Գլխավոր » 2009 Դեկտեմբեր N13 /1
2009 Դեկտեմբեր N13 /1
21:08
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ՈՒՂԵԾԻՐՆ ՈՒՐԻՇ Է

«Մեզ համար գլխավորը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ ինչքան կարելի է՝ իշխանությունը ձեռքներումս երկար պահելը»։ Երևի թե փորձում եք կռահել կամ, ըստ ձեզ, արդեն կռահել եք, թե ով է այս խոսքերի հեղինակը։ Բայց, ստիպված եմ հիասթափեցնել. այս խոսքերի հեղինակը անցյալ կամ ներկա հայ նախագահները չեն, և ոչ էլ հայկական պետությունների բարձրաստիճան որևէ այլ պաշտոնյա։ Այս խոսքերը վերցված են սերբ գրող Ռադոյե Դոմանովիչի ավելի քան 100 տարի առաջ գրված «Ստրադիա» վիպակից։

Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հայկական մեր լեռնաշխարհն իր տեսակի մեջ եզակի է, չարաչար սխալվում են։ Հայոց լեռներում ստեղծված պետական-կլանային համակարգը՝ բարեկամական-ազգակցական կապերով իրար շաղկապված եզակի կադրերով, ովքեր վերջին 20 տարում մի կերպ սովորել են իրենց անուն-ազգանուններն անսխալ կամ նվազագույնս քիչ տառասխալով գրելը, ամենևին նորություն չէ պատմության համար։ Ազգերի մի մասն իրենց պատմության ընթացքում երևի թե ունեցել կամ ունենում են «զավեշտա-ողբերգական» ժամանակներ, սակայն հետո հաղթահարում են այն ու, սովորելով հնի սխալների վրա, փորձում իրենց հնարավորության սահմաններում քաղաքակիրթ երկիր կառուցել։

Բայց մեր եզակիությունն այն է, որ մենք երբեք չենք կարողանում դասեր քաղել անգամ ոչ հեռավոր անցյալի սխալներից։ Մեզ համար պատմությունը մշտապես կրկնվում է։ Մենք Աստծո ստեղծած բացառիկ այն ազգերից (ավելի ճիշտ՝ ազգն) ենք, որ մշտապես վատ է ապրում, շարունակ կորուստներ է տալիս, ցեղասպանության է ենթարկվում, հայրենիք է կորցնում, աստիճանաբար սեղմում-օղակում իր մեծ կենսատարածք-հայրենիքից մնացած մի բուռ հողը, բայց սիրով մշտապես կրկնում է ճակատագրական իր սխալներն ու մեղավորներ փնտրում սահմանից այնկողմ։ Նաև եզակի այն ազգն ենք, որ հայրենիքից դուրս երիցս ավելի շատ հայրենակիցներ ունենք, քան սեփական ազատ ու անկախ հայրենիքում։

Բազմադարյա մեր պատմության ընթացքում Մեծն Տիգրանից երկհազարամյակ հետո հայն առաջին անգամ հող է նվաճել-ազատագրել, Արցախ-Ղարաբաղ է ազատագրել։ Բայց արի ու տես, որ դա ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու հայ տեսակի ուղեղի ծալքերում։ Մշտապես լաց ու ողբի սովոր հայը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ վերջապես մի անգամ հակառակորդին, դարավոր թշնամուն ստիպել է ողբալ ու ոռնալ կորցրածի ցավից։ Ու շարունակ մտածում է, թե ոնց ազատվի իր պատմական գորշության վրա հայտնված «սպիտակ ագռավից»...

Օգնության եկավ նման դեպքերում իր գործը «հիանալի» կատարող հայ դիվանագիտությունը։ Ավելի ճիշտ՝ ազգը ծոցում տաքացրեց-մեծացրեց իր մտավոր կաղ ու անկյալներին, քաղաքագետի, դիվանագետի պաշտոն տվեց ու ասաց. «Մեզ վերադարձրե՛ք մեր դիմանկարը»։ Վերջիններս առայժմ փայլուն են կատարում իրենց գործը։ Ժողովուրդը կամաց-կամաց չվում է «տաք երկրներ», Արցախ կոչվածի ճակատագիրը սեփական ձեռքերով լիովին հանձնել ենք քաղաքական աճպարարների ողորմածությանը, Հայաստանի մի մասը սեփականել են հայրենի օլիգարխները, մյուսը տվել ենք «ռազմավարական մեր դաշնակցին», մնացյալի վրա վաղուց աչք ունեն Օսմանի թոռները, և եթե «սահմանի բացում» օպերացիան հաջողությամբ պսակվի, մեր երկրում կրկին տոն է լինելու, ոմանց գրպաններում փողի ավելի մեծ կապոցներ են լինելու, ժողովուրդը... Բայց հետաքրքիր է, նա որտե՞ղ է լինելու... Ի դեպ, ասում են՝ Մարսի վրա առայսօր հայկական գաղթօջախ չկա...
Տխուր է, ծիծաղելի, զավեշտական թե ողբերգական, մեր իրականությունն ու կյանքն արբանյակի պես պտտվում է դրանց միջև և, կարծես, իր «ուղեծրից» դուրս գալու ոչ մի ցանկություն չունի։ Ասում են՝ մերն ուրիշ է։ Թե՞ մերն ուրիշինն է։ Այդ թվում՝ հողը...
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հաշված օրեր են մնացել մինչև Նոր տարի։ 2010-ն արդեն շեմին է։ Մի վերջին անգամ վերհիշենք՝ ի՞նչ ակնկալիքներ ունեցանք 2009-ից և ի՞նչ ստացանք։ Ոմանց սպասելիքներն արդարացան, տեր դարձան՝ ինչին սպասում էին, ոմանք ձեռք բերեցին ավելին, որ երազում անգամ չէին պատկերացնում։ Շատերն իրենց չիրականացած ծրագրերն ու երազները քարշ են տալու 2010՝ հուսով, որ գոնե այդ թվականը բարեհաճ կգտնվի իրենց հանդեպ։
Իսկ ի՞նչ ստացավ ազգն ընդհանրապես, նորանկախ մեր հանրապետությունն ի՞նչ ձեռքբերում ունեցավ։ Դժվար հարց է, որովհետև, առնվազն վերջին տասնամյակում, ցավոք, տարբեր հարթություններում են հայտնվել Ժողովուրդ, Պետություն, Հայրենիք հասկացությունները... Համենայն դեպս, նշածս ձեռքբերումը ես չեմ տեսնում, իմ տան լուսամուտից այն տեսանելի չէ, հարևանիս, ընկերոջս ու բարեկամիս պատուհաններից ևս տեսանելի չէ այն։ Մեր երկրի ճակատագիրը դեռևս փորձում են լուծել մարդիկ, ովքեր դրա իրավունքը չունեն, որոնց մենք չենք լիազորել մեր Կենաց հարցը որոշելու...
Բայց խոսենք ամանորյա մեր ակնկալիքների մասին։ Ի՞նչ է մեզ համար բերելու 2010-ը։ Աննշան բացառությամբ երևի թե այն, ինչ մեզ համար բերել են 2009-ը, 2008-ը կամ 2007-ը։ Ընդհանրապես՝ յուրաքանչյուր տարի մեզ համար բերում է այն, ինչին արժանի ենք (անշուշտ՝ ան-նշան բացառությամբ)։
Ասում են՝ խնձորն ինքն իրեն ծառից չի ընկնում, իհարկե, եթե որդնած կամ փտած չէ։ Այն պարզապես պետք է վայր գցել կամ մագլցել ծառն ու քաղել։ Այնպես որ՝ եթե ոչ ամեն ինչ, գոնե շատ բան մեզնից է կախված։ Եթե տեր կանգնենք մեր արժանապատվությանը, մեր իրավունքներին ու մեր երկրին, եթե ոչ 2010-ին, ապա հաջորդ տարի ստանալու ենք այն, ինչին արժանի ենք...
«ՆՈՐ ԷՋԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ ՁԵԶ ԵՎ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ՕՋԱԽՆԵՐԻՆ։



Հայաստանյան մամուլի էջերից

ԷԴ Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՍ ՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՎ ԷԹՆԻԿ ԶՏՎԵԼՈՒ ԹՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ...

Ընդունելով ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանն այսպիսի միտք է հայտնել. «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, թե ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների և էթնիկ զտումների: Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազներն իրականությունից, արդար լուծումներն՝ հավակնություններից տարբերել կարողանան...»։

Առայժմ հայտնի չէ, Ղարաբաղի խորհրդարանի պատվիրակները մի բան հասկացե՞լ են այս խորիմաստ մեկնաբանությունից, թե՞ չէ, բայց հասարակ մահկանացուներիս համար միանգամայն հանելուկ է, թե ՀՀ նախագահական աթոռը զբաղեցրած պարոնն ինչ է նկատի ունեցել «նոր տեղահանումներ և էթնիկ զտումներ» ասելով։ Այդ ո՞ւմ պիտի տեղահանեն և ովքե՞ր պիտի տեղահանեն։
Այդ ի՞նչ հանճարեղ լուծումների վրա են տարիներով գլուխ կոտրում ծագումով ղարաբաղցի ՀՀ վերջին երկու նախագահները, որ հնարավոր է նաև «նոր տեղահանումներ» լինեն։ Արցախցիների՞ն պիտի տեղահանեն իրենց երկրից, թե՞ ադրբեջանցիներին է սպասվում այդ նոր «ճամփորդությունը»։ Ազերիները պիտի գան Արցախ ու տեղահանեն բնիկ բնակչությա՞նը, թե՞ հնարավոր են նաև այնպիսի լուծումներ, որ հայերին ստիպի հարձակվել հակառակորդի վրա ու «տեղահանել» նրանց։

Այժմ վերադառնանք Սերժ Սարգսյանի մեկնաբանության երկրորդ ոչ պակաս հետաքրքիր դրվագին՝ էթնիկ զտումներին, որ դարձյալ հնարավոր են բանակցությունների արդյունքում սպասվելիք լուծումների դեպքում։ Դարձյալ անհասկանալի է, թե ով ում պիտի զտի, հայերը՝ ազերիների՞ն, թե՞ վերջիններս արցախցիներին։ Կամ այդ ինչպե՞ս պիտի իրար «զտեն», երբ Արցախում այլևս ադրբեջանցի չկա, Ադրբեջանում գրեթե հայ չի մնացել, որ «էթնիկ զտեն»։ Գուցե թե ՀՀ նախագահը նկատի ունի, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որ ենթադրում է ազատագրված հայկական հողերի վերադարձ և ադրբեջանցի փախստականների վերադարձ՝ ազատագրված տարածքներ ու Արցախ։
Եթե նկատի ունենանք, որ բանակցություններում պրպտվող լուծումներում խոսք չկա հայ փախստականների վերադարձի մասին, մնում է ենթադրել, որ ազերի փախստականները պիտի գան և տեղահանեն հայերին կամ «էթնիկ զտեն» Ղարաբաղը։

ՀՀ ղեկավարի խոսքերը, ըստ իս, հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել։ Ահա թե ինչի վրա են գլուխ կոտրում պատերազմում հաղթած և նույն այդ պատերազմում պարտված երկրների ղեկավարները։ Հաղթողները՝ որ «երազներն իրականությունից, արդար լուծումներն՝ հավակնություններից տարբերող» այնպիսի լուծումներ գտնեն, որպեսզի հաղթողները չտեղահանվեն ու էթնիկ զտվեն, պարտվողները՝ խաղաղ բանակցությունների արդյունքում որպեսզի այնպիսի լուծում ստանան, որ իրենց հնարավորություն տա հաղթողներին վտարելու սեփական երկրից, Սարգսյանի բացատրությամբ՝ էթնիկ զտելու Ղարաբաղը։

Համենայն դեպս, մի բան հստակ ու զուլալ ջրի պես պարզ է. Արցախն այսօր դարձել է որբի գլուխ, որի վրա վարսավիրություն են սովորում։ Գուցե թե տեղի ղեկավարներին մեծագույն հաճույք է պատճառում «մաեստրոյի» մկրատի տակ որբի կարգավիճակով հանգիստ ու անվրդով նստելը, բայց չեմ կարծում, թե ժողովուրդը հանդուրժելու է, որ իրեն ոչխարի պես խուզեն։ Արցախը հո մեկ-երկու հոգու պատանդը չէ, ինչ է թե՝ նրանք աթոռ և կուտակած հսկայական հարստություն պահելու խնդիր ունեն։
«Տարեգիր»
 


ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔԻ Է

«Չեմ կարծում, որ օկուպացված 7 շրջանների վերադարձը ձեռնտու է Ադրբեջանին»,- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի փորձագետ Արազ Ալիզադեն ու հավելել. «Բոլորը խոսում են, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում մենք առաջ ենք ընթանում։ Այդ կապակցությամբ ես մի անեկդոտ եմ հիշում, որտեղ լեյտենանտը համաձայնում է, որ կոկորդիլոսը թռչող զենք է՝ միայն այն պատճառով, որ դա ասել է մայորը, թեև լեյտենանտը ոչ մի անգամ թռչող կոկորդիլոս չի տեսել։ Նույնն է նաև ԼՂ կարգավորման հարցում. Բոլորը խոսում են առաջընթացի մասին, բայց ոչ ոք այն չի տեսնում։
Բացի դրանից, ես չգիտեմ որևէ օրինակ միջազգային պրակտիկայում, երբ պատերազմով վերցված հողերը վերադարձվում են խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ասել է Ալիզադեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը տեսնո՞ւմ է առաջընթաց ԼՂ բանակցային գործընթացում։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե իբր հայկական կողմը վերադարձնելու է 7 շրջանները, քաղաքագետն ասել է. «Չեմ կարծում, որ դեպքերի նման ընթացքը ձեռնտու է Ադրբեջանին։
Նախ, ոչ ոք 7 շրջանները չի վերադարձնելու, քանի որ չեմ կարծում, որ Հայաստանը Ադրբեջանին կհանձնի Լաչինի շրջանը։
Երկրորդ. Հենց որ Երևանը հետ քաշվի գրավյալ տարածքներից, ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը հսկայական ճնշում կգործադրի մեզանից էական զիջումներ ստանալու համար»։
Նա նաև ընդգծել է, որ մոտ ժամանակներս հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարում չի կանխատեսում։
«Տարեգիր» 


Հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում երկու հայամետ օրենսդիրներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նոր նախագիծ։
Ավելի վաղ նմանօրինակ բանաձև էր ներկայացվել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։
Որպեսզի ներկայացված բանաձևերից որևէ մեկը օրենք դառնա, այն պետք է անցնի բավականին երկար և բարդ գործընթաց, ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում՝ և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում, որից հետո ԱՄՆ-ի նախագահը պետք է վավերացնի այն իր ստորագրությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ներկա վարչախումբը, մասնավորապես, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեծ ջանքեր են գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանն հասնելու համար, վերոհիշյալ բանաձևերը հազիվ թե հասնեն նախագահ Օբամայի սեղանին՝ ստորագրելու համար։ Մյուս կողմից էլ, սակայն, ԱՄՆ-ն կարող է բանաձևերն օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշման նոր միջոց։

Հատկանշական է այն փաստը, որ բանաձևը Սենատ ներկայացվեց հենց այն օրը, երբ Թուրքիայի խորհրդարանում սկսվեցին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումները։
Այսպիսի պայմաններում հարց է առաջանում. ինչո՞ւ Սենատում այս բանաձևը ներկայացվեց հենց հիմա, և ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանաձևի ներկայացումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վրա՝ կնպաստի՞, թե՞ կխոչընդոտի...
«Ազատություն»



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՃԱՌ ԱՍԵ՞Լ, ԹԵ՞ ԶԱՆԳ ԿԱԽԵԼ

Դեկտեմբերի սկզբներին Ստեփանակերտում կայացել է Արցախի հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստը, որին հրավիրվել էին վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, իշխանությունների ներկայացուցիչներ։ Քննարկման թեման ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն էին ու Ադրբեջանի ռազմատենչ նոր հայտարարությունները։

ԼՂՀ ԱԺ հայտարարության, ինչպես նաև միջնորդ կոչվող երկրների պատվիրակությունների և Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ին Աթենքում հրապարակած համատեղ հայտարարության վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Վերոհշյալի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը։

Ապա ելույթներ ունեցան ՀԿ-ների ղեկավարները, հրավիրվածները։ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ավելի տրամաբանական համարեց, որ Արցախի հասարակական կազմակերպությունները կամ հանրությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իրենց մտահոգությունների մասին փորձեն բացատրություն կամ պարզաբանումներ ստանալ հենց ԼՂՀ իշխանություններից։

Կարծիք հնչեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին Ղարաբաղի կողմից պատասխանել նմանատիպ ռազմական կոչերով՝ Ադրբեջանի կողմից բռնազավթած Շահումյանի շրջանն ու Մարտակերտի ու Մարտունու շրջանների ազերիների վերահսկողության տակ գտնվող հողերն ազատագրելու համար, մինչդեռ շարունակ Ադրբեջանն է խոսում ուժի դիրքերից...

Որոշ ելույթներից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ մարդիկ ներկայացել էին պարզապես խոսելու համար. թե ինչի մասին, դա նրանց համար նշանակություն չուներ։ Իրանա-ամերիկյան հակամարտություն, գլոբալիզացիա, երևի թե անդրադառնային նաև համաշխարհային գլոբալ տաքացման խնդիրներին, բայց «բարեբախտաբար» ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումների վերաբերյալ նախօրոք պատրաստված բանաձև կար, որ վերջում բաժանեցին նիստի մասնակիցներին, այլապես ներկաներն արդեն մոռացել էին, թե ինչի համար են հավաքվել... Սեփ. լրատվություն


ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Վերջերս հայաստանյան մամուլը, և ոչ միայն, արձանագրեց, որ Շուշիի վերականգման համար Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած համահայկական դրամահավաքը չարդարացրեց այն սպասումները, որն ակնկալվում էր։
Խնդիրը միայն այն չէ, որ գումարը, համեմատած նախորդ տարիների դրամահավաքի հետ, նվազ էր։ Մտածելու և խորհելու տեղիք են տալիս այն իրողությունները, որ հայ մարդը, լինի բնակվող Հայաստանում, Արցախում, թե արտերկրում, այլևս այնքան լավատես չէ Արցախի, ի մասնավորի Շուշիի վերականգման և զարգացման համար. պատճառը Ձեր հանդուրժող, վախվորած, հաղթողին ոչ վայել քաղաքականությունն է։

Ինչո՞ւ, մեզ բոլորիս հայտնի ճանապարհներով, շատ կարճ ժամանակում հսկայական գումարներ կուտակած, արցախյան ծագում ունեցող հայ օլիգարխները ներդրումներ չեն կատարում հենց Արցախում։ Ի՞նչ է, չե՞ն հավատում, որ Արցախ աշխարհը կա և կլինի հայկական, թե վազում են արագ և հեշտ գոյացող շահույթի հետևից, որը հնարավոր է ստեղծել Հայաստանում կամ արտասահմաններում, հատկապես իրենց երազած «սահմանը» բացելուց հետո։

Հայրենասիրությունը ճառերով կամ գեղեցիկ խոստումներով չի լինում։ Այն պահանջում է ամենօրյա աշխատանք, նվիրում և զոհաբերություն, ինչը հայտարարված զինադադարից սկսած գնալով պակասում է մեր ժողովրդի մոտ... Ինչո՞ւ չեն բնակեցվում ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված վարչական տարածքները։ Պատրաստվում եք հանձնե՞լ։ Սին հույսեր։ Ինչպես 1990-94 թթ. աշխարհի մեծամեծերը և թուրքերը որոշել էին բռնությամբ և պատերազմի միջոցով հային հայրենազրկել, այնպես էլ այժմ փորձում են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը զոհաբերեն օտարին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ ազգովի չենք թողնելու, որպեսզի կյանքի կոչվեն այդ հայադավ ծրագրերը։

Ինչո՞ւ ըստ արժանվույն չեք գնահատում Արցախի համար մարտնչած հայորդիներին, որոնք արյան կանչով ոտքի ելած կռվեցին և հաղթեցին մեր Ազատագրական պատերազմում։ Ի՞նչն է խանգարում Ձեզ քաղաքացիություն շնորհել Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, հենց թեկուզ որպես Շուշիի պատվավոր քաղաքացի։

Համոզված եմ, որ հոգու խորքում Դուք ընդվզում եք Ձեր այդ որոշման դեմ... Եթե Ձեզ պարտադրում են կայացնելու նման որոշում, ապա ինչպե՞ս եք ընդդիմանալու ազատագրված տարածքները թուրքին հանձնելու պարտադրանքին... Ասացեք բարձրաձայն, թող հայ ժողովուրդը իմանա և կատարի համապատասխան հետևություններ, իսկ եթե ոչ, ապա ինչպես վայել է հային, զինվորական և քաղաքական ղեկավարին, կայացրեք Ձեր միակ և ճիշտ որոշումը. ասացեք. «Ո՛չ, չենք հանձնելու մեր հայրենիքը թուրքին, որքան էլ ինձ վրա ճնշում գործադրեն, և սա իմ և մեր ժողովրդի միակ պատասխանն է հայրենքը սակարկողներին»։

Այդժամ կտեսնեք, թե ինչ հավատով ու հույսով, սիրով ու շռայլությամբ հանգանակությանը կմասնակցեր թե՛ սփյուռքը, թե՛ այստեղի նպաստով ապրող հայ ընտանիքը։ Կտեսնեք, թե ինչպես կարճ ժամանակում, անտեսելով կենցաղային որոշ անհարմարություններ, կբնակեցնեին ազատագրված հայրենի տարածքները, որ այլևս ոչ մի շուն աչք ու ախորժակ չունենար մեր քաջարի մարտիկների, նվիրյալ հայորդիների արյունով սրբացած հողերի վրա։ Ինչպես Նժդեհն է ասում՝ «չկա անկարելին, եթե կա զորեղ ու վճռական կամքը»։ Այնպես որ, ինչպես ազատագրել ենք, այնպես էլ պահելու ենք։ Մեր գործն արդար է, Աստված մեզ հետ է, և մենք կհաղթենք։
 
ԱՂԱՎՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության
իրավունքի պաշտպանության կոմիտեի»
համակարգող, ազատամարտիկ
16.12.09 թ. Երևան
Աննշան կրճատումներով արտատպվում է հայաստանյան «Հետք» և «Տարեգիր» թերթերից



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԵՐՈՎ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ՍՏԵՂԾՎԱԾ ՎԻՃԱԿԻՑ

(Սկիզբը՝ նախորդ համարում)

Մենք սակավ հող ունենք, բայց բարեբեր։ Ոչ մի տեղ կանաչեղենն այնպիսի համ չունի, ինչպիսին Արցախում, ոչ մի տեղ թթենին պլանտացիաներով չի աճում, բացի Արցախից, ոչ մի տեղ թութն այն բույրն ու քաղցրությունը չունի, ինչպես մեզ մոտ։ Նա, ով երբևէ եղել է Ամարասում և տեսել Սարուշենի թթենու փարթամ, ջահել հարսերի պես ասես շուրջպարի բռնած թթենիները, երբեք չի մոռանա ստացած հաճույքը։ Սարուշենցին թթի բերքից տարեկան 900 մլն-ից մինչև 1 մլրդ դրամի եկամուտ էր ստանում, յուրաքանչյուր տան հաշվով՝ 1 մլն 100 հազար, այսինքն՝ այնքան, որքան այսօր Հայաստանի մենատնտես գյուղացին է վաստակում։

Թթաբուծությունից մեծ եկամուտներ էին ստանում շատ այլ տնտեսություններ։ Ցավոք, մեր այգեգործության այս շատ եկամտաբեր ճյուղը ևս հայտնվել է ետնամասում։ Շատ այգետարածքներ շարքից դուրս են եկել, մնացածներն էլ վատթար վիճակում են՝ թե ինչ չափերով, ոչ ոք չի հետաքրքրվում, այդ թվում՝ վիճակագրական ծառայությունը։ Մինչդեռ թթից միայն օղի չեն ստանում։ Հազիվ թե գտնվի մի այլ հյութ, որն ունենա սննդարար և բուժական այն հատկությունները, որ ունի թթի մուրաբան։ Թթից կարելի է ստանալ որակյալ ջեմ, դոշաբ, չիր և այլն։

Մի քանի ծառի տեր մենատնտեսներով հազիվ թե կարելի լինի ստանալ այն, ինչ ի վիճակի է մեզ պարգևելու թթենին։ Կարծում եմ, կա միայն մեկ հուսալի միջոց. ստեղծել թթաբուծությամբ զբաղվող արտադրական միավորում։ Միայն այդ դեպքում կարելի է հուսալ, որ կփրկվեն մեր թթայգիները, կգցվեն նորերը, և հնարավոր կլինի ստեղծել տեխնիկապես լավ զինված արտադրական բազա՝ ստացված հումքը արդյունավետ և շուկային համապատասխան մշակման ենթարկելու համար։ Դժվարին խնդիր է, բայց լուծելի։ Միայն թե կամք, համառություն և ճշմարիտ հաշվարկներ են անհրաժեշտ։ Եվ ոչ թե հայտնի հեքիաթի ծույլի պես տանձենու տակ պառկես, բերանդ բաց սպասես, թե երբ է վերևից տանձ ընկնելու բերանդ...

Աշխարհը գրավել կարելի է սոսկ թթի դոշաբով։ Մնում է ունենալ սեփական արտադրանքն իր լավագույն հատկություններով գովազդելու ունակություն։ Օղի և սննդամթերքներ մենք կարող ենք ստանալ նաև անտառային հատապտուղներից, աշխարհագետների հաշվարկով հոնի թվաքանակով և շահավետ ծառատեսակներով Արցախն աշխարհում երկրորդն է՝ Ղրիմից հետո, իսկ ընկուզենիններով, երևի թե ոչ ոքի չենք զիջում։

Սակայն սա մեզ համար արդեն անցյալ է։ Բացարձակ թողտվության պատճառով մեր շատ վայրերում հոնիները զանգվածաբար հատվել են՝ պտուղները հեշտ քաղելու համար։ Իսկ ընկուզենինե՜րը... Աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ երկիր, որտեղ բնության այդ հրաշալիքը ենթարկվի այնպիսի բարբարոսության, ինչպիսին մեզ մոտ Արցախում է։ Սարսանգի ձորակում, որը նախատեսված էր վերածելու հանգստի գոտու, բազմաթիվ ընկուզենիներից հատուկենտերն են մնացել կանգուն։ Հատվում են նաև կաղնիները։ Մեր բնության հաշվին իրենց գրպանները լցնելու տենչով վարակված զոռբաների ի՞նչ վեջն է, թե զբոսաշրջիկը երբեք չի այցելի մեզ, որքան էլ փորձես շինություններով գեղեցկացնել ծառերից լիովին մերկացած այդ ձորակը։

Առաջին անգամ չէ, որ խոսք է բացվում այս մասին։ Մեր բնությունն աղճատող «հերոսների» «հերոսությունն» այն աստիճանի է հասել, որ կոտրում են տներից բացակայող տերերի տնամերձների դարպասի կողպեքը և բարբարոսաբար հատում այնտեղ եղած ընկուզենիները։ Վերջերս նախագահի աշխատակազմի պատասխանատու աշխատող Մ. Պետրոսյանը հավաստիացրել է այս թեմայով տպագրված հրապարակումներից մեկի հեղինակ Հ. Հայրապետյանին, թե բարձրացված հարցը ուշադրության արժանի է և իրենք զբաղվում են դրանով։ Սակայն առայժմ սայլը տեղից չի շարժվում, և ծառահատողները շարունակում են իրենց սև գործը (օրերս մի արցախցի ակնարկել է, որ շուրջ 200 տարի առաջ գեներալ Մադաթովի նախաձեռնությամբ Արցախում կաղնիներ են տնկվել, իսկ այսօր մի այլ հայազգի գեներալի հովանավորությամբ կաղնիները հատում ու թանկարժեք փայտանյութն առաքում են արտասահման և հսկայական գումարներ դնում սեփական գրպանը - խմբ.)։

Այսօր գյուղացու առջև ծառացած դժվարություններից ամենակարևորը, երևի թե արտադրանքի իրացումն է։ Խոշոր տարածքներ ունեցողները, որոնք բարձրաստիճան զինվորականներ կամ պաշտոնյաներ են, պարզ է, որ հեշտությամբ իրացնում են իրենց արտադրանքը, մանավանդ, եթե այն հացահատիկ է։ Ուրիշ սպառող եթե չկա, բանակը կա ու կա։ Գլխացավանքի առջև են կանգնում նաև հեկտարականները։ Ո՞ւր տանել, ո՞ւր հանձնել, ասենք, խաղողի բերքը, երբ նրա արդյունաբերական մշակման կարողությունները սուղ են, շուկայում էլ պահանջարկը՝ սահմանափակ։

Խոսք չկա, մեզ շատ է ձեռնտու դրսում շուկա ունենալը, սակայն շուկան ձեռք է բերվում, նվաճվում, մինչդեռ մենք սպասում ենք, որ ինքը գա ու կոլոլվի մեր վզին։ Ներկայումս Մոսկվայում կանաչեղենի ու մրգեղենի տերն ու տիրակալը Ադրբեջանն է, իսկ Ուրալում և Սիբիրում՝ Ուզբեկստանն ու Ղազախստանը։ Մոսկվայում ադրբեջանցի վաճառականներն ունեն իրանց ընկերությունը, այլն էլ այնքան իրավասու, որ ուրիշին թույլ չի տալիս մուտք գործելու իր տիրության սահմանները։ Մինչև իսկ Ռուսաստանի հարավում աճող ձմերուկի և սեխի բերքը Մոսկվա տեղափոխողն ու վաճառքի հանողը դարձյալ նույն ընկերությունն է։ Գաղտնիք չէ, որ այն վայելում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի աջակցությունը, քանի որ 10 մլն բնակչությամբ քաղաքը մրգեղենով և կանաչեղենով մատակարարվում է անխափան։

Հայաստանում մեր հայրենակիցներն էլ ձեռները ծալած չեն նստում։ Միայն Արմավիրի մարզից, ըստ մարզպետի ելույթի, այս տարվա սեպտեմբերին Ռուսաստան է առաքվել և վաճառվել 6 հազար տոննա ծիրան և 2 հազար տոննա խաղող։ Կար ժամանակ, որ արտաքին շուկայում մենք էլ ունեինք մեր տեղն ու դերակատարությունը։ Ռուսաստան էինք առաքում մեծ քանակությամբ օղի և գինի։ Հիմա էլ ենք առաքում, սակայն քիչ քանակությամբ։ Երբ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը հրաժարվեց ընդունելու վրացական գինին, թվում էր, թե դատարկված տեղը կզբաղեցնեն Հայաստանն ու մենք։ Սակայն ոչ գինու և ոչ էլ օղու թողարկման ծավալով, և ոչ էլ որակական հատկանիշներով մենք արժանի չեղանք դրան։

Խորհրդային տարիներին Արցախը մեծ քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան։ Այսօր դա էլ չկա։ Խաղող բավական նվազ քանակով ենք ստանում։ Եվ գործն էլ կազմակերպող, շահագրգռություն չկա։ Մինչդեռ տարիներ առաջ դրանով զբաղվում էին «Արցախգյուղարդ»-ի պատասխանատու աշխատողներ Է. Լալայանը և Ն. Մուսայելյանը, որոնցից մեկն այժմ ստեփանակերտցի թոշակառու է, մյուսը՝ Մարտունու քաղաքապետը։ Է. Լալայանը պատմում է, թե՝ պատահել է Ստեփանակերտի ձորակից մինչև 40 վագոն էինք ուղարկում։ Առաքում էինք նաև ավտոմեքենաներով։ Հետո,- շարունակում է նա,- երկուսով երկարատև գործուղման էինք գնում ուղակված հասցեով, պայմանագրերով հանձնում տեղական առևտրական կազմակերպություններին ու բոլոր խանութներին։

Հույս կա, որ գոյություն ունեցող տրանսպորտային դժվարությունները կվերանան։ Վերանորոգվում է հայկական երկաթուղին։ Երևի շարք կմտնի Վրաստանի կամ Կրասնոդարի երկրամասով մեզ Ռուսաստանի հետ միացնող երկաթգիծը։ Փոթիում գործարկման մեջ է երկրորդ տերմինալը։ Տրանսպորտային երկրորդ տերմինալի շինարարությունն է սկսված Երևանում, հնարավոր է վերականգնվեն ՀՀ-ի տրանսպորտային կապերը՝ Թուրքիայի տարածքով։ Պատրա՞ստ կլինենք, արդյոք, ընդառաջելու այս բարեփոխումներին, կունենա՞նք բավականին այգետարածքներ, խաղող և այլ պտուղներ, դրանցից պատրաստված որակյալ արտադրատեսակներ արտերկրյա շուկա դուրս բերելու համար։ Հարցեր, որ գոնե հիմա պիտի մտահոգեն մեզ։

Գյուղատնտեսության արդյունավետության կարևոր պայմաններից մեկը պետք է լինի նրա կառավարման նախկին համակարգի վերականգնումը։ Այսօր մեր գյուղնախարարությունը փաստորեն լիովին դիմազրկված է, չունի իր երբեմնի իրավունքներն ու վեր է ածվել ավելորդ գերատեսչության։ Վերջերս ՀՀ գյուղնախարարը հեռուստալրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնվեց աննախանձելի վիճակում։ Լրագրողի այն հարցին, թե ինչու նախարարությունը չի կարգավորում մթերքների գները և մասնակցում այդ առթիվ ծագած վեճերին, նախարարն ասաց՝ մենք ոչ մի իրավասությամբ չենք օժտված, միջամտում ենք, բայց ո՞վ է մեզ լսողը։

Այսօր իսկ միանշանակ պարզ է, որ մենք մեր գյուղատնտեսության առաջընթացն ապահովելու, նրա նկատմամբ պետական ղեկավարությունն ու վերահսկողությունը վերականգնելու համար չունենք այլ ուղի, քան արտադրության վարման խոշորացումը։ Եվ սա ոչ մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա գործ է։ ՀՀ գյուղնախարարի տեղակալ Վ. Ալեքսանյանն, օրինակ, առաջարկում է ստեղծել գյուղատնտեսական պետական օրինակելի միավորումներ՝ համոզելու համար խոշոր տնտեսության առավելությունները։ «Գոլոս Արմենիի» թերթի վկայությամբ՝ իրեն լրիվ արդարացրած յուրօրինակ մի միավորում է գործում ՀՀ Արմավիրի մարզում, որտեղ միավորված է 3 հազար մենատնտես։ Գյուղացին լրիվ ազատված է իր արտադրանքն իրացնելու ծանր հոգսից։ Այն պայմանագրային հիմունքներով ընդունվում և վերամշակվում է գործարանում։ Հողի մշակումն էլ կատարում է միավորումը։

Ուշադրության արժանի են սպառողական բնույթի կոոպերատիվները։ Անշուշտ, այսպիսի ծրագրի իրականացումը բոլորին չէ, որ կարող է շահագրգռել, սակայն մենք մեր գյուղերի պահպանման այլ միջոց չունենք, քան գյուղատնտեսության վարման խոշորացումը։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ մեր մենատնտեսները երկար գոյություն ունենալ չեն կարող, կլանվելու են խոշորների կողմից։ Արդյունքն էլ լինելու է այն, որ ինչպես աշխարհի մի շարք երկրներում, գյուղում ունենալու ենք 7-15 տոկոս բնակչություն։ Միայն իմ հաշվումներով՝ մենք ունենք տասը անմարդաբնակ գյուղ։
Հուսալքությունն այն աստիճանի է, որ երիտասարդները ընտանիք կազմել չեն ուզում, աղետալիորեն իջնում է ծննդաբերությունը։ Հո միշտ չենք չենք կարող սրսկումներ հիշեցնող դրամատվության հաշվին նորմալ ծննդաբերություն ապահովել։
 
Արցախն այսօր, առավել քան երբեք, շարունակության կարիք ունի։ Հիշեցնել արժե մեր ղեկավարներին, որ եթե մենք բնակչության աճի տեմպերով հավասար լինեինք Հայաստանին, պետք է ունենայինք առնվազն 750-800 հազար բնակիչ։ Մինչդեռ տարեցտարի պակասում է դպրոցականների թվաքանակը։ Տասնյակ մեր նույնիսկ խոշոր գյուղերում տարրական դասարաններից յուրաքանչյուրում հազիվ 8-10 երեխա է սովորում։ Տրամաբանական չէ, որ ոչ մեր մամուլին և ոչ էլ իշխանություններին չեն մտահոգում մայրաքաղաքի շենքերի պատերին փակցված «սրոչնո պրոդայու կվարտիրու» հայտարարությունները, որ շարունակ ավելանում են։ Եվ ոչ էլ այն, որ ցանկացածդ բնակելի շենքի առնվազն երրորդ բնակիչը երեկվա գյուղաբնակն է։ Իոսիֆյան երկարաձիգ փողոցի հին ընտանիքներից ընդամենը հինգն է մնացել։ Վիճակը նույնն է նաև այլ թաղամասերում։

Վերջերս ցուցադրում էին Բեռլինի լեփլեցուն կենտրոնական հրապարակը։ Մարդիկ նոր իմացել էին, որ կանցլեր Ա. Մերկելի թույլտվությամբ պետմիջոցների հաշվին ոգելից խմիչքների օգտագործմամբ խնջույք է տեղի ունեցել երկրի կենտրոնական բանկի տնօրենի հոբելյանի պատվին, նախարարներից մեկն էլ պաշտոնական այցով մեկնելով Լոնդոն, պետության հաշվին իր հետ գործուղման է վերցրել վարորդին։ Եվ բեռլինցիները հավաքվել ու պահանջում էին պատժել մեղավորներին և պետությանը հետ վերադարձնել անօրեն ծախսված միջոցները։ Եվ սա մի երկրում, ուր պետբյուջեն տրիլիոնների հասնող եվրոներից է գոյացած։ Իսկ Լոնդոնում ծառայողական մեքենայով շրջելու իրավունք է վերապահված միայն երկրի թագուհուն։ Շվեդիայում, որ բնակչության բարեկեցության մակարդակով աշխարհի առաջավոր երկրներից մեկն է, նախարարին մինչև իսկ ծառայողական մեքենա չի տրամադրվում, բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվում են հասարակական տրանսպորտից։

Տարածված խոսք է՝ աղքատը ձեռնահաս է լինում։ Ճիշտ և ճիշտ մեր մասին է ասված։ Մեր միջին թոշակը 26 հազար դրամ է, ու եթե փորձես ձմռանը տունդ տաք պահել, չի հերիքի, որ ջեռուցման ծախսերը փակես։ Էլ չենք խոսում նվազագույնը թոշակ ստացողների ողբալի վիճակի մասին... Մինչդեռ այսօր չունենք պաշտոնյաներ, որ չշրջեն ծառայողական թանկարժեք մեքենաներով։
Կամ պե՞տք է, որ 50 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաքն ունենա բուսաբանական այգի։ Եվ հիմնահատակ արվեց նորմալ գործող ծաղկանոցը, մեզ տնկիներ ու ծաղիկ մատակարարող միակ միավորումը։ Ու այսօր Երևանից ենք թանկ գներով ծաղիկներ ներկրում։

Ամեն տարի դրամահավաքի ենք դուրս գալիս այլ երկրներ և առավելագույնը մի 14-15 մլն դոլար տուն բերում։ Մինչդեռ մեր կորցրածը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների է հասնում։ Ներկայումս և, հավանական է, մոտակա տարիներին խոշոր մասնավոր կապիտալը շահագրգռություն չի ցուցաբերի ներդրումներ անելու մեր տնտեսության և հատկապես գյուղատնտեսության մեջ։ Ներդրումների ծավալները նույնիսկ ավելանում են, բայց միայն առևտրի և կենցաղի ոլորտներում։ Այստեղից էլ բխում է պետական ավելի շատ գումարներ ունենալու և դրանք լիովին նպատակամետ օգտագործելու անհրաժեշտությունը։

Հողի սեփականաշնորհումից արտադրության խոշորացմանն անցնելը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակության շրջադարձ է։ Այսպես թե այնպես, հողի սեփականաշնորհումը մեզ ոչ թե օգուտ, այլ վնաս է բերել։ Ահա թե ինչու մենք այժմ այլ ուղի չունենք, քան մեր գյուղատնտեսությունը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելը։ Դրանում իր ծանրակշիռ առաքելությունը պիտի ունենա մեր մամուլը։ Մինչդեռ կարծրատիպը, մակերեսայնությունը, սուր հարցերից խույս տալը դարձել է մեր թերթերի, այդ թվում՝ առավել մեծ հաճախականությամբ տպագրվող «Ազատ Արցախ»-ի խոցելի կողմը։ Մեր մամուլից դժվար է իմանալ, թե ովքեր են գործը գլուխ բերող ֆերմերները, հողը գործիմացությամբ և սրտացավությամբ մշակող մեխանիզատորները։
Վաղուց ժամանակն է, որպես առաջին քայլ, հրավիրել հանրապետական խորհրդակցություն՝ հարցին առնչվող բոլոր կողմերի, ինչպես նաև թոշակի անցած նախկին տնտեսվարների և գյուղատնտեսության փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Միայն համընդհանուր ուժերով կարող ենք դուրս գալ ստեղծված վիճակից։

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՈՌՆՈՑՈՎ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ

Վերջերս Ստեփանակերտի Բաղրամյան փողոցը ներառող թաղամասի տասնյակից ավելի բնակիչներ, Արցախյան պատերազմում նահատակված զինվորների ծնողների ու բարեկամների, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքացիների անունից նամակ-դիմում են գրել ԼՂՀ իշխանություններին, մասնավորապես Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանին։ Նամակում իշխանությունների աշադրությունն են հրավիրել մեզ մոտ արդեն ավանդույթ դարձած մի այլանդակ երևույթի վրա։ Այն է՝ երբ ավտոմեքենաների ազդականչերով նորապսակներին քաղաքով մեկ ուղեկցում և ավտոշարասյան զիլ ազդականչերով մեկնում են Հուշահամալիր՝ պատերազմի նահատակների «հիշատակ հարգելու»։

Այդ այլանդակ երևույթի մասին բազմիցս գրվել է թերթերում, հաղորդվել հանրապետական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, սակայն հայկական ավանդական հարսանքի հետ կապ չունեցող, մեղմ ասած, խուլիգանությունը դեռ շարունակվում է...
«Հարգարժան քաղաքապետ, հարգելի իշխանություններ, մենք կրկին անգամ դիմում ենք Ձեզ և խնդրում միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը խախտողներին, մարդկանց հանգիստը խաթարողներին և ավտոմեքենաների վայնասունով նահատակների հիշատակը անարգողներին օրենքով կարգի հրավիրելու,- գրված է նամակ-դիմումի մեջ։- Մեր քաղաքում ոչ միայն ուրախություններ են լինում, այլև, ցավոք, լինում են նաև ծանր մարդկային կորուստներ։ Ինչպես ասում են՝ աշխարհի օրենքն է՝ ուրախությունն ու տխրությունը մշտական ուղեկիցներ են։ Որքանո՞վ է բարոյական, երբ հարազատները ննջեցյալին, իրենց սիրելիին վերջին հրաժեշտն են տալիս, ընտանիքով, բարեկամներով սգի մեջ են, իսկ այդ նույն պահին նրանց պատուհանի տակով, ավտոմեքենաների «սիրենաները», ազդականչերը միացրած, վայրենի աղմուկով անցնում է ավտոշարասյունը, արժանանալով սգավորների ոչ միայն անեծքին...»։

Նամակի հեղինակներից մեկը, զոհված ազատամարտիկի ծնող, Բաղրամյանի թաղային կոմիտեներից մեկի ղեկավար Յաշա Ղազարյանը մեզ հայտնեց, որ Ստեփանակերտի քաղաքապետից պատասխան է ստացել, որտեղ մասնավորապես հայտնվում է, որ «հասարակական վայրերում լռության խախտումը, ներառյալ ձայնային ազդականչեր տալը, ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված է որպես վարչական իրավախախտում այն դեպքում, եթե նշված վարքագիծը դրսևորվում է գիշերը (ժամը 22-ից մինչև 6-ը)»։
Քաղաքապետի պատասխանում ասվում է նաև՝ «Ինչ վերաբերում է ձայնային ազդականչերին, ապա դրանք կարող են կիրառվել միայն ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան», որոնց խախտման դեպքում «զանցառուներին պատասխանատվության ենթարկելու իրավասու են ՆԳ մարմինները, որոնց հետ կհամագործակցվի բարձրացված հարցի լուծման համար»։

Քաղաքացիների նամակից ու քաղաքապետի պատասխանից մեջբերված տողերից պարզ երևում է, որ մայրաքաղաքի բնակիչների բողոքն ու ստացված պատասխանը, մեղմ ասած, տարբեր բաների մասին են։ Բացի նրանից, որ օր ցերեկով պարբերաբար հասարակական կարգ ու երթևեկության կանոններ են խախտում, խնդիրը նաև բարոյական ուղղվածություն ունի. վերջապես որքանո՞վ է ընդունելի ավտոմեքանաների շչակների աղմուկ-ոռնոցով Արցախյան և Մեծ հայրենական պատերազմների զոհերի «հիշատակ հարգելը»։ Այդ մեքենավորներն, արդյո՞ք, նույն ոռնոցով այցի են գնում իրենց հարազատների շիրիմներին...
Յաշա Ղազարյանը մեզ հայտնեց, որ իրենց նամակը տպագրվել է հանրապետական մամուլում, խնդրի մասին հաղորդվել է նաև Արցախի հեռուստատեսությամբ, ինքը կրկին եղել է քաղաքապետարանում, բացատրել խնդրի էությունը, խոստացել են մոտ ժամանակներս նորից անդրադառնալ իրենց նամակ-դիմումին։
«ՆԷ»

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ