Գլխավոր » 2009 Փետրվար N2 /2
2009 Փետրվար N2 /2
16:54
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Հայ ժողովրդի ընտրյալ զավակները մշտապես մտահոգվել են ազգի հարատևությամբ՝ աղքատներին օգնելու, հայ ուսանողներին սատարելու, գենոֆոնդը կարգավորելու գործով։ Դրանում մի անգամ ևս համոզվեցինք, երբ որպես գանձասարյան զանգի ղողանջ հնչեց մեր ամենալավ բարերարներից մեկի՝ Լևոն Հայրապետյանի կոչը՝ Արցախյան մեծ հարսանքի մասին։
Ում համար թանկ էր Արցախի ապագան, նրանք՝ այդ արժանի հայորդիները, համախմբվեցին Լևոնի շուրջը և կատարեցին պատմական մի առաքելություն, որի նախադեպը դեռ չի եղել։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի բարոյական ու նյութական ծախսեր են կատարվել 700 զույգ արցախցիների հարսանիքը կազմակերպելու համար։ Եվ ամեն անգամ, երբ տեղական հեռուստատեսությամբ հեռարձակում են Մեծ հարսանքի տեսագրությունները, ասես հոգեպես վարածնվում ենք նորից, վեհանում, ուրախանում, աղոթում մեր բարերարների համար։
Ու, միաժամանակ, մի տեսակ ծանրացուցիչ ապրումներ ենք ունենում, երբ հիշում ենք, թե տարիներ առաջ մեր իշխանական բուրգի «գագաթները» ինչպես էին խոչընդոտում այդ բարեգործի աշխատանքային գործունեությունը։ Պատահական չէ, որ նրանք իրենց սադրանքներով խաթարեցին հիանալի մարդու, մեծ հայրենասերի և մեծ բարերարի առողջությունը։ Բայց վերջինս այնքան էր նվիրված իրեն ծնած ու սնած ժողովրդին, որ անտեսելով նախկին իշխանավորների սադրանքները, շարունակում էր իր բարեգործական առաքելությունը։ Եվ, վերջապես, այնպիսի մեծ գործ ձեռնարկեց, որ նրա և նրա բարերար ընկերների անուններն ընդմիշտ դաջված պիտի մնան սերունդների հիշողության մեջ։
Հայրենասիրությունը մարդկային ամենանվիրական զգացումներից է։ Չկա ավելի մեծ չարիք, քան այն, երբ խաղում են ազգասիրական ու հայրենասիրական զգացումների հետ, ինչպես դա անում են տեղացի մի խումբ վայ-հայրենասերներ։ Լևոն Հայրապետյանը գործով ապացուցեց, որ իրոք ինքը մեծ հայրենասեր է, իսկ մեր ժողովուրդը աչք ունի՝ տեսնում է, ականջ ունի՝ լսում է, խելք ունի՝ դատում է, և բերան ունի, որն այլևս փակել չի կարելի։ Ու ժողովուրդն արդեն վաղուց գիտե, թե ով՝ ով է։
Մեր օրերում քանի՜-քանի անարժաններ են շքանշաններ, մեդալներ ու բարձր կոչումներ ստացել։ Մինչդեռ այսօր այնքան համեստ մարդիկ կան, ովքեր մեծ ծառայություններ ունեն երկրի ու ժողովրդի հանդեպ, բայց նրանց այդպես էլ չեն «տեսնում»։ Եվ այդ արժանիների շարքում ամենաառաջինը հենց Լևոն Հայրապետյանն է, որի կատարած գործն, իրոք, Հերոսական է։
Համենայնդեպս, ժողովուրդն արդեն նրա կատարածը հերոսություն է համարում, և այսօր բոլորս երախտապարտ ենք նրան ու երկար տարիների կյանք և առողջություն ենք մաղթում մեծահոգի ու մեծ սրտի տեր մարդուն։ Ժողովրդի սերը Ձեզ, որ լուսավորի Ձեր հոգին վես։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ



ԱՌԿԱ՞, ԹԵ՞ ՀԵՌԱԿԱ…
ԿԱՄ՝ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԳՐԱԻՏՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Ի՞նչ սկզբունքային տարբերություն կա առկա և հեռակա ուսումնական պրոցեսների միջև։ Թվում է՝ ոչ մի: Սերտելու, ուսանելու և աշխատասիրության նույն մտահոգությունը շարունակում է ուղեկցել ուսանողին: Ամեն դեպքում՝ մի կերպ հանձնել կամ վերահանձնել ստուգարքներն ու քննությունները և շտապել հարազատ հարկ՝ ազատվելով առօրյա հոգսերից, տնվորի կարգավիճակից ու բնակվարձի գլխացավանքից:
Բայց և այնպես՝ ո՞րն է հեռակա ուսուցման առավելությունը կամ թերությունը: Անհրաժեշտ գրականության պակա՞սը, ընձեռված անսահմանափակ ժամանակահատվա՞ծը, մեկ տարի ավել ուսանելու և ուսման վարձ մուծելու համգամա՞նքը...
Այսօր օրակարգում է «Իրենց համար փող, մեզ համար գնահատական հայթայթող բարերարներ…» կարգախոսը: Իսկ ովքե՞ր են դերակատարները՝ դասախոսնե՞րը, ուսանողնե՞րը, ծնողնե՞րը, ծանոթնե՞րը, թե՞ համակարգչային լեզվով ասած՝ մշտապես «online» տարբերակում գտնվող «ԽԾԲ»-ն: Ո՞ւր է տանելու մեզ կեղծիքի և անորոշության այս դիմակահանդեսը: Դե, իհարկե, գիտության անեզր օվկիան, որտեղ բոլորը չէ, որ թիավարել գիտեն և կարող են անվնաս ափ հասնել:
Հերթական հեռակա կրթաշրջանն էլ սկսվեց ու ավարտվեց: Առարկայից և թեմայից անտեղյակ ուսանողները շտապում են բաց չթողնել «լավագույն ուսանող» կոչվելու հնարավորությունը: Կարևորը՝ գիտեն որերորդ կուրսում են, ինչպես նաև՝ ստուգարքների և քննությունների քանակն ու դասախոսների անվանացանկը: Որոշ ուսանողների համար ժամանակակից տեխնիկան՝ sms-ներով ու վիբրացիոն եղանակով հեռախոսազանգերով, լայն հնարավորություն է ընձեռում միմյանց անվրեպ իրազեկելու տոմսի բոլոր հարցերի պատասխանները:
Թվում է՝ հեռակա քննաշրջանը ինչ-որ չափով կարող է ծանրաբեռնել գրադարանի և ընթերցասրահի աշխատակիցների աշխատանքը: Բայց կիսադատարկ նստատեղերն ու աթոռները շարունակում են նիրհել մենությունից: Լսելով անհեղինակ ստեղծագործությունների և գրքերի, զավեշտության աստիճանի վերափոխված հեղինակների անուններ, գրադարանի աշխատակիցները զայրանում ու զարմանում են ուսանողների անփութության թե անգրագիտության վրա...
Ինչպե՞ս կարելի է շփոթել հայ և արտասահմանյան գրողների անուններն ու ստեղծագործությունները: Չէ՞ որ դպրոցական ծրագրերը յուր ժամանակին տվել են գրական բարդ ու հարուստ աշխարհին տեղեկանալու լայն հնարավորություն: Իսկ ո՞ւր մնաց գիտելիք ամբարելու և լավագույն մասնագետ դառնալու երազանքը: Բայց ի՞նչ երազանք, չէ՞ որ հեռակա ուսուցման շնորհիվ նրանք արդեն ապահովված են անհրաժեշտ աշխատանքով։ Մնում է երանելի դիպլոմը... Անպատասխան է մնում ամենակարևորը։ Վերջապես՝ դիպլո՞մ, թե՞ գիտելիք։ Հեռակա թե առկա, դա կարևոր չէ… Կարևորը պիտանի մասնագետ դառնալն է:
Միայն այս դեպքում ստացած դիպլոմն արժեք կունենա:

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ




ՄՇԱԿՈՒՅԹ

ՇՈՒՇԻԻ ԱՈՒԼԵՑՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ» ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


Ագուլիս, Ագուլիք: 11-րդ դարում հիշատակվող քաղաքատիպ ավան էր պատմական Վասպուրականի ողթն գավառի (այժմ Նախիջևանի Օրդուբադի շրջան) համանուն գետի միջին հոսանքում՝ շրջապատված այգիներով: Ունեցել է իր սեփական Ագուլիսի բարբառը: Բաժանված է եղել 10 բնակելի թաղամասերի, ունեցել է դպրոցներ, գրադարան, շուկա՝ իր իջևանատներով:
Ավանն ուներ 8 հազար ընտանիք: Այնտեղ գործել են մետաքսի գործարաններ: Ագուլիսը հայտնի է եղել որպես առևտրականների բնակավայր և առևտրական ճանապարհների մի յուրատեսակ խաչմերուկ էր: Ուներ նաև գեղեցիկ եկեղեցիներ: Հայն այնտեղ ապրելու լավ պայմաններ էր ստեղծել իր ձեռքերով՝ իր համար, որ որպես հոգևոր ժառանգություն, չհաշված նյութականը, պիտի վայելեին ու թողնեին սերունդներին, սակայն նենգ հարևանը չթողեց, որովհետև վաղուց աչք էր տնկել հայի ունեցվածքին:
Թավրիզում հաստատված ծագումով ուզբեկ Ազադ խանը 1752 թ. փորձել էր զավթել Երևանի խանությունը, սակայն անհաջողության էր մատնվել: Նահանջի ճանապարհին անցնելով Արաքսի աջ ափը, գրավել է Ագուլիսն ու սկսել թալանել, հրի ու սրի մատնել ժողովրդին: Հայ բնակչության կողոպուտն այստեղ շարունակվել է 3 օր: Կողոպտել են նաև ավանին հարակից բոլոր գյուղերը: Բնակչության մի մասը, փախուստի դիմելով, մերկ ու սոված հասել է Շուշի:
Իսկ ինչպե՞ս է դասավորվել Ագուլիսից Շուշի եկած, վերաբնակված հայերի կյանքը: Հանգրվանելով հայաշատ Շուշիում, ամեն ինչ սկսել են զրոյից: Կառուցել են տուն, դպրոց, շուկա, խանութներ, արհեստանոցներ, հարմարվել պայմաններին ու շարունակել հարատևել: Քաղաքում նրանց թաղամասը կոչվում էր «Ագուլեցոց թաղամաս» և զբաղեցնում էր քաղաքային պուրակի հարևանությամբ գտնվող փոստի շենքի, շուկայի և ներկայիս Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի միջև ընկած տարածքը: Հենց դպրոցի շենքի ձախ թևի տեղը 1822-ին, Թառամյանների մեծ գերդաստանի կողմից կառուցված է եղել «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Այն ուներ 30 մ երկարություն, 17,5 մ լայնություն: Բարձրությունն անհայտ է, քանի որ դեռևս 1905-ին ավերվել էր 2-րդ հարկը: Եկեղեցին երկհարկանի էր: Առաջին հարկը կառուցված էր տեղական սրբատաշ քարից, իսկ երկրորդը՝ փայտաշեն էր, որտեղև զանգակատունն էր: Պատերն ունեին 1,1 մ հաստություն: Եկեղեցին ուներ մուտքի երկու դուռ: լխավոր մուտքի դարպասը բացվում էր դեպի արևելք, որտեղ հատվում էին Ագուլեցոց և Փոստի փողոցները: Այստեղից լավ տեսանելի էր 2-րդ հարկում գտնվող զանգակատունը: Երկրորդ մուտքի դարպասը բացվում էր դեպի հյուսիս (Ղազանչեցոց փողոց): Թաղամասը համարյա իր մեջ էր ներառել Ղազանչեցոց, Ագուլեցոց ու փոստի փողոցները, որոնք կազմում էին յուրատեսակ եռանկյունի:
Այդ մասին վկայող արձանագրությունը, որ գրված է եղել հարավային դռան ճակատակալի սրբատաշ քարին, ասում է. «Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ եկեղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ. Յովհանջան. Մարկոս և Բաբա տէր Մատթէոսեն Թառամեանց ընդ որս և որդիք նոցա Յովհաննէս աղայն և Աւետիս աղայ ի յիշատակ և ի փրկութիւն հոգւոց իւրեանց և սոցա ծնողաց. ամուսնոց. որդւոց. դստերաց իւրեանց ամենից և առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից. ի 1822 ամի Տեառն»:
Թառամյանների տոհմական գերեզմանոցը Ղազանչեցոց ս. Ամենափրկիչ եկեղեցու հարավ-արևելյան կողմի հին հայկական գերեզմանատան տարածքում է: Չնայած գերեզմանատունը լրիվ ավերվել է ազերիների կողմից, սակայն որոշ շիրմաքարեր դեռ պահպանվում են, այդ թվում նաև՝ Աղա Մարկոս Թառամյանցի շիրմաքարը (մահացել է 25.03.1892 թ.):
Փոստի շենքից ցած գտնվող «Բորժոմի» երկհարկանի հյուրանոցից (տեղում կառուցված է ներկայիս 9 հարկանին) մինչև շուկա կողք-կողքի կառուցված էին ագուլեցոց խանութներն ու արհեստանոցները: Սրբատաշ քարից կառուցված այդ խանութները նույն նպատակին ծառայել են նաև խորհրդային տարիներին, մինչև 70-ական թվականները: Նշված տարիներին նրանց տեղում կառուցվել է երկու բնակելի հինգհարկանի շենք:
Ինչպես Շուշիի բնիկ հայերը, այնպես էլ ագուլեցիները խաղաղ կյանքով ապրել են մինչև 1905 թիվը, երբ Կովկասում սկսվեցին հայ-թուրքական զինված ընդհարումները: Ս. Աստվածածին եկեղեցին հայերի շուկայի հետ միասին գտնվում էր թուրքերի (Պարսկաստանից, Իրաքից եկած ցեղերի - Հ.Հ.) թաղամասին մոտ: Նույնիսկ եկեղեցուց ոչ հեռու կար թուրքի տուն ու պատկանում էր ոմն Սալմանովի:
Պատմական աղբյուրներում նշվում է. «Նախապես վճարելով, հենց առաջին ընդհարման առաջին իսկ օրը հրկիզում են տունը, որպեսզի հրկիզեն նաև եկեղեցին: Եվ դա հաջողվում է թուրքերին»: Քաղաքի հարավային կողմում, ռեալական ուսումնարանի ու Ժամհարյանների հիվանդանոցի շենքից վեր տեղակայված հին հայկական գերեզմանատան տարածքում (ուր ընդհարման ժամանակ զոհված հայերի շիրիմներն են) ի հայտ եկած արձանագրության տողերն ասում են, որ եկեղեցու պաշտպանությունն իրականացրել է հայդուկների մի տասնյակ, որի հրամանատարն էր 25-ամյա Ասլան Աղաբաբյանը (զոհվել է մարտի ժամանակ):
Ս. Աստվածածին եկեղեցու ներսում դիրքավորված, լավ զինված թուրքերը, զոհեր տալով, հետներն էլ տանելով վիրավորներին, թողել են եկեղեցու շենքը: Այն կանգուն (թեկուզ կիսավեր) մնացել է մինչև 1960-ական թթ. վերջերը: Թուրքն այն ծառայեցնում էր տարբեր նպատակների համար: Եղել են տարիներ, երբ այնտեղ պահվել են վառելիք ու տարբեր տեսակի քսայուղեր, ավտոպահեստամասեր՝ գյուղատնտեսական մեքենաների համար: Նրա տեղն ու դիրքը շատ լավն էր, երևի վաղուց էլ աչքադրել, պլանավորվել էին ու հարմար պահի էին սպասում: 1972 թ. հիմնովին քանդեցին ու սկսեցին հիմնադրել դպրոցի շենք, ուր 1974-ին տեղափոխվեց Շուշիի թիվ 4 ազերական դպրոցը։
Այս եկեղեցում շուրջ չորս տասնամյակ իր պարտականությունն է կատարել Ստեփանոս Քահանա տեր րիգորյանը: Նրա և տիկնոջ՝ Մարգարիտ Պարոնյանի աճյունները կողք-կողքի հողին են հանձնված քաղաքի հին հայկական գերեզմանատանը: Շիրմաքարի հարավահայաց կողին գրված է. «Ի տապանս ամփոփեալ է մարմին լուսայ Հոգի Ստեփանոս Քհնյի տիրացու Հայրապետեան տեր գրիգորեանց որ ՀայրենեօՔն էր յագարակ գեղջէն բարկիւշատայ ծառայելով սբ ածածնայ եկեղեցւոյն ագուլեց շուշի Քաղաքի ամս 42 ծնեալ 1776 ամի 8 Մայիսի վախճան 1871 ամի 16 փետր»։
Իսկ ինչպե՞ս են քանդվել եկեղեցու սրբատաշ քարերից շարված պատերը: Կարող է թվալ, թե այն քանդել են լինգերով ու քլունգներով: Մենք էլ այդ կարծիքին էինք: Սակայն հսկա կառույցի քանդելու մասին վերջերս, 2007 թ. ապրիլին Քարին տակ-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսում պատմեց Շուշիի երբեմնի թիվ 92 շինվարչության բանվոր, ծննդով՝ քարինտակցի, այժմ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սամվել Բաբայանը. «Եկեղեցու շենքը քանդում էր Ավազ Հյուսեինովի բրիգադը, որտեղ աշխատում էինք նաև 4-5 հայ՝ մեր գյուղից: Սկզբում փորձում էինք քանդել լինգերով՝ չստացվեց: Որոշեցին քիչ քանակով պայթուցիկ նյութերով քանդել, դարձյալ չստացվեց: Չնայած քարերը պոկվում էին, սակայն ուժանակի հոտից ու փոշուց խեղդվում էինք, շնչելը դժվարանում էր, կոկորդներս չորանում: Վերամբարձ կռունկի համար ծանր հարվածող մուրճ պատրաստեցին ու սկսեցին քանդել: Քանդած քարերը տեղափոխեցին և օգտագործեցին Ղազանչեցոց եկեղեցուց քիչ հեռու կառուցվելիք շենքի համար՝ որպես հիմնաքար: Թույլ էին տալիս եկեղեցու քարերը տանել Շուշիից դուրս, միայն թե՝ տանեին: Այդ քարից մի ավտո էլ ես եմ տարել Քարին տակ»:
Այս պատմությունն այնպես է գրվել-դաջվել ուղեղիս ծալքերում, որ այլևս երբեք չի մոռացվի: Դա մոռանալո՞ւ բան է:
Այժմ լրիվ ավերված է քաղաքի «Ագուլեցոց թաղամասը»: Հսկա թաղամասից փլատակներում մնացել է արձանագրության մի կտոր, որի սրբատաշ ուղղանկյունաձև քարը տեղադրված է եղել խանութներից մեկի մուտքի դռան վերնամասում: Սա մի կատարյալ աղետ է՝ 1752 թ. աղետից հետո, այն էլ ոչ միայն ագուլեցոց, այլ՝ ողջ հայության համար:

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի
պատմության ամբիոնի դասախոս




«ՈՎ ԻՆՉ ԱՆԻ՝ ԻՐԵՆ ԿԱՆԻ՝ ԹԵ՛ ԼԱՎ, ԹԵ՛ ՎԱՏ»

Թումանյանի այս խոսքերը այսօր էլ արդիական են, վաղն էլ և ընդմիշտ հնչելու են որպես նախազգուշացում՝ ստոր ու զազրելի արարքներից ետ պահելու համար։ Ղարաբաղի գրողների միության թերթերում կարդալով այդ կազմակերպության, այսպես ասած, նախագահության անվան տակ սարքված զրպարտությունները՝ կյանքից վաղաժամ հեռացած նշանավոր գրող Վազգեն Օվյանի դեմ, հայրենասեր և ազնիվ մի գրողի, որը ոչ միայն Արցախի, այլև հատկապես մեր Դաշուշեն (Քարաշեն) գյուղի հպարտությունն է, որոշեցինք մեր վրդովմունքը հայտնել կազմակերպված գարշելի արշավի կապակցությամբ։

Զարմանալին այն է, որ զրպարտիչներից ոչ մեկին որպես գրողի չենք ճանաչում։ Ռոբերտ Եսայանի անունը տարբեր թերթերում երբեմն նկատել ենք, նրա ոտանավորները ոչ մի տպավորություն չեն թողել, և կասկածում ենք, որ նա գոնե 10 ընթերցող ունենա։ Համլետ Մարտիրոսյանին գիտենք, ինչպես Սերգեյ Սավադովիչն է գրել, որպես տեղական հեռուստաեթերից մարդկանց զվարճացնողի (նամակի հեղինակները չգիտեն, որ նա նաև միանձնյա հավակնում է Արցախում պոռնոգրաֆիայի հիմնադրի կոչմանը - խմբ.)։ Ինչ մնում է Դավիթ Միքայելյանին, նրան ևս որպես գրող չենք ճանաչում։ Մի քանի անգամ տեսնելով սեփական խանութում վաճառասեղանի հետևում կանգնած, կարծում էինք, թե Վ. Օվյանի գրական հերոս Դուքան Սեդրակի ժամանակակից նախատիպերից է։

Նորայր Ավետիսյանի և Խորեն Բաղդասարյանի անունները լսած չկանք։ Միայն վերջերս իմացանք, որ Արցախիի հեռավոր գյուղերում 75-85 տարեկան թոշակառու դասատուներ են և պարապությունից որոշել են ձայնակցել իրենց զրպարտիչ գաղափարակիցներին (մեզանում այդպիսիներին «դամքաշ» են անվանում), իսկ Ն. Ավետիսյանը նաև Կևորկովի ազգականն է։ 

Ծնված լինելով մեր փոքրիկ գյուղում, Վազգեն Օվյանն իր ստեղծագործություններում («Քարաշեն» վիպակում և բազմաթիվ այլ գործերում) ոչ միայն անմահացրել է իր սիրելի ծննդավայրը, նրա «համով-հոտով» մարդկանց ու նրա չքնաղ բնությունը, այլև բազմաթիվ ստեղծագործություններում նույն որդիական սիրով գովերգել է ողջ Արցախը՝ «իր փափուկ հոգով ու կոշտ բարբառով, մի թևին՝ Քիրս, մի թևին՝ Մռավ», ազգային հպարտություն անձասարն ու Ամարասը, ըմբոստացել բոլոր նրանց դեմ, ովքեր «ատրճանակի սև փողի նման ցցել են մատը մեր հրաշքի դեմ», մեր գոյատևման խորհրդանիշ «պապ ու տատի» դեմ և փորձել սեփականել մեր «օջախն ու տունը, մեր պատմությունը»։ Վազգեն Օվյանը, իր գրչընկեր Գուրգեն Գաբրիելյանի խոսքերով՝ «իր ձեռքով է գրել իր անմահության հավերժախոս լեգենդը»։

Վազգեն Օվյանի գրական-հրապարակախոսական արժանի վաստակը գնահատել են ԼՂՀ գերագույն իշխանությունները (հետմահու արժանացրել են բարձրագույն պետական շքանշանի), ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը (իր ծննդավայրի դպրոցը կոչել են Օվյանի անվամբ), պատկան մարմինները (փողոց են անվանակոչել նրա անունով)։ Սա չի՞ նշանակում, արդյոք, որ Վ. Հակոբյանի գայիսոնի պաշտպանությունը վայելող Սերժիկ-Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը կամ Համլետ Ոմն-Մարտիրոսյանը սրեր են ճոճում հենց Արցախի իշխանությունների, կրթության և գիտության նախարարության և բոլոր ազնիվ ու պարկեշտ մտավորականության դեմ։ 

Առայսօր արժանի գրողի անտիպ և լավագույն երկերը պետական միջոցներով չեն տպագրվել, այն դեպքում, երբ այդ միջոցների առյուծի բաժինը «հասնում է» Վարդան Հակոբյանին և նրա կամակատար «գրողներին»։ Ուրիշի դեմ գրիչ վերցնողը, անկախ նրանից Վազգեն Օվյանի պես ազնվագույն, հարգված և սիրված մարդու դեմ է գրիչ շարժո՞ւմ, թե՞ շարքային համեստ մի անձի, նախ և առաջ պիտի մաքրի իր հոգու կեղտը, օճառով կամ ժավելով մանրակրկիտ լվա ձեռքերը, հետո միայն գրիչ վերցնի։ 

Ստորությունն այն չէ միայն, որ հայրենասեր, ժողովրդականություն վայելող գրողի մահից 21 տարի հետո կեղտոտ արշավանք են սկսել նրա անվան ու գրական վաստակի դեմ, այլև այն, որ նրանք այդ ստոր արշավանքը սկսել են այն ժամանակ, երբ Վազգեն Օվյանի կրտսեր դստեր՝ սիրված լրագրող, անկրկնելի մարդ և քաղաքացի Նվարդ Օհանջանյանի անսպասելի մահից հետո Օվյանների ընտանիքը դեռ սգի մեջ էր, մեկ տարին դեռ չէր բոլորել։

Դաշուշենի ս. Սարիբեկ սրբավայրը երևի թե հայտնի է բոլոր արցախցիներին։ Այստեղ ուխտի են գալիս Արցախի տարբեր շրջաններից, հեռավոր գյուղերից։ ալիս են հոգևոր աջակցություն ստանալու, իրենց ցավերից ու վշտից ազատվելու համար։ Եվ Սուրբը օգնում է նրանց։ Մեր տատերից լսել ենք, որ Սուրբը գիտե նաև պատժել։ Համոզված ենք, որ յուրաքանչյուրը կանգնելու է Աստծո արդար դատաստանի առաջ։ Այդ թվում՝ զրպարտիչները, կեղծարարներն ու մյուս բոլոր ստոր արարածները։

Դաշուշեն (Քարաշեն) գյուղի համայնքի անունից
նամակ- հոդվածը ստորագրել են
երեք տասնյակ դաշուշենցիներ





«ՄԵԴԱԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս


Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Պ. ՍԵՎԱԿ


Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ րող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։
Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում րիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...

Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում: Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։
Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։
Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «րական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։
2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.

ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։
բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...
Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...
Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։
Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...
Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։
Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։
Միաժամանակ՝ «րիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «րիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։
Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։
Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։
Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...
ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։
Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։

Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ չակերտներն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




Վերջին էջ

ՄԵՐ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ


«Ձախերը» գոչում են.
- Դեմոկրատիա ենք ուզում։
- Մեր կլիմայական պայմաններում նման բան չի աճում,- առարկում են «աջերը»։
Ուսումնասիրեցին ժայռապատկերները, վերծանեցին սեպագիր արձանագրությունները, քրքրեցին ձեռագիր մատյանները՝ դեմոկրատիա չկա, չի եղել։ Թերթեցին պատմության գրքերը, որոնց բոլոր էջերը արյունոտ էին։ Արյուն կար, դեմոկրատիա՝ ոչ։ Բայց «ձախերը» համառորեն պահանջում էին։ Օգնության հասան հնարամիտ բիզնեսմենները.
- Սրճի ու թեյի պլանտացիաներ չունենք, բայց խմում ենք, մեզ մոտ բանան չի աճում, բայց ուտում ենք։ Որտեղի՞ց։ Ներմուծում ենք։ Կներմուծենք նաև դեմոկրատիա, միայն թե՝ շահութահարկը թեթևացնեն։
Ներմուծեցին։ Փարթամ աճում էր, ծաղկում էր, բայց պտուղ չէր տալիս։ Պատճառը մեր երկրի կլիմայական պայմաններն էին։ Մեր երկիրը ծովի մակերևույթից բարձր է այսքան հազար մետր, իսկ ներմուծած դեմոկրատիան մերձարևադարձային է։ Պետք է ներմուծել Պամիրի կամ աֆրիկյան բարձրավանդակների ցեղերի դեմոկրատիա։ Հնարավոր է, որ մի քիչ ջունգլիական լինի, բայց չեղած դեպքում դա էլ բան է։
Սակայն ճանապարհները շրջափակված են, իսկ ինքնաթիռով տեղափոխելը թանկ կնստի։ Որոշեցին նախկին ներմուծածը տրամախաչել տեղական բյուրոկրատիայի վայրի ցրտադիմացկուն սորտերի հետ։ Վերջինս մոլախոտի նման ամենուր աճում է՝ և՛ սառնամանիքին ու կարկուտին է դիմանում, և՛ երաշտին։ Բայց ո՞վ պիտի տրամախաչի. մեր սելեկցիոներների ավագ սերունդը մահացել է, միջին սերունդը տարիների անգործությունից մոռացել է իր մասնագիտությունը, իսկ նոր սերունդը կանոնավոր ուսում չի ստացել։ Ուստի այդ գործը հանձնարարեցին «աջերի» իշխանական դիլետանտ սելեկցիոներներին։ Տրամախաչեցին, աճեցրին, բայց ստացվեց տարօրինակ պտուղ։ «Աջերի» լաբորատոր հետազոտությունը պարզեց, որ դա դեմոկրատիա է։ «Ձախերը» առարկեցին.
- Դա ի՞նչ դեմոկրատիա է, չե՞ք տեսնում՝ ականջները որքան երկար են։
Առաջին ընթերցման քվեարկությունից առաջ «ձախերը» լքեցին Մեծ ժողովի դահլիճը։ «Աջերը» առաջին, երկրորդ և երրորդ ընթերցման քվեարկության ձայների ջախջախիչ մեծամասնությամբ այդ տարօրինակ պտուղը համարեցին դեմոկրատիա և որպես օրենք հանձնեցին ժողովրդին՝ ի ղեկավարության։

ՄԱՎՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երևան





ՎԵՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԵՎՍ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Օրերս ԼՂՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հուշագիր, ըստ որի՝ «ՂՏ»-ն պարտավորվում է 2009 թվականին 600 մլն դրամ հատկացնել Արցախի առողջապահության ոլորտին։ Նախատեսված գումարներով ծրագրվում է հիվանդանոցի նոր մասնաշենք կառուցել Քաշաթաղի շրջանում, շարունակել Մարտակերտի հիվանդանոցի շինարարությունը, վերազինել Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնը, հանրապետության բուժհիմնարկների համար ձեռք բերել նորագույն սարքավորումներ։
Ըստ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրեն Ռալֆ Եիրիկյանի, ս. թ. նախատեսվում է բջջային կապի վարձավճարների նվազեցում։ Մարտի 1-ից այդ ոլորտում սակագները կիջեցվեն 10-30 տոկոսով։ Պետք է խոստովանել՝ Արցախի բջջային կապի ոլորտում սակագներն այնքան բարձր են, որ, չնայած «ՂՏ»-ի տնօրենի բարեգործական գործունեությանը, ղարաբաղյան մոտ 35 հազար բաժանորդների չնչին մասը կհամաձայնի Ռ. Եիրիկյանին բարեգործ համարել։ Բջջայինից օգտվող արցախցիներն առայսօր չգիտեն, թե րոպեավճարից բացի ինչու են յուրաքանչյուր ամիս աբսուրդ ամսավճար տալիս «Տելեկոմին», երբ բջջայինին բաժանորդագրվելու համար նախապես 13 հազար են վճարել։ Ստացվում է՝ եթե բաժանորդը հեռախոսը թողնի տանը և 1 կամ 3 ամսով մեկնի, ասենք, ռուսաստաններ կամ ամերիկաներ՝ հարազատի մոտ հանգստանալու, ապա վերադառնալուց «Տելեկոմին» պիտի վճարի 2000 կամ 6000 դրամ։ Ամեն տարի յուրաքանչյուր բաժանորդ, հենց այնպես, «ՂՏ»-ի գանձարան է մուծում 24 հազար դրամ, պարզ չէ՝ որպես հա՞րկ, տո՞ւրք, թե՞ բարեգործություն...
Պատահական չէ, որ արցախյան մամուլում հաճախ են կարծիքներ հնչում, որ Արցախի ժողովրդին կարելի է համարել «ՂՏ»-ի բարեգործությունների համահեղինակը, քանզի յուրաքանչյուր տարի բջջային բաժանորդները «ՂՏ»-ին են «նվիրաբերում» մոտ 1 մլրդ դրամ «բաժանորդահարկ», չհաշված իրական վարձավճարից գոյացած միլարդները։ Թե չէ՝ այս բարեգործությունը հիշեցնում է Րաֆֆու հանրահայտ վեպի մի պատմություն, երբ մեկի ավանակը գողանում, տանում-ներկում են և վաճառում տիրոջ վրա։
Անհասկանալի է, թե ինչու Ռալֆ Եիրիկյանը, որ միաժամանակ հայաստանյան երկրորդ օպերատոր «Վիվա Սելի» ղեկավարն է, չի ուզում բջջային-քարտային տարբերակը օգտագործել նաև Արցախում։ Չէ՞ որ այն շատ ավելի մատչելի կլինի շարքային բաժանորդին։ Ի դեպ, «Վիվա Սելի» ղեկավարն օրերս անուղղակի դժգոհություն է հայտնել Հայաստանում բջջային երրորդ օպերատոր մտցնելու կապակցությամբ։ Երանի այդպիսի մի նոր օպերատոր «հայտնվեր» նաև Արցախում և պատերազմ տեսած, հազար ու մի հոգս ունեցող ժողովրդին ազատեր ՂՏ-ի «բջջային հարկից»։
Ամեն դեպքում՝ առողջապահության ոլորտին նվիրաբերած գումարի համար ժողովուրդը պիտի շնորհակալություն հայտնի։ Բոլորը չէ, որ ժողովրդից վերցրածի թեկուզ ինչ-որ մասը վերադարձնում են ժողովրդին։ Կարծում եմ՝ այս ամենը տեղավորվում է մեր ժողովրդավարություն-դեմոկրատիայի սահմաններում։ Չէ՞ որ «ժողովրդավարությունը» մեզանում երբեմն այսպես են ստուգաբանում՝ ժողովրդին վարել («մեկի գլուխը վարել», Արցախում նշանակում է՝ մեկին խաբել)։
«Հրապարակ» օրաթերթ,
Երևան, 2.02.09

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Հեռախոսավարձը մուծելիս, ստանալով «վճարման անդորրագիրն» ու հեռազանգերի ցուցակը (վերջինիս համար պետք է լրացուցիչ 100 դրամ վճարել), հաճախորդը պարզապես չի կարողանում դրանք կարդալ՝ տպագրական ներկի բացակայության պատճառով։ Չենք կարծում, թե բարեգործական ծրագրեր իրագործողի համար դժվար է տպագրական ներկեր գնելու համար մի քանի գրոշ գտնելը։


«ՍԱՏԻՐԻԿՈՆ» ԳՐՔԻՑ

Ես չգիտեմ, որքանո՞վ է հնարավոր՝
Բանաստեղծը հարստանա հոնորարով:
Թե այդպիսի պոետներ կան երկնքի տակ,
Նրանց երգին ոչ մի անգամ չհավատաք:

* * *
Լպրծունն այս ներս մտնելու
Եվ դուրս գալու ձիրք ունի,
Վերևներում ամուր թիկունք
Եվ անսասան դիրք ունի.
Թեկուզ հայտնի գրագող է
Ու խայտառակ էպիգոն,
Բայց գիտե՞ք, թե փառաբանված
Քանի խոտան գիրք ունի:

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ



Համարի ասույթը

Սրիկայի կամ, ընդհանրապես, անազնիվ մարդու սցենարում ազնիվի կերպար խաղալը նույնպես անազնվություն է:
 

Ամսվա ասույթը

Հումորը բնատուր հարստություն է, որով այն ունեցողները տարբերվում են բոլոր նրանցից, ովքեր այն չունեն: Կարելի է յոլա գնալ առանց արտասահմանյան ավտոմեքենայի, սակայն ապրել առանց հումորի, նշանակում էЄ չապրել:

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Արխիվ