Գլխավոր » 2009 Օգոստոս N9 /1
2009 Օգոստոս N9 /1
20:12
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿԱՄԱՎՈՐ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Հանրային խորհրդի անդամ, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով խորհրդի ղարաբաղյան ուղևորությունը, այսպիսի մի կենսականորեն կարևոր միտք է հայտնել. «Մենք նկատեցինք, որ բանակցությունների հարցում ղարաբաղյան իշխանություններն անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին։ Նրանք երբևէ չեն ենթադրում, որ հնարավոր է քաղաքական բանակցությունների արդյունքում զիջվեն ղարաբաղյան կենսական նշանակության հարցեր»։

Այսպիսի հույժ կարևոր տեղեկություն Հայաստան բերելու համար, իրոք, արժեր, որ հանրային խորհրդի անդամները չորսհարյուր կմ ճանապարհ կտրեին, հասնեին Ստեփանակերտ,- գրում է «Հրապարակ» թերթը։ Հատկապես, երբ Ղարաբաղից մինչ այդ այլ կարգի հայտարարություններ էին Հայաստան հասնում։ Ղարաբաղյան ԱԳՆ-ն, ԱԺ պատգամավորները պարբերաբար հայտնում են, որ Ղարաբաղը չի ընդունում Մադրիդյան սկզբունքները, պահանջում են «պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ՝ առանց ԼՂՀ համաձայնության, քանզի երբևիցէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն»։
 
Հանրային խորհրդի անդամները արցախյան առաքելության ժամանակ հանդիպել են ոչ միայն ԱԺ պատգամավորների, այլև վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու անդամների հետ։ Այդ նրա՞նք են հայտնել Խ. Հարությունյանին, որ «անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին»։ Մինչդեռ վերջերս հայտարարություն են ընդունել, ըստ որի՝ Պարտադրվող տարբերակը գնահատվում է անօրինական, անարդար, անբարոյական եւ կործանարար ամբողջ հարավ-կովկասյան տարածաշրջանի համար։ Երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու փորձագետները նույնպես պահանջել են ոչ միայն «քաղաքական գնահատական տալ տեղի ունեցող բանակցություններին, այլև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել բանակցությունների ընթացքի զարգացումն այն սցենարով, որի արդյունքում վտանգել է ոչ միայն մարդկանց կյանքը և հայկական պետականությունը որպես այդպիսին, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Խ. Հարությունյանը հայտնել է նաև, որ Ղարաբաղում փաստում էին, թե մինչ այս գոյություն ունեցող բոլոր բանակցային գործընթացների հայտնի փաստաթղթերից սա (խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է) որակական տեղաշարժ ունի՝ դեպի կոնֆլիկտի հնարավոր արդարացի լուծում։

Թվում է՝ կամ Խ. Հարությունյանն է լուսնից իջել, կամ նրա ղարաբաղյան «զրուցակիցները», քանզի գաղափար չունեն, որ խոսքը կարգավորման այն սկզբունքների մասին է, որ ենթադրում է՝ 1. Ղարաբաղը (նախկին ԼՂԻՄ-ը) շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, 2.բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների (խոսքը միայն ազերիների մասին է, ի դեպ, հազիվ որեւէ հայ ցանկանա կրկին վերադառնալ Բաքու կամ Սումգաիթ)՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում, 3.Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք (ասել է թե՝ պորտալար, երեւի թե փախուստի համար), 4.անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն (ինչպես Կոսովոյի սերբերի անվտանգությունն են պաշտպանել), 5.Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ ներկայիս անկախ պետականության փոխարեն...

Խ. Հարությունյանի կարծիքով՝ «չնայած 1994 թվականից ի վեր Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարները միաժամանակ չեն նստել բանակցային սեղանի շուրջ, այդուհանդերձ, երբևէ Ղարաբաղը դե ֆակտո բանակցային գործընթացից դուրս չի եղել. միշտ էլ Ղարաբաղի կարծիքը ուղղակի կամ անուղղակի հաշվի է առնվել», բայց որքան մեր հիշողությունը պրպտում ենք, չենք կարողանում պարզել, թե խոսքը ո՞ր կարծիքի մասին է՝ ա՞յն, որ ղարաբաղցիները չեն ընդունում Մադրիդյան սկզբունքները, իսկ Բրայզան հատուկ շնորհակալություն է հայտնում Ռ. Քոչարյանին ու Վ. Օսկանյանին, քանզի հենց նրանց շնորհիվ են կյանքի կոչել Ղարաբաղի հայաթափմանը միտված այդ չարաբաստիկ սկզբունքները։ Կամ գուցե Ղարաբաղի ղեկավարներն են հատուկ խնդրել, որ փաստաթղթերում ամրագրվեն ազատագրված բոլոր շրջանները Ադրբեջանին վերադարձնելու, ազերի փախստականներին Ղարաբաղ բերելու կարեւորագույն պահանջները։

Ամենահետաքրքիրը Խոսրով Հարությունյանի վերջին ընդհանրացումն է՝ Ղարաբաղյան կոնֆլիկտն իր կարգավորումից այսօր հեռու է ճիշտ այնքան, ինչպես 10 տարի առաջ։ Երեւի բանակցային գործընթացի հենց այս մեծ առաջընթացի համար են ղարաբաղցիները «անվերապահորեն վստահում Սերժ Սարգսյանին»։
Ասում են՝ ամեն ոք տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Ըստ երևույթին, ՀՔԴՄ կուսակցության նախագահը ժամանել էր Ղարաբաղ, որպեսզի այնտեղ տեսնի այն, ինչ ցանկացել է տեսնել,- գրում է «Հրապարակ» թերթը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




Հայաստանյան մամուլի էջերից

ՄԻՆՉԵՎ 1930-ԱԿԱՆՆԵՐԸ «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ

«Ոչ մի ազգային գաղափար լինել չի կարող, քանի դեռ մենք չենք կողմնորոշվել մեր ազգային ինքնության պահպանման հարցում»,- ադրբեջանական «Զերկալո»-ում հրապարակած իր «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ո՞ւր ենք գնում» հոդվածում հայտնում է ԱԳԱԱ Ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքփերլին:
Նա հայտնում է, որ մինչև 1930-ական թթ. ստալինյան ռեֆորմները «Ադրբեջան» պարզապես գոյություն չի ունեցել, և նման անվանումը կցվել է Ստալինի կամքով, մինչդեռ 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության և Խորհրդային Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական անվանումն ընդհուպ մինչև 1936 թ. եղել է turk:

«Կորցնելով ազգային ինքնությունը՝ մենք ընկղմվեցինք վեճերի մեջ այն մասին, թե ով ենք մենք՝ շումերների, ալբանացիների, միդացիների, թե մեկ այլ ժողովրդի հետնորդները: Այդ հոգնեցուցիչ ու հիմար վեճերը վերջ չունեն և չեն էլ ունենա, քանի դեռ մենք չենք կանգնել բնական պլատֆորմի վրա և չենք ճանաչում, որ «ադրբեջանցի» արհեստական, անդեմ անվան տակ կոծկված են իրական էթնոսներ՝ հիմնականում թուրքեր, ինչպես նաև քրդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ և այլն»,- արձանագրում է ադրբեջանցի պատմաբանը:
«Մեզ մինչ օրս «թուրք» են անվանում հայերը, պարսիկները և այլ ժողովուրդներ»,- ընդգծում է նա: Պատմաբանը վստահ է, որ ոչ ոք իրենց չի շփոթի Թուրքիայի թուրքերի հետ, և օրինակ է բերում արաբական պետությունները, ինչպես նաև Իրանի ադրբեջանցիներին, որոնք «դարեր ի վեր իրենց turk են անվանում, բայց այդպես էլ թուրքական թուրքերի չեն վերածվել և չեն էլ վերածվի»:
PanARMENIAN.Net
Տպագրվում են կրճատումներով




ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԴԱՐՁ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ

Պատմական անհերքելի փաստ է ու պատմական իրողություն, որ Մեծ Հայքի 15 աշխարհներից մեկը Արցախն է, որի սահմանները արևելքում կազմում են Միլի կամ Մուղանի տափաստանը, արևմուտքում՝ Գարդմանից աշխարհը, հարավում՝ Արաքս, և հյուսիսում Կուր գետը՝ Ուտիքի և Սյունիքի նահանգների հետ միասին։
Արցախը եղել է ուժեղ միջնաբերդ՝ պաշտպանելով Հայկական բարձրավանդակը թշնամիների ասպատակություններից։ Իլհամ Ալիևը իզուր է բարբառում «գրավյալ» տարածքների մասին՝ չցանկանալով իմանալ, որ անցյալ դարի 20-ական թվականներից առաջ աշխարհում երբեք գոյություն չի ունեցել «Ադրբեջան» անվամբ պետություն և ադրբեջանական ազգ։ Ինչպես վկայում են պատմական աղբյուրները և հեղինակավոր շատ պատմաբաններ, «Ադրբեջանը» Հայաստանի Ատրպատական գավառի անվան արաբական ձևն է, որն այժմ գտնվում է Իրանի տարածքում։ Կոմունիստական հանցախմբի կողմից 1936 թ. ադրբեջանցիներ են կոչվել թուրք կարափափախները, որոնք որպես քոչվոր ցեղեր այդ տարածքում հայտնվել են վերջին 1-2 հարյուրամյակում։

Հետևաբար, Ադրբեջանական Հանրապետությունը ստեղծվել է արհեստականորեն։ Կովկասյան թաթարները (թուրք կարափափախներին այդպես էին անվանում) Արևելյան Հայաստանի հողերի նկատմամբ ոչ մի պատմական կամ քաղաքական իրավունք չեն ունեցել, չունեն և չեն կարող ունենալ։ Մի խոսքով՝ ուրիշի տարածքում ստեղծվել է մի կազմավորում՝ ագրեսիվ ու բռնազավթողական նպատակներով։
Մամուլի ասուլիսներից, տարբեր լրատվամիջոցներից ու այլ աղբյուրներից մեր ժողովուրդը իրազեկ է դառնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացների հետ կապված տարաբնույթ խնդիրներին։ Մինսկի խմբի եռանախագահները ներկայացնում են այնպիսի ծրագիր, ըստ որի հայկական զորքերը թողնում են ազատագրված տարածքները, վերագործարկվում են Բաքու-Մեղրի-Նախիջևան երկաթգիծը, ապա՝ ավտոճանապարհը։

Ադրբեջանում տեղակայվող ամերիկյան զորքերը բազավորվում են հենց այս ազատագրված տարածքներում՝ իբրև ազերի փախստականների վերադարձի և երկաթուղու անվտանգության երաշխավորներ։ ԼՂՀ-ն Ադրբեջանին է վերադարձնում նրա հարավային բոլոր հողերը՝ չստանալով ոչինչ իր կարգավիճակի հարցում։ Ցավալիորեն սա նշանակում է, որ մենք ունենալու ենք «ինքնավարություն» ադրբեջանական բռնապետության կազմում։ Եվ դա՝ բազում հայորդիների արյան գնով ձեռք բերած ազատության ու անկախության փոխարեն, այսօրվա մեր ազատ կյանքի փոխարեն։ Բայց հնարավո՞ր բան է դա։ Ինչպե՞ս կարող է հայը նորից իր վիզը դնել ադրբեջանական դահիճների կացնի տակ։

Ադրբեջանցի մարդակերները բոլորի աչքի առաջ օրը ցերեկով, այլն էլ 21-րդ դարի շեմին հայ ժողովրդի նկատմամբ իրականացրեցին ծանր ոճրագործություններ՝ ընդհուպ երեխաների, ծերերի, կանանց դաժան սպանությունները։ Եվ դա՝ հպարտության զգացումով ու անասնական հրճվանքով։ Անպատժելիության զգացումը և այն, որ իրենց թիկունքում կանգնած է ցեղասպանության իրականացման «մեծ փորձ» ունեցող Թուրքիան, ավելի խթանեց նրանց սանձարձակությունները։
Թուրքիայի նկատմամբ թողտվության և հանդուրժողական քաղաքականություն է վարել ԽՍՀՄ-ը, որը ժամանակին պաշտոնապես հայտարարել է, թե Թուրքիայի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ չունի՝ անշուշտ, նկատի ունենալով հայկական հողերը։ Խորհրդային իշխանության վերջին տարիներին ադրբեջանական գործոնի ակտիվացմանը զուգընթաց էլ ավելի խորացավ հայերի դեմ գործած ցանկացած հանցանքի դիմաց պատիժ չստանալու սինդրոմը։

Հ. Ալիևը, որն իր ցինիզմով ու լպրծուն բնավորությամբ ժամանակին նվաճել էր Բրեժնևի սիրտը, Արցախյան շարժման տարիներին կարողացավ շահել նաև Գորբաչովի սիրտը՝ հայերի նկատմամբ նոր ցեղասպանություն իրականացնելու գործում։ Ադրբեջանը փոքրիկ Արցախի դեմ դաժան պատերազմ սանձազերծեց և պարտվեց իր իսկ ձեռնարկած պատերազմում։ Սակայն նա հասցրեց մինչ այդ զանգվածային կոտորածներ կազմակերպել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և հայաբնակ այլ վայրերում։ Ադրբեջանը, Ալիևի ղեկավարությամբ, ձգտում էր վերադարձնել անցյալ դարասկզբից իրեն յուրահատուկ բարբարոսության ժամանակները։ Այն պետությունը, որը չի ընդունում հայոց ցեղասպանությունը, «տարածքային ամբողջականություն» անվան տակ բռնությամբ ցանկանում է տիրանալ ուրիշի երկրին ու հողին, ինչպես նաև այդ երկրում ապրող ժողովրդի ազատությանը, երբեք չի կարող ազատ ու քաղաքակիրթ երկիր համարվել։

Ղարաբաղն անհնար է կրկին վերադարձնել Ադրբեջանի կազմ։ Դեռ ավելին՝ ոչ մի թիզ հող չպետք է զիջել թշնամուն։ Այդ հողերն այսօր ոչ միայն անվտանգության գոտի են հանդիսանում և պաշտպանական, ռազմավարական նշանակություն ունեն, այլև պատմականորեն հայկական հողեր են, որ հետ վերադարձրինք մեր զավակների արյան գնով։

Ոչ թե մենք պիտի հող վերադարձնենք հակառակորդին, այլև Ադրբեջանը պիտի վերադարձնի գերված Շահումյանը, Մարտակերտի, Մարտունու շրջաններից բռնազավթած հողերը, հենց Թուրքիան ինքը պարտավոր է վերադարձնել հայկական հողերը, ճանաչի իր կողմից իրականացրած ցեղասպանությունը։ Գո՞ւցե այդ ժամանակ մտածենք համակեցության մասին։ Միջազգային հանրությունը ձայն չհանեց, բողոքի ձայն չբարձրացրեց հայերի հանդեպ կատարվող վանդալիստական գործողությունների հանդեպ, որովհետև մեջտեղ նավթի գործոն կար։ Այսօր էլ այդ գործոնն ուժեղ է, և գերտերությունները, ելնելով իրենց շահերից, ձգտում են հակամարտությունը լուծել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» տիրույթում։
Մեր քաղաքական ղեկավարությունը ստեղծված իրավիճակում պետք է կարողանա միասնական ջանքերով չեզոքացնել ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր վտանգները։ Պատմության անիվը մշտապես առաջ է ընթանում։ Երկու տասնամյակ է՝ Ղարաբաղն ապրում է որպես ազատ ու անկախ երկիր։ Հետդարձ ճանապարհ չկա։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ
Կենսաթոշակառու




ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲ ԱՆՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ

Արցախյան պատերազմի ավարտից հետո անցել է 15 տարի։ Քիչ ժամանակ չէ և քիչ գործեր չի արվել։ Վերականգնվել են ավերված մեր քաղաքներն ու գյուղերը, կառուցվել, նորոգվել են կրթական և մշակութային շատ օջախներ։ Կիսով չափ ավերված մեր մայրաքաղաքն այսօր ունի այնպիսի շքեղ կեցվածք, որպիսին իսկ չէինք կարող երազել։ Սակայն չարվածն էլ քիչ չէ։ Եվ ամենից շատ վնաս կրել և կրում ենք նրանից, որ պինդ չկպանք մեր տնտեսության վերականգնմանը։

Աշխատանքով չապահովվածությունը հուսալքություն է առաջ բերում բնակչության շրջանում։ Երեկվա գործով ապահովվածին, շատ թե քիչ բարվոք կյանքով ապրածին, Ադրբեջանի տարբեր վայրերից մեզ մոտ բռնագաղթվածին ոչինչ չէր մնում, քան ճամփորդի ցուպն առնել ձեռքն ու գոյապահպանման օջախ որոնել օտար ափերում։
Այսօր այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք արդեն ընտելացել ենք մեր բնակչության արտագաղթին։ Լրատվության միջոցները, որ մի ժամանակ, տարիներ առաջ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում այդ առթիվ, հիմա կատարյալ լուռ են, միջկուսակցական գզվռտոցներն են առաջին պլանում։  Բարձրաստիճան պաշտոնյանները գերադասում են շրջանցել արտագաղթի գոյությունը։ Մինչդեռ մեր հակառակորդները ուրախության ծափ են զարկում։ «Ի՞նչ եք ճռվողյուն բարձրացնում, ԱՄՆ-ն երբեք 75 միլիոնանոց Թուրքիային չի թողնելու մի կողմ և պաշտպանելու 2 միլիոնանոց Հայաստանին»,- Թուրքիայի վարչապետ Էրդոողանի խոսքերն են՝ ուղղված իր վերջերս կայացած մամլո ասուլիսի մասնակիցներին։

Մի կողմ թողնենք թվաբանական այս մարզանքները, բայց և խոստովանենք, որ ցանկացածդ երկրի համար բնակչության թվաքանակը ռազմավարական հույժ կարևոր նշանակություն ունի։ Մինչդեռ մեր երկրից արտագաղթը վերջ չունի։ Եվ դա հաստատելու համար շատ տվյալներ էլ պետք չեն։ Ռուսաստանում 1989 թվականին ընդամենը 360 հազար հայ էր բնակվում, մինչդեռ այսօր մեր հայրենակիցների թվաքանակն այդ երկրում 2.5 միլիոն է։ Եվ դա բնական չնչին աճի արդյունք չէ, այլ հիմնականում Հայաստանից և Արցախից ապաստանածների։
Ձեռքի տակ Արցախից արտահոսքի ստույգ տվյալներ չունենալու պատճառով (փակագծերում միայն նշենք, որ Արցախից արտահոսքը մշտական է եղել և այսօր մեր բնակչության թվաքանակը 1923 թ. մակարդակի վրա է) հիշեցնենք, որ երևանյան մամուլի արձանագրությամբ միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դուրս ժամանակավոր աշխատանքի է մեկնել 70 հազար մարդ։ Սա դեռևս գրանցումից ժամանակավոր հանվածներն են, չգրանցվածները չեն հաշված։

Ես այս ամենի մասին խոսք բացեցի մեկ աներկբա ճշմարտության հաստատման համար։ Հայորդուն հայրենիքում պահելու, ոչ թե օտարի, այլ հայրենի տան շենացման համար կա մեկ ուղի՝ որպես գրավչանյութ ունենալ նորմալ գործող, իր անդամակցին կատարածի համար համազոր վաստակ երաշխավորող, ունակ տնտեսություն։ Սակայն տարին գլորվում է տարուն և ոչ մի արտադրական կարողություն չի վերականգնվում, նորերն էլ, եթե ծնունդ են առնում, ապա ամեն մեկը հազիվ մի քանի տասնյակ աշխատատեղով և արտադրանքի իրացման ոչ հուսալի ապահովությամբ։

Մեծ չափով գործին խանգարում է այն, որ մենք արդեն նոր հասարակարգում ենք, զանգվածային թալանից գոյացել է մեծ ունեցվածքի տեր մարդկանց մի ստվար ջոկատ, որի շահերը ոչ միայն չի համընկնում, այլև հակադիր է հանրային շահերին։ Առաջին զոհերից մեկը դարձավ մայրաքաղաքի կահույքի ֆաբրիկան։ Հրետակոծություններից խիստ տուժել էին նրա արտադրամասերը։ Սակայն ֆաբրիկայի կոլեկտիվը չընկրկեց, սեփական միջոցներով վերացրեց ավերվածը, սկսեց նորմալ աշխատել։ Վերջնական կործանումից առաջ՝ 1998-ին արտադրանքի թողարկումը հասավ 160 միլիոնի, շահույթինը՝ քսանվեց միլիոն դրամի։ Հումք էլ բավական կար, նրա պաշարները կարելի էր լրացնել տեղականով։

Սակայն պետպատվերը, որ մինչ այդ ֆաբրիկան էր կատարում, հանվեց նրանից և տրվեց շտապ թխված կահույքի նոր արտադրամասի տեր դարձած լովկաչի։ Մնացին անհատական պատվերները, որոնք բավական չէին պահպանելու ֆաբրիկայի գոյությունը։ Կոլեկտիվը վրդովեց, նրա հրավերով տեղում եղան հանրապետության այն ժամանակվա նախագահ Ա. Ղուկասյանն ու վարչապետ Ա. Դանիելյանը, բայց մասնավորի շահն ավելի գերադասվեց, քան պետական ձեռնարկության։ Ֆաբրիկայի դռները դրվեցին կողպեքի տակ, 120 կահույքագործ դուրս նետվեցին փողոց։ Ո՞վ գիտե, երբ այլ աշխատանքի անցնելու չնչին իսկ հույս չկար, որքան ընտանիք մնացին առանց կերակրողի։
Բարքե՜ր, բարքե՜ր։ Առայսօր առեղծաված է մնում, թե Ա. Դանիելյանն ինչպես հայտնվեց Արցախում, ում աջակցությամբ։ Ղրիմում բարձրաստիճան պաշտոնյա էր, երբ ստանձեց ԼՂՀ վարչապետի պաշտոնը և նրան էր վերապահված նոր արտադրամասեր հիմնադրել ցանկացողներին «այո» կամ «ոչ» ասելը։ «Այո» համարյա ոչ ոքի չասաց...

Շատերը նրան հուշեցին կապի մեր ծառայությունը չհանձնել մասնավորի։ Չլսեց։ Հետո առաջարկ եղավ գոնե տասը, առավելագույնը՝ քսան տարով հանձնելու մասին։ Դարձյալ չլսեց։ Կապի մեր ծառայությունը պայմանագրով մասնավորի հանձնվեց երեսուն տարվա ժամկետով։
Վերհիշենք, թե ինչպիսի տեսքով լույս ընծայվեց «Ազատ Արցախ» թերթը՝ նախագահական հերթական ընտրությունների հաջորդ օրը։ Համարի «մեխը» Անուշավան Դանիելյանի ամբողջ հասակով դիմանկարն էր, որ հիշեցնում է Ի. Ստալինին պատկերող հանրահայտ կտավը՝ Դ. Նալբանդյանի հեղինակությամբ։ Բայց տարակուսելին միայն այս չէ։ Նկարին կցված էր թերթի խմբագրի ծավալուն հարցազրույցը վարչապետի հետ։ Թվեր, ձեռք բերած «հաջողությունների» վերաբերյալ դատողություններ որքան ասես կային նրանում, բայց և ոչ մի խոսք այն մասին, թե ինչ առիթով (չէ՞ որ վարչապետի ընտրություն չէր տեղի ունեցել, այլ երկրի նախագահի) էր տրվում այդ հարցազրույցը և թե ինչպես է, որ վարչապետը չհասցրեց կատարելու Արցախի բնակչությունը կրկնապատկելու՝ մինչև 300 հազարի հասցնելու մասին իր խոստումը։ Այնուհանդերձ այս ամենը չխանգարեց, որ վարչապետին Արցախը թողնելիս բարի ճանապարհ մաղթվի պատշաճորեն, արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենայով։

Իզուր չէ, որ շեղվեցի թեմայից։ Երկրի ճակատագրին վերաբերող արմատական հարցերը, որքան էլ հարգելու լինենք մեր իշխանություններին, անհրաժեշտ է լուծել՝ հաշվի նստելով հանրային կարծիքի հետ։ Շահավետ կլինի, եթե մեզ մոտ այդ նպատակով գործի վերահասու անձերից կազմված հատուկ հանձնաժողով։ Կամայական որոշումներով, խոստովանենք, մենք շատ բան կորցրինք։
ԼՂՀ-ում մեր արդյունաբերության պոտենցյալի վերականգնումն այսօր անհետաձգելի գործ է, օրվա հրատապ պահանջ, մեր բնակչության արտահոսքի կանխման և նրա աճի հուսալի պայմանը։
 
 ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

Ներկայացնում ենք Հեքիմյան 20 շենքի բոլոր 32 ընտանիքների ներկայացուցիչների ստորագրությամբ նամակը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին (պատճենը ուղարկվել է Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանին)։

Обращение

С просьбой о помощи в возобновлении уважения чиновников к нам: к гражданам и хозяевам, если верить Конституции страны, которым этим чиновники должны служить. Ради этого уважения к себе и поднялась волна народного движения в 1988 г., что привело к созданию государства, главой которого Вы являетесь. Народ, избирая Вас, верил, что Вы способны вернуть ему то уважение к себе, которое было завоевано ценой больших потерь и которое было утрачено до Вас. Вы являетесь гарантом уважительного отношения к гражданам НКР, как внутри государства, так и на международной арене. Не может народ, не уважающий себя, создавать и защищать.
Самое сильное государство в мире, США, создано на иллюзии об американской мечте, где верят, что каждого должны уважать в их государстве, и что все в этом государстве стоят на страже этого, что каждый может иметь собственность в этом государстве и быть хозяином своего дела, и, что они, миссионеры, несущие эти идеи, этот свободный образ жизни в мир. У нас же иллюзии быть хозяином хотя бы «клочка земли» тают с каждым годом и приходит горечь разочарований, безысходность. Надежды на лучшее уходят, и вместо того приходят мысли о том, что наши дети и внуки будут горбатиться на несколько человек, и в Арцахе мы будем невольными рабами и, как следствие, государство это становится чуждым.
События, о которых мы Вам повествуем, наталкивают на такие мысли:
Когда в 1988 г. мы получили квартиры в этом здании, вокруг была свалка отходов строительства всех ближайших домов, также сваливали мусор жители с окрестностей. Та площадка, которая есть сейчас, ее не было. Был откос покрытый мусором. Силами жителей мусор был очищен, земля была засыпана, и появилась ровная площадка, которая увеличила благоустроенную часть здания и города, которая не входила в проект. Площадка была обустроена, были посажены деревья и появилась как бы зона отдыха. Зеленый цвет радует глаз и придает нам силы для преодоления трудностей и без того тяжелой жизни. Сегодня уже тяжело отдохнуть, а что будет завтра?
Мэрия г. Степанакерта вынесла решение снести результат нашей коллективной деятельности. Не уважив нас, не посоветовавшись с нами, не объявив зачем, во имя чего нас уплотняют, за что мы должны терпеть неудобства, а ведь известно, что даже животных если селить плотною ни не развиваются, не размножаются, убивают себе подобных.
Ходят разные слухи, что хотят построить гаражи, автосервис, такси-сервис, какую-то вышку. Когда жители нашего дома обращались в мэрию с просьбой дать разрешение на пристройку, т.е. на улучшение жилищных условий, а также для постройки гаражей, им ответили отказом мотивируя противопожарной безопасностью. Когда понадобилось мэрии - почему-то эта безопасность не учитывается. Мы, например, не против если вместо огородов построят детскую площадку с имеющимися уже деревьями.
В нашем здании проживает столько людей, сколько в среднем селе Арцаха. Если бы с нами посоветовались, может мы бы и подсказали, где и что можно построить, тем более рядом есть для этого территории. Получить достоверную информацию - самая тяжелая часть работы руководителя.
Мы, нижеподписавшиеся, просим Вас вернуть к нам уважение слуг народа.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մեր տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի միջամտությունից հետո Հեքիմյան 20 շենքի առջև ավտոտնակներ կառուցելու քաղաքապետարանի որոշումը սառեցվել է։ Մի առ ժամանակ հետո այդ որոշումը կրկին կփորձեն կյանքի կոչե՞լ, թե՞ ոչ, հայտնի չէ։
Հուսանք, որ քաղաքացիների իրավունքների կարևորության գիտակցումը վեր կգտնվի ամենայն կարգի, այդ թվում՝ մարդկանց տան դիմաց այլոց «գարաժները» տնկելու գայթակղությունից...



Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, ՉԳԻՏԵՄ...

Ծնվել եմ Արցախ աշխարհի նշանավոր գյուղերից մեկում, որով հպարտանում եմ։ Ավարտել եմ միջնակարգը, սպայական ուսումնարանը, գյուղատնտեսական տեխնիկումը, ինստիտուտը։ Իմ մասնագիտությամբ աշխատել եմ Մարտունու շրջանի մի շարք գյուղերում, Ասկերան ավանում, ապա՝ Շոշի կոլտնտեսությունում՝ որպես գլխավոր անասնաբույժ։ Այդ տարիներին ինձ համար միշտ էլ կարևոր է եղել Արցախի ազատության գաղափարը։ Հաճախակի ինձնից բողոք-նամակներ են հղվել վերադասին, բայց մշտապես կարողացել եմ հաղթող դուրս գալ։ Այսպես, Փարամաքու տեղամասի մի խումբ ադրբեջանցիների բողոք-դիմումից հետո Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղար Բագիրովի հրամանով հատուկ հանձնախումբ է ստեղծվել՝ իմ հարցը քննարկելու և, որպես ազգայնամոլի, քաղաքական որոշում կայացնելու։ Չերկարացնեմ։ Հանձնախմբի նախագահը մարզկոմի առաջին քարտուղար Կևորկովն էր։
Պետանվտանգության խորհրդի նախագահ Սեպտայի և շրջկոմի քարտուղար Վաչագան Գրիգորյանի ջանքերով արդարացա...
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից իմ երկու զավակները ակտիվ մասնակցել են մեր ազատամարտին։ Կրտսերը ձերբակալվել և Շուշվա բանտում վեց ամիս տառապել է։ Նրան ազատելու համար վաճառել եմ սեփական «Նիվա» ավտոմեքենան։ Ազատվելուց հետո նա կրկին նետվեց պատերազմի հորձանուտը։ Կրտսեր որդիս՝ Վրեժը, զոհվեց պատերազմի դաշտում։ Թոշակառու ծերունիս ևս ստիպված եղա մասնակցելու մեր կենաց և մահու պատերազմին...

Այսքանը գրեցի ոչ թե ներկայացնելու իմ ծառայությունները, այլ որպեսզի ցույց տամ, որ ես այն մարդկանցից եմ, ովքեր ապուպապերից ժառանգած նամուսն ու ղեյրաթը թույլ չեն տա ոտնահարելու։
Հայտնի է, որ դարեր ի վեր արցախցուն հատուկ է աշխատասիրությունը, անկոտրում կամքը, ավագի և փոքրի նկատմամբ ուշադրությունը, կանանց նկատմամբ զիջողականությունը, հյուրասիրությունը և մարդկային այլ լավագույն որակներ։ Երևի աշխարհում չի լինի այնպիսի «ստերիլ» պետություն, ինչպիսին Ղարաբաղն է, բայց և Արցախի ամեն բացասական երևույթ չենք կարող վերագրել մի այլ ազգի։ Լավն էլ է մերը, վատն էլ։

1981 թ. ինձ ուղարկեցին Լենինգրադ՝ մեկ տարվա վերապատրաստման կուրսերի։ Տեղեկացրին, որ անասնաբուժական ինստիտուտը գտնվում է Լենինգրադից քիչ հեռու՝ Պուշկինոյում։ Այն հսկա, հոյակապ ու գրավիչ մի շենքում էր։ Պատահական մուտքով բարձրացա երկրորդ հարկ և նույն պատահականությամբ հայտնվեցի ռեկտորի աշխատասենյակում։ Ներկայացա։ Նա այնպիսի հարգանքով ու սիրալիրությամբ ինձ ընդունեց, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։
Ինչ-որ գրքից գտավ Լենինգրադում գտնվող անասնաբուժական ինստիտուտի ռեկտորի հասցեն և նրան հայտնեց, թե՝ անծանոթ մասնագետ է գալիս, խնդրում է ինձ դիմավորել «Հաղթանակի» հրապարակում։ Թևանցուկ ինձ ուղեկցեց ավտոկանգառ, վարորդին մուծեց ուղեվարձը և խնդրեց ինձ «հանձնել» Հաղթանակի հրապարակում սպասողին։ Լենին-գրադյան կուրսերն ինձ համար ոչ միայն մասնագիտական եղան, այլ դա կուլտուրայի մի յուրատիպ դպրոց էր։ Շատ էի լսել եվրոպական կուլտուրայի մասին, բայց չէի պատկերացնում, որ Լենինգրադն այդքան կտարբերվի Մոսկվայից։ Այդ տարիներին ես երազում էի, որ մի երկու տասնամյակ հետո իմ հայրենի Արցախը ևս կունենա նմանատիպ բարձրակարգ կուլտուրա։ Բայց, ավա՜ղ...

Տարբեր առիթներով՝ անձնական և ոչ անձնական հարցերով, եղել եմ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում։ Ամենուր աչքի զարնողը անուշադրությունն էր և կոպտությունը։ Համեմատաբար տանելի է (որքան էլ տարօրինակ թվա) զինկոմիսարիատի, միլիցիայի և աղբահանման կայանի պետերի և աշխատակիցների վերաբերմունքը։ Ի դեպ, մեզանում կա մի սխալ միտում. ցանկացած բացասական երևույթի պետական մասշտաբ ենք տալիս, սակայն պետությունն ի՞նչ կապ ունի այս կամ այն անխիղճ պետի, ղեկավարի հետ։
Վերջերս մեր թաղամասում մայթի վրա գտնվող ծառը կոտրելու համար հեռվից կանչեցի և դիտողություն արի մի երեխայի, որի մոտով 50-55 տարեկան մի կին էր անցնում։ Կնոջը խնդրեցի, որ այդպիսի երևույթ նկատելիս ինքը ևս դիմի նման քայլի։ Վերջինս, սակայն, պատասխանեց. «Դու երեխա չե՞ս եղել։ Երեխա է, թող հաճույք ստանա, այլ ոչ թե քեզ պես կիսավայրենու նման բղավենք ու վախեցնենք երեխային...»։

Սասունցի Դավիթ փողոցի երկկողմանի մայթերին քանի՜-քանի անգամ են ծառեր տնկել, բայց նշածս կնոջ-ծնողի նմանների պատճառով այսօր այդ մայթերին ծառ չկա։
Կամ՝ Շոշ գյուղից քաղաք էի գալիս։ Ճանապարհին պատահած ավտոն կանգնեցրի և նստեցի։ Մեքենան լեփ-լեցուն էր ավագ դասարանի աշակերտներով։ Նրանցից ոչ մեկը չփորձեց անգամ իր տեղը զիջել 77 տարեկան մարդուս։ Զարմանալի է, մի՞թե նրանց ուսուցիչներ չեն դաստիարակել և դասավանդել։ Թե՞ նրանք ևս այդպիսին են...
Մի այլ օրինակ։ Ավտովարորդը նկատեց հենակներով (վիրավոր) տղամարդու և ավտոբուսը կանգնեցրեց։ Պրոթեզավորը մի կերպ բարձրացավ մեքենան։ Ճանապարհը քարուքանդ ու խորթուբորդ վիճակում էր և, փոսերից խուսափելու համար, վարորդը շարունակ ղեկը աջ ու ձախ էր պտտում։ Հավասարակշռությունը կորցնելով, հենակներով տղամարդը ընկավ մոտիկ նստարանին նստած մի երիտասարդ աղջկա վրա։ Վերջինիս կողքին նստած էր, ըստ երևույթին, նրա սիրածը, որը տեղից վեր թռավ և ցանկացավ հարվածել վիրավորին։ Ժամանակին կարողացա ետ պահել նրան... Բարեբախտաբար, ավտոբուսում ինձ ճանաչող կար և «ախոյանիս» սաստեց...

Շարունակ մտածում եմ. այսպիսի կուլտուրայով մենք ո՞ւր ենք գնում։ Կամ մի՞թե եվրոպական չափանիշներին հասնելու ամենալավ ձևը մեր աղջիկների պորտաբացությունն է, տղամարդկանց կողմից ծխախոտի մնացուկը այս ու այն կողմ շպրտելը կամ արևածաղկի սերմեր չրթելն ու պուրակի նստարանների շուրջը կամ Հուշահամալիրի սալահատակը աղտոտելը։
ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ք. Ստեփանակերտ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ