Գլխավոր » 2009 Մարտ N3 /1
2009 Մարտ N3 /1
15:35
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ


Մեր ժամանակներում այնքա՜ն բաներ կան, որ պիտի լինեին, բայց չկան։ Բացակայում են, դեֆիցիտ են։ Երբ ասում ենք՝ «սոցիալական», անմիջապես մտածում ենք, որ դրան հաջորդող բառը պիտի լինի՝ անարդարություն։ Ասել է թե՝ Արդարությունը բացակա է, չկա, դասի չի եկել, հիվանդ է կամ գուցե... Չէ, հուսանք, որ չի վախճանվել, այլ մնացել է կես ճանապարհին, դեռ տեղ չի հասել։ Վաղուց բացակա է նաև Հավատը (խոսքը կրոնի մասին չէ)։ Էլ չեմ խոսում մանր-մունր դեֆիցիտ բաների մասին։

Այս անգամ ուզում եմ խոսել «դեֆիցիտ» մի այլ «ապրանքի»՝ Պատասխանատվության մասին, որի բացակայությունն է թերևս հիմնական պատճառը, որ այսօր բացակայում են Հավատն ու երկրի ամրության ու հզորության գրավական շատ այլ բաներ։ Ամենապարզ ու ամենահայտնի օրինակները բերենք։ Երեկվա մեր իշխանությունները գյուղացուց, հողագործից հողը վերցրել, «սեփականաշնորհում» օպերացիա են իրականացրել, որի արդյունքում՝ հիմնական հողատեր են դարձել ո՛չ հողի մշակները... Ի դեպ, մինչ այդ հողի խայտառակ առուծախ էր կատարվել Հայաստանում, և այնտեղից մեզ խորհուրդ էին տալիս՝ հաշվի առնելով պատերազմական գոտում գտնվելու հանգամանքը, Արցախում դեռևս ձեռնպահ մնալ հողը սեփականաշնորհելուց... Բայց սեփականաշնորհեցին, և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց...

Նախորդ նախագահը նոր վարչապետ նշանակելուց առաջ խորհրդավոր հայտնեց, որ նրա անունը դեռ չի տալու, սյուրպրիզ է անելու։ Շարքային մահկանացուներս ենթադրեցինք, որ առնվազն Աբել Աղանբեկյանը կամ տեղական նշանավոր ու բազմափորձ մեկ ուրիշն է նշանակվելու կառավարության գլուխ... Եվ Ղրիմից Ստեփանակերտ բերեցին Անուշավան Դանիելյանին՝ մի մարդու, որի գոյության մասին մեզանում ոչ ոք ոչինչ չգիտեր։ Սա էլ առաջին իսկ հարցազրույցներից մեկում ի լուր աշխարհի հայտնեց, որ խոստանում է 2010 թվականին ԼՂՀ բնակչությունը դարձնել 300 հազար։ Ըստ երևույթին, նա կարծում էր, որ երրորդ «սրոկ» էլ պիտի ղեկավարի ԼՂՀ կառավարությունը, որպեսզի... կրկնապատկի Արցախի բնակչությունը։

Արցախի բնակչությունը ոչ միայն չկրկնապատկվեց, այլև վերաբնակներից շատերը բռնեցին ետդարձի ճամփան։ Եվ դրա համար դարձյալ ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ա. Դանիելյանը աղմուկով եկավ Արցախ, անաղմուկ գնաց։ Թե ինչու եկավ և ինչու գնաց, կամ՝ ինչու բերին և ինչու տարան՝ պարզ չէ։ Ոչ ոք պատասխան չտվեց դրա համար, անգամ՝ ներողություն չխնդրեց։ Իսկ անպատասխանատվությունից ամենաթողություն մի քայլ է։

Նախորդ իշխանությունների լուռ համաձայնությամբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, դարձավ տարածքային վեճ, և դրա համար դարձյալ ոչ ոք պատասխան չտվեց։ Սարոյանի հերոսը կբացականչեր. «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»։ Մենք, իհարկե, չենք բացականչում, որովհետև գիտենք, որ այնտեղ ոչ ոք չկա։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐԵՆՑ


«Մենք պահանջում ենք, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը համարժեք կերպով դրվի բանակցությունների սեղանին։ Ի վերջո, իշխանություններն անընդհատ հնչեցնում են, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առանց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հասարակությունների կարծիքի՝ ոչ մի որոշում չի ընդունվելու»,- Երևանում փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը։

9 հասարակական կազմակերպություններ ընդգրկող ցանցի անդամները պահանջում են հստակ գնահատական և սահմանում տալ Ադր. ԽՍՀ տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցած էթնիկ զտումներին և ցեղասպանության գործողություններին, ինչպես նաև տալ նյութական, բարոյական և տարածքային փոխհատուցում։

Է. Ասատրյանը գտնում է, որ «եթե որևիցե պետության տարածքում մարդկանց խմբի նկատմամբ իրականացվում են քրեական գործողություններ պետության գիտությամբ կամ պետության թողտվությամբ, ապա տվյալ պետությունը հանդես է գալիս որպես պատասխանող տվյալ հանցագործության համար։ Այսինքն՝ եթե մենք կարողանանք հավաքագրել ողջ ինֆորմացիան և ճիշտ մատուցել, այդ դեպքում լրիվ հնարավոր է միջազգային իրավունքի տեսանկյունից հանդես գալ և ապացուցել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, և դրա համար պետք է Ադրբեջանը պատասխան տա»։

ԱՄՆ-ից, Ավստրալիայից և աշխարհի այլ երկրներից, որտեղ ապրում են ադրբեջանահայ փախստականներ, ցանցը ստանում է դիմումներ, որտեղ նրանք ԼՂՀ իշխանություններից պահանջում են մասնակի փոխհատուցման կարգով տրամադրել ազատագրված տարածքները՝ որպես կորսված հայրենիքի փոխհատուցում։ Այդ նամակները թվային մշակման են ենթարկվել և ուղարկվել ԼՂՀ իշխանություններին։ Է. Ասատրյանի խոսքերով, դեռ որևէ գործուն քայլ չեն նկատել, բացի ԼՂՀ իշխանությունների արած հայտարարություններից, թե նրանք դիտարկում են ազատագրված տարածքները որպես բնական փոխհատուցման ռեսուրս ադրբեջանահայ փախստականների կրած կորուստների դիմաց։

Ասատրյանը հայտնել է նաև, որ դիմել են նաև ՀՀ իշխանություններին, անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին։ Իսկ Ամերիկայի դեսպանատնից այսպիսի պատասխան են ստացել. «Ի՞նչ կարող են անել համանախագահները, թող ձեր երկիրը բարձրացնի այդ հարցը»։




ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
ԿԱՄ` ՇՐՋԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմից հետո անցել է շուրջ 15 տարի։ Սա բավական ժամանակ է, որպեսզի ճեղքվածքի մեջ հայտնված մեր գյուղատնտեսությունում տեղի ունենային էական տեղաշարժեր։ Պատկերը, սակայն, այլ է։ Միակ մշակաբույսը, որի արտադրությամբ մենք հասել ենք նախապատերազմյան՝ 1987 թվականի մակարդակին, հացահատիկն է։ Դրան էլ հիմնականում հասել ենք ազատագրված շրջանների ցանքատարածությունները մշակելու շնորհիվ։ 1987 թ. համեմատ խոշոր եղջերավորների գլխաքանակը պակասել է գրեթե կիսով չափ, կաթի, մսի արտադրությունը՝ ևս այդքան։

Աղետալի է վիճակը խաղողագործության բնագավառում։ Այսքան տարում ստացվել է ընդամենը 13 հազար տոննա խաղող, այսինքն՝ կեսը այն քանակի, որ ստանում էր միայն Մարտակերտի խորհտնտեսությունը։ Գյուղնախարարությունում այսպիսի իրավիճակը պատճառաբանում են խաղողի արտադրության ցածր եկամտաբերությամբ։ Դրան հավատալ կարելի է, քանի որ խաղողենիներն այժմ մեքենաներով չեն մշակվում, վերացել է կարկտահարության կանխման համակարգը, այգիներն անհրաժեշտ քանակի պարարտանյութ չեն ստանում։

Մոռանալ կարելի՞ է, որ մենք անցյալ դարի 80-ականներին պետությանը տարեկան հանձնում էինք 150-170 հազար տոննա խաղող (չհաշված ներքին կարիքների համար հատկացված 15-20 հազար տոննան) և մեր տնտեսությունների դրամական հաշիվները մինչև 55-60 միլիոն ռուբլի էր մտնում։ Այսինքն՝ այնքան, որքան այսօր կազմում է մեր տարեկան բյուջեն։
Կցանկանայի ընդգծել, որ գյուղական բնակչության արտահոսքի կանխման համար չկա ավելի բարենպաստ միջոց, քան խաղողագործությունը որպես ամենաեկամտաբեր ճյուղ զարգացնելը։ Այսպես, օրինակ, Ճարտարի կոլտնտեսության 850-900 հա այգիներում 600-700 աշխատող կար, հիմնականում՝ երիտասարդներ։ Հետաքրքիր է, երբեմնի փառաբանված այդ գյուղում այժմ այդքան երիտասարդներ կա՞ն։

Այսպես թե այնպես, մեր գյուղատնտեսության բնագավառում տեղի է ունեցել մտահոգիչ հետընթաց, որի հաղթահարումը պետք է հանդիսանա մեր գերխնդիրներից մեկը։ Խոսք չկա, մեզ բաժին հասած պատուհասների պատճառով չէինք կարող իր ամբողջ կարողությամբ պահպանել գյուղատնտեսությունը, բայց որ դժվար կացությունից հնարավոր էր դուրս գալ ավելի նվազ կորուստներով, չես ժխտի։ Անտեսելով խոշոր տնտեսությունների բացարձակ առավելությունը մանրերի նկատմամբ՝ մենք ընտրեցինք մասնատվածության ճանապարհը, հուսալով, թե վաղը կունենանք ամերիկյան ֆերմերներին չզիջող հողի մշակներ։ Արհամարհվեց ոչ միայն այն, որ թե՛ Արցախը և թե՛ Հայաստանը սակավ հողատեր են (մեկ շնչի հաշվով 0,3 հա), որ շրջանառության մեջ գտնվող հողերի մեծ մասը ցածր բերքատու և անջրդի են։ Ոչ էլ հաշվի առնվեց այն, որ մենք երկար ժամանակ ի վիճակի չենք լինի ունենալ ամերիկյան ունիվերսալ տիպի գյուղատնտեսական տեխնիկա, և ոչ էլ մեր հողի մշակը տեսանելի ժամանակաշրջանում կարող է ձեռք բերել ամերիկյան ֆերմերի վիրտուոզության հասնող ձեռներեցությունը։ Խոհեմությունը չգերիշխեց նույնիկ նրանից հերո, երբ հայտնի դարձավ, որ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ էլ նախկին ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններում մտադիր չեն անցկացնելու հողի զանգվածային սեփականաշնորհում։

Գյուղատնտեսության ողջ ոլորտն ընդգրկող կտրուկ շրջադարձը կատարվեց կամայականորեն։ Այն փաստորեն պարտադրվեց գյուղացուն, որը բոլորովին պատրաստ չէր նոր պայմաններում աշխատելու։ Իզուր չէ, որ շրջանառության մեջ մտավ հայտնի ասացվածքը. «Ոչ թե հողը տրվեց գյուղացուն, այլ գյուղացին՝ հողին»։ Որքան էլ մեզ համար ամոթալի լինի, պետք է խոստովանել, որ միայն առանձին անհատներ գտնվեցին, ովքեր դուրս եկան գյուղատնտեսական ձևորված համակարգը քայքայողների դեմ։ Մեզանում գտնվեց մեկը, որ բողոքի իր ձայնը բարձրացրեց ալան-թալանի դեմ, բայց, որպես «կլյաուզնիկ», հայտնվեց Մոսկվայի «Բուտուրկա» բանտում։

Հարվածը կործանիչ էր, սակայն դա դարձի չբերեց մեր իշխանավորներին։ Մեկը մյուսի հետևից քարուքանդ արվեցին նաև մեր արդյունաբերական ձեռնարկությունները։ Արդարացումը մեկն էր՝ շուկան մեր ապրանքը չի ընդունում։ Բայց եղե՞լ է գոնե մեկը, որ ուսումնասիրել է այդ շուկան։ Եթե այո, թող դուրս գա ասպարեզ և մեզ իրազեկ դարձնի իր նկատառումների մասին։ Ինչպիսի՜, օրինակ, պահանջարկ ուներ մեր արդյունաբերության «պզտիկը»՝ կույրերի մարզային միության տրիկոտաժի արտադրամասը։ Պատրաստի այդ արտադրանքը արտադրամասից ուղղակի առաքվում էր պատվիրատուներին, այդ թվում՝ արտասահմանյան։

Հողի սեփականաշնորհման արդյունքում գյուղացին դարձավ սեփականատեր, բայց ինչի՞։ Նրան տրվեց մեկ, երկու, առավելագույնը՝ 3-4 հա հող, հիմնականում դրանց կեսը հարթավայրային, մնացածը՝ լեռնային մասերում։ Խաղողի և մրգատու ծառերի այգեմասերը տրվեցին տարբեր տեղերից։ Դե եկ, գյուղացի, գլուխ հանիր այս խառնիճաղանջությունից։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ մեր շատ հողակտորներ մնացին անմշակ և պատվեցին ցաք ու մացառով...

Այսպիսին է այսօր մեր գյուղատնտեսության վիճակը, և այն հուշում է դիմելու խորապես մտածված, ժամանակի թելադրանքով հիմնավորված բարեփոխումների, որոնց հիմնական նպատակը պետք է լինի գյուղացիական մանր տնտեսությունների խոշորացումը։ Եթե դա այսօր մենք չանենք, կանի շուկան՝ իր անսանձ ավերումներով։ Այն գյուղացիները, ովքեր այսօր աշխատում են ոչ շահութաբեր, վաղ թե ուշ իրենց հողակտորները վարձակալության կտան հաջողակ մենատնտեսներին և, ի վերջո, կզրկվեն իրենց հողից։ Սա էլ խոշորացում է, բայց մեզ համար ոչ ձեռնտու, ավելին՝ մարդկային դժբախտությունների հաշվին։ Գյուղում արդեն ընթացող սոցիալական շերտավորումը ավելի կարագացնի և կուժեղացնի գյուղական մեր բնակչության արտահոսքը։

Հենց սկզբից շեշտենք, որ խոշորացմանն անցնելը չի նշանակում վերադառնալ կոլտնտեսային կարգին, թեկուզ սխալ չի լինի, ցանկության դեպքում, ընդառաջել դա կամեցողներին։ Միանգամայն ճիշտ կլինի որոշակի ժամանակ, մինչև լիակատար ընդհանուր սեփականության գոյացումը (օրինակ՝ գնման միջոցով) միավորման անդամների վարձատրությունը կատարել ոչ միայն յուրաքանչյուրի վաստակի, այլև ներդրած միջոցների հաշվառման համեմատ։ Ոչ միայն չի խանգարի, այլև նպաստավոր կլինի, որ նոր ստեղծվող միավորումներից շատերը լինեն պետական, քանի որ իր ձեռքին տնտեսական կարևոր լծակների պահպանումը յուրաքանչյուր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։

Ներկայիս տնտեսական քաղաքականությունն աներկբա վկայում է, որ մեզ մոտ պետական սեփականության պահպանումն ու բազմապատկումը համարյա հանցագործություն է համարվում։ Աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ երկիր, որտեղ սեփականության մասնավորեցումը հասցված լինի այնպիսի աստիճանի, ինչպիսին ներկայումս Արցախում և Հայաստանում է։ Վերջին տարիներին եռապատկվել, քառապատկվել է մեր պետական բյուջեն, սակայն մեր ողջ տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության վերընթացի հույսը թողնված է մասնավոր ներդրումների վրա։

Չեմ կարող չհիշեցնել, թե մենք ինչպիսի բարձր շահավետությամբ աշխատող պետական գյուղատնտեսական միավորումներ ունեինք Երևանի շրջակայքում և մեզ մոտ՝ Արցախում։ Այսպես, օրինակ, Երևանը եզակի քաղաքներից էր ողջ Միությունում, ուր բնակչությունը լիուլի ապահովված էր անհրաժեշտ և այսօրվա համեմատ բավական էժանագին սննդամթերքներով։

Ինչպիսի՞ն կարող էին լինել գյուղատնտեսական կանխատեսվելիք միավորումները։ Պարզ է, ամենից առաջ հենց միավորվողները կարող են ընտրել միավորման վարման կողմնորոշիչները։ Ահա, օրինակ, ինչպիսի միավորում է ստեղծվել և հաջողությամբ գործում է Հայաստանի Արմավիրի մարզում (այդ մասին ծավալուն հոդված է տպագրել «Գոլոս Արմենիի» թերթը)։ Այն իր մեջ ընդգրկում է 3 հազար մենատնտեսների։ Գյուղացին լրիվ ազատված է իր արտադրանքը իրացնելու ծանր հոգսից։ Ամբողջ բերքը ընդունում և վերամշակման են տեղափոխում միավորման մեքենաները։ Վերամշակումն էլ կատարվում է այդ նպատակով հիմնադրված խոշոր գործարանում։ Ընկերությունն այնքան է ամրապնդվել ֆինանսապես, որ ցածր տոկոսադրույքներով վարկեր է տրամադրում իր անդամներին։ Ընդ որում, վարկը կարող են մարել թե՛ դրամով, թե՛ մթերքներով։ Միավորումը, որ կոչվում է ՄԱՊ, մյուսների համեմատ ավելի նպաստավոր գներով պարարտանյութեր է մատակարարում իր անդամներին, ունի տեխնիկական կայան և նրանց նաև հողամշակման մեքենաներ է տրամադրում։

Մի կարևոր հարցի մասին ևս։ Ինչպես վերը նշվեց, այսօր մենք չունենք ոչ միայն արտադրական բնույթի խոշոր միավորներ (լինի պետական թե մասնավոր), այլև այդպիսիներն ունենալը որպես հեռանկարային խնդիր, չի առաջադրվում։ Անընդհատ խոսվում է միայն մանր ու միջին բիզնեսի զարգացման մասին։ Մինչդեռ, եթե նկատի ունենանք, որ նեղ են այդպիսի բիզնեսի գոյության հնարավորությունները արդյունաբերական արտադրության ոլորտներում, ապա պետք է եզրակացնել, որ հիմնականում առաջադրվում է առևտրի և կենցաղային սպասարկման ոլորտների հետագա ընդլայնման հարց։ Բայց չէ՞ որ դրանց ցանցերն այժմ այնքան գերհագեցված են, որ հասարակայնորեն արդեն պետք չեն. ավելին՝ կրճատման ենթակա են։ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և նրա մոտակա շրջապատում իրարից 40-50 մ հեռավորության վրա կային չորս սուպերմարկետներ և բազմաթիվ խանութներ։ Սակայն վերջին երկու տարում դրանց քանակը կրկնապատկվեց։ Պիտի խոստովանենք, որ առևտրի մեր համակարգում ներկայումս ներգրավվածներից շատերը իրենց երբեմնի բարձր որակավորումը կորցրած մեր երեկվա բանվորներն ու ինժեներատեխնիկական աշխատողներն են։ Մտահոգության առիթ է տալիս և այն, որ մենք, ունենալով պտղաբուծության և բանջարաբուծության բացառիկ հնարավորություններ, երկու ոտքով կաղում ենք այս բնագավառում։

Գտնվեցին «լովկաչներ», ովքեր հանրապետության շատ վայրերում զանգվածաբար հատեցին բերքատու հարյուրավոր ընկուզենիներ, տանձենիներ, ոչ բերքատուներից՝ կաղնիներ։ Եվ համատարած կտրտումներից զերծ չմնաց նաև մեր հրաշք անկյունը՝ Սարսանգի ձորակը, որը մտադիր էինք վերածելու զբոսաշրջության գոտու։ Այստեղ տեղին է մեջբերել Պ. Սևակի «Սուտ է, նա միայն իր գրպանն է սիրում» հանդիմանությունը։ Մեր հատված ծառերից պատրաստված մանրահատակները և այլ արտադրատեսակներ հասցրին մինչև Եվրոպա և ավելի ուռճացրին իրենց գրպանները։ Այս ամենը կատարվեց մեր աչքի առաջ, սակայն բոլորս լռում ենք, այդ թվում՝ մեր դատախազությունն ու օրինապահ մյուս մարմինները։

Երկու խոսք տեխնիկայի օգտագործման մասին։ Նրա փոշիացումն ամենից մեծ հարվածն էր գյուղատնտեսությանը։ Ներկայումս իրավիճակը շտկվում է, ստեղծվում են տեխնիկական կայաններ։ Միայն այդ ուղիով ընթանալով, հնարավոր կլինի բարելավել մեքենատրակտորային պարկի սպասարկումը, այն օգտագործել բարձր արտադրողականությամբ և գյուղացու համար համեմատաբար մատչելի գներով։

Խոսք չկա, ոչ հեշտությամբ լուծելի և ոչ էլ կարճաժամկետ խնդիրներ են կանգնած մեր առջև։ Ամենից դժվարագույնը կլինի միջոցների հայթայթումը։ Կպահանջվի սահմանել խստագույն խնայողություն և վերջ տալ շռայլումներին։ Ի դեպ, չունենալով արտադրական բնույթի պետական սեփականություն, պե՞տք է, արդյոք, պահպանենք այդ բնույթի մի քանի նախարարություններ և ենթակառուցվածքներ։ Խորհրդային տարիներին ընդամենը 18 հոգի էին աշխատում մարզֆինբաժնում և կարողանում էին գերազանց կատարել իրենց պարտականությունները, իսկ այժմ համապատասխան նախարարությունում աշխատում է շուրջ 130 հոգի։ «Գոլոս Արմենի» թերթի վկայությամբ` Հայաստանում վերջին երկու տարում ծառայողական մեքենաների թիվն ավելացել է 5 անգամ։ Արդյո՞ք մեզ մոտ նույն վիճակը չէ։ Լինելով ծայրահեղ աղքատ երկիր, պե՞տք է այսօր ունենանք բուսաբանական այգի, որը նախկինում թույլատրվում էր միայն միլիոնանոց քաղաքին։ Դա քիչ էր, այդ պատրվակով վերացվեց մայրաքաղաքին ծաղիկ և տնկիներ մատակարարող ծաղկաբուծարանը (օրանժերեան)։

1987թ. տվյալներով Ստեփանակերտում արդյունաբերական արտադրական անձնակազմի թվաքանակը 21 հազար էր, իսկ այժմ ամբողջ հանրապետությունում այն հասնում է հազիվ 5 հազարի։ Սա ինքնին հուշում է, որ գործազրկությունը Արցախում չափազանց մեծ թիվ է կազմում, և նոր աշխատատեղերի ստեղծումը գերակա խնդիր է։ Միայն պետությունը չէ, որ պետք է աջակցի դրա լուծմանը։ Սակայն պետությունը պարտավոր է դրան ակտիվորեն մասնակից անելու անհատական կապիտալին։

Ես չեմ հաշվում, որ իմ բոլոր առաջարկությունները վերջնական ճշմարտություններ են։ Շատերը կունենան իրենց տեսակետները, երբեմն նույնիսկ հակակշիռ իմ ասածներին։ Լավ կլինի, որ ամենից առաջ իրենց խոսքն ասեն շահագրգիռ ատյանները, գյուղատնտեսության մասնագետները և, իհարկե, հողի անմիջական մշակները։

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ՋՈՒՐ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ
Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, փոխվել են քաղաքապետերը, բայց հիմնահարցը չի լուծվում։
Հայկական հեռուստաեթերից մեզ հաճախ են հիշեցնում, որ աշխարհում խմելու ջրի պաշարները կազմում են ընդհանուր ջրային պաշարների մոտ 2,5 տոկոսը։ Արցախի ջրային պաշարների վերաբերյալ չկան հստակ հաշվարկներ եւ վիճակագրություն, քանի որ նախկինում օտար բռնավորներին դրանք պետք չէին, իսկ հիմա էլ մեր աղքատիկ պետության համար նման հաշվարկներ կատարելը չնայած անհրաժեշտ է, սակայն թանկ «հաճույք է»: Բայց ոչ մասնագիտական աչքի համար էլ տեսանելի է, որ Արցախի ջրային պաշարները բազմաթիվ անգամ գերազանցում են պահանջարկին։ Մոտավոր հաշվարկներով մեր հանրապետությունում օգտագործվում է ջրային պաշարների միայն 7 տոկոսը:

Այսօր Արցախի 350 բնակավայրերի կեսից քիչն է ապահովված խմելու ջրով, իսկ շուրջօրյա ջուր մատակարարվող գյուղերի քանակը հազիվ երեք-չորս տասնյակի է հասնում: Ավելորդ չէ նշելը, որ խմելու ջուր ասածը շատ հեռու է մեր բնակարանների ծորակներից հոսող հեղուկից:
Իրական խմելու ջրի համար գոյություն ունեն հատուկ չափանիշներ, որոնց չի համապատասխանում մեր շատ բնակավայրերի բնակիչներին մատակարարվող ջուրը:

Հայտնի է, որ նախկին ադրբեջանական իշխանություններն Արցախի հայկական բնակավայրերը խմելու ջրով ապահովելու հարցով զբաղվել են թրքավայել, որի պատճառով են նաեւ բազմաթիվ հայկական գյուղեր քայքայվել, տեղահանվել ու վերացել:
Նախկինում էլ մարզկենտրոն (հիմա‘ մայրաքաղաք) Ստեփանակերտը եւ շրջկենտրոնները զրկված են եղել նորմալ ջրամատակարարումից։ Ստեփանակերտ քաղաքը հիմնադրման օրվանից ի վեր խմելու ջրի կարիք ունի: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, փոխվել են քաղաքապետերը, բայց հիմնահարցը չի լուծվում։

Դեռ անցյալ դարավերջին ԼՂՀ կառավարությունը խոստացել էր կարճ ժամանակամիջոցում ջրաչափեր տեղադրել եւ շուրջօրյա ջրամատակարարում իրականացնել մայրաքաղաքում։ Ցավոք, այդ ծրագիրը (ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր) չի իրականացվել, բայց թե ինչո՞ւ, ովքե՞ր են մեղավոր-պատասխանատուները. նման միամիտ հարցերին չպատասխանելը նախորդ իշխանությունների համար սովորական երևույթ է եղել: Հուսանք, որ Ստեփանակերտի նոր քաղաքապետը կկատարի իր նախընտրական խոստումները եւ ստեփանակերտցիները կունենան շուրջօրյա ջուր: Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք‘ հնարավոր է, որ Ստեփանակերտի բնակիչների երազանքը 2-3 տարի անց կատարվի, բայց, արդյո՞ք դրանով կլուծվի մայրաքաղաքի բնակիչներին խմելու ջրով ապահովելու հարցը: Կարծում եմ‘ ո՛չ, քանի որ Ստեփանակերտ մտնող ջրատարները, որոնք «սնվում են» Տրակետ եւ Ղայբալու գետերից, հեռու են իրական խմելու ջուր լինելուց: Դրանք պիտանի են խմելու համար միայն եռացնելուց հետո: Իսկ, թե եռացնելուց հետո ջրի մեջ օգտակար ի՞նչ է մնում, ոչ մասնագետներին էլ է պարզ:

Մայրաքաղաքի ջրի որակի մասին կարող են վկայել նաեւ ստեփանակերտցիների թեյնիկները, որոնք այլ բնակավայրերի բնակիչների թեյնիկների հետ չես շփոթի: Իսկ, հնարավո՞ր է ստեփանակերտցիներին մատակարարել իրական խմելու ջուր: Այո՛, հնարավոր է, եւ պարտադի՛ր, քանի որ Արցախի 140 հազար բնակչությունից 50 հազարն ապրում է Ստեփանակերտում է։
Հարցին մոտենանք ազգային, ժողովրդագրական եւ գիտական տեսանկյուններից: Արցախցիների մի մասը, ովքեր մի փոքր հնարավորություն ունեն, գյուղերից տեղափոխվում են Ստեփանակերտ, արհեստականորեն ավելացնելով մայրաքաղաքաբնակների թիվը, որտեղ առանց այն էլ խմելու ջրի խնդրից բացի աշխատատեղերի եւ այլ հիմնախնդիրներ գոյություն ունեն: Դա կործանարար է նաեւ ժողովրդագրական տեսանկյունից, քանի որ սահմանային եւ մերձսահմանային գյուղերը (եթե ճիշտը խոստովանելու լինենք‘ Արցախի բոլոր գյուղերն էլ համարյա նշված կարգավիճակն ունեն) դատարկվելով, կթուլանա Արցախի պաշտպանունակությունը:

Գիտականորեն ապացուցված է, որ ջուրն ունի հիշողություն եւ այն ազդում է շրջապատի կենդանիների եւ բուսականության վրա: Մարդու վրա ջրի ազդեցության մասին հնուց ի վեր եկող լեգենդների մասին վաղուց ենք լսել: Դրանք եւս գիտականորեն ապացուցված են: Կան բազմաթիվ գիտա-հանրամատչելի ֆիլմեր, որոնք հիմք են տալիս հաստատելու, որ մեր պարագայում սխալ է Արցախի գյուղերից դեպի Ստեփանակերտ բնակչության տեղաշարժը: Նման դեպքում խախտվում է ոչ միայն ժողովրդագրությունը, այլեւ ջրի ազդեցությամբ ձեւավորված հիշողության կոդը: Արցախում տարածված մի ոչ գովելի արտահայտություն կա. «Ջուրդ կտրվի»: Այդ ասողները համոզված են, որ տվյալ բնակավայրի բոլոր բնակիչները, որոնք խմում են միեւնույն ջուրը, ունեն (համարյա‘ ունեն) միեւնույն բնավորությունը: Տվյալ հարցի շուրջ ազգագիրները ունեն ավելի հաստատուն տեսակետներ, բայց, միեւնույն է, ջուրն իր հիմնավոր ազդեցությունը թողնում է: Պատկերավոր ասած՝ երբ վաղուհասցի կամ ալյուրաշենցի երեխան ծնվում է Ստեփանակերտում եւ անընդհատ օգտագործում է տեղի «սառնորակ աղբյուրի» ջուրը, ապա նրա մոտ ձեւավորվում է ջրային հիշողության կոդ, այդտեղից բխող հետեւանքներով:

Ստեփանակերտի ջուրը եւ օդը, կարծում եմ, համեմատելի չէ Արցախի շատ բնակավայրերի օդի ու ջրի հետ: Մի՞թե մենք արցախահայության գենաֆոնդի պահպանման հիմնախնդիր չունենք:
Ստեփանակերտն օվկիանոսի մակարդակից միջին հաշվով գտնվում է 837 մ բարձրության վրա, իսկ նրան շրջապատող մի շարք գյուղեր՝ ավելի քան 900 մ։ Այսինքն՝ ցանկության դեպքում այդ գյուղերի եւ շրջակայքի տասնյակ աղբյուրների ջրերը, որոնք աննպատակ թափվում են Տրագետ եւ Կարկառ գետերը, կարելի է հասցնել Ստեփանակերտ եւ յուրաքանչյուր թաղամասում կառուցել 3-4 աղբյուր։ Ի դեպ, այդպիսի ծրագիր եղել է, բայց էլի ինչ-ինչ պատճառով չի իրագործվել: Պատերազմ տեսած ստեփանակերտցիներն ու փախստականները լավ են հիշում քաղաքի մի քանի աղբյուրների մոտ գոյացած հերթերը։ Այդ աղբյուրների շնորհիվ է նաեւ գոյատեւել Ստեփանակերտը։ Իմ համոզմամբ‘ անգամ եթե հրաշք կատարվի եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը դառնա շուրջօրյա, միեւնույն է‘ քաղաքի բոլոր թաղամասերում աղբյուրների գոյությունը պարտադիր է թե՛ առողջապահության, թե՛ ռազմավարական, թե՛ գեղագիտական տեսանկյունից: Վերջինիս վերաբերյալ, տարիներ առաջ առաջարկել ենք‘ Ստեփանակերտում կազմակերպել միջազգայի քանդակագործական սիմպոզիում (նախադեպը եղել է), թեման‘ «Աղբյուր-հուշարձան»:

Պատկերացրեք, աշխարհի տարբեր երկրներից եկած քանդակագործները ստեղծում են իրենց աղբյուրները‘ նորվեգական, շվեդական, հունական, իտալական… եւ դրանք տեղադրվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում: Դրան զուգահեռ, կենդանություն է տրվում մայրաքաղաքի «լալիկ» աղբյուրներին: Նման միջոցառում ձեռնարկելուց հետո, համոզված եմ, Ստեփանակերտը կդառնա աշխարհի յուրօրինակ քաղաքներից մեկը‘ աղբյուրների մայրաքաղաքը:
Թարմ աղբյուրաջրի օգտակարության մասին շա՜տ-շա՜տ են գրվել։ Կասկած չկա, որ արցախյան երկարակեցության գաղտնիքներից մեկն էլ եղել է թարմ ու զուլալ աղբյուրաջուրը։ Պատահական չէ, որ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն «Արցախ» գրքում հայկական շատ բնակավայրերի մասին գրելիս հատուկ նշել է. «Պատվական‘ օդն, կլիման եւ ջուրն, երկար կյանքն՝ 90-100 տարեկան»։ Իսկ որոշ բնակավայրերի, այդ թվում՝ նաեւ ներկայիս Ստեփանակերտի մասին գրել է. «Ջուրն‘ ոչ պատվական, երկար կյանքն‘ 60-70 տարեկան»։

Արցախյան պատերազմից հետո Համահայկական հիմնադրամի ու անհատ հայ բարերարների միջոցների շնորհիվ հանրապետության մի շարք գյուղերում կառուցվել են աղբյուրներ, բայց, ցավոք, որոշ աղբյուրներ խցանվել ու շարքից դուրս են եկել, մյուսներն էլ նախատեսվածի չափ ջուր չեն մատակարարում։ Պատճառը, իհարկե, անփութությունն ու անբարեխիղճ աշխատանքն է։
Նախկինում հայության մեջ քարտաշի, որմնադրի ու բարերարի համար աղբյուր կառուցելը պատվի գործ է եղել։ Հուսանք, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի, ու ջրառատ Արցախում արցախցին շուրջօրյա խմելու ջուր կունենա։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՑԱՎ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆՍ Է


Մինչև գրիչ վերցնելը շարունակ մտածում էի, թե ում դիմեմ, որ կազմակերպությանը կամ որ վերադաս մարմնին։ Եվ որոշեցի պարզապես գրել «Նոր էջ»-ին։ Մայրաքաղաքի Բաղրամյան փողոցով իջնում ենք Հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հուշակոթողը։ Հենց ամենասկզբում ոտք ենք դնում քարուքանդ սալահատակին, տեղ-տեղ լիովին քայքայված գետնին, իսկ քիչ ներքևում՝ դեպի Մեծ հայրենականի զոհերի հիշատակին կառուցված կոթողը մի ժամանակ տեղադրված էր գեղեցիկ շարքով 12 պատվանդան, յուրաքանչյուրի վրա ամրացված Մեծ հայրենականում հերոսացած երկու հայորդու և փառաբանված զորավարի նկարներ։ Նրանք հարգանք ու հպարտություն էին ներշնչում այցելողներիս։ Այսօր միայն 12 պատվանդաններն են մնացել՝ առանց նկարների և արդեն կիսամաշ անընթեռնելի տառերով։

Այդ պատվանդանների դիմաց ջրավազաններ են, որ այժմ լիովին քարուքանդ են արված և հսկա աղբանոց են հիշեցնում։
Շարժվում ենք քիչ ներքև. վերջերս սալահատակին տեղադրված էին գեղեցիկ լուսամփոփներ, բայց այժմ արդեն փշրված ու աղբամանների վերածված։ Մյուս կողմից, նրանց էլեկտրական հաղորդալարերը պարզապես տարածված են գետնի վրա և մահացու վտանգ են ներկայացնում։ Հասնում ենք դեպ վեր խոյացած գեղեցիկ կոթողին, հիանում ճարտարապետական յուրօրինակ այդ կառույցով, բայց նրա շուրջբոլոր դարձյալ կոտրատված, քրքրված և կիսամաշ սալիկներ են։ Տեսնելով այս ամենը, ցավից սիրտդ կսկծում է։

Մի ուրիշ պրոբլեմ ևս. տարիներ առաջ Հուշահամալիրում ջրի ծորակ էր տեղադրված, այսօր այն չկա։ Մեր մայրերը, քույրերը իրենց զավակների, եղբայրների գերեզմաններին այցելում են ծաղկեփնջերով և ջրի շշերով։ Վաղուց անհրաժեշտություն կա, նաև որ այնտեղ գործի պարեկային ծառայություն, որ լինեն պատասխանատուներ Հուշահամալիրի մաքրության և անաղարտության համար…

Եվ, վերջապես, մեծ ու փոքր շարունակ ասում ենք՝ գնում ենք Եղբայրական գերեզմանոց, չնայած այնտեղ այժմ ամփոփված են Արցախյան ազատամարտի հարյուրավոր նահատակների շիրիմներ։ Էլ ի՞նչ «Եղբայրական գերեզմանոց», երբ այսօր այնտեղ հանգչում են մեր որդիները, եղբայրները, այսօրվա դպրոցականների հայրերը։ Մի՞թե ժամանակը չէ լրջորեն խորհենք Հուշահամալիրի անվան շուրջ։ Հուշահամալիր, որ մեր բոլորի ցավն է։

ՅԱՇԱ ՂԱԶԱՐՅԱՆ
զոհված ազատամարտիկի ծնող




ԱԶԳԱՅԻՆ

ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿԸ


1950-ից մինչև 1970 թվականը, 20-տարվա ընթացքում, կոլտնտեսությունների խոշորացման սխալ քաղաքականության պատճառով լրիվ դատարկվեց և երկրի երեսից որպես գյուղ վերացավ հարուստ պատմություն ունեցող Ուլուբաբ գյուղը:
Ինձ հաջողվել է լրիվ վերծանել իմ հայրենի այդ գյուղի պատմությունը՝ սկսած մ. թ. առաջին դարից մինչև մեր օրերը: Գիրքը պատրաստ է և հանձնված է տպագրության: Գյուղի նախկին բնակիչները Խաչենագետի արգավանդ հովտից մինչև վերջին բնակատեղը՝ Ուլուբաբը, գոյատևելու համար հինգ անգամ պարտադրաբար տեղից տեղ են տեղափոխվել։

Վերջին գյուղատեղում հիմա էլ կա կանգուն և հայտնի եկեղեցի՝ Պտկես Բերք վանքը, որի մասին արցախագետ Շահեն Մկրտչյանը գրել է, որ այն «զուսպ ու տպավորիչ հարդարանքով առանձնանում է հայ ճարտարապետության համանման լավագույն կառուցվածքների շարքում»։ Այն կառուցվել է 1757 թվին: Գյուղի շրջակայքում եկեղեցուց բացի կան նաև խաչքարեր, երկու հանգստարաններ՝ ընթեռնելի արձանագրություններ ունեցող տապանաքարերով: 1939 թ. Ուլուբաբում կար 64 ընտանիք՝ 365 բնակիչներով: Այս բոլորը ցույց են տալիս, որ գյուղում կյանքը տևել է մոտ 300 տարի:

Նախորդ, նախավերջին բնակավայրում՝ Մաչիշենում, այժմ էլ կա կիսավեր եկեղեցի՝ կառուցված 1345 թվին: Վարելահողերի, կացարանների և գերեզմանոցի զբաղեցրած մակերեսները ցույց են տալիս, որ Մաչիշենում կար մոտ 30 ընտանիք: Գյուղում կյանքը շարունակվել է մոտ 400 տարի: Բացի այդ, մաչիշենցիների՝ գյուղում տնկած ընկուզենիներն ոտքի վրա ծերացած մահացան 50-60 տարի առաջ, իսկ ընկուզենիները, մեզ հայտնի է, որ ապրում են 500-600 տարի:
Երրորդ գյուղատեղում՝ Երե շենում կա խաչքար, որը պատրաստվել է 1124 թվականին: Հանգստարանը պահպանվում է Ղլեն Խութ սարի վրա: Մեռյալների վրա քարեր կան՝ առանց արձանագրությունների: Բնակատեղին գոյատևել է 1124-1345 թվականները, այսինքն՝ 200 տարուց ավելի: Այսպիսով՝ իմ ապուպապերը վերջին երեք բնակավայրերում ապրել են մոտ 900 տարի:

Հաջորդ բնակավայրը Վետանց աղբյուրն է: Այս գյուղի կյանքի տևողության մասին իմանում ենք գերեզմանոցի զբաղեցրած մակերեսից, օգտագործած վարելահողերից: Հանգստարանը հայտնագործվել է պատահականորեն, երբ ուլուբաբցիները Ղաշին քերծեն տակեն նոր ճանապարհ էին կառուցում: Հողը փորելիս մոտ մեկ մետր խորությամբ երկու տեղից հանել են մարդու կմախքի ոսկորներ (այն ժամանակ տապանաքարեր չէին դնում): Ուլուբաբի նախկին բնակիչները Վետանց աղբյուրի մոտ ապրել են 200-250 տարի:

Ինձ համար ամենադժվարը մեր գյուղի նախկին բնակիչների՝ Խաչենի հովտում կյանքի պատմության վերծանելն է եղել: Այն կոչվել է Օրախաչ և գտնվում է Գանձասարի վանքից 20 կմ հյուսիս, իսկ Տիգրանակերտից՝ 15 կմ հարավ: Այստեղ ջրաղացի մոտ կա սոսի, որը մոտ 1600 տարեկան է: Օրախաչի վաղեմության վառ ապացույց են սոսենու արևմտյան կողմում՝ գետի վրա կառուցված կամրջի պատի հետքերը, որը կարոտ է մասնագիտական ուսումնասիրության: Օրախաչը մեծ բնակավայր է եղել, որն օգտագործել է 200 հա վարելահող, որից 100-ը՝ ոռոգովի: Հողային աշխատանքների ժամանակ ոչ մի անգամ մարդու ոսկորի չեն հանդիպել։ Պարզ է, որ առանց գերեզմանատան գյուղ չի լինի։ Ուրեմն՝ տեղն առայժմ անհայտ է:

Օրախաչի մասին կարևոր տեղեկություններ եմ իմացել Շամիր Պետրոսյանի պատմածից. «Օրախաչը ավելի հին բնակավայր է, քան Տիգրանակերտը, ընդհանրապես Խաչենի հովտում կյանքը դրախտային է եղել, հողը՝ արգավանդ, հովիտը՝ շրջապատված խառն անտառներով, որից սկիզբ են առնում սառնորակ աղբյուրներ: Լավ ապրելու համար Խաչենի հովտում բոլոր պայմանները կան»:
Պատահական չէ, որ մեր պապերը Տիգրանակերտը Խաչենի հովտում են կառուցել: Խաչենի հովտում շեն կյանքը շարունակվել է մոտ 1000 տարի: 10-րդ դարի վերջին Խաչենի ձորակ են ներխուժել վայրի քոչվոր ցեղերը և ամենից առաջ ավերել Տիգրանակերտը:
Ուլուբաբցի մի այլ ծերունի՝ Արսեն Ստեփանյանը, պատմել է, որ Տիգրանակերտից շատ մարդիկ են եկել Օրախաչ և այն դարձրել քաղաքատիպ բնակավայր: Շուտով քոչվորները ավերել են նաև Օրախաչը: Բնակիչների մեծ մասը փախել-հեռացել է, իսկ մի քանի ընտանիք էլ 1,5 կմ բարձրացել ու Վետանց աղբյուրի մոտ՝ անտառի թաքնված տեղում, ստորգետնյա կացարաններ են կառուցել... Սակայն Խաչենի հովտի հայկական բոլոր բնակավայրերն էլ ավերվել են, կենդանի մնացածները հովտից բարձրացել, շրջագայքի անտառներում և սարերի վրա կացարաններ են ստեղծել, որոնք հետո գյուղեր են դարձել (Ոլլուբաբ, Ղազանչի, Սարդարաշեն, Քոլատակ, Թբղլու, Շահմասուր, Ծմակահող...):

Ուլուբաբ գյուղի հյուսիսային կողմում գտնվող Գևորգ սարի վրա երկու հուժկու պատերազմ է եղել մելիքների և Շուշիի խաների միջև: Այսպիսին էր մեր դաժան ճակատագիրը. մեր հայրենիքում, մեր հողի վրա, մեր տներում հաճախ պատանդի պես ենք ապրել, մինչև 1988 թվականին ազգային-ազատագրական պատերազմում հաղթեցինք թշնամուն և դուրս շպրտեցինք մեր երկրից...

Առաջարկում եմ պեղումներ կատարել Վետանց աղբյուրում և Օրախաչում, ճանապարհներ կառուցել ուլուբաբցիների բոլոր բնակավայրերի միջև, որպեսզի մարդիկ, զբոսաշրջիկները գան և տեսնեն, թե ինչպես են մեր ապուպապերը ապրելու համար լավ ու հարամար տեղերից տեղափոխվել անտառները, սարերի գագաթները, որպեսզի պաշտպանվեն թշնամի քոչվոր ցեղերից: Վերականգնենք հին ու մեծ պատմություն ունեցող Ուլուբաբը՝ Արցախի ամենահին գյուղերից մեկը: Իրենց հայրենի գյուղը վերադարձնենք քաջ ուլուբաբցիների աշխարհում ցրված ժառանգներին, որպեսզի մեր ապուպապերի շիրիմները, մեր հարուստ բնությունը, մեր Պտկես Բերքը, մեր աղբյուրները անշուք-անտիրական չմանան և կորչեն անհետ:
Կարևոր եմ համարում Ուլուբաբի առաջին գյուղատեղում՝ Օրախաչում մի քանի տուն կառուցելը և Ուլուբաբի վերականգնումը՝ Խաչենի ափին: Վերադարձող ընտանիքների ցուցակը՝ 10 ընտանիք, գրված է իմ գրքի վերջին էջում: Մարտակերտի և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարությանը խնդրում եմ շահագրգռվածություն հանդես բերել՝ մեր պապենական բնակավայրերը վերականգնելու համար։

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԵՐ ՀՈԳՈՒ ԴԻՄԱԳԻԾՆ Է ՆԱԵՎ


Արցախը շատերին է հմայում իր գեղատեսիլ բնությամբ։ Իսկ մայրաքաղա՞քը…
Չնայած քաղաքի գեղեցկությամբ ու մաքրությամբ հրապուրված և քաղցր հիշողություններով հեռացող հյուրերի հաճոյախոսություններին, Ստեփանակերտը մեծ վերապահումով կարելի է գեղեցիկ ու մաքուր համարել: Այս տխուր վիճակից միակ փրկությունը ծառատունկերն ու շաբաթօրյակներն են, որոնք, ասես, «արհեստական շնչառության» են տալիս փոշու և կեղտի մեջ լողացող փողոցներին, մայթերին ու պուրակներին:
Հազիվ թե գտնվի մեկը, որ չհիանա ղարաբաղյան խորհրդանիշ «Պապ ու տատ»-ով: Արցախի ճարտարապետական հրաշք այս շքեղ կերտվածքին ավելի մոտիկից ծանոթանալու համար երբ փորձում ես դիտել այն չորս կողմից, սիրտդ կծկվում է վիրավորանքից, մեր այս հրաշքի հանդեպ բարբարոսական վերաբերմունքից…
Դիմացից հպարտորեն քեզ են նայում արցախցի շրջանավարտների հետ բազում արևածագեր դիմավորած ղարաբաղցի պապն ու տատը, հետևի կողմից... Մարդու ստորակարգ տեսակն ասես փորձել է ոչինչ չասող ողորմելի իր անունը պահ տալ պատմությանը, «անմահանալ» այս ու այնտեղ թողած իր ձեռագրով...
Ուրախալի է, որ քաղաքը հետզհետե համալրվում է բարձրահարկ ու նրբաճակ շենքերով ու շինություններով: Սակայն տպավորությունն այնպիսին է, որ մեզ մոտ շենքերը հատուկ նրա համար են կառուցվել, որ դրանց առաջին հարկում առևտրի ու սպասարկման զանազան օբյեկտներ բացեն, դրանով չբավարարվելով, շենքերի հիմքերը փորփրեն և, իրենց «օբյեկտներն» ընդարձակելու համար շենքերին նոր օժանդակ շինություններ կցեն։

Շենքեր կան, որոնց կցած մի հսկա տուն են սարքել՝ դրանով խաթարելով ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքը, այլ վտանգելով շենքերի սեյսմիկ դիմացկունությունը։ Ի դեպ, մի այլ ծայրահեղություն։ Երբեմն թվում է, թե մայրաքաղաքի շենքերն ընդհանրապես զուրկ են առաջին հարկից։ Շենքերի հիմնապատերը քանդում, առաջին հարկերում զանազան սրահներ են կառուցում։ Ապշում ու զարմանում ես, թե ինչպես երկու կողմնային կառույցներ, որոնց միջանցքը համարյա սնամեջ է, կարող են իրենց ուսերին անխախտ ու ամուր պահել «եվրո» վերանորոգմամբ կահավորված և զարդարված շքեղ երկու, երեք, հինգ կամ իննը հարկանի շենքերի բնակելի սենյակները:
Չէ՞ որ նախօրոք չափումները, նախագծերն ու հաշվարկներն արվել են հենց տվյալ շենքը կամ օբեկտը կանգուն ու անսասան պահելու համար: Բավական է տարերային ուժի թեթևակի առկայություն և... նախկին շատ ամուր այդ շենքերը կարող են ողբերգական վախճան ունենալ։ Իսկ այդ բնակելի շենքերում մարդիկ են ապրում, մենք ենք ապրում: Մշտապես մտածում ես, թե ապրում ես օդից կախված մի ամրոցում, որ ամեն վայրկյան կարող է փլուզվել...

Մեր փողոցները... Երբեմն մտածում ես՝ ինչի՞ համար են ամեն մի քայլափոխում տեղադրված աղբարկղերը, երբ անցորդները՝ մեծ թե փոքր, ձեռքի ծխախոտը կամ տուփը, կոնֆետների թղթերն ու հյութերի տարաները անփութորեն նետում են մայթերին կամ կանաչապատ հատվածների վրա։
Չնայած հաճախակի կազմակերպվող ծառատունկերին, մեր «կանաչ բարեկամների» հանդեպ վերաբերմունքն այնքան էլ բարեկամական չէ։ Նոր տնկված փոքրիկ ծառը նոր-նոր ծաղկել, շիվ է տալիս, բայց ահա, կողքովն անցնող դպրոցականներն իրենց պարտք են համարում բոլոր չորս վերջավորություններով իրենց «հարգանքն» արտահայտել մեր կանաչ բարեկամի նկատմամբ... Ինչո՞ւ, ո՞ւմ են խանգարում մանկան պես խնամքի կարոտ այդ տնկիները։

Յուրաքանչյուր քայլափոխում մայրաքաղաքը թողնում է «ինչուների» մի ողջ կույտ:
Ցանկալի է, որ կրթական հաստատություններում մեծ թափ տրվեր բնապահպանության մասին օրենքների կիրառմանը, տեսական և պրակտիկ դասընթացների անցկացմանը, հաճախակի կազմակերպվեն ծառատունկներ ու շաբաթօրյակներ: Քանզի սիրով ու անշահախնդրությամբ բնությունը սիրող և խնամող դպրոցականի կամ երիտասարդի ոչ մի ձեռք չի բարձրանա արմատախիլ անելու, կոտրելու, ջարդելու սեփական ձեռքով տնկած, խնամած ծառն ու տնկին:
Սիրենք ու պահպանենք մեր քաղաքը, քանզի այն յուրաքանչյուր արցախցու հոգու դիմագիծն է նաև:

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ
 

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ