշիում մնացի ընդամենը մի քանի ամիս: 1893-ի գարնանը ես թողեցի իմ 12-ամյա հեռագրական ծառայությունը և մտա մասնավոր պաշտոնի մեջ՝ տեղափոխվելով Բաքու...

Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած: Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին: Հասարակական հարցերով և մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ և սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից խոսելը: Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու:

(շարունակելի)


ՀԱՅԵՐՍ ՖՈՒՏԲՈԼ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒՆԵՆՔ
«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«Ղարաբաղյան ֆուտբոլը՝ «խաղից դուրս» կամ վերելքներից՝ սրընթաց վայրէջք» հոդվածի տպագրությունից (14 ապրիլի 2009 թ.) հետո մի քանի տասնյակ հեռախոսզանգեր ու նամակներ ենք ստացել։ Հանրապետության սիրելի թիմի հեռացումը ակտիվ մրցասպարեզից մտահոգում է բազմաթիվ մարզասերների։
Մենք նամակ ենք ստացել նաև մեր թերթի բարեկամ, ԼՂՀ ստեղծման առաջին տարիներին մեր պետականաշինության ակտիվ ու նվիրված մասնակից ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ։ Վերջինս, որ այժմ բնակվում է Երևանում, մեզ է տրամադրել արցախյան ֆուտբոլի ճակատագրի հետ կապված մի քանի տասնյակ պաշտոնական նամակների պատճենները։

Պարզվում է, որ 1996 թվականին ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը (Վ. Շաֆերյան գլխավորությամբ), և հատկապես ԼՂՀ փոխվարչապետ Ժիրայր Պողոսյանը նամակներ են հղել ՖԻՖԱ-ի նախագահ Ժ. Ավելանժին, գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթերին՝ Արցախի ֆուտբոլային ակումբը միջազգային մրցաշարերի մասնակցելու խնդրանքով։ Նամակներ են հղել նաև Բրազիլիայի սպորտի նախարար Պելեին, բարոնուհի Ք. Քոքսին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ հատուկ դեսպան Շառլ Ազնավուրին, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին, բարերար Ալեք Մանուկյանին, ՀՀ մշակույթի և սպորտի նախարարին և այլոց, վերջիններիս խնդրելով իրենց հեղինակությունն օգտագործել՝ վերոհիշյալ հարցում դրական պատասխան ստանալու համար (ՖԻՖԱ-ի 1996 թ. մայիսի նիստում պիտի քննարկվեր Ղարաբաղի հայցադիմումը)։

Թե Գարի Կասպարովը կամ մյուսները որքան շահագրգռվածություն են ցուցաբերել արցախյան ֆուտբոլին օգնելու համար, մենք հստակ չգիտենք, բայց որ բարոնուհի Կոքսն իրոք ամեն կերպ ձգտել է աջակցել մեզ, այդ է վկայում նրա նամակը ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթերին։ «Վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շատ զրկանքներ է կրել, քանի որ նրանց երկիրը եղել է շրջափակման և պաշարման մեջ, եղել է ռմբակոծության տակ։ Ներկայումս հրադադարը պահպանվում է և մարդիկ եռանդով աշխատում են կյանքը նորմալ հունի մեջ դնելու համար»,- կարդում ենք բարոնուհու նամակում։ Նա հայտնել է նաև, որ իր հերթին ամեն ինչ անում է Ղարաբաղին օգնելու համար, մասնավորապես «Արսենալ» ֆուտբոլային ակումբից Ղարաբաղ է ուղարկել 70 ֆուտբոլի գնդակ և այլն։ Վերջում նա հույս է հայտնում, որ իր հերթական այցի ժամանակ Ղարաբաղ՝ հաճույք կունենա տեսնելու անդամակցությունը ՖԻՖԱ-ին։

ՖԻՖԱ-ից հարգանքով պատասխանել են Կոքսին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շահագրգռվածության համար և շնորհակալություն հայտնել ֆուտբոլ մարզաձևով հետաքրքրվելու համար»։
Չգիտենք, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ՀՀ ղեկավարները, բայց դժվար չէ կռահել, որ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես քաղաքական, տեղեկատվական ու մնացյալ դաշտերում, մարզասպարեզում ևս նախաձեռնության տերն են եղել։
Արդյունքում՝ «Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, մեր գործադիր մարմինը որոշել է իրավունք չտալ Ձեր թիմերին մասնակցելու...»,- այս տողերով էր սկսում Ցյուրիխից ստացված պատասխանը։

Խնդիրը, սակայն, այլ է։ Համենայն դեպս ԼՂՀ նախկին իշխանությունները ինչ-որ կերպ փորձել են ճեղքել պատնեշը և դուրս գալ միջազգային մարզասպարեզ։ Այսօր, ցավոք, դրությունն այլ է. ղարաբաղյան թիմը զրկվել է նաև ՀՀ ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Կրկին հիշեցնենք, որ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին։

Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի բռնատիրության տարիներին ղարաբաղյան թիմը հաղթահարելով ադրբեջանցիների հարուցած բոլոր խոչընդոտները, կարողացավ դառնալ Ադրբեջանի չեմպիոն և իր ուժերը չափում էր ռուսական, վրացական, մերձբալթյան ու հայաստանյան վարպետ թիմերի հետ, իսկ սույն թվականից այլևս չի մասնակցում նույնիսկ ՀՀ առաջնությանը։
Ղարաբաղյան ֆուտբոլը «խաղից դուրս» վիճակում է, բայց դա այսօր այլևս զարմանալի չէ, որովհետեւ ՀՀ ղեկավարության ջանքերով և ղարաբաղյան կողմի լուռ համաձայնությամբ արդեն «խաղից դուրս» վիճակում է հայտնվում, այսպես ասած, ղարաբաղյան գործոնը։ ՄԵծ հաշվով, Հայաստանն էլ ֆուտբոլ ունի, բայց իրականում չունի։ Փոխարենն ունենք չափազանց ֆուտբոլասեր գործիչներ, ովքեր քաղաքականությանը նայում են «ֆուտբոլային դիվանագիտության» աչքերով։

Վ. ՕՎՅԱՆ



ՆԵՐՇՆՉՈՒՄ ԵՎ ՀԻՊՆՈՍ

Հիպնոսի և ներշնչման միջոցով առաջացող երևույթները մշտապես եղել են գիտության և բնակչության հատաքրքրությունների առարկան։ Հիպնոսի երևույթները բացատրելու փորձ 18-րդ դարի վերջերին կատարվել է վիենացի բժիշկ Ա. Մեսմերի կողմից։ 19-րդ դարի 70-ական թվականների վերջին հիպնոսի երևույթներով սկսեցին զբաղվել բժիշկներ Շարկոն և Բեռհայմը։ 19-րդ դարի վերջին ուսումնասիրությունով զբաղվեց Նանսենի հոգեբանական կլինիկան։ Հիպնոսը համարում էին գլխուղեղի խիստ ընկճման վիճակ։

Հիպնոսի ուսմունքի զարգացման գործում մեծ դեր կատարեց ռուս պսիխոնեվրոլոգ ակադեմիկոս Վ. Բեխտերևը, որը կարևոր նշանակություն էր տալիս ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական գործոններին։ Սակայն հիպնոսի մեխանիզմների բացահայտման պատիվը պատկանում է ականավոր ֆիզիոլոգ Ի. Պավլովին ու նրա աշակերտներին։ Պայմանական ռեֆլեքսների բացահայտմանն ուղղված բազմաթիվ փորձերի հիման վրա նա եկավ այն եզրակացության, որ բարձրակարգ կենդանիների ու մարդու քնի առաջացման մեջ գլխավոր դերը խաղում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն հատվածը, այսինքն՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևը՝ իր բազմաթիվ միկրոսկոպիական նյարդաբջիջների հետ միասին։

Գլխուղեղի կեղևի բջիջների գործունեության հիմքում ընկած է երկու հիմնական պրոցես՝ գրգռման պրոցես, որ տեղի է ունենում ռեցեպտորները արտաքին և ներքին դրդիչներով դրդելու հետևանքով, և ժամանակավոր արգելակման պրոցես։ Մարդու մոտ հիպնոս կարելի է առաջացնել օգտագործելով խոսքը՝ որպես դրդիչ, որպես ազդանշանների ազդանշան, որը կենտրոնական նյարդային համակարգն ընդունում է արտաքին ու ներքին միջավայրից։ Բառի, խոսքի դերը մարդու կենսագործունեության մեջ այնքան մեծ է և այնքան խիստ է տարբերում նրան կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից, որ մարդու մոտ հիպնոսի երևույթները չեն կարող ճիշտ հասկացվել, եթե նախապես քննության չառնենք խոսքի նշանակությունը Պավլովի ֆիզիոլոգիական ուսմունքի, մասնավորապես և հատկապես երկրորդ ազդանշանային համակարգի հետ։

Պավլովը երկրորդ ազդանշանային համակարգ համարում է գլխուղեղի կեղևի գործունեության մի հահուկ հավելումը ։«Այդ հավելումը,- գրում է նա,- վերաբերում է լեզվի ֆունկցիային»։ Մարդու բարձրագույն նյարդային գործունեությունը կազմված է երեք սիստեմների փոխներգործությունից՝ կեղևային առաջին ազդանշանային, կեղևային երկրորդ ազդանշանային և ենթակեղևային համակարգերի փոխներգոծությունից։ Այսպիսով, հաստատվում է գիտական այն հիմնավորումը, որ հոգեկան պրոցեսները հատուկ բարձր կազմակերպված մատերիայի արգասիք են։

Միևնույն բովանդակության խոսքը տարբեր անձանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում, նայած ինչ պայմաններում է այն արտասանվում։ Եթե մեծ կիսագնդերի կեղևով սփռվող արգելակման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա, կունենանք սովորական քուն։ Այն դեպքում, երբ արգելակման պրոցեսն ընդգրկում է մեծ կիսագնդերի կեղևի միայն մի մասը, կունենանք մասնակի քուն. մի վիճակ, որը սովորաբար կոչվում է հիպնոս։ Ուրեմն՝ հիպնոսային վիճակը կարելի է դիտել իբրև բիոլոգիական երևույթ և իբրև մասնակի քնի պաշտպանական մի դրություն։ Ներշնչման հիմքում ընկած է հավատի զգացումը, հակում դեպի հավատը։ Ներշնչումը սահմանվում է նաև որպես անմիջական ռեակցիա դեպի հոգեկան դրդիչը՝ առանց հոգեկան վերամշակման և այլն։

Բառը կարող է չարտասանվել ինքնաներշնչման դեպքում, այն հանդես է գալիս որպես ներքին խոսք, որպես մտածողության պրոցես։ Գնդասեղի կամ այլ սուր առարկայի ծակոցը որոշ մարդկանց մոտ առաջացնում է պուլսի զգալի հաճախացում, հետևաբար՝ նաև սրտի գործունեության բնույթի փոփոխում։ Այսպիսով, բառը իսկական ռեալ դրդիչ է, որը նույնպիսի ռեակցիա է առաջացնում, ինչպես իսկական նյութական դրդիչը։
Արգելակման մի ուրիշ ավելի խոր դրության ժամանակ նկատվում է պարադոքսալ երևույթ, երբ թույլ դրդիչը առաջացնում է ուժեղ ռեակցիա, իսկ ուժեղը՝ թույլ։ Դա, այսպես կոչվող, պարադոքսային փուլն է։ Պարադոքսային փուլը իրեն զգացնել է տալիս նաև այն մարդկանց մոտ, ովքեր ավելի շատ են ենթարկվում խոսքի ազդեցությանը։ Ներշնչման միջոցով հնարավոր է անցավություն առաջացնել վիրահատության ժամանակ։ Ներշնչման բարենպաստ ազդեցության մասին են վկայում բուժման հետևյալ դեպքերը։

Հիվանդը 20 տարեկան կին է, որ վախեցել է իր վրա հարձակվող շնից։ Սուր ապրումների ժամանակ նա վերհիշում է մի ժամանակ լսած խոսակցությունը, որ իբր շան կողմից կծած մարդիկ սկսում են հաչել։ Դրանից հետո նրա մոտ առաջանում է հաչելու անհաղթահարելի ցանկություն, որը հետագայում վերածվում է իսկական հաչոցի։ Համապատասխան բուժումներն ապարդյուն գտնվեցին։ Միայն հիպնոսով կիրառված հոգեթերապիային չորս սեանսից հետո հաջողվց վերացնել այդ հատկությունը։
39 տարեկան կինը որդու կորստի մասին տեղեկություն ստանալուց հետո երեք տարի շարունակ գտնվում էր ծանր վիճակում։ Որդու մասին անբաժան կառչուն միտքը և գրեթե մշտական մշուշապատ հալյուցինացիաները չէին հեռանում նրանից. առավելապես երեկոները նրան պատկերանում էր որդու կերպարը։ Հաճախ զգում էր նրա ներկայությունը։ Հիվանդն ուներ անհանգիստ քուն, ախորժակի բացակայություն և նիհարել էր։ Դեղորայքով բուժումը արդյունք չտվեց։ Հիպնոսաթերապիայի 6 սեանսից հետո միայն վերացվեց այդ ախտաբանական վիճակը։
Սրանով գիտականորեն ապացուցվում է «հիպնոս-հանգստի» և «ներշնչման քուն-հանգստի» կիրառումը առանց որևէ նարկոտիկ դեղամիջոցի։ Դրանում է կայանում նրա ֆիզիոլոգիական արժեքը որպես օգնություն հիվանդներին։ Ներշնչումով և հիպնոսով բուժելու դեպքում անհրաժեշտ է տարբերել մի կողմից քուն հիպնոսային վիճակի կիրառումը (իսկական հիպնոսաթերապիա), մյուս կողմից՝ ներշնչման կիրառումը հիպնոսում։

Պատրաստեց ՆԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

 

Վերջին էջ

ՉԻՆՈՎՆԻԿԻ ԵՐԱԶԸ

Այս ստեղծագործությունը 6 տարի առաջ տպագրվել է «Ազատ
Արցախ» պաշտոնաթերթում։ Վերջերս պատահաբար ձեռքս
ընկավ այդ համարը, կարդացի ու զարմանքով նկատեցի, որ, ցավոք, այն ամենևին չի կորցրել այժմեականությունը։ Նույն չինովնիկը (կամ չինովնիկները), որ տարիներ առաջ Կևորկովի ոտքերի շուրջ օրվա հաց էր վաստակում, այսօր մեծ
հաջողությամբ շարունակում է փափուկ պաշտոններ զբաղեցնել...
Կարդացեք և, համոզված եմ, կճանաչեք նրան (կամ նրանց)։

Կեսգիշեր էր, բայց Գավակ Փուչիկյանի քունը չէր տանում, դուրս եկավ պատշգամբ և ողջ մարմնով սարսռաց: Սև երկնքում յաթաղանի պես կախվել էր լուսինը, իսկ հարևան թաղամասում չարագուշակ ոռնում էին շները:
Մտավ անկողին, մի քանի անգամ շուռումուռ եկավ և, վերջապես, քնեց: Ու երազում տեսավ Նրան: Ինքը նստած էր բազկաթոռի մեջ և բաց դռնից նայում էր, թե ինչպես է սարսափազդու լուսինն աստիճանաբար մեծանում: Բայց հանկարծ այն չքացավ երկնքից և դռնից երևացող երկնքի փոքրիկ կտորը թաղվեց խավարում: Փուչիկյանը վախեցած ձեռքը մեկնեց, մթության մեջ գտավ գիշերալամպի կոճակն ու սեղմեց...

Ո՜վ սարսափ: Լուսնի և իր միջև, բաց դռան մեջ կանգնած էր Նա՝ Կևորկովը։
Ողջ մարմինը փշաքաղվեց: Վախից բերանը բացեց, բայց այնտեղից ոչ մի ձայն դուրս չեկավ:
- Գյադա, վախեցա՞ր,- Կևորկովը արհամարհանքով նայեց Փուչիկյանին:- Ի՞նչ է, քունդ չի տանո՞ւմ, կերածդ չի մարսո՞ւմ:
- Դո՞ւք եք, Բորիս Սարկիսովիչ:

Կևորկովը ծանր քայլերով մտավ սենյակ և տանտիրոջ ինքնավստահությամբ ընկղմվեց բազկաթոռի մեջ: Բաց դռան մեջ կրկին երևաց լուսնի յաթաղանը:
- Չէի՞ր սպասում, կարծում էիր, թե էլ չե՞նք հանդիպելու...
Փուչիկյանի մարմնով սահմռկեցուցիչ ցուրտ անցավ.
- Ներեցեք, բա դուք չեք մահացե՞լ, Բորիս Սարկիսովիչ...
- Գյադա, ես անմահ եմ: Միայն բնակավայրս եմ փոխել: Երկրայինից տեղափոխվել եմ Երկնային բնակարան... Բայց քանի դու և քեզ նմանները կաք, ես շարունակելու եմ ապրել ներկա և ապագա բոլոր ղեկավարների մեջ:

Փուչիկյանը վախեցած չորս կողմը նայեց:
- Ի՞նչ ես այս ու այն կողմ խլշկոտում,- Կևորկովը գիշերալամպն իրեն քաշեց, որ դեմքն ավելի լավ երևա,- շատ եմ փոխվե՞լ...
- Չչէ, չչեք փոխվել Բորիս Սարկիսովիչ:
- Իսկ դու ոնց-որ փոխվել ես... Եվ հետո, ինչո՞ւ ես այդ տեսքով չոքել իմ առջև: Ինչո՞ւ ես նստուկդ դրել ուսերիդ վրա...

- Սա... Սա նստուկ չէ,- Փուչիկյանը երկու քայլ առաջ սողաց, որ իրեն լավ տեսնեն:- Սա գլուխս է։
- Հա՜,- Կևորկովը սկզբում զարմացավ, հետո հանկարծ աշխուժացավ:- Ղամմազ, բա ինչո՞ւ ես այդպես պարարտացրել: Մսամթերման պիտի տա՞ս, թե՞ որոշել ես խաշ գցել...
- Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը քծնանքով ժպտաց,- շնորհակալություն՝ կոմպլիմենտի համար:
- Գյադա... Անունդ էլ դարձյալ մոռացել եմ... Բայց, ոչինչ, դա կարևոր չէ... Հա, գյադա, տեսնում եմ, որ դարձյալ լավ ես ապրում...

- Համեստորեն ապրում եմ, էլի։
- Համեստորեն ապրո՜ւմ եմ... Ախմա՛խ, դու ե՞րբ ես համեստ եղել... Դուռս երեսիդ փակում էի՝ պատուհանից էիր ներս սողում, պատուհանս էի փակում՝ ունիտազի միջից էիր շողոքորթ դունչդ ցցում... Ի դեպ, հիշո՞ւմ ես ժողովուրդը քեզ և քեզ նմաններին ինչ էր անվանում:
- Ինչպե՜ս չեմ հիշում, Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը երանությամբ ժպտաց,- «Կևորկովի շներ» էին անվանում:
- Ճիշտ է, չես մոռացել: Իսկ հիմա ո՞ւմ ոտքերն եք լիզում... Ձեր այդ իշխանությունները, որ ինձնից հետո եկան, կարողանո՞ւմ են կառավարել...

- Ձեր գիծը շարունակում են, Բորիս Սարկիսովիչ...
- Հա՞... Դա լավ է... Իսկ ինձ հիշո՞ւմ եք մեկ-մեկ...
- Ինչպես չէ, Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը հանեց ծոցատետրը, էջերը զգուշորեն պրպտեց ու, այնտեղից մի լուսանկար հանելով, պայծառացած մեկնեց Կևորկովին,- ահա ձեր նկարը, խնամքով պահում եմ...
- Լավ պահիր... Ձեր այդ նոր իշխանություննե՞րն են լավ, թե՞ ես և իմ ղեկավարած տարիները...

- Բորիս Սարկիսովիչ, ես ամեն օր հիշում եմ այն երանելի ժամանակները, երբ ձեր ղեկավարությամբ անշեղորեն ծաղկում էր մեր երկիրը,- Փուչիկյանը չորեքթաթ մի քայլ էլ առաջ սողաց և, զգուշորեն շուրջը նայելով, շարունակեց,- սրանք հրեշներ են: Սրանք ոչ թե ուտում, այլ ձեռքներն ընկածը սաղ-սաղ կուլ են տալիս... Սրանք, այս արնախումները ձեր կոշիկի փոշին չարժեն... - Բայց նույն շանորդին ես մնացել, հա՜,- Կևորկովն արհամարհանքով նայեց Փուչիկյանին ու ոտքերը մեկնեց, կոշիկները դիպցրեց վերջինիս պարարտ փորին:- Ամենևին չես փոխվել: Էդ դո՞ւ չէիր, որ ինձնից հետո ձեր այդ միտինգներում քարկոծում էիր ինձ:

- Էդ ո՞վ է ասել... Սրիկաներն էլի ինձնից առաջ են ընկել...
Կևորկովը զվարթացավ.
- Իսկապես նույն շանորդին ես մնացել: Էն ժամանակ էլ էիք ինձ քծնելու համար դնքսում, ոտքերս լիզելու համար գզվռտում, իրար գզում թուլաների նման... Լավ, գյադա, մի բան հարցնեմ. ճանապարհին տասնյակ պարսպապատ շքեղ շինություններ տեսա, դրանք ի՞նչ են, բանտե՞ր են...
- Մեր նոր տերերի դղյակներն են: Նրանք այնտեղ են ապրում:
- Իսկ պարիսպներն ինչի՞ համար են:
- Որ ժողովրդից պաշտպանվեն:

- Հա՜,- Կևորկովը բազմանշանակ գլխով արեց,- այդ մեկը մտքովս չանցավ... Անունդ դարձյալ մոռացա: Հա, հիշեցի, գյադա, մի քիչ էլ քո մասին պատմիր: Ի՞նչ ես անում, ո՞նց ես լափդ վաստակում։
- Դե, ինչպե՞ս ասեմ, Բորիս Սարկիսովիչ, ինչպես միշտ՝ ծառայում եմ...
- Հասկանալի է, ղեկավարությանը էլի քծնում-շողոքորթո՞ւմ ես։ - Հա,- Փուչիկյանը համեստորեն գլխով արեց:
- Իշխանությունների մոտ էլի նորմալ մարդկանց չարախոսում, բամբասում ու ծախո՞ւմ ես...

- Հա, դա էլ կա,- Փուչիկյանը հպարտորեն կուրծքը ցցեց: Մենք հասարակության սանիտարն ենք: Չար ու վտանգավոր գաղափարները պետք է արմատախիլ անել: Իշխանությունը գլուխ է, մենք՝ ոտքեր: Գլուխն ինչ հրամայում է, ոտքերը պարտավոր են կատարել...
- Չէ, գյադա, դու ոտք չես, դու կոշիկ ես, որ եկող-գնացողները հագնում են... Չէ՛, չէ՛, դու նստո՛ւկ ես... Մենք՝ ղեկավարներս, բոլոր տեսակի իշխանություններս գնացական ենք, դու և քեզ նմանները՝ հավերժական: Մենք գալիս-գնում ենք, դու և քեզ նման գյադաները մնում եք... Դե լավ, վե՛ր կաց, ճանապարհվում ենք...

Փուչիկյանն աշխույժ ոտքի ելավ:
- Ո՞ւր ենք գնում։ Բորիս Սարկիսովիչ, նոր պաշտո՞ն եք տալիս։ - Ինձ մոտ, երկնային կյանք:
- Ի՞նչ,- Փուչիկյանը գունատվեց:
- Լավ չես լսո՞ւմ, քեզ տանում եմ ինձ մոտ ծառայության:
Կևորկովը պինդ բռնեց Փուչիկյանի դաստակն ու բաց դռնից դուրս եկան պատշգամբ: Բորիս Սարկիսիչը կամաց-կամաց կտրվեց գետնից և աստիճանաբար սկսեց բարձրանալ: Փուչիկյանն ամուր բռնեց նախկին տիրոջ ոտքերից և, այն պահին, երբ երկուսով համբարձվում էին վեր, հանկարծ մի ծանր հարված ստացավ գլխին ու սրընթաց սուրաց ցած:

Բացեց քնաթաթախ աչքերը, բայց դեռևս չկարողացավ հասկանալ, որ ընկել է մահճակալից: Ասես երազում, լսեց կողակցի ձայնը.
- Դանդալոշի մեկը, սա էլ նոր սյուրպրի՞զ է, մեր անկողինը ծովից-ծով ես սարքել...
- Ի՞նչ ծով,- Փուչիկյանը երազից դեռ ուշքի չեկած, մշուշված նայեց կնոջը,- Բորիս Սարկիսովիչն ո՞ւր է...
- Բորիս Սարկիսովիչն էր պակաս, էշի մեկը, տակիդ միզել ես...
Լուսամուտից երևացող երկնքի կտորից լուսնի յաթաղանը չքացել էր, բայց շներն արդեն ոռնում էին իրենց թաղամասում...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՓԱՐԹԱՄ ԿԱՆԱՅՔ

Գերմանական սոցիոլոգները պարզել են, որ նիհարելը, որին խելահեղորեն ձգտում է կանանց զգալի մասը, ամենևին դուր չի գալիս տղամարդկանց։ Գերմանիայում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նիհարիկներին գրավիչ է համարում հարցման ենթարկվածների ընդամենը 5 տոկոսը, այն դեպքում, երբ բարեկազմ կանայք ուղղակի խելքահան են անում հարցվածների 70 տոկոսին, հայտնում է Neboley.com-ը (հարցմանը մասնակցել է 1000 տղամարդ)։
Հարցման մասնակիցների 53 տոկոսի կարծիքով փարթամ կազմվածքով կանայք ավելի զգայուն են, իսկ տղամարդկանց 29 տոկոսը գտնում է, որ «հաստլիկներն» ավելի խաղաղասեր են, քան նրանց «պոլի փետի» կազմվածքով ընկերուհիները։
Վաղուց ապացուցված է, որ կանանց ընտրությունը կապված է տղամարդկանց ֆինանսական կարողության հետ։ Նրանք, ովքեր նյութականի հետ կապված խնդիրներ ունեն, որպես պաշտպանվածության խորհրդանիշ, նախընտրում են մեծ ծավալներով կանանց։



Համարի ասույթը

Սրիկայի կամ, ընդհանրապես, անազնիվ մարդու սցենարում ազնիվի կերպար խաղալը նույնպես անազնվություն է:

Ամսվա ասույթը

Բախտախնդիր արքաներ շատ ու շատ ազգեր ունեն, սակայն Քաջ Նազար միայն հայ ժողովուրդն ունի:

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ