Գլխավոր » 2009 Նոյեմբեր N12 /1
2009 Նոյեմբեր N12 /1
20:56
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ԿԱՄ՝ ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ...

Վերջերս, երբ ՀՀ իշխանությունները սկսել են ավելի հաճախակի խոսել ազատագրված հողերի վերադարձման մասին, Արցախում բոլորս միաձայն ասում ենք՝ այդ հողերն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ: Անշուշտ, դա լավ է, որ Ղարաբաղում ազգովի փորձում ենք տեր կանգնել մեր պատմական հողերին, մեր ճակատագրին, ու վկայակոչում ենք հանրաքվեով ընդունված մեր հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը:

Երանի թե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես մենք ենք ցանկանում ու պատկերացնում: Ի վերջո, մի օր մեր ընդդիմախոսները բացելու են մեր վկայակոչածն ու կարդան «ազատագրված մեր հողերն ամրագրող» այդ հոդվածը: Այն է՝ «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: (Հոդված 142):

Ահա մեր վկայակոչածը: Իհարկե, սա չեղածից լավ է: Լավ է, որ վերջում հիշել ու գրել են դա: Բայց ա՞յս է մեր «տղամարդու պատասխանը»: Չգիտես՝ լաս, թե խնդաս: Գերզգուշավորությամբ գրված բառեր, որ նույնիսկ ամոթ է մարդամեջ հանելը: Կարծես այն գրել է ոչ թե պատերազմում հաղթած, այլ պարտված կողմը: Ի՞նչ ասել է՝ «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը»: Այսինքն՝ ժամանակավո՞ր, մինչև «ճշգրտե՞ն» մեր սահմանները: Մինչևիսկ վախեցել ենք օգտագործել «պետական» անվանումը: Գրել ենք՝ «հանրային իշխանությունն իրականացվում է...»:

Ի դեպ, 2-րդ աշխարհամարտում պարտված Գերմանիան 1949 թ. ընդունած իր Սահմանադրության նախաբանում նշել է. «Գիտակցելով մեր պատասխանատվությունը Աստծո և մարդկության առջև, ոգևորված իրավահավասար անդամի ձգտմամբ դեպի միացյալ Եվրոպա, ծառայելով համընդհանուր խաղաղությանը, գերմանական ժողովուրդը, ելնելով իր սահմանադրական իշխանությունից, ընդունում է այս Հիմնական օրենքը...»: Այնուհետև թվարկել պատմական Գերմանիայի բոլոր տարածքների անունները, որտեղ ապրող գերմանացիները պիտի հաստատվեն ազատ ու միասնական Գերմանիայում: Եվ այդ Սահմանադրությունն առայսօր չի փոփոխվել:

Պատգամավորներից մեկն ասում է, որ առաջարկել էր գրել՝ «ԼՂՀ տարածքը միասնական է և անբաժանելի», բայց չի ընդունվել: Գոնե թվարկեին մեր ունեցած շրջանները, հավելելով՝ «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող պատմական հողերով կամ տարածքներով» և այլն: Կարելի էր իրավաբանորեն հիմնավորված ավելի կոնկրետ ձևակերպումներ ընդունել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք...

Ի դեպ, որպեսզի խոսքերս այլ կերպ չընկալվեն, ասեմ, որ երևի թե առաջինը, որ վկայակոչել է ԼՂՀ Սահմանադրությունը, ես եմ եղել, և այն «մայնդորֆյան հռչակագրի» ստորագրումից 3 օր հետո՝ 2008-ի նոյեմբերի 5-ին տպագրվել է Regnum-ում (www.regnum.ru/news/1079188.html), ապա արտատպվել տասնյակ ռուսական և հայկական լրատվամիջոցներում: Ազատագրված հողերի մասին խոսելիս վաղը դարձյալ վկայակոչելու ենք մեր Հիմնական օրենքը: Այլ ելք չունենք, ալեկոծ ծովի վրա օրորվող այս «տաշեղն» ենք թողել մեզ՝ կառչելու համար, որպեսզի մեր որոշ պաշտոնասեր անձինք իրենց լավ զգան երևաններում:
Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը՝ տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ՍԱ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է

Վերջերս ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանին և Հայ բարեգործական ընդհանուր միության տեղական բաժանմունքի պատասխանատուներից՝ տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Արթուրո Կեդիկյանին:
Պարզվում է՝ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի տեսարժան վայրերից մեկում տեղադրվել է հուշակոթող՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: «Հուշարձանի կառուցման մտահղացումը, առհասարակ հայ մարդու և անձամբ իմ որդիական պարտքն ու հարգանքի տուրքն է Արցախյան ազատամարտին կամավորագրված հորս և նրա զոհված բոլոր զինակիցների անվանն ու անմար հիշատակին»,- հանդիպման ժամանակ նշել է Գագիկ Գասպարյանը:

Ազատամարտի զոհերի հիշատակին հուշարձաններ կան Արցախի գրեթե բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում: Ցավն այն է, սակայն, որ առայսօր Արցախի մայրաքաղաքում այդպես էլ չի կառուցվել նման մի հուշակոթող՝ հայ քաջորդիների հիշատակին: Այն Ստեփանակերտում, որի հազարավոր զավակներ կյանքի ու արյան գնով պաշտպանել են հայկական անկրկնելի այս լեռնաշխարհի պատիվը, ազատություն բերել Արցախին:
Տասնամյակ առաջ Ստեփանակերտի կենտրոնում մի հուշաքարի վրա գրել են. «Այստեղ կկառուցվի հուշակոթող՝ Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին», որն հետո անհետացրել են, երևի կարծելով, որ դրա բացակայությունը մարդկանց մոռացնել կտա պրոբլեմի գոյության մասին...

Երկտասնամյակ շարունակ ԼՂՀ ղեկավարները, շարքային քաղաքացիներն ու հյուրերը պարբերաբար ծաղկեպսակ ու ծաղիկներ են դնում Հուշահամալիրում «Բելառուսի» անիվ հիշեցնող կլոր մի անհեթեթության վրա, որն իբր թե ծաղկեպսակ է (տես՝ վերևի լուսանկարը): Մի՞թե այս 20 տարում հնարավոր չէր դրա տեղը գեղեցիկ մի հուշակոթող կանգնեցնել՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Մինչև ե՞րբ պիտի ծաղիկներ դնենք անշնորհք «պակրիշկայի» վրա: Ամոթ է, պարոնայք: Ի վերջո, սա որբի գլուխ չէ, ՄԵՐ ԵՐԿԻՐՆ է, որի ազատության համար իրենց կյանքն են տվել հազարավոր մեր հայրենակիցներ:


Հայաստանյան մամուլի էջերից...

Երևանում «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միության կազմակերպած կլոր սեղանի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք մտահոգության պատճառը ներկա հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ այլ պետությունների կողմից կատարվող ճնշումներն են և ՀՀ գործող իշխանությունների ապազգային կեցվածքը:
Կլոր սեղանի մասնակիցների գնահատմամբ՝ «Տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, նաեւ՝ Եվրամիությունը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի ՀՀ և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման և Արցախի հարցի կարգավորման շուրջ, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային և պետական շահերի»: Նրանք կարծում են, որ ներկա անօրինական իշխանությունները ազգային շահը ստորադասում են գերտերությունների թելադրած կամքին՝ դրա դիմաց ստանալով «համապատասխան երաշխիքներ Հայաստանում ժողովրդից բռնազավթած իշխանությունը պահելու խնդրում»:

Հայտարարության հեղինակների բնորոշմամբ՝ «Չկա որևէ էական տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի և Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած անձանց միջև: Այդ մարդիկ դավանում են նույն արժեքային համակարգը, հունցված են նույն խմորից: Հայ ժողովուրդը չի ընդունում իր և այդ անձանց միջև որևէ համաձայնություն և այն չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այդ իշխանությունը օրինական չէ:»:
Կլոր սեղանի մասնակիցները ներկա պահին խնդրի լուծումը համարում են Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Առանց այդ խնդրի լուծման, անհնար է Հայաստանը դուրս բերել միջազգային այն վտանգավոր գործընթացներից, որտեղ վտանգված են հայ ժողովրդի ռազմավարական շահերը»:
 

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը դատապարտել է ՀՀ կառավարության շենքի առջև ոստիկանության բռնությունները հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ, որոնց վրա կոչ էր արվում իշխանավորներին «լինել ոչ թե միայն 3 միլիոնի, այլև 10 միլիոնանոց հայության ղեկավարը», «ոչ թուրքական նախապայմաններին և հայ-թուրքական արձանագրություններին»: Նրանց ձեռքերին էին նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քարտեզները:
Ցուցարարները արժանացել են ՀՀ ոստիկանության ապօրինի, կոպիտ և սանձարձակ վերաբերմունքին: Ոստիկանները պատռել են ցուցապաստառները, ՀՀ և ԼՂՀ քարտեզները, քաշքշել են ակցիայի մասնակիցներին, խոչընդոտել նրանց շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր‘ հնարավորություն չտալով շարունակելու ակցիան նաև այնտեղ:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը երեկվա իր հայտարարությամբ խստորեն դատապարտել է «ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հերթական ապօրինությունն ու լկտի պահվածքը, որը, վստահաբար, պարունակում է խուլիգանության և քաղաքացիների դեմ ուղղված այլ հանցագործությունների տարրեր», նշվում է, որ Զարուհի Փոստանջյանը երեկ տարածել է հատուկ հաղորդագրություն հանցագործության մասին:
Հայտարարությունն ավարտվում է այս ընդհանրացմամբ. «Ոստիկանության նման պահվածքը ուղիղ հետևանքն է Հայաստանում տիրող անպատժելության մթնոլորտի և իշխանությունների ոչ լեգիտիմության և քրեականացման»:
 

 
Լեզվով և մշակույթով, իսկ վերջերս նաև գազով և նավթով իրար կապված Թուրքիան ու Ադրբեջանը հաճախ բարձրաձայնում են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի մասին, The Christian Science Monitor-ի էջերում գրում է լրագրող Հիգալ Շլիֆերը: Նա ասում է, որ «վերոնշյալ կարգախոսն, այդուհանդերձ, փորձություն է անցնում՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հոկտեմբերի 10-ին կնքված արձանագրությունները»:
Ադրբեջանը հակադրվում է, քանի որ ձգտում է այն բանին, որ օրակարգ բերի ղարաբաղյան հարցը: Անկարայի և Բաքվի միջև լարվածությունը մեծանում է, քանի որ Ադրբեջանը կարող է հրաժավել Թուրքիայի հետ ձեռք բերված էներգետիկ համաձայնություններից: Դա, մասնավորապես, վերաբերում է Nabucco-ի գազային ծրագրին, որը նպատակ ունի Եվրոպան ազատել Ռուսաստանից գազային կախվածությունից: Այն դեպքում, երբ Թուրքիան փորձում է վերացնել հարևանի հետ ունեցած պատմական խնդիրը, Եվրոպայի համար որոշակի հետևանքներով պատմական մեկ այլ խնդիր է ծագում ևս մեկ հարևանի հետ,- նշում է թերթը:
Այդուհանդերձ, Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հուսեյն Բախչին հետևյալ կերպ է արտահայտվել. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հարցով բանակցությունները կարող են սկսվել միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Ինչ վերաբերում է հայտնի կարգախոսին, ապա այն ազգայնական է: Դրա մասին շատ է խոսվում, բայց բանն այն է, որ մենք երբեք մեկ ազգ չենք եղել»:
Taregir.am
(տպագրվում են կրճատումներով)
 


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
«ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՆՈՂՆԵՐԻՆ»

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Նիստի ավարտին «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Պատգամավորն իր գործընկերներին նախ հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներում ընդունել են օրենք, ըստ որի Հայոց Ցեղասպանությունը ժխտելու փորձեր անող քաղաքացիներին ենթարկում են քրեական պատասխանատվության, ապա առաջարկել է ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնողներին ևս ենթարկել քրեական պատասխանատվության:

Նա իրավապահ մարմիններին առաջարկել է, որ «բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փոխզիջմամբ կամ այլ տարբերակներով կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, ենթարկել քրեական պատասխանատվության, որովհետև դա ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսևորում է, այլ հակասահմանադրական քայլ: Իսկ հակասահմանադրական քայլ անողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:

«Դա առանձնապես հետևանքներ չունեցող հայտարարություն է»,- Ա. Սարգսյանի հայտարարությունն այսկերպ է մեկնաբանել ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, հավելելով, որ այն չպետք է լուրջ ընդունել: Իսկ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կարծում, թե ԼՂՀ իշխանությունները կարող են այնպիսի որոշում կայացնել, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն տարածքների հանձնման մասին բարձրաձայնողները, քանզի, նրա ասելով, «Ղարաբաղի խորհրդարանում մեծամասնություն է կազմում այն քաղաքական ուժը, որ Սահմանադրության մեջ չուզեցավ ամրագրել Լեռնային Ղարաբաղի այսօրվա փաստացի, դե-յուրե սահմանները, այլ ուրիշ ձևակերպում տվեց...»:

Այս երկու մեկնաբանություներից առաջինի հեղինակը, ակնհայտորեն երևում է, որ, ինչպես ասում են, ոտքերը յուղած, համամիտ է ազատագրված հողերը հակառակորդին հանձնելուն: Նրա համար ևս «Աղդամը մեր հայրենիքը չէ», իսկ Արցախը երևի թե վիճելի տարածք է: Նրա հայրենիքը թերևս միայն Երևանի այն հատվածն է, որտեղ ապրում ու բարգավաճում է...

 

ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԶՐԿՎԵԼ Է ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Մեր տեղեկություններով, օրերս Արցախի պետհամալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան Հրաչ Արզումանյանը զրկվել է ԱրՊՀ-ում դասավանդելու իրավունքից: Պատճա՞ռը: Մի քանի օր առաջ Ստեփանակերտում Արցախի երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանին, որի թեման հայ-թուրքական հարաբերություններն ու նախաստորագրված արձանագրությունների քննարկումն էր, մասնակցել էր նաև Հրաչ Արզումանյանը և իր ելույթում ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների սկսված «խաղում» հայկական կողմն իր քայլերով վերջ է դնում Ցեղասպանության ճանաչման գործընթացին, փակում Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի որոշ տարածքների պահանջի հարցը, ինչպես նաև կորցնում է այն լծակը, որով գերտերությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի քաղաքականության վրա:

Նա այն միտքն է հայտնել, որ երրորդ անգամ պետականության ձևավորումից հետո հայերը կանգնում են մի նոր վտանգի առաջ, որով փորձ է արվում բաժանել հայ ժողովրդին, որպես օրինակ բերելով Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը, որտեղ սփյուռքահայերն այնքան էլ ջերմ չեն ընդունել նրան: Նա ակնարկել է Հայաստան-Սփյուռք պառակտման մասին:
Վերլուծաբանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում և նախաստորագրված արձանագրություններում ոչ մի դրական բան չի տեսնում հայկական կողմի համար, հավելելով, որ եթե գործընթացը կանգնեցնելու հնարավորություն չլինի, ապա պետք է ավելի զգոն լինել հետագա ոչ բարենպաստ քայլերից խուսափելու և դրանք կանխելու համար:

Արցախում, ըստ Հրաչ Արզումանյանի, պետք է զգոն լինել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով...
Սեփական տեսակետ ունենալը, հատկապես երկրի ու ազգի ճակատագրին վերաբերող հարցերում, երևի այնքան էլ հարգի չէ պետական որոշ հաստատություններում:



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՆՉՊԵՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԴԱՍԱՅԻՆ ԿԱՐԳԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՐԿՐՆԵՐԸ

«ՆԷ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, համաձայնագրի ստորագրումը:
- Եթե դա քննարկենք միայն երկու կողմերի հարաբերության հարթությունում, անշուշտ պիտի ապակողմնորոշվենք և սխալ եզրահանգման գանք: Շատ կարևոր է, որ մենք հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր համայնապատկերի վրա, որովհետև այս հարաբերությունների կարգավորումը և, ընդհանրապես, երկրագնդի ցանկացած մասում կատարվող իրադարձությունները գլոբալիզացիայի գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, այդ թվում՝ «Եվրոպան և նրա հարևանները» ծրագրի, որը չի ճանաչում փակ սահմաններ, անհաշտ հարաբերություններ: Եվ, ընդհակառակը, ճանաչում է քաղաքական, տնտեսական և մշակութային ինտեգրացիան: Իսկ Թուրքիան և Հայաստանը ամեն կերպ ձգտում են մտնել եվրոպական ընկերակցություն, որպեսզի հնարավորություն ստանան օգտվելու համաեվրոպական «բարիքներից»:

- Երևի թե գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հաշտեցման նախագծի հեղինակները Թուրքիան ու Հայաստանը չեն: Համաձայնագրի ստորագրման ժամանակ «սցենարի» հեղինակներն ու ռեժիսորը կանգնած էին ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների թիկունքում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Թուրքիան պետք է որ ակնկալիքներ ունենան հարաբերությունների կարգավորումից: Ըստ Ձեզ, կողմերն ի՞նչ սպասելիքներ ունեն համաձայնագրի ստորագրումից:
- Տրամաբանական է, որ կողմերը ձգտում են բանակցային գործընթացը տանել իրենց համար շահեկան ուղղությամբ: Սակայն ցանկանալը դեռևս քիչ է, որովհետև խաղի կանոնները թելադրողը մի երրորդն է, նրանք, որ կանգնած էին «դերակատարների» թիկունքում: Հայկական կողմը միանշանակ ձգտում է դուրս գալ երկարամյա շրջափակումից, ճանապարհ հարթել դեպի քաղաքակիրթ և բարեկեցիկ Եվրոպա: Թուրքիան նույնպես ձգտում է մտնել Եվրամիություն: Սակայն նրան ոչ պակաս չափով գրավում է նաև Կովկասյան տարածաշրջանում գլխավոր դերակատարություն ստանձնելու գայթակղությունը և աստիճանաբար իրականացնելու իր դարավոր երազանքը՝ Մեծ Թուրանի ստեղծումը: Այդ նպատակը ձեռնահասու դարձավ ԽՍՀՄ-ի փլուզմամբ:

- Իսկ երրորդ կողմն ի՞նչ է շահում, ի՞նչ նպատակ է հետապնդում հարաբերությունների կարգավորումից:
- Վճռորոշ դիրքորոշումը երրորդ կողմինն է, որն, ըստ իս, համաշխարհային տիրապետության հավակնող մասսոնական ուժերն են, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն հզոր ֆինանսա-տնտեսական, քաղաքական, հասարակական և ռազմական համակարգեր ու լծակներ, որոնք գործադրելով՝ ազդում են ցանկացած աշխարհաքաղաքական գործընթացների վրա՝ ձգտելով ստեղծել նոր աշխարհակարգ: Այդ ուժերի գլխավոր թիրախը ազգային գաղափարախոսությունն է, կրոնը և ազգային ավանդույթները: Օգտվելով իրենց համար բարենպաստ պայմաններից, այն է՝ ժողովուրդների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակից, իրենց տարբեր ինստիտուտների միջոցով կազմալուծում են վերջիններիս ազգապահպան հենասյուները և ներմուծում ապազգային ու նյութակրոն համակարգ:

- Կապ կա՞, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի խնդրի միջև:
- Տարածաշրջանի երկրները ի զորու չլինելով ինքնուրույն կարգավորելու իրենց հարցերը, տնտեսությունների կաթվածահար վիճակը, ստիպված ընկնում են հզոր Արևմուտքի ոտքերը՝ նրանց հովանավորությունը և միջնորդությունը կորզելու համար: Իսկ միջնորդները և հովանավորները գործում են իրենց հետաքրքրությունների և շահերի տեսանկյունից: Համաձայնագիրը, բնականաբար, փոխզիջման վրա հիմնված փաստաթուղթ է, որը, հետևաբար, ավելի ձեռնտու է միջնորդ կողմին:
Ինչո՞ւմն է կայանում փոխզիջումը (առևտուրը): Եվրոպայի կողմից Թուրքիային իրենց ընտանիք մուտքագրելու համար նախապայմաններ են մարդու և խոսքի ազատությունները, քաղբանտարկյալների, ազգային, սեռական փոքրամասնությունների խնդիրները և, հատկապես ամենաազդու գործոնը՝ Թուրքիայի կողմից դարասկզբի Ցեղասպանության ճանաչումը...
Հայկական կողմին պարտադրված է ճանաչել Թուրքիայի հետ առկա սահմանը, այսինքն՝ ետ կանգնել հողային պահանջատիրությունից: Այդ հանգամանքում Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից լուրջ վտանգ չի ներկայացնում, ընդամենը նրան թեթևացնում է անցյալի բեռից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն իրականացվում է նույն ուժերի կողմից՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում, որտեղ Թուրքիան և Հայաստանը շահագրգիռ կողմեր են: Իհարկե, ֆորմալ կապ չկա հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցի կարգավորման միջև, սակայն իրականում տարածաշրջանային ընդհանուր ենթատեքստում օրգանապես իրար հյուսված հարցեր են:

- Թուրքիան կարծես թե ձգտում է բանակցային գործընթացը ձգձգելով, ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի առավելագույն զիջումներ կորզի Ղարաբաղի հարցում: Արդյո՞ք թուրքերը կարողանալու են փոխել միջնորդ կողմի գրած սցենարը:
- Ըստ իս, միջնորդները Թուրքիային և Ադրբեջանին կպարտադրեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, իսկ հայկական կողմը պետք է հանձնի ազատագրված տարածքները: Թուրքիայով ճանապարհ ունենալու դիմաց հայկական կողմը պիտի ճանապարհ տրամադրի Ադրբեջանին՝ հաղորդակցվելու Նախիջևանի և Թուրքիայի հետ: Ի տարբերություն թուրքական և ադրբեջանական կողմերի հաստատուն և կարծր դիրքորոշման, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, բազմիցս հայտարարել է ազատագրված հողերից դուրս գալու իր պատրաստակամության մասին և Կարսի պայմանագրի վերաբերյալ: Տեսակետ կա, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս ամենը խաղ է: Իհարկե, դա չի բացառվում, սակայն պիտի ասենք, որ կրակի հետ ենք խաղում:

- ՀՀ ղեկավարն ինչո՞ւ է մտել այս «խաղի» մեջ: Չէ՞ որ շատերիս համար պարզ է, որ հայկական կողմը շատ բան է կորցնում այդ, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորումից:
- Հայ-ադրբեջանական կողմերը մտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ, այսինքն՝ միջազգայնացնելով կոնֆլիկտը, իրենց ճակատագիրն ինչ-որ տեղ դրել են գերտերությունների ձեռքում: Նույնը վերաբերում է նաև Թուրքիային, որովհետև նա պարտավորություններ ունի մի շարք միջազգային կազմակերպությունների առաջ (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոատլանտյան դաշինք և այլն): Գերտերություններն, ունենալով հստակ գլոբալիզացիոն ծրագրեր, հսկայական ֆինանսական միջոցներ և ժողովուրդներին կառավարելու մեծ փորձ, «երրորդ կարգի» ժողովուրդներիս հմայել են բարեկեցիկ ապրելու պատրանքներով և, թասիբի գցելով քաղաքական արիություն ցուցաբերելու խաբկանքով, դրդել են համաձայնագրի այսօրինակ տարբերակին:
Մեր քաղաքական վերնախավը և օլիգարխները, ժամանակին յուրացնելով ազգային հարստության առյուծի բաժինը, ժողովրդի մեծ մասին մատնելով ծայրահեղ աղքատության, հեռացել են ազգային հոգևոր-մշակութային արժեքներից և, ձգտելով ամեն գնով ճանապարհ հարթել դեպի բարեկեցիկ Եվրոպա, պատրաստ են շատ ազգային արժեքներ զոհաբերել: Նպատակին հասնելու համար չեն խնայում միջոցները՝ սեփական ժողովրդից ճշմարտությունը քողարկելով, ահաբեկելով, որ այդ ճանապարհը միակն է մեր գոյատևման համար:
Անտեսելով մեր ազգային արժանապատվությունը, իշխանախումբը գերակա է համարում տնտեսական և բարեկեցիկ ապրելու շահը: Այդ մարդիկ չեն գիտակցում, որ սահմանը բացվելու հետ՝ փակվել էլ կա, իսկ այն արժեքները, որ զոհաբերվում են՝ մշտական են: Այս վարչախումբը, գայթակղված լինելով նյութական անցողիկ արժեքներով, մոլորության է տանում նաև հայ հանրությանը՝ կեղծ քննարկումներ կազմակերպելով, դրանով իսկ մասնատելով նրան:

- Անձամբ դե՞մ եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն:
- Դեմ չեմ կարգավորմանը, սակայն ո՛չ նման նախապայմաններով: Այս հարաբերությունների բարելավումը սկսելով «ֆուտբոլային դիվանագիտությամբ», մոռանում են մի բան, որ ինչպես ֆուտբոլային թիմերն են տարբեր դասային կարգի, այնպես էլ երկրները և դիվանագետները: Գոնե խորագիտություն պետք է ունենանք՝ հրաժարվելու այն բարդ խաղերից, որտեղ մեզ խայտառակ պարտություն է սպասում:

- Հնարավոր համարո՞ւմ եք գործընթացում փոփոխություների հնարավորություն:
- Չեմ բացառում, որ գործընթացը կարող է այլ ընթացք ունենալ, սակայն սյուժեն չի փոխվելու, քանի որ նախագծի հեղինակները հետևողական են իրենց ծրագրերի մեջ: Եվրոմիությունը և Եվրոատլանտյան դաշինքը ընդլայնում են իրենց սահմանները՝ հաստատվելով Փոքր Ասիայում և Անդրկովկասում՝ ընդհուպ մոտենալով Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի սահմանին: Երկրներ, որոնք այդ ուժերի և նրանց ծրագրերի իրականացման մեծագույն խոչընդոտներն են:
Ի դեպ, 1988-ին մենք արդեն եղել ենք նման իրավիճակում՝ ընտրել նյութակա՞նը, թե՞ ոգեղենը: Խոսքս վերաբերում է ԽՄԿԿ-ի կողմից մեզ տրամադրված 450 մլն ռուբլուն՝ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մենք այն ժամանակ մերժեցինք նյութական գայթակղությունը՝ նախընտրելով արժանապատիվ ու ազատ ապրելը մեր կենսատարածքում: Այսօր կրկին փորձ է արվում ապակողմնորոշելու մեզ, նորից փորձում են մեր ազգային ինքնագիտակցությունը...
Աստծո լույսով ճանաչենք ճշմարտությունը, հաղթահարենք մեր ներքին վախը և տեր կանգնենք մեր հայրերի ժառանգությանը՝ հստակ գիտակցելով, որ գլոբալիզացիան նյութական և ապազգային ճանապարհ է: Ամեն մարդ կամ վարչախումբ իր ձեռնարկումներում ելնում է իր դավանած արժեհամակարգից և, բնականաբար, պաշտոնամոլ ու ընչաքաղց մարդիկ արդեն կողմնորոշվել են՝ ընդունելով նյութականի գերիշխանությունը: Հույս ունեմ, որ ազգովի կհրաժարվենք ազգակործան այդ ուղուց...

- Իսկ եթե իշխանությունները ետ չկանգնեն ազգակործան այդ ուղուց, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկենք:
- Դրանով նախագահը, իր բնորոշմամբ, մեծ գին է վճարելու: Այն է՝ պիտի պահանջել նրա հրաժարականը:



ԱՐՑԱԽԸ ԽԱՄԱՃԻԿ ՉԷ

Դեռ չէինք հասցրել ՀԱԿ-ի ու հայաստանյան հանրության մի զգալի շերտի այն մեղադրանքի «տակից դուրս» գալ, թե ինչո՞ւ ղարաբաղցիները ակտիվ չեն, ինչո՞ւ են անտարբեր, ինչո՞ւ են լռում և այլն, երբ համանման հանդիմանանք լսվեց մեկ այլ ճամբարից: Հոկտեմբերի 16-ին հանդես գալով ՀՅԴ կազմակերպած հանրահավաքում՝ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տարակուսանք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացի հանդեպ պասիվ է Ղարաբաղը և որ պիտի ակտիվանա: Այս ուղտը մի օր չոքելու է Ղարաբաղի առաջ՝ ասել է նա, հավելելով, որ պարզ երևում է, թե նշյալ հարաբերությունների տրամաբանությունն ուր է գնում, այսինքն, որ կան նախապայմաններ:

Ամենայն հարգանքով վերաբերվելով Արմեն Ռուստամյանին, միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ նման հայտարարություններն էլ արդեն մեր տարակուսանքի տեղիքն են տալիս: Ըստ երևույթին, հայաստանյան ամեն մի քաղաքական ուժ գտնում է, որ հենց իր կանչով, իր ուզած ժամանակ, իր ուզած առիթով ու իր ուզած ձևով պիտի ակտիվանա Ղարաբաղը: Ոչ ոքի չի մտահոգում այն հարցը, թե Ղարաբաղը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ, էլ չեմ ասում՝ ուզու՞մ է դա հենց իր կանչով անել, թե՞ ոչ: Ասում են՝ պիտի, ու վերջ:
Վերջին տասնամյակում մենք ուղղակի մեր իսկ ձեռքերով ոչնչացրել ենք ղարաբաղյան գործոնը, իսկ ոչնչացրել ենք հենց նման վերաբերմունքով, նման հոգեբանությամբ, ընդ որում՝ դա արել է և իշխանությունը, և քաղաքական ուժերը, և, ցավոք սրտի, նման իշխանություն ու նման քաղաքական ուժեր ունեցող հանրությունը: Մինչդեռ տարրական քաղաքավարություն ու հարգանք է պետք այս հարաբերություններում: Ոչ թե հրահանգներ է պետք «իջեցնել», այլ իրար հետ խոսել, իրար լսել, պայմանավորվել: Ցավալի է, շատ ցավալի, բայց փաստ՝ ՀՀ և ԼՂՀ հանրությունները բացարձակապես չեն ճանաչում իրար, օտար ու խորթ են: Եւ սա այն հարցն է, որում ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, ոչ ոքի, բացի մեզնից:

Այս մասին է պետք մտածել ու մտահոգվել: Եթե հայաստանյան քաղաքական ուժերին մտահոգում է Արցախի վերաբերմունքն ու դիրքորոշումը, ապա ոչ թե դրվագներով, այլ շարունակաբար ու հետևողականորեն պիտի ուսումնասիրել ու խորամուխ լինել արցախյան իրողություններում, սեփական ուժերի ներածին չափ նպաստել այստեղ քաղաքացիական ու քաղաքակիրթ հասարակության կառուցմանը, ականջալուր ու սրտացավ լինել միմյանց նկատմամբ: Սա երկար տարիների աշխատանք է, մեծ ջանքեր ու անշոու վերաբերմունք է պահանջում, որի զահլեն չունեն շատերը: Իսկ եթե այդպես է, ուրեմն, հազար ներողություն, պետք չէ նաև «զահլա տանել»:

Կարծում եմ, Ղարաբաղը բազմիցս ապացուցել է, որ չի հանդուրժում իր նկատմամբ «կոճակային» վերաբերմունք: Այո, երբեմն լռել է, երբեմն երկչոտ է եղել, երբեմն խեղճացել է, երբեմն ցավից ու վիրավորանքից շփոթահար կծկվել է, բայց երբեք թույլ չի տվել իրեն խամաճիկ դարձնել ու կոճակ սեղմելով իրեն կառավարել: Ղարաբաղ ասելով այստեղ նկատի ունեմ ժողովուրդը և միայնումիայն ժողովուրդը:
Եվ հետո, ի՞նչ է նշանակում «Ղարաբաղը պիտի ակտիվանա»: Ո՞ւմ մասին է խոսքը: Ղարաբաղը միադեմ, միակամ, միագույն ու միակարծիք չէ, պարզ ասած՝ ինկուբատոր չէ, որքան էլ «արցախյան միասնության» պրոեկտի հեղինակները փորձեն շարունակել այս նաղլը: Եթե միասնություն էլ է, ապա առանձին մասերի շղթայավորված ամբողջություն, ուստի անիմաստ է համընդհանուր կոչը: Այդ շղթաներից մեկն էլ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն է: Շատ ավելի խոհեմ կլիներ սկսել այստեղից:
Այլապես եթե այսպես շարունակվի, ապա ուղտն էլ չի չոքի Ղարաբաղի դռան առաջ, որովհետև զահլա չի ունենա դատարկ տան դուռը թակելուց: Ի՞նչ ասեմ, սա էլ է դռան առաջ չոքած ուղտից խուսափելու ձև: Չկա տուն՝ չկա ուղտ:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Lragir.am




ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄԱՅԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄ ԵՎ ԳՈՐԾ՝
ՍԱ Է ՄԵՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՒՂԻՆ

«Միության 15 հանրապետություններից Հայաստանում, համենայն դեպս, ձեռնարկվեց և երկրում մեծածավալ թափով քայքայվեց գյուղատնտեսության ձևավորված ու աշխատող համակարգը... 60 տարիների ընթացքում ձևավորված տնտեսությունները քայքայելը, այնուամենայնիվ, հանցագործություն է»:
Այս տողերը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գործունեությանը նվիրված «Հուսո ճառագայթներ» գրքից են: Տարիներ առաջ գյուղում տեղի ունեցած զանգվածային շրջադարձի գնահատականը տրված է ամենայն ճշգրտությամբ: Շուկայական անսանձ կամայականությունները, կարգուկանոնի բացակայությունը, տնտեսական սերտ կապերի խզումը հողմացրիվ արին մեր տնտեսական համակարգը, այդ թվում՝ գյուղատնտեսությունը: Կասկածել չի կարելի, որ նման եզրակացությունը գրքի հեղինակ Մ. Ամատունուն չի պատկանում, որ դա նրան հուշել է Ռ. Քոչարյանը:

Այլ հարց է, թե այդպիսի կարծիք նա ինչո՞ւ մեծ ուշացումով է հայտնում և ինչո՞ւ շրջանցում է այն, որ Արցախում հողի սեփականաշնորհման գործընթացը եռանդուն կերպով իրականացնողը հենց ինքն է եղել: Եթե վերոհիշյալ գնահատականը խոր համոզվածության արդյունք է, ապա ինչո՞ւ իր նախագահության ժամանակ փորձ իսկ չի արել շտկելու թույլ տրված սխալը: Իրականում սա քաղաքական դեմարշ է, հանրապետության նախագահի հերթական ընտրությունների նախօրյակին իր թեկնածությունը սահմանադրական «շտկումով» երրորդ անգամ առաջադրելու նպատակով միավորներ վաստակելու փորձ: Սակայն սա այլ թեմա է:
Շրջադարձն իրականացնողներից ոչ ոք իրեն պարտավոր չզգաց գյուղացուն հարցնելու, թե նա համաձա՞յն է հողը սեփականաշնորհելու, թե՞ ոչ: Քիչ ընդդիմացողներ և բողոքներ չեղան, բայց «վերևից» ճնշումն այնպիսին էր, որ կամայական վճռի դեմ ամբողջ ճակատով ելնել հնարավոր չէր: Արդյունքում՝ թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի գյուղատնտեսությունը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ: Հողի բերրիության կտրուկ անկումը եղավ երկրորդ արագացուցիչը արտահոսքի չափերի աննախադեպ ընդլայնման համար: Միայն 1991-98 թթ. Հայաստանը թողեց 400 հազար բնակիչ, իսկ այսօրվա դրությամբ որքա՞ն բնակչից մենք զրկվեցինք: Բարձրաստիճան պաշտոնյաները‘ երևի, հասկանալով, որ իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն, գերադասում են շրջանցել վիճակագրական տեղեկություններ հրապարակելը:

Վերջերս մեր մամուլը մի շարք հոդվածներ է տպագրել Հայաստանում և Արցախում գյուղատնտեսության ճգնաժամային վիճակի և դրանից դուրս գալու մասին: Ընդհանուր կարծիքը մեկն է՝ տնտեսության այդ կարևորագույն ճյուղը խոր հետընթաց է ապրել: Չնայած մեզ պարտադրված պատերազմից հետո 15 տարի է անցել, գյուղատնտեսական հիմնական մթերքների արտադրությամբ զգալիորեն զիջում ենք անցյալ դարի 80-ական թվականների մեր ձեռք բերած ցուցանիշներին: ԼՂԻՄ-ը հիշատակված ժամանակաշրջանում ավելի շատ կաթ և միս էր ստանում, քան Անդրկովկասի մյուս 4 ինքնավարությունները՝ միասին վերցրած, չնայած բնակչության թվակազմով 8 անգամ զիջում էր նրանց: Խաղողի տարեկան արտադրությունը հասել էր 180-200 հազար տոննայի և բերում էր այնքան եկամուտ, որքան այսօրվա մեր պետական բյուջեն է կազմում:

Չեմ կասկածում, կգտնվեն անձինք, որ կասեն՝ այդ ինչպե՞ս է, որ Բաքվի հակահայկական քաղաքականության պայմաններում մեր գյուղատնտեությունն այդպիսի վերելք էր ապրում: Պատճառն այն էր, որ Բաքուն կապիտալ ներդրումներ, ճիշտ է, մեզ քիչ էր հատկացնում, սակայն խոչընդոտներ չէր հարուցում: Եվ դա հասկանալի է. նրանք ոչ քիչ չափով մեր հաշվին լրացնում էին բնակչությանը գյուղմթերքների մատակարարման պակասը, պարզերես դառնում Մոսկվայի առջև:

Իսկ գո՞ւցե ավելորդ է այս ամենը հիշատակելը, գո՞ւցե գյուղատնտեսության վարման նախկին կարգն արդեն սպառել էր իրեն: Ցավոք, այդպես չէր: Սույն հոդվածի սկզբում մեջբերված պարբերության մեջ կա այս հարցի պատասխանը՝ «ձևավորված ու աշխատող համակարգ»: Կային, իհարկե, «խմբագրման» ենթակա տեղամասեր: Սակայն, ընդհանուր առմամբ, հողի մշակը ոչ թե դեպի ետ, այլ դեպի առաջ էր նայում: Ընդհանուր ուղղվածությունն էլ արտադրության խոշորացումն էր, որի մասին մենք արդեն խոսել ենք «Նոր էջ»-ում տպագրված մեր նախորդ հոդվածներում:
Վերջապես մեր շատ տնտեսություններ ինչո՞վ չէին ֆերմերային տիպի: ԱՄՆ-ում քիչ կգտնվեն գյուղական տնտեսություններ, որ կարողանային մրցել Ճարտարի կոլտնտեսության հետ:
Խաղողայգիների գերազաց մշակման շնորհիվ տնտեությունը տարեկան ստանում էր 12-13 հազար տոննա խաղող, այսինքն այնքան, որքան ներկայումս ստանում է ողջ հանրապետությունը: Եվ Ճարտարը միակը չէր, տասնյակ այդպիսի տնտեսություններ կային:

Սակայն միայն հարուստ տնտեսություններ ունենալով չէր պայմանավորված հողի սեփականաշնորհմանը «ոչ» ասելը: «Հեղափոխական մոլուցքով» արբեցած՝ մենք շատ բան կորցրինք: «Սակավահողությունը ինքնին վճռական գործոն է հողի սեփականաշնորհումը բացառելու համար,- գրում է «Էքսպրես» ամսագրի խմբագիր Է. Նաղդալյանը,- սեփականաշնորհման հետևանքով փոքր երկրում (խոսքը Հայաստանի մասին է - Ե.Ս.) ստեղծվել է 430 հազար ֆերմերային տնտեսություն: Ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին բաժին է հասել 1,1 հա ցանքատարածություն: Հենց դա էլ կործանման եզրին է հասցրել գյուղատնտեսությունը, քանի որ այդպիսի փոքր հողատարածքի վրա պարզապես անհնար է հողից օգուտ ստանալը: Եթե հողի սեփականաշնորհումը չիրականացվեր և պահպանվեին խորհրդային տիպի տնտեսությունները, ապա արդյունքներն այսօր, անկասկած, այլ կլինեին: Բելառուսը հանդիսանում է դրա օրինակը»:

Ճիշտ և ճիշտ այդպիսի վիճակում է հայտնվել նաև Արցախի գյուղատնտեսությունը: «Ոչ թե հողը տրվեց գյուղացուն, այլ գյուղացին՝ հողին». այսպիսին է այդ գործընթացի շրջանառվող գնահատականը: Ավելին, Արցախում գյուղացուն հասանելի հողը տրվեց կիսով չափ դաշտային, կիսով չափ լեռնային, կամ նախալեռնային գոտիներում: Նույն կերպ բաշխվեցին նաև այգիները: Արդյունքում՝ գյուղացին տեր դարձավ չորս տեղամասի, որոնց այցելելու համար մի ամբողջ օր պիտի ծախսի:
«Խորհրդային իշխանության ժամանակ նույնիսկ մեխանիզատորները գոհ չէին այս կամ այն տարածքը վարելուց կամ նրա վրա աճած արտը հնձելուց,- ասում է Թաղավարդի նախկին կոլտնտեսության մեխանիզատորական բրիգադի բրիգադավարը:- ԱЇյ եթե մեզ տային ռուսական անծայրածիր տափաստանները: Իսկ մեզ մոտ աչքդ ճպում ես, թե չէ, պետք է շրջադարձ կատարես՝ դղրդացնելով մեքենադ և ծախսելով ավելորդ վառելիք»:

Եթե դրան ավելացնենք նաև, որ մեզ մոտ շատ գյուղերում հողաբաժիններն իրարից կտրված են խարակներով, դրությունն ավելի պարզ կդառնա: Իսկական ասպարեզ՝ վիճակագիրների համար. օգտակար կլիներ իմանայինք, թե միայն խարակների սահմանման պատճառով որքան ցանքատարածություններից ենք զրկվել, որքան՝ ընդհանրապես չմշակելու, որքան՝ ցաք ու մացառով պատվելու պատճառով: Սակայն հազիվ թե մեր վիճակագիրները նման «ինքնագործունեություն» իրենց թույլ տան և արժանանան վերևների կշտամբանքին, թեկուզ հայտնի է, որ այսօրվա իշխանությունները մեղք չունեն տեղի ունեցածի համար, եթե չհաշվենք նրանց հարմարվողականությունը իրեն լիովին չարդարացրածին:

Այլ հարց է, որ մենք, թեկուզ ուշացումով, իրավունք ունենք պահանջատեր լինելու նրանցից, ովքեր խոր վիհի եզրին հասցրին մեր գյուղատնտեսությունը: Խոսքս հետին պլանով նրանց «խաչելու» մասին չէ, չնայած մեր կորցրածը շատ մեծ է. զրկվել ենք հազարավոր տոննաներով սպիրտից, հարյուր հազար խոշոր եղջերավոր, այդ թվում՝ 17 հազար ցեղային կովերից: Գոնե ալան-թալանի մեր «վարպետները» դասեր չտային հայրենասիրության ու առաքինության մասին:
Աշխարհի և ոչ մի անկախացած պետություն հազիվ թե ծնված լիներ այնպիսի հիմնահարցերով, ինչպիսիք բաժին հասան Հայաստանին և Արցախին: Գործիմաց իշխանավորներ էին պետք նորանկախ մեր երկու երկրները կործանումից փրկելու համար: Մինչդեռ իշխանության գլուխ անցան, այսպես կոչված, միտինգավորները: Ճառ ասելը, հայրենասեր երևալու համար կուրծք ծեծելը դարձել էին մեկնահարթակներ՝ բարձր պաշտոնի տիրանալու համար:

«Մինչդեռ միտինգները,- «Այդ քաղցր պատիժը՝ սեփական պետությունը» հոդվածում գրել է Վարդգես Պետրոսյանը,- պետության կառավարման դասընթաց չէին... Առաջին իսկ օրից սկսվեց կադրերի ջարդը: Հին կադրերը, որոնց մեջ հազարավոր գործիմաց մասնագետներ կային, «խաղից դուրս» մնացին...»: Հավելենք նաև, որ նորեկները նաև երկկենցաղայիներ էին, պատրաստ կերպարանափոխվելու նոր հովերին համեմատ: Կուսակցական երկարամյա ստաժ ունեցող պաշտոնյան հրապարակայնորեն վառում էր իր կուստոմսը, ռուսական դպրոցում հայերենի դասերից փախչողը շտապ ուսուցիչ էր վարձում՝ մայրենին սովորելու համար...

Ես հատուկ դիտավորությամբ մեջբերեցի վերոհիշյալը: Մեր գյուղատնտեսության այսօրվա վիճակն արդյունք է և նրա, որ «խաղից դուրս» մնացին այս բնագավառի գրեթե բոլոր մեր մասնագետները, ովքեր գերազանց գիտեին իրենց գործը, ունեին մեծ‘ արգասաբեր փորձ: Շատերի համար սենսացիոն, բայց իր համար ռեալ գործի էր լծված Ճարտարում արդեն միութենական համբավի հասած Ջահան Լալայանը՝ խաղողի հեկտարային բերքատվությունը հասցնել 800-1000 ցենտների: Այսօր նման մարդկանց հետ հաշվի նստող չկա:
Այժմ պարզից էլ պարզ է, որ մեր գյուղատնտեսությանը հասցված հարվածներից ամենից կործանարարը խաղողագործության նկատմամբ արմատավորված հանցավոր վերաբերմունքն է: Տարիներ առաջ «վերևներից» ոչ թե խորհուրդ, այլ անվիճարկելի հրահանգներ տրվեցին՝ խաղողայգիները վերացնելու և ազատված տարածքները հացահատիկայիններով զբաղեցնելու մասին: Մեզ պարտադրված պատերազմի պատճառով դրանց մի մասն արդեն չկար, մնացածն էլ «խելքից պատուհասների» բաժին դարձավ:

Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ ձեռք բարձրացվեց տարիների տքնանքի արդյունքի վրա: Խաղողագործությունը մեզ ձեռնտու չէ, եկամտաբեր չէ՝ սա էր նույնիսկ ցածր բերքատվության դեպքում չհիմնավորված տեսակետը: Բայց կար, իրո՞ք, անհանգստանալու պատճառ: Իսկապես, աղետալիորեն իջել էր խաղողի բերքատվությունը՝ հեկտարից միջին 120-130-ի փոխարեն հասցվել 40 ցենտների: Այլ բան սպասել անկարելի էր: Անկասելիորեն իջել էր խաղողայգու մշակության կուլտուրան, մեքենայականին փաստորեն փոխարինել էր ձեռքինը, վերացել էին հակակարկտային կայանները, վնասատուների դեմ ինքնաթիռային սրսկումները և այլ կարգի մշակումներ:

Խաղողը մեզ ի վերուստ, Աստծո կողմից է տրված և այն մեզ համար իր եկամտաբերությամբ չէ միայն գնահատելի: Մեզ համար խաղողն ունի նաև սոցիալական լուրջ նշանակություն: Դեռևս խորհրդային տարիներին մեր այն գյուղերում, որտեղ խաղողագործությունը հարգի է երիտասարդները հայրենի օջախները չէին թողնում, բնակչությունն ավելանում էր:
Ճարտարի հազար հեկտար այգում 750 հոգի էին աշխատում, հիմնականում՝ երիտասարդներ: Տարին բոլոր նրանք աշխատանք ունեին: Ակամա հարց է ծագում. մեր հնագույն և փառքի արժանացած բնակավայրն այսօր ունի՞, արդյոք, 4200 բնակիչ, որ ուներ երկու տասնյակ տարի առաջ: Կասկած չի կարող լինել, որ չունի: Մանավանդ, որ չի գործում երբեմնի 140 աշխատատեղով արդյունաբերական արտադրամասը:
Մեծ Թաղերից ստույգ տեղեկություն կա, որ վերջին մի քանի տարում գյուղը թողել են 520 հոգի: Այստեղ էլ «խիզանը» պահողը խաղողենին էր և գյուղում 120 աշխատատեղերով գործող արդյունաբերական արտադրամասը:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
(շարունակությունը՝ հաջորդ համարում)

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ