Գլխավոր » 2009 Հունիս N7 /1
2009 Հունիս N7 /1
18:00
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՁՈՐԵՐԸ

30-40 տարի առաջ մենք էինք և մեր սարերը, մենք էինք, մեր լեռները։ Դրա վկայությունը ասես մայր հողից հառնող «Պապ ու Տատի» հրաշք կոթողն է, որ մեր լեռների պես վեհ ու խրոխտ նայում է աշխարհին։ Ասես Մեծ ու Փոքր Մասիսները լինեն, մեր հավերժության խորհրդանիշը, մեր հպարտությունը, որ չնայած մնացել են սահմանից այնկողմ, սակայն վեհորեն նայում են երբեմնի Մեծ հայրենիքից, Մեծ նավից մնացած փոքրիկ այն նավակին, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
Խորհրդային իշխանության օրոք անգամ Մասիսների սեգ պատկերը զետեղված էր Հայաստանի զինանշանի վրա։ Հայաստանի անկախացումից հետո դրանք վայր բերեցին Հայոց զինանշանից, թերևս նաև այն պատճառով, որ արդեն չեն համապատասխանում «Մեր հայրենիք, թշվառ, անտեր...» խոսքերով սկսվող (թեկուզ մասնակիորեն վերափոխված) նոր օրհներգի (հիմնի) ոգուն։

Նոր ժամանակներ եկան, նոր բարքեր։ Լեռներն այլևս խորհրդանիշ չեն։ Մեր սիրտն այլևս լեռներում չէ։ Արժեքներն այսօր գրոշի արժեք ունեն։ Փոխարենը՝ այսօր իշխողը ձորերն են, ձորային մտածողությունը, ձորային-փոսային բարքերը։ Հանեցեք ձեր գլխարկները, պարոնայք, Ձերդ գերազանցություն Անդունդն է ձեր առջև. կարևոր դասախոսություն պիտի կարդա Վեհի ու Գեղեցիկի մասին։ Թումանյան, Տերյան, Չարենց, Շիրազ ու Սևակ մնացել են անցյալում, նախորդ դարում։ Իշխողն այսօր տաբատներից գրական մրցանակներ կախկխած գրչակներն են, գրական կոմերսանտն ու սիրուհիներին ծնկներին նստեցրած, բարձր թեմաներից ճամարտակող գրական չարչին։

Նոր արվեստ, նոր գրականություն ենք ստեղծում, նոր կինոֆիլմեր նկարահանում, որտեղ հերոսը գողն է, կավատը, մարմնավաճառը։ Հեռուստաալիքներով պարբերաբար պտտվող, թարգմանաբար ներկայացվող ամերիկյան կինոնկարները մանրամասն նկարագրությամբ սադիստական սպանությունների, զանազան մոլագարների, սեռական խանգարումներ ունեցողների մասին են։
Ընտրություններում հաղթում է թաղային հեղինակությունը, պարտադիր զավեշտական մականունավոր մեկը, նրանք, ովքեր միջնակարգում մի կերպ հասցրել են սովորել իրենց անուն-ազգանունը գրելը։ Մի անգամ ևս նայեք մերօրյա կադրերին։
Նրանց չնչին մասն են իրենց տեղում։ Ում ինչ պաշտոնում նշանակում են (ճիշտ կլինի ասել՝ դնում են, ինչպես շախմատի անշունչ խաղաքարերն են դնում այս կամ այն վանդակում), հեշտ ու հանգիստ նստում են բարձր աթոռին ու սկսում «ղեկավարել»։ Ոչ ոք չի հրաժարվում, չի ասում՝ սա իմ տեղը չէ, կամ՝ ավելի արժանավորները կան...

Մենք ենք, մեր ձորերը։ Մեր ձայներն անգամ չեն արձագանքվում, արձագանք չունեն։ Այստեղ, մեր ձորերում լույսի մե՜ծ պակաս կա։ Շա՜տ մեծ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»...

Լուսանկարում ԽՍՀՄ հերոս, մեր համերկրացի մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանն է։ Այն տեղադրվել է մոտ տասնամյակ առաջ, բայց առայսօր հուշակոթողը դեռ անավարտ է։ Մեծ հայորդու ծննդյան 100-ամյակին անգամ այդպես էլ չկատարվեց ավանդական «արձանի բացումը»։ Մի քանի տարի առաջ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել դրա վրա, որ կարծես ի վերջո պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո այդ ամենը կրկին կիսատ թողեցին...

Անավարտ հուշակոթողի առաջին պլանում մեծ զորավարի համեստ կիսարձանն է, երկրորդ պլանում՝ մի զույգ վեր ցցված մետաղաձողեր։ Թաղամասի բնակիչները կեսլուրջ-կեսկատակ ասում են՝ «Նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել, գնացել։ Հետո նորից են հիշել Բաղրամյանին, կրկին փող են դուրս գրել, մի քանի երկաթի կտոր կցմցել, գումարները դարձյալ գրպանել ու գնացել...»։

Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, տաղանդավոր զորավարի կիսատ-պռատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն տասը անգամ հազարավոր արցախցիներ են շքերթով գնում դեպի Հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհվածների, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին։
Իսկ Բաղրամյանը դեռ սպասում է, անհույս սպասում է... Հուշահամալիրում դեռ սպասում են նաև Զորավարի հերոս զինակիցները, մեր հայրենակիցները։ Խորհրդային տարիներին նրանց հիշատակին կանգնեցված համեստ հուշակոթողների վրայի քանդակները չքացել են, իսկ անունները գրեթե անընթեռնելի են դարձել...

«Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել»... Մի° ստեք, ի սեր Աստծո։ Ի սեր հազարավոր մեր նահատակների, մի° խաբեք մեզ և ձեզ։ Մեր կարճ հիշողությունը, մեր մեղքերը չփաթաթենք նոր և գալիք սերնդի վզին...

Վ.Օ.



ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ սանկտպետերբուրգյան հանդիպումը, ինչպես և սպասվում էր, բեկում չարձանագրեց։ Սակայն դրա շուրջ ծավալված արձագանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արագացմանն ուղղված ջանքերից ոչ ոք չի հրաժարվել։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ հանդիպման ընթացքում արձանագրվել են «դրական քայլեր, որոնք նվազեցրել են կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ երկու երկրների միջև եղած տարաձայնությունները»։
Կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին նշեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ հայտարարելով, որ սանկտպետերբուրգյան բանակցությունները շատ ավելի դրական էին, քան Պրահայում կայացած բանակցությունները, և որ կողմերը մոտեցնում են իրենց դիրքորոշումները դեռ չհամաձայնեցրած հարցերի շուրջ։ «Այն, ինչ մենք այսօր լսեցինք, հիմք է ստեղծում, որպեսզի մենք շարունակենք աշխատել»,- ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ, «առաջընթացի» մասին խոսեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 5-ին Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում առաջընթացի վկայություն է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում։

Հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու մասին է վկայում նաև այն, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի սանկտպետերբուրգյան հանդիպումը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդն էր, և չի բացառվում, որ երկու նախագահները նորից հանդիպեն առաջիկա ամսվա ընթացքում։
Ըստ Մինսկի խմբի համանախագահների վերոնշյալ հաղորդագրության՝ նախագահները համաձայնել են միջնորդների առաջարկին՝ հանդիպելու մոտ ապագայում, եթե հնարավոր է՝ հուլիս ամսին։ Միաժամանակ, թուրքական «Միլիյեթ» թերթը փոխանցել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի՝ Վաշինգտոնում արած հայտարարությունն այն մասին, որ հունիսի վերջին Իտալիայում՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ից շտապեցին հերքել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ վերոնշյալ հայտարարությունն արված է «իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա»։

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, Վաշինգտոնում ավելի հետաքրքիր հայտարություններ էլ է արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Հարաբերությունների բարելավման գործընթացն ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունից հետո շարունակվում է, և առկա են ուղղակի և միջնորդավորված շփումներ։

Բանակցությունների գործընթացում դադար չկա։ Մենք ամեն ինչ անում ենք խնդիրները լուծելու համար»։ Դավութօղլուն նաև ավելացրել է, որ հայ-թուրքական երկկողմ հարբերությունների կարգավորման համար «նման բարելավում անհրաժեշտ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ում թուրքական խորհրդարանական վեհաժողովի անդամ Մեհմեթ Ջեյլանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ «Թուրքիայի ցանկությունն է ներդրում ունենալ հակամարտության կարգավորման մեջ՝ Միսնկի խմբի շրջանականերում, և դա բնական է»,- ասել է նա։

Միջնորդների դրական գնահատականներն ու հայտարարությունները, ավելի հաճախ տեղի ունեցող հանդիպումները վկայում են, որ հակամարտության կարգավորումն արհեստականորեն արագացնելու գործընթաց է սկսվել։ Իսկ Թուրքիայում հույս ունեն, թե ստեղծված իրավիճակում, երբ միջազգային հանրությունը պատրաստ է ամեն գնով «առաջընթաց արձանագրել» Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, գուցե հնարավոր լինի որևէ դեր խաղալ դրանում։

Հատկանշական է, որ այս գործընթացին զուգահեռ ակտիվացել են նաև ԼՂՀ-ից հնչող հայտարարությունները, որ պետք է հաշվի առնել նաև ղարաբաղյան կողմի դիրքորոշումը։ Դեռևս ապրիլին ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը նշել էր, որ «Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն մադրիդյան սկզբունքների հետ կապված՝ մի քանի հիմնական կետերի մասով»։ Իսկ մայիսի 9-ին, այսինքն՝ պրահյան հանդիպումից հետո, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում պետք է վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը։

Հատկանշական է, որ Մինսկի խմբի միջնորդները ևս բազմիցս հայտարարել են, որ վերջնական արդյունքում հաշվի է առնվելու նաև Ղարաբաղի դիրքորոշումը։ Այն մասին, որ հասունացել է Ղարաբաղի՝ բանակցություններին վերադառնալու պահը, վկայում է նաև լրատվամիջոցների տարածած, բայց այդպես էլ չհաստատված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է մասնակցեր Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընթրիքին։

Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ակնհայտորեն բխում է հայկական կողմի շահերից, ուստի անհասկանալի է, թե ինչու է հետաձգվում վաղ թե ուշ հրամայական դարձող այս քայլը։ Ստեղծված պայմաններում ցանկացած արագացում և ցանկացած «առաջընթաց» ժամանակի կորուստ է միայն և բլեֆի քաղաքականություն՝ դրանում ներգրավված բոլորի կողմից, եթե պայմանավորվածությունները զուգահեռաբար չեն համաձայնեցվում նաև ղարաբաղյան կողմի հետ, որին էլ պետք է պատկանի վերջնական որոշման իրավունքը։
Ստեղծված իրավիճակում կարևոր է հենց ղարաբաղյան կողմի հստակ դիրքորոշման բարձրաձայնումը, որը ոչ միայն չի վնասի կարգավորման գործընթացին, այլև լուրջ խաղաքարտ կտա բանակցությունների անմիջական կողմ հանդիսացող Հայաստանին՝ լայն դիվանագիտական մանևրների հնարավորությամբ։

ԱՆԱՀԻՏ ՇԻՐԻՆՅԱՆ
Hetq.am



ՀՀ ԵՎ ԼՂՀ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՔԱՐՏԵԶԸ
ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Ազատագրված տարածքները սահմանից դուրս չեն։ Ազատագրված տարածքները Արցախի սահմանի մեջ են։ Դա հենց տարածքն է Արցախի»,- գտնում է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը՝ արձագանքնելով այն դիտարկմանը, որ ԱԼՄ-ն միակ հեռուստաընկերությունն է, որը եղանակի տեսության ժամանակ ցույց է տալիս ՀՀ և ԼՂՀ իրական քարտեզը՝ ազատագրված տարածքներով հանդերձ։

«Այն քարտեզը, որը մենք հիմա ցույց ենք տալիս, ռեալ քաղաքական քարտեզ է, որովհետև Արցախը ինքնորոշվել է։ Մեզ համար Արցախի ինքնորոշումը հենց այն դրդապատճառն է, որին մենք պետք է հետևենք և ոչ թե դեմ լինենք։ Կամ չպետք է կենտրոնանանք նրա վրա, թե՝ գիտե՞ք ինչ, որևէ մեկը ճանաչում է, կամ որևէ մեկը չի ճանաչում։ Դրանք քաղաքական խնդիրներ են։ Մենք ճանաչում ենք։ Մենք մեր վերաբերմունքը ցույց ենք տալիս»,- ասաց Տիգրան Կարապետյանը։

ԺԿ առաջնորդը նշեց, որ «ԱԼՄ» հեռուստաընկերությունը արձագանքներ է ստանում հեռուստադիտողներից, որոնք իրենց գոհունակությունն են հայտնում, որ հեռուստաընկերությունը ցույց է տալիս ՀՀ և ԼՂՀ իրական տարածքները՝ ազատագրված յոթ շրջաններով հանդերձ։
«Էլ չեմ ասում, որ պատգամավորներ են զանգահարում՝ Լարիսա Ալավերդյանը և այլն, և այլն։ Ու ես շատ գոհ եմ, որ մենք կարողացանք գոհացնել մեր հեռուստադիտողին, որովհետև դա ոչ միայն մեր սկզբունքն է, այլև այսօրվա պահանջն է»,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ մինչ եղանակի տեսության քարտեզի վրա յոթ շրջանները ցուցադրելը զանգեր է ստացել հեռուստադիտողներից, ովքեր ընդգծել են եթերում Հայաստանի իրական սահմանները ներկայացնող քարտեզ ցուցադրելու անհրաժեշտությունը։

«Մենք այսօր պետք է ոչ թե Եվրոպա խաղացնենք կամ Ռուսաստանի Դաշնություն, այլ ազգային ոգեշնչմամբ ավելի համախմբվենք»,- ասաց ԺԿ առաջնորդը։
Նա «սուտի» բառով բնորոշեց Հայաստան-Թուրքիա վերջին բանակցությունները։ Տիգրան Կարապետյանը բացասական է գնահատում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ «Ինձ համար անընդունելի է ի վնաս Հայաստանի, ի վնաս մեր պատմության ինչ-որ բանակցություններ վարելը»,- ասաց նա։
Տիգրան Կարապետյանն կոչ արեց մյուս հեռուստաընկերություններին ևս իրենց եթերում ներկայացնել ՀՀ և ԼՂՀ իրական տարածքները՝ «ավելի լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով։



ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱ. «ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄՈՏԻՎԱՑԻԱ ՉՈՒՆԵՆ»

Երևանում իր ֆիլմերի ավարտից հետո Ցվետանա Պասկալևան ասաց, որ Արցախյան հարցի լուծում ինքը համարում է Արցախի անկախությունը։ Պատասխանելով ներկաների հարցերին՝ նա ընդգծեց այն հսկայական ռազմավարական նշանակությունը, որը հայ ժողովրդի համար ունեն Լաչինի միջանցը և Քարվաճառը։
«Չեմ կարծում, որ առանց Քարվաճառի՝ Ղարաբաղը ռեալ գոյություն կունենա»,- ասաց Ցվետանա Պասկալևան։ Ըստ նրա՝ հիմա իրավիճակն ավելի լավ է, քան 1991 թ.-ին։ «Հիմա կա այն, ինչը պետք է պահել։ Իսկ այն ժամանակ մենք փախչում էինք, մենք տալիս էինք։ Պետք է պահել։ Պահեք այս բոլոր հողերը»,- դիմելով ներկա ուսանողներին՝ ասաց ռեժիսորը։

«Ավելի քան համոզված եմ, որ ադրբեջանցիներն առաջ չեն շարժվի, որովհետև, ինչքան էլ ժամանակ անցնի, նրանք երբեք չեն սովորի կռվել, և չեն կարող կռվել։ Ես հանդիպել և խոսել եմ նրանց գերի ընկած զինվորների հետ։ Նրանց կարելի է հասկանալ. նրանք չեն զգում, թե ինչի համար են կռվում։ Չէ՞ որ դա նրանց հողը չէ։ Նրանց պարզապես ճակատ են ուղարկել։ Նրանք մոտիվացիա չունեն»,- ասաց Ցվետանա Պասկալևան։
ՍՈՆԱ ԱՎԱԳՅԱՆ
Hetq.am




«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ». Ընդդիմադիր հատվածը բյուրեղանում է և, ըստ էության, գծագրվում է հետևյալ պատկերը. խորհրդարանական ընդդիմություն, ի դեմս ՀՅԴ-ի (ազգային-սոցիալիստական թև), «Ժառանգություն» (թերևս՝ լիբերալ-դեմոկրատական), խորհրդարանից դուրս՝ ՀԱԿ-ՀՀՇ, որպես արմատական ու բացարձակ մերժողականության դիրքերից հանդես եկող ուժ։ Եվ եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ի մերժողականությունը հանգեցնում է համակիրների շարունակական կորստի, իսկ այդ կազմավորումն էլ ձգտում է դեպի լուսանցք, ապա դա «Ժառանգության»-ն ու ՀՅԴ-ին հավելյալ հնարավորություն է տալիս բարելավել իրենց դիրքերն ու կենտրոնանալ ներկայումս ունեցած քաղաքական կապիտալն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամրագրելու և, ինչո՞ւ ոչ, իրենց ներկայացվածության աստիճանը բարձրացնելու վրա։
 

«ԱՌԱՎՈՏ». «Ժառանգության» ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ չէ։ Եթե հարցին մոտենանք խիստ գիտական չափանիշներով, ապա պետք է ընդունել, որ այդ պնդումը ճիշտ է, որովհետև Հայաստանում ընդհանրապես կայացած քաղաքական ուժ չկա։ «Ժառանգություն»-ն էլ այստեղ բացառություն չէ։ Կայացած լինելու չափանիշը նաև այն է, որ դու կարողանում ես վերլուծել ու հրապարակավ խոստովանել սեփական սխալները։ Այս իմաստով, ի դեպ, որոշակի հասունություն դրսևորեց Դաշնակցությունը։ Իսկ ահա Կոնգրեսը բացարձակապես զուրկ է նման վերլուծություն անցկացնելու ունակությունից։ Խոսքը հետևյալի մասին է։ Թե ինչո՞ւ է Հանրապետականը «ստացել» 186 630 ձայն, բազմիցս ասվել է՝ բռնություններով, լցոնումներով, ընտրակաշառքով և այլն։ Դա, իհարկե, միանգամայն բավարար է ընտրությունները անվավեր ճանաչելու համար։ Բայց ինչո՞ւ է Կոնգրեսը վաստակել ընդամենը 69140 ձայն։ Այդ հարցի պատասխանն էլ են փորձում տալ. ՀԱԿ-ի կողմնակիցներին թույլ չեն տվել մոտենալ տեղամասերին։ Դրան էլ եմ հավատում՝ չնայած (ի տարբերություն բռնությունների և լցոնումների) նման փաստերի նկարագրության որևէ տեղ չեմ հանդիպել։
Նյութերը տպագրվում են կրճատումներով։



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԵՆԱՎՈՐՎԱԾ Է

Անցած ձմռան ցրտաշունչ օրերից մեկն էր։ Առաջինը, որ եղանակն ինձ հուշեց՝ փախստական ընկերոջիցս իմանալն էր, թե ստացե՞լ է նա խոստացված վառելափայտը։
Անամպ էր երկինքը։ Ուներ լավ կահավորված, հարմարավետ բնակարան։ Քառասուն տարի շարունակ կուտակած դրամական խնայումները՝ շուրջ 40 հազար ռուբլի, թողել է Բաքվի խնայդրամարկղերից մեկում։ «Սև օրվա» համար էր կուտակել, «սև օրը» վրա հասավ, բայց գումարն արդեն չկա։

Այնուհանդերձ, գոհ է, որ Բաքվի 1990 թ. հունվարյան մղձավանջից փրկվել, ողջ է մնացել։ Մեկնել է Հայաստան։ Առաջին հոգսը գլխավերևում տանիք ունենալն էր։ Բայց հենց առաջին բարձր աստիճանավորը, ում դիմել է այդ հարցով, մինչև հոգու խորքը վիրավորել է նրան. «Մենք ձեր ետևից կարմիր խնձոր ենք ուղարկե՞լ, որ եկել եք»։
Եկավ Ստեփանակերտ։ Բնակարան հատկացվեց, բայց լիովին վերանորոգման ենթակա։ Նրան զանգելու իմ նպատակն էլ հենց այն էր, պարզեմ, թե ինչպես է ձմռան ցրտին յոլա գնում։ Խոստացել են վառելափայտ տրամադրել։ Օրերն անցնում էին, բայց գործը գլուխ չէր գալիս։ Գուցե այլ օգնություն ցույց տալ՝ մտածում էի ես։ Տեղյակ էի, որ նրա բնակարանի պատերից մեկը ճաքճքված է, և որոշեցի օգնել՝ նորոգելու այն։ Այդ ժամանակ սոցապ նախարարությունը նորոգման խումբ ուներ։ Որոշեցի դիմել անձամբ նախարարին։ Մի երկու անգամ եղա նախարարությունում, բայց նախարարին տեղում չգտա. գործուղման մեջ էր։ Ինձ համար հեշտ չէր 2 կմ ճանապարհ կտրելը։ Որոշեցի զանգել, խոսել նախարարի հետ։

Մտածում էի՝ գուցե հարցը կարելի լինի լուծել հեռախոսազանգով։ Բայց այդպես էլ չկարողացա կապվել։ Քարտուղարուհին կարծես սերտած լիներ ինչ-որ կանոնագիրք, մշտապես ինձ միանման պատասխաններ էր տալիս։
Ստիպված էի ներկայացնել իմ ով լինելը։ Ասացի, որ նախարարը պետք է լավ իմանա ինձ, քանի որ նրա տատն ու իմ տիկինը մտերմուհիներ են եղել, երկար տարիներ աշխատել են Ստեփանակերտի պիոներական տանը։ Սառույցը, կարծես թե կոտրվեց։ Քարտուղարուհին խնդրեց ինձ լսափողը ցած չդնել։ Պարզ էր, որ իմ ասածը ուզում էր հաղորդել նախարարին։ Այնուհետև ինձ տեղեկացրեց «բարի լուրը» - նախարարը խոստացել է ընդունել ինձ հերթական ընդունելության ժամանակ, միայն թե՝ հաղորդեմ «որոշ» տեղեկություններ, որոնք բավական են մի ամբողջ հարցաթերթիկ լրացնելու համար։ Բոլոր հարցերին պատասխանեցի, բայց վերջինի նկատմամբ «ստատուս-քվո»-ի չեկանք. այն է, թե ինչ հարցով եմ ցանկանում լինել նախարարի մոտ։ Չէի ցանկանում մանրացնել, պարզապես ասացի՝ անձնական հարցով։ Սակայն դա չօգնեց, պետք էր կոտորակել, կոնկրետացնել այդ «անձնականը»։ Սպասեցեք, մենք ձեզ ընդունելության ենք կանչելու՝ վերջապես եղավ քարտուղարուհու պատասխանը։

Եվ ահա երեք ամիս է՝ սպասում եմ, բայց նախարարությունից ձեն-ձուն չկա։ Ճիշտն ասած, ընդունելության գնալու հավատն արդեն չունեմ, մանավանդ, որ իմ այդ քայլի համար արժանացել եմ ընկերոջս կշտամբանքին. «Ա°յ մարդ, չգիտե՞ս, որ բյուրոկրատիայի դարում ենք ապրում։ Զուր մի° չարչարվիր ինձ համար։ Ես արդեն ցրտից պաշտպանվելու հնարը գտել եմ. գրասեղանս քաշել եմ պատուհանի տակ և արևի ճառագայթներով եմ տաքանում»։

Լսում էի ընկերոջս և մտորում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ տարիներ առաջ ընդունելության կայացած հաստատուն և կայուն կարգը չփոխանցվեց նոր իշխանավորներին։ Ընդունելությունն ու նամակների ընթացքավորումը համարվում էին ցանկացածդ հաստատության գործունեության կարևոր մասը, գտնվում էին վերահսկողության տակ, դառնում քննարկումների նյութ, կատարվածի մասին հաշվետվություններ ներկայացվում վերադասին։
Կուսմարզկոմում որպես քարտուղար աշխատած ութ տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ հեռավոր վայրից եկածին կամ տարեց մարդուն չընդունեինք, ասեինք՝ մյուսը օրը եկեք։ Ասածս հաստատեմ միայն մի օրինակով. առավոտյան նոր էի մտել աշխատասենյակ, երբ հնչեց ներքին հեռախոսը. մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովն էր։

- Արի ինձ մոտ, միասին ընդունենք Խաչիկին,- ասաց նա։
Հասկացա, որ խոսքը Խաչիկ Հարությունյանի մասին է, որին Կևորկովը հարգանքով էր վերաբերվում։ Եվ դա հիմնավորված էր. Արցախի նշանավոր մանկավարժներից էր, երկար տարիներ եղել է Ստեփանակերտի 7-րդ դպրոցի տնօրենը, Մեծ հայրենականի մասնակիցներից էր։ Տոն օրերին, երբ մարտական շքանշանները կպցնում էր կրծքին, փոքր-ինչ սողանցք նրա վրա չէր մնում։
Քիչ անց Խաչիկը մարզկոմի ընդհանուր բաժնի վարիչ Աննա Արխիպովնայի ուղեկցությամբ մտավ Կևորկովի աշխատասենյակը։ Կանգնած ուզում էր խոսել, Կևորկովն ընդհատեց նրան և առաջարկեց նստել մոտիկ աթոռին։

- Սպասիր, Խաչի°կ, մի° վռազիր, մեկական բաժակ թեյ խմենք, հետո կպատմես։
Ես հասկանում էի նրան, հուզմունքից Խաչիկի ձեռքերը դողում էին։ Թեյ մատուցողն էլ Աննա Արխիպովնան եղավ։ Ընդհանուր բաժնում պատրաստի թեյ միշտ լինում էր. Կևորկովը հյուրասիրում էր նրանց, ովքեր, ըստ նրա, արժանի են դրան։ Մենք գիտեինք, որ նա, որպես ԽՍՀՄ ԳԽ պատգամավորի, իրեն ամսական տրվող գումարը Մոսկվայից ընտիր թեյ և հրուշակեղեն գնելու համար էր ծախսում։
Խաչիկի պահանջն արդարացի էր. պատմեց, որ մի քանի տարի է, ինչ կինը չկա, տնեցիները, մանավանդ, հարսը հոգատար են իր նկատմամբ, բայց ծերունական հասակում ութ հոգու ընդհանուր ժխորը տանել չի կարողանում։ Տան հարցով դիմել է քաղաքային մարմիններին և մերժում ստացել։

Խաչիկը բնակարան ստացավ։ Քաղաքի ղեկավարներն էլ զգուշացվեցին, քանզի օրենքի համաձայն, նրանք պարտավոր էին բավարարել Մեծ հայրենականի վետերան Խ. Հարությունյանի խնդրանքը։ Հավելենք նաև, որ Կևորկովի միջամտությամբ արհմիության մարզային խորհուրդը Խաչիկին նյութական օգնություն ցույց տվեց՝ կահույք գնելու համար։
Չշեղվենք պատումից։ Կևորկովի և լավը, և վատը առանձին թեմայի նյութ է։ Ուստի կրկին հետ գանք մեր օրերը։ Բերածս օրինակը եզակի չէ։ Պաշտոնյաների ընդունելությանը չարժանացած իմ ընկեր-ծանոթների բերած փաստերից կարելի է մի ցուցակ կազմել։ Մեր բարձր պաշտոնյաներից շատ քչերն են ընդունում քաղաքացիներին, լսում նրանց մտահոգող հարցերի մասին, օգնում դիմողներին։

Նախարարը կարևոր պաշտոնյա է մեր կյանքում։ Իրենց պարտականությունների անթերի կատարման համար նրանք օգտվում են ոչ քիչ արտոնություններից՝ բարձր աշխատավարձ են ստանում, ունեն ծառայողական մեքենա։ Հաստիքներն էլ նախկին համապատասխան բաժիններին գերազանցում են մի քանի անգամ։ Արժե նրանց ի դեպ հիշեցնել, որ Շվեդիայում նախարարը չի օգտվում ծառայողական մեքենայից, իսկ Լոնդոնում այդպիսի մեքենայով շրջագայելու իրավունք ունի միայն թագուհին։ Ուստի մեր բարձրաստիճան պաշտոնյաները առավելս պարտավոր են սրբորեն կատարելու իրենց պարտականությունները, ուշադիր, բարեհոգի լինելու իրենց դիմողների, այդ թվում՝ շարքային քաղաքացիների նկատմամբ։

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ


ԶԻՆՎՈՐԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է

«Նոր էջ» հանրային թերթի ս.թ. մայիսի 12-ի համարում հրապարակված «Անմեղ զոհ» հոդվածը, որի հեղինակը ծնող Լ. Բարսեղյանն է, ցնցեց հոգիս և դառն խորհրդածությունների տեղիք տվեց։
Խաղաղ ծառայության պայմաններում զոհված Դավիթ Դոլուխանյանի խոհուն, գեղեցիկ դեմքն անջնջելիորեն դրոշմվել է հիշողությանս մեջ։ Այս պահին էլ հուզվում եմ, ցավից կսկծում է սիրտս։ Խելամիտ, հոյակերտ երիտասարդի կորուստը միայն Դավիթի ծնողներինը չէ։ Բոլորինս է։ Արցախը ոչ միայն վաղվա լիարժեք մասնագետ է կորցրել, այլև զինվոր, որին ծնել, սնել, դաստիարակել է, այն էլ՝ 90-ականներին, երբ դաժան պատերազմ էր, և այսօրվա 18 տարեկան պատանիների մայրերս ռումբերի տակ ծննդաբել և մեծ դժվարությամբ նկուղներում ենք նորածին պահել։

«Միայն մի բան հաստատ գիտեմ, որ որդիս պաշտպանության բանակի հերթական զոհն է, ու եթե օրենքը անզոր է պատժելու հանցագործին, համոզված եմ, որ վաղ թե ուշ, աստծո առջև պատասխան կտան յուրովի»,- գրում է Դավթի մայրը։
Խորապես ապրելով որդեկորույս ծնող տիկին Բարսեղյանի վիշտը, անթաքույց հարց եմ տալիս մեր բանակի ղեկավար այրերին՝ մի՞թե դուք չգիտեք, որ սպայական կազմի մի զգալի մասն անգրագետ կամ կիսագրագետ է, դրանից բխող բոլոր չարիքներով հանդերձ։ Սպան մանկավարժ, հոգեբան և մարդ պետք է լինի ամենից առաջ, որպեսզի երկու տարվա ընթացքում կարողանա մեր բանակի համար լիարժեք զինվոր պատրաստել։ Տգետ, անտաշ, վայրենի և ինքնագոհ սպաները անպատասխանատու և անհոգի վերաբերմունքով, բռունցքի դաստիարակության մեթոդով զինվորներին հասցնում են ծայրահեղ հուսահատության, որի հետևանքով զինվորը հաճախ փախչում է ծառայությունից կամ փորձում վերջ տալ կյանքին։

Ոչ մի սպա, զինվորական ամենաբարձր աստիճան ունեցող ոչ մի ղեկավար իրավունք չունի հարվածելու զինվորին՝ ինչպիսի անկարգություն էլ կատարած լինի նա։ Դրա համար այլ պատժամիջոցներ կան օրենքով սահմանված։ Սպայից ապտակ ստացած զինվորն ինչպե՞ս կարող է հարգել նրան։ Չսիրված զինվորի համար ատելի դարձած սպան ինչպե՞ս կարող է դաստիարակել վերջինիս։ Դաստիարակելու համար նախ պետք է սիրել և հարգել զինվորին, սրտացավ լինել նրա նկատմամբ և դողալ նրա կյանքի համար, ինչպես սեփական զավակի...

Մեր բանակը՝ ազատ ու անկախ մեր երկրի հույսն ու ապավենը, դաստիարակության օրինակելի դարբնող պետք է դառնա, ուր այսօրվա, փառք Աստծո, խաղաղ պայմաններում, զինվորի անվտանգ ծառայությունն աննշան կասկած անգամ չպիտի հարուցի։ Զինվորը գերագույն արժեք է, որին հարգանքով պիտի մոտենա յուրաքանչյուր ոք՝ շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան գեներալը։

Բարձրաստիճան կոչումներով զրահապատված թերուս մարդիկ իրավունք չունեն ճզմելու հայրենիքին ծառայող պատանիների հպարտությունն ու իրենց հասակին բնորոշ ռոմանտիկան։ Բռունցքը, ծեծ ու ջարդը դաստիարակության մեթոդ չեն։ Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատժել այն բոլոր սպաներին, որոնց համար զինվորին հարվածելը սովորույթ է դարձել, զինվորի սննդի հաշվին հարստանալը՝ կենսակերպ։
«Ինչո՞ւ է զինված հերթապահություն սահմանվում, եթե զինվորները զրույցի համար կարող են գնալ հերթապահության կետ, և ի՞նչ թեմա պետք է շոշափվի, որ հերթապահը «ինքնասպան» լինի»,- հարցնում է Դավիթ Դուլուխանյանի մայրը։

Մեր սպաներից ոմանց գրագիտությունը կհերիքի, արդյո՞ք, որ մամուլն ընթերցեն և հասկանան ընթերցածը։ Ի սեր Աստծո, ի սեր Արցախի հզորացման, Արցախի Պաշտպանության բանակի հարգարժան ղեկավարներ, խնդրում ենք ուշադրության կենտրոնում պահել սպաների աշխատաոճը, խստացնել պահանջկոտությունը, բանակում խստիվ արգելել մարմնական պատիժները, խստագույնս պատժել զինվորին ծեծի ենթարկողին, որպեսզի զինվորն իրեն պաշտպանված և հարգված զգա բանակում, որպեսզի նորակոչիկը վախի զգացում ապրելու փոխարեն՝ խանդավառությամբ ուղեվորվի բանակ։

18 երկար ու ձիգ տարիներ մենք սնում, խնամում, փայփայում ենք մեր որդիներին, ճանապարհում բանակ, և տգետի մի ապտակով, անպատասխանատու սպայի պատճառով ողբերգություն է տեղի ունենում։ Կարծում եմ՝ ողբերգական դեպքերը դաժան դաս պիտի լինեն սպայական կազմի համար։

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ




ԱՆԽՂՃՈՐԵՆ ՀԱՄԱՀԱՐԹՎՈՒՄ ԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
 
Նա «բարձաճաշակ հասարակություն ու հանրություն» է երազում և գտնում, որ «դիպուկ է նկատված, որ «այսօր փողոցում դուք ոչ մի դեպքում չեք հանդիպի Թումանյանի Անուշին...»։
«Ազատ հայրենիք» կուսակցության խոսափող «Ակունք» թերթի ս.թ. մարտի 24-ի «խմբագրականը» վաղուց էի ընթերցել (հեղինակ՝ Կարեն Միրզոյան)։ Այն ավարտվում է երկարաշունչ այս նախադասությամբ. «Ինչևիցե, հուսով ենք, որ լրատվական դաշտի կարգավորմանը միտված օրենսդրական կարգավորումը (կարգավորմանը միտված կարգավորումը ո՞րն է,- Մ. Ս.) չի ուշանա (ի դեպ, ասում են, որ ՀՀ-ում արդեն մշակում են համապատասխան օրենքի նախագիծ, որի նպատակն է լինելու, այսպես ասենք՝ մամուլը հնարավորինս զերծ պահել ամեն տեսակի ափեղցփեղություններից)։ Սպասենք և հուսանք»։ «Խմբագրական» վերնագրված այս իրոք ափեղցփեղությունը, ճիշտն ասած, դրական ոչ մի զգացողություն չառաջացրեց։ Ի՞նչ իմաստ ունի արձագանքելու այս կարգի պատվիրված հրապարակումներին, երբ կարելի է ընձեռված ժամանակն օգտագործել, ասենք, Նարեկացու տիեզերասույզ հանճարին վերստին հաղորդակցվելու համար՝ հոգեպես դառնալով միլիոնատեր այս նյութականացված ժամանակներում։

Բավականին քանակությամբ կուտակված թերթերը վերադասավորելու ժամանակ ուշադրություն դարձրի «Ակունքի» այդ հրապարակման իմ ընդգծումներին։ Ինքնակոչ գրականագետը գրաքննադատի «ծանրախոհությամբ» փորձում է դաս տալ Մ. Ոբնի «գիրքը» քննադատողիս, գրաքննադատական հոդվածը համարելով «վերջին իրադարձություններ»։
Իսկապես, հիվանդ հանրության համար իրադարձություն է, այն էլ՝ մեծ, առողջ քննադատությունը, քանի որ թամադայություն հիշեցնող գրախոսությունները ոչ թե գերակշռում, այլ վաղուց ավանդույթ են դարձել մեր գրական կյանքում։ Անընդհատ հոլովելով «գրական ճաշակ» արտահայտությունը, Կ. Միրզոյանը փորձում է ընթերցողին համոզել, որ քննադատված գիրք կոչեցյալը «արցախյան արձակի պատմության մեջ իր ուրույն ու հաստատուն տեղն ունի» և չի մոռանում հիշեցնել, որ «այն մանկապարտեզներում և դպրոցներում կարդալու համար չի նախատեսված»։ Մոռանում է, սակայն, որ այն արդեն մերժվել է բուհում՝ ուսանողության կողմից։

Արցախցի ընթերցողը չընդունեց «այլ հասարակություններում վաղուց, շատ վաղուց կիրառելի և ընդունելի ավանդույթները, սկզբունքներն ու մոտեցումները», որոնցով առաջնորդվել է գրքի հեղինակը և որին ժրաջանորեն պաշտպանում է «Ակունքի» խմբագիրը, մոռանալով, որ կուսակցական թերթի խմբագրականում, մեղմ ասած, հարմար չէ գրական բանավեճին առնչվող հարցեր արծարծել, թվել աշխարհի գրականության «անընդունելի» երկերը, որոնց թվում և առանց խղճի վկայակոչելով Գրիգոր Զոհրապի «Փոստալ» նովելը, որտեղ գեթ մեկ անպարկեշտ նախադասություն ու անբարո տեսարան չկա։ Խոսքի յուրաքանչյուր կառույց նովելի վարպետը մատուցել է դասական արվեստի բարձր մակարդակով, դատապարտելով անբարոյական միջավայրը, ուր «հացի համար» ապականվում է նաև առաքինի հոգին։ Անխղճություն է պարզապես Զոհրապի գոհարակերտ այդ գործը վկայակոչել որպես «անթույլատրելիի» քարոզչություն։

Աղավաղելով մայրենին և տարփողելով Ոբնի հազվագյուտ «պրոդուկտը», նա գտնում է, որ «եթե կան էլ ժողովածուում նատուրալիստական տեսարաններ, ապա դա ընդամենը ժանրի ու մոտիվի առաջ բերած անհրաժեշտություններն են»։
Ի՞նչ է նշանակում «ժանրի ու մոտիվի առաջ բերած անհրաժեշտություններ»։ Իր «հարափոփոխ հոգեկերտվածքին» հարիր խմբագիր Կ. Միրզոյանը թացն ու չորը խառնում է իրար, մեջբերելով զարդավաճառ արձակագրի (Լ. Ջավախյան) «Ես ոնց կուզեմ՝ այնպես էլ կանեմ» արտահայտությունը, հավանաբար կարծելով, թե գրականությունը փորձադաշտ է, ուր կարելի է աճեցնել վնասակար, սերնդի հայեցիությունը աղարտող «պրոդուկտներ»։ Նա «բարձաճաշակ հասարակություն ու հանրություն» է երազում և գտնում, որ «դիպուկ է նկատված, որ «այսօր փողոցում դուք ոչ մի դեպքում չեք հանդիպի Թումանյանի Անուշին...»։

Որքան բնական, նույնքան էլ ցավալի է, որ յուրաքանչյուրն իր շրջապատի արշինով է չափում ամենքին։ Եթե իր հոգեկերտվածքը հարափոփոխ է, ուրեմն կայուն մարդ գոյություն չունի, բոլորն էլ հարափոփոխ են։ Եթե իրենց շրջապատում Անուշ չկա, նշանակում է վերացել են անձնազոհ սերն ու նվիրվածությունը, հավատարմությունն ու պարկեշտությունը և «մաքուր սերը երազ է միայն»։
Ո՛չ, հազար անգամ ոչ, պարոնա՛յք։ Ի սեր Աստծո, մի վիրավորեք մեր լեռնաշխարհի սևազգեստ հարյուրավոր այն Անուշներին, որոնց սրտերում դեռչի սպիացել կորսված սիրո վերքը, և ովքեր հավատարիմ մնալով Հուշահամալիրում հուշակոթող դարձած իրենց սիրո չխամրող հիշատակին, միայնակ դառն ու դժվար մեծացնում են հորից զրկված իրենց որբերին, նրանց, ովքեր դպրոցական «վերջին զանգից» հետո հայտնվել են կյանքի խաչուղիներում ու փորձում են գտնել Տաճար տանող ճանապարհը, նրանց, ովքեր «գիշերով չեն այցելում հրեշտակ» մոգոնողներին...

Մի հարցում դուք ճիշտ եք, պարոնայք։ Փողոցում, իհարկե, չես հանդիպի Անուշին։ Փողոցը նրանց տեղը չէ։ Անուշներին կհանդիպեք նրանց մեջ, ովքեր ամեն օր նույն ջերմ սիրով սպասում են աշխատանքից տուն դարձող սիրած տղամարդուն, նրանց մեջ, ովքեր դեռ նոր-նոր վառվել են սիրո կրակով ու փորձում են պարզել, թե դա ինչ հրաշք է, նրանց մեջ, ովքեր լուռ զրուցում են վաղաժամ կորցրած իրենց սիրո հետ, որպեսզի կարողանան դիմակայել այս սառն ու անտարբեր աշխարհում, ուր անխղճորեն համահարթվում են գրական, գիտական և մարդկային արժեքները, իրար խառնվում չորն ու թացը, ուր «դղրդում է նա, ում ներսն է դատարկ», հերոսի լուսապսակ է հագնում հայրենիքը վտանգի պահին լքողը, փքված ու ճարպակալած քայլում է հայրենիքի հավաքական գրպանից՝ պետբյուջեից չաղ պատառ թռցնողը, կաշառակերն ու ժողովրդին կեղեքողը...

Մեր օրերում սովորություն է դարձել, միջակություններն ու ոչնչություններն իրենց խղճուկ գոյությունը տեսանելի դարձնելու համար քարեր են նետում մեծերի ու մեծությունների վրա, փորձում իրենց կրնկի տակ տալ մարդկային բոլոր արժեքները՝ Թումանյան թե Շիրազ, Չարենց թե Սևակ... Գրական արժեքներին առնչվող հարցեր արծարծողը հարկ է, որ հիշի՝ դատելուց առաջ նախ պետք է քննել, այսինքն՝ քննել ու դատել, քննադատել հանուն ճշմարտության, առողջ ու օգտաշահ գրականության և ոչ երբեք օգտապաշտության։

ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
 


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄԵՆ «ԶԳԵՍՏ» ԱՐԴՅՈ՞Ք ՄԵԶ ՀԱՐՄԱՐ Է

Ամեն տարի մայիսյան տոներից հետո իր մեկնարկն է սկսում ուսումնական քննաշրջանը: Այս տարի այդ եռուզեռը ևս կայացավ արդեն իսկ մշակված համակարգով: Այն ակնառու էր առավելապես շրջանավարտների շրջանում: Արդյո՞ք արդյունքները գոհացուցիչ են... Արդյո՞ք անհրաժեշտություն կար դիմելու եվրոպական ուսումնական համակարգի մեթոդներին: Արդյո՞ք տասնամյա կրթաշրջանը բավական չէր լիարժեք գիտելիքներ ստանալու համար: Այս պահին դժվար է հստակ պատասխանել այդ հարցերին։
Իսկ ինչպիսի՞ հետաքրքիր փոփոխություններ եղան քննական հարցաշարում: Հարկ է նշել, որ բազմաթիվ հարցեր ընդգրկող հարցաշարն, ի զարմանս բոլորի, առանձնահատուկ շեշտը դրել և կենտրոնացրել էր առավելապես մատուցվող տարբերակների վրա, որոնց թիվը հետզհետե աճում է...

Այս նորամշակ թեստերով հագեցաված համակարգն ասես նման է մրցութային խաղափուլերի: Միայն երևի պակասում են, այսպես կոչված, «50/50», «դիմել համակարգչին», «զանգ ընկերոջը» տարբերակները: Եթե աշակերտն անգամ հեռավոր պատկերացում չունի Վանի թագավորության ժամանակ գահակալած պարագլուխների մասին, էլ ինչպես պիտի ընտրություն կատարի տարբերակներից (Արգիշտի, Աբբաս, Ներոն, Աշոտ Երկաթ): Կամ չզանազանել ձայնավորների, երկհնչյունների ուղղագրությունը, հնչյունափոխությունը, բայց ճիշտ ընտրել տարբերակը։ Նույն կերպ՝ ընթերցած չլինել գրողի այս կամ այն ստեղծագործության մասին, բայց նախընտրել ճիշտ տարբերակը:

Թվում է՝ ավելի դյուրին և հարմար համակարգ չկա: Եվ ամենից կարևորը‘ ժամանակակից է, առավել ևս մոտ եվրոպական սկզբունքներին: Իսկ աշակերտներից բնականաբար պահանջվում է պարզապես նշել առկա տարբերակներից նախընտրածը: Բայց երբ խորանում ես խնդրի էության մեզ, նայում այդ թեստերի հացաշարին, ապշում ես։ Մեջբերեմ մի քանի օրինակ. «Ո՞ր հեղինակի ո՞ր ստեղծագործությունից է հետևյալ հատվածը» (մեջբերված է մի քանի տող - Ա. Հ.)։ «Ո՞ւմ մասին է Վահան Թոթովենցը գրել այս տողերը» (մեջբերված է մի քանի տող - Ա. Հ.)։ «Դանիել Վարուժանի բանաստեղծության ո՞ր ժողովածուից է «Ձոն» բանաստեղծությունը»։

Կարդում ես ու զարմանում. և այս աբսուրդ հարցերի պատասխաններո՞վ պիտի պարզեն աշակերտի գիտելիքների աստիճանը։ Լավ, ենթադրենք աշակերտը չգիտե, թե ո՞ր հեղինակի ո՞ր ստեղծագործությունից է մեջբերված մի քանի տողը, մոռացել է, թե Թոթովենցն ում մասին է գրել մեջբերված տողերը։ Կարդացել է Վարուժանի ծրագրային և ոչ ծրագրային ստեղծագործությունները, այդ թվում՝ «Ձոնը», բայց չի հիշում, թե գրողի ո՞ր գրքում էր զետեղված այն, ուրեմն ի՞նչ, վերոհիշյալ հարցերով ինչպե՞ս պարզել, որ այդ աշակերտը մի քանի գլուխ բարձր է նրանցից, ովքեր երբեք հայ դասականի մի գիրք չեն ընթերցել, բայց «բախտի բերմամբ, թե պատահմամբ» կամ այլ ճանապարհով նշել են ճիշտ պատասխանները։

Գնահատման 20 բալանոց համակարգը «սրտատրոփ» սպասում է իր «հավակնորդներին»: Իսկ չէ՞ որ նշված տարբերակների ընտրումը չի կարող խոսել աշակերտների գիտական մակարդակի ամբողջական գնահատման մասին: Գրողի երկերն ամբողջությամբ ուսումնասիրած աշակերտը կարող է չհիշել հաստափոր գրքի այս կամ այն նախադասություններն ու արտահայտությունները, և սխալ նախընտրել տարբերակը: Անգամ գերազանց առաջադիմությամբ սովորող և բարձր բալեր ակնկալող աշակերտները երբեմն ավելիքիչ բալեր են ստանում, քան նրանք, ովքեր ավելի համեստ ընդունակություն ու կարողություններ ունեն։

Մենք հեշտ ու հանգիստ դեն ենք նետել ուսումնական մի համակարգ, որն աշխարհին տվել է բազմաթիվ մեծանուն գիտնականներ ու արվեստագետներ, ինժեներներ ու գրողներ։ Այդ համակարգում անշուշտ կային ոչ քիչ թերություններ, բայց այն ուներ նաև բազում առավելություններ՝ արևմտյանի համեմատությամբ։ Այսօր կուրորեն օտար համակարգը պատճենելու փոխարեն լավ կլիներ կրթական նոր համակարգը զարգացնեինք մեր նախկին լավի և եվրոպականի դրական կողմերի համադրությամբ։
Հատկապես նպատակահարմար կլիներ զերծ մնալ հարցաշարային համակարգից և սովորողի գիտելիքների աստիճանը ստուգելու ու գնահատելու համար մշակեինք առավել արդյունավետ մեթոդներ ու ձևեր:

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ