Գլխավոր » 2010 Ապրիլ N4(17) /2
2010 Ապրիլ N4(17) /2
14:26

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, ՈՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԻԳԵՐԻ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾԸ ՓՈՇԻԱՑՎԻ...»

(Հայտարարություն)

Շուրջ մեկ ամիս առաջ մենք ՀՀ իշխանություններին ներկայացրեցինք Հայաստանի, ինչպես և աշխարհասփյուռ հայության կենսական շահերը շոշափող միջպետական՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը հնարավորինս գաղտանզերծելու պահանջը: Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում գործող կասկածելի լեգիտիմության իշխանությունը չունի վստահության այն բարձրագույն աստիճանը, որ հայ ազգը կուրորեն հավատա նրան:
Մեր բոլոր հորդորների և պահանջների արդյունքում իշխանությունների կողմից առայսօր չկա ոչ մի արձագանք: Համանման իրավիճակներում բանակցային գործընթացը փակ պահելու անթափանց գաղտնապահությունը իմաստալից է միայն այն դեպքում, երբ կա օտարների հետ գործարքի արդյունքում սեփական հասարակության շահը ոտնահարելու նպատակ:
Կարգավորման այսպիսի գործընթացները կարող են հեռուն գնացող ծանրագույն հետևանքների հանգեցնել, ինչից ելնելով մենք մտադիր չենք համբերել այնքան ժամանակ, որ կանգնենք արդեն միջազգայնորեն ճանաչված փաստի առաջ:

Արտաքին քաղաքականության կայունության ու անկախության հիմնասյունը արդարացի ու արդյունավետ ներքին քաղաքականությունն է, սակայն փաստենք, որ այս դաշտում ևս իշխանության որդեգրած ուղին իր ամենօրյա դրսևորումներով մեր հայրենիքը քայլ առ քայլ մոտեցնում է անկման շեմին, ինչից ելնելով, համոզված ենք, որ այս իշխանությունը արտերկրում ի զորու չէ հավուր պատշաճի ներկայացնել հայ ժողովրդի հավաքական շահը:
Հասարակության հետ կարևորագույն խնդիրների շուրջ երկխոսության դաշտի բացակայությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանության և պետությունը կրող ազգի միջև չկա հաղորդակցություն, հետևաբար նաև՝ վստահություն: Այսօր Հայաստանում իշխանությունը վեր է ածվել մարմնից կտրված գլխի, որի գործողությունների առանցքը սեփական իշխելատենչին հագուրդ տալու ձգտումն է, այլ ոչ թե ազգի շահը սպասարկելը:

Հասարկության պահանջների հանդեպ իշխանության բացարձակ բթացման և հակաժողովրդական քաղաքականություն որդեգրելու աններելի դրսևորում է աղքատացումից հյուծված ժողովրդին նոր, ավելի ծանր հարկային բեռ և տնտեսական իրավիճակ պարտադրելը:
Երբ խոսքը վերաբերվում է մեր՝ ազատամարտիկներիս շահերին, մենք կարող ենք լռել՝ պատվից ցած համարելով մեր աննախանձելի հասարակական ու տնտեսական վիճակից բողոքելը, սակայն որպես հայ ժողովրդի զավակներ, մենք չենք կարող անտարբեր մնալ լայն հասարակական խավերի, իսկ որոշ դեպքերում՝ ողջ հասարակության շահերի ոտնահարման հարցում:
Այսօր ակնբախ երևում է, որ իշխանության քաղաքականության արդյունքը լինելու է աղբարկղներում իրենց հանապազօրյա հացը որոնող մեր հայրենակիցների քանակի բազմապատկումը:
Հայրենակիցներ, Ղարաբաղյան ազատամարտում հաղթանակ տարած սերնդին բաժին հասած այս նվաստացումն ու անարդարացիությունը արդյունքն է իշխանությունների գիտակցված և նպատակային քաղաքականության: Ցավով պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակը խարտոցի նման մաշում է բարոյական վեհ արժեքների վրա հիմնված հայ ժողովրդի ոգեղեն էության առանցքը:

Ազատամարտիկներս համոզված ենք, որ հայ ժողովրդի պատմական քառուղիներում մեր սերունդը իրականացրել է լրջագույն փոփոխություններ՝ արյուն թափելով ռազմադաշտերում և զրկանքների դիմանալով թիկունքում, և մենք չենք կարող հանդուրժել, որ համազգային ճիգերի ու կորուստների գնով ձեռք բերածը փոշիացվի և փլուզման բերվի խաղաղ պայմաններում:
Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ նախագահից սկսած բոլոր բարձրագույն պաշտոնյաներին՝ սթափվել և գիտակցել, որ արդարացիության հաստատումը Հայաստանում չունի այլընտրանք: Երկիրը պետք է վերադառնա զարգացման ակոսի մեջ: Հայաստանի իշխանությունները թող ընդունեն սա որպես վերջին պահանջ և հիշեն, որ անգամ ծայրահեղ բռնատիրական ռեժիմները ոչինչ են ժողովրդական ցասման ալիքի առջև:

«Ղարաբաղի պատերազմի վետերաններ»,
«Ազատամարտի եղբայրություն»,
«Դաշտային հրամանատարների խորհուրդ»
31.03.10



ՀԱՐԳԵՆՔ ԱԶԱՏ ԽՈՍՔԸ

Գաղտնիք չէ, որ այսօր մենք՝ թոշակառուներս, գտնվում ենք սոցիալական ծանրագույն վիճակում: Ժողովրդավարական ուրիշ երկրների թոշակառուների նման չենք կարողանում վայելել մեր վաստակած հանգիստը: Մենք չենք կարող ծանր պահեր չապրել այն կորուստների, այն անմարդկային պայմանների համար, որոնք հաղթահարեց մեր ժողովուրդը, ավագ սերունդը:
Այսօր շատ բարդ ու հակասական հարափոփոխ իրադրության պայմաններում է գտնվում ողջ աշխարհը: Հատկապես մեր տարածաշրջանը դրա վառ դրսևորումն է հանդիսանում: Մարդիկ կարծես թե շունչները պահած, համակ լսողություն դառած, սպասում են իրենց հիմնահարցի լուծմանը: Այդպես էլ մենք էինք սպասում Արցախի հարցի հայանպաստ լուծմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը… Բազում ու բազմաթիվ հարցեր:

Բայց, արդյո՞ք մեզ հաջողվում է համապատասխան տեղեկատվություն ստանալ մեր լրատվական միջոցներից: Իհարկե ոչ: Շատ դժգոհ ենք «Ազատ Արցախի»-ի հրապարակումներից, որը համարվում է պետության խոսափողը, կուսակցական մամուլի մեծ մասից, որոնք առավելապես տպագրում են իշխանահաճո նյութեր։
Մի ժամանակ մեր լրատվական դաշտում գործում էին «Դեմո» և «Հավատ» հանրային թերթերը, որոնք ազատ խոսքի ջատագովներ էին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք ասպարեզից հեռացան: Կարծես առաջացած լրատվական վակումը լրացնելու համար ծնվեց «Նոր էջ» հանրային թերթը, որը կարճ ժամանակահատվածում դառավ հանրության ցանկալի լրատվամիջոցը: Շատ ցավալի է, որ այդ թերթը չունի բարերար-հովանավորներ և առավելապես տպագրվում է միայն թերթի բարեկամների համեստ միջոցներով: Ուրախալի կլինի, որ լրատվական այդ միջոցը հենց առաջինը հավանավորվի պետության կողմից: Այդ թերթի պահանջը խիստ զգացվում է այսօր։ Մի՞թե հնարավոր չէ փոխել նրա հրապարակման պարբերականությունը և այն դարձնել շաբաթաթերթ:

Մի խումբ արցաշցիներ՝
Ն. ԳԱՍՊԱՐՅԱՆ, Ժ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ,
Լ. ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Ս. ՆԵՐՍԻՍՅԱՆ,
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ,
Բ. ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Ե. ԱՂԱԲԱԼՅԱՆ,
Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ, Ժ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,
Ե. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Նամակագիրներին շնորհակալություն ենք հայտնում «Նոր էջի» հանդեպ սրտացավ ու ջերմ վերաբերմունքի համար։ Միաժամանակ ուզում ենք հայտնել, որ սույն թվականի 2-րդ եռամսյակից ԼՂՀ-ում հրատարակվող մի շարք պարբերականներ, այդ թվում՝ «ՆԷ»-ն, պետության կողմից ստացել են տարբեր չափի ֆինանսական օժանդակություն։ Մեր թերթը հնարավորություն է ստացել հոգալու տպագրական և այլ կարգի որոշ ծախսեր, սակայն «ՆԷ»-ն առայժմ շատ հեռու է որպես շաբաթաթերթ լույսընծայվելու հնարավորությունից։





ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մայրաքաղաքի՝ որպես մաքրության խորհրդանիշի համբավը հասցրել է տարածվել աշխարհով մեկ: Կառուցող ու պահպանող թևը ջանում է հնարավորինս կայուն պահել այդ կարգախոսը, բայց որոշ կարգազանցների պատճառով ամեն ինչ զրոյի է հավասարվում։
Եթե քաղաքի փողոցներում, միմյանցից աննշան հեռավորության վրա տեղադրված աղբարկղերի շուրջ ծավալվող անօգուտ մեկնաբանումներն այսօր ծեծված թեմա են համարվում, ապա այս անգամ փորձենք խնդրին մոտենալ այլ տեսանկյունից: Խոսքն ուղղենք քաղաքի սահմանամերձ, տնամերձ, բակամերձ հատվածներում տեղադրված մեծ աղբարկղերին, որոնք տեսանելի են անգամ հսկայական հեռավորությունից: Երբեմն այդ տարաների կանաչ գույնն աչքի է զարնվում անգամ փողոցի մյուս ծայրից:
Բայց դե, չնայած այդ ուղղությամբ տարվող լուրջ աշխատանքներին (սանմաքրման, կանաչապատման, աղբահանման և համապատասխան այլ կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքներ), չարակամ ձեռքն իրենն է անում: Քաղաքում տեղակայված որոշ աղբարկղերում աղբի փոխարեն վխտում են թափառական կատուներն ու նրանց անտեր ձագերը, գազազած շներն ու բազում հիվանդությունների բացիլակիր մկներն ու առնետները: Այդ «բարիքներից» անմասն չեն մնում հավերն ու աքլորները, որոնք անտեսված ու մոռացության մատնված իրենց տերերի կողմից, ժամերով քուջուջ են անում աղբակեղտի մեջ՝ Թումանյանի հեքիաթի անհաղթ աքլորի պես երևի փորձելով ոսկի գտնել, բայց կեղտոտ լաթերից, որդերից ու միջատներից բացի, ուրիշ ոչինչ չեն հայտնաբերում այնտեղ։
Իսկ մեկ այլ վայրում կարելի է հանդիպել թումանյանական շունն ու կատվի դեռ չավարտված մենամարտին, չնայած քիչ չեն դեպքերը, երբ նույն կարգավիճակում հայտնված քաղցած մուկը, կատուն ու շունը «գործով տարված», ստիպված են ժամերով հանգիստ տանել միմյանց ներկայությունը:
Պուշկին, Հեքիմյան և այլ փողոցներին կից տեղադրված աղբարկղերն արդեն հոգնել են երկար դատարկ մնալուց և «իրենց գրկում» նիրհող շներին ու կատուներին ապաստարան տրամադրելուց: Աղբամաններից այն կողմ բացվող անհրապույր տեսարանն ուղղակի ապշեցնող է՝ ցաքուցրիվ եղած, կույտերով դարսված, գարշահոտ աղբաթմբեր... Պարզվում է, թափված աղբի տարածքը տնամերձ հողամաս է, այգի: Այնինչ այն արդեն հասցրել է վերածվել աղբանոցի:
Զարմանում ես մարդ արարածի վրա: Ոտքով հատում, հսկա տարածք է անցնում և, աղբարկղերին չհասած, իր ձեռքի պարունակությունը նետում է աղբարկղի մոտ՝ պատռված տոպրակի պարունակությունը թափելով աջ ու ձախ։ Ընդամենը մեկ քայլ՝ քաղաքակիրթ լինելու համար...

Զարմանալի է, ի՞նչի համար են տեղադրված աղբարկղերը: Անտեր ու անօգնական կենդանիների՞, հարևանների հավերի՞, թե՞... Քիչ չեն դեպքերը, երբ մեքենայի պատուհանից կամ մյուս մայթից նետում են դատարկ շշեր, որի արդյունքում՝ դրանց մի մասը ջարդվում է և լցվում երթևեկելի հատվածը՝ պատճառ հանդիսանալով դժբախտ պատահարների:
Ասում են՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար»: Ի՞նչ բոլոր, ի՞նչ մեկ: Եթե չկա տարրական քաղաքավարություն, էթիկա: Եվ հենց այդ մեկն էլ կարող է իր անփույթ ու տհաճ արարքով կարծիք ձևավորել բոլորի մասին: Այսօր հենց այդ մեկն է պատկերացում տալիս երկրի, ազգի, մշակույթի, սովորույթների, մտածելակերպի, ճաշակի մասին:
Այսօրինակ մարդիկ հաճախ կատարելով իրենց «սև գործը», զգուշորեն չորս կողմն են նայում և ինքնագոհ ժպտում՝ լավ է, ոչ ոք չտեսավ։ Հնարավոր է՝ կողքից ոչ ոք չտեսավ, բայց «ներսից» մեկը հո տեսավ։ Ձեր խիղճը չէ՞ որ տեսավ, թե՞ արդեն կուրացել է կամ քնով անցել...

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Հարե-վաններից ու ականատեսներից լսել ենք, որ, այնուամենայնիվ, «աղբանետման» գործում ամենապրոֆեսիոնալը մեր կարկառուն պոետներից մեկն է, որ օլիմպիական մարզիկի պես մի քանի անգամ օդում պտտում է 1-2 օրվա իր «քուջուջի» մնացորդներով լի տոպրակն ու այնպիսի ճարպկությամբ նետում աղբարկղի ուղղությամբ, որ մինչև «նպատակակետին» հասնելը, տոպրակի գարշահոտ պարունակությունը սփռվում է փողոցով մեկ...




ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Վերջերս իմ հայրենի Մեծ Թաղերը վերջին հրաժեշտը տվեց Պուժի տատիկին, որին բոլորն ուղղակի Պուժի աքա էին ասում: Վերջինս 92 տարեկան էր, բայց դեռ կարողանում էր ներս ու դուրս անել, առողջ դատել: Մի խոսքով՝ ոչ մեկին (տղաներ, հարսներ ունի, տասնյակ թոռներ ու ծոռներ) նեղություն չէր տալիս: Ինքն էր իրեն խնամում, իր մասին հոգում: Պարզապես վերջին երեք օրը հիվանդացել, անկողին էր ընկել ու… Ասել է թե՝ ինքն իրեն սպառել էր: Դե, չէ՞ որ բնությունն էլ իր «օրենքներն» ունի...

Համենայնդեպս, Պուժի աքան գյուղի երկարակյացներից մեկն էր համարվում: Ու երկար ապրելու գաղտնիքը պիտի տեսնել ոչ թե անհոգ մանկության, մեծ հարստության մեջ (որ չի ունեցել ընդհանրապես), այլ նրանում, որ ողջ կյանքում կապված է եղել հող ու ջրի, հանդ ու դաշտի, ծառ ու այգու հետ: Ամենակարևորը, մաքուր օդ է շնչել, սառնորակ աղբյուրի ջուր խմել, թարմ կաթ ու բանջարեղեն, անուշահամ մրգեղեն վայելել...

Ճիշտն ասած, տարիք առած մարդիկ գյուղում ամենևին էլ մատների վրա չեն հաշվվում: Անուննե՞ր: Խնդրեմ՝ Հեղուշ Ալթունյան, 90-ը վաղուց է ետևում թողել, չնայած կատակով ասում են, թե դեռ «կարգին» չի ծերացել, թեև հազար ու մի զրկանք է կրել, դժվարություն, պակասություն տեսել: Նույնիսկ պատշարին է օգնել, քար ու ցեխ է կրել, անտառից փայտ բերել:
Նույնը կարելի է ասել Արտո Աղաբեկյանի, Համեստ Միրզախանյանի, Գալյա Բադասյանի, Արփենիկ Վարդանյանի, Նիկոլայ Մարգարյանի մասին: Վերջինս «աչք է բացել» ֆերմայում: Քանի՜-քանի տարի նա տքնել, կովերից հազարավոր տոննաներով կաթ է կրել, նկարը «պատվո տախտակից» չի իջել (այն տարիներին դա մեծ պատիվ էր, հարգանքի ու վստահության լավագույն արտահայտություն):

Նիկոլայը Մեծ հայրենականի մասնակից է ու, չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ մեկ-մեկ նստում է ձին ու գնում «Մայր խաթուն» աղբյուրից քիչ ներքև փռված իր բանջարանոցը՝ մի երկու ժամով ձեռքը հողին կպցնելու, մտքում նրա հետ մտերմիկ զրուցելու, անտառի հովը շնչելու, հրաշք բնության հրաշքները նորից ու նորից մոտիկից տեսնելու ու հիանալու, անցած-գնացած տարիների անհուն կարոտը առնելու համար: Գործը մարդուն կենդան (առողջ) է պահում: Սա է նրա խոսքը, խրատը ջահելներին: Պարապ նստել չի սիրում: Պարապությունը, ասում է, ամենամեծ հիվանդությունն է: Այսպես է մտածում, այսպես է դատում Նիկոլայ պապիկը, որ նամուս-ղեյրաթով, խելոք, աշխատասեր որդիներ ունի, թոռներ ու ծոռներ…

Ամեն ինչ անցողիկ է: Փող, ունեցվածք, կարողություն... Մի տեսակ խորհրդավոր տոնով ասում է Նիկոլայ քեռին ու հավելում՝ կարևորը առողջությունն է, օջախի ծխի հավերժությունը: Համ էլ, գիտեք էլի, մարդ աշխարհ է գալիս մի բան թողնելու, արարելու, մի բան ստեղծելու ու ոչ թե միայն ուտելու համար: Այս կարծիքին է Նիկոլայ քեռին: Ու ոչ միայն նա, այլև կյանք տեսած, կյանքի համալսարաններն ավարտած, տարիների փորձով իմաստացած մեծերը, տարեցները, որոնք խոսքները մեկ արած, երկարակեցության հիմնական երաշխիքը մաքուր խղճի ու հայրենանվեր գործի, արդար վաստակի մեջ են տեսնում, մաքուր օդի և ջրի, անզուգական բնության պարգևած հոգեկան աննկարագրելի հաճույքի մեջ:

Ի դեպ, բնական խելքով օժտված, գյուղում ծնված ու մեծացած, պարզ ու հասարակ այս մարդկանց կարծիքը, տեսակետը չի ժխտվում արդի բժշկության, գիտության կողմից: Ամիսներ առաջ հեռուստատեսությամբ լսել եմ ուշագրավ մի հաղորդում Ննգի գյուղի մի բնակչի մասին, որը թեև անցել է հարյուրի սահմանը, բայց իրեն լավ է զգում, առողջական վիճակի հետ կապված ոչ մի խնդիր չունի: Ֆիզիկական աշխատանք է կատարում, հողը մշակում, այգում բերք ու բարիք աճեցնում: Ի միջի այլոց, ինչպես շատերն են հաստատում, երկարակյացների ճնշող մասը բնակվում է գյուղական վայրերում: Այս փաստը, կարծում եմ, ապացուցման կարիք չի զգում:

Երկարակեցության կարևոր պայմաններից մեկը, հասկանալի է, ճիշտ ապրելակերպն է: Մարդն իր կյանքում, անկախ տարիքից, պիտի պահպանի չափավորությունը, քանզի չափավորությունը բնության դաշնակիցն է և առողջության պահապանը: Գեղեցիկ են հնչում Ֆրանկլին Ռուզվելտի խորիմաստ տողերը. «Եթե ուզում ես երկարացնել կյանքդ, կարճացրու ճաշիդ սեղանը»: Բնական է, պետք է խուսափել ծխելու, ալկոհոլային խմիչքների չարաշահումից, պետք է կարողանալ մտավոր աշխատանքը զուգադրել ֆիզիկական աշխատանքի, ֆիզիկական վարժությունների հետ, ճիշտ հիշելով, որ վերջիններս կարող են փոխարինել դեղամիջոցին, բայց ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել ֆիզիկական վարժություններին ու ֆիզիկական աշխատանքին (խոսքը ծանր, հոգնատանջ աշխատանքի մասին չէ):
Մի բան էլ: Հանգիստը, ինչպես ընդունված է ասել, պետք է լինի ակտիվ: Այսինքն՝ հանգստանալ չի նշանակում գալ տուն և իսկույն քուն մտնել բազմոցին: Մասնագետների պնդմամբ՝ երկարակեցության կարևոր պայմաններից մեկն էլ կաթնեղենի, բանջարեղենի, զանազան տեսակի աղցանների, կարտոֆիլի, կանաչեղենի, մրգերի ավելի հաճախակի օգտագործումն է: Սրանք խորհուրդներ են, որ նշված են բժշկական գրականության մեջ: Ու այս բոլոր խորհուրդները ուղղված են մի բանի՝ զգալիորեն բարելավել ժողովրդի կենսամակարդակը և առավելագույնս երկարացնել մարդու կյանքի տևողությունը, կարևորագույն մի հարց, որը մտահոգում է ոչ միայն առանձին անհատների, այլև ողջ հասարակությանը, պետությանը:

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր



ԴԱՐՁՅԱԼ ԾԽԱԽՈՏԻ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ

Բոլորս գիտենք, որ շնչում ենք ամենևին ոչ մաքուր օդ: Նրանում պարունակվում են փոշու հատիկներ, միկրոօրգանիզմներ, քիմիական նյութեր: Մանրէները կարող են թափանցել թոքերի ավելի խոր բաժինները, մինչև անգամ՝ ալվեոլները, որտեղ գազափոխանակություն է կատարվում: Մեր օրգանիզմը մինչև ալվեոլները թափանցած օտար ու վնասակար նյութերից էլ է կարողանում ազատվել:
Բայց թոքերում օդի մաքրման պրոցեսը շատ արագ խախտվում է, երբ մարդ սկսվում է ծխել: Անցյալ դարի 50-ական թվականներին հետազոտությունները հաստատել են, որ արյան մեջ մտցրած նիկոտինը խախտում է շնչափողի և բրոնխների թարթիչների շարժումը, որի համար էլ օդը թոքերում չի մաքրվում: Ծխախոտի ծուխն էլ գրգռելով շնչառական ուղիների բջիջները, ուժեղացնում է լորձի և խորխի առաջացումը:
 
 Ծխողները հեշտությամբ են հիվանդանում խրոնիկական բրոնխիտ, լարինգիտ և այլ հիվանդություններով: Դա է պատճառը, որ շնչառության օրգանների հիվանդությունից բոլոր մահացածների մեջ ծխողները 15 անգամ ավելի շատ են, քան չծխողները:
Ծխողները հիմնականում հիվանդանում են թոքերի քաղցկեղով: Ծխողների մոտ շնչառության օրգանների ծանր հիվանդությունների առաջացումը պայմանավորված է ծխախոտի ծխի բաղադրությամբ՝ 1-3% նիկոտին, 7-8% սպիտակուցներ, 8-10% ածխաջրեր, 1% եթերայուղեր, 6% խեժանյութեր, 11-15% հանքային նյութեր, 70% քիմիական միացություններ: Ծուխը շատ կարճ ժամանակի ընթացքում նկատելի փոփոխություններ է առաջացնում մեր շնչառության, մարսողության, արյան շրջանառության օրգաններում, ողջ օրգանիզմում:

Ծխախոտի բաղադրության մեջ ամենավտանգավորը նիկոտինն է: Ձին սատկում է, երբ նրա արյան մեջ ներարկում են 80 գլանակի մեջ պարունակված թույնը: Նիկոտինը ցնդող, անգույն, յուրահատուկ հոտով հեղուկ է, լավ լուծվում է ջրում, օդում օքսիդանում է, դառնում դարչնագույն: Այն ամենաշատը պարունակվում է ծխախոտի տերևներում: Ծխելիս նիկոտինը գոլորշիանում է, ծխի հետ թափանցում վերին շնչառական ուղիներ և ներծծվելով ազդում մարդու բոլոր օրգանների ու համակարգերի (հատկապես նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, ստամոքս-աղիքային) և զգայական օրգանների վրա:
Նիկոտինի մի քանի կաթիլը (100-200 մգ) մարդուն ներարկելիս կարող է մահվան պատճառ դառնալ: Չծխողների համար մահացու դոզան 60 մգ է: Ծխախոտի մեկ գլանակը պարունակում է 1-2 մգ նիկոտին: Դժվար չէ հաշվել, որ քառասուն գլանակի թույնը մահացու է ցանկացած տարիքի մարդու համար: Նիկոտինի ոչ մեծ դոզաների բազմակի ազդեցությունը կարող է առաջացնել ընտելացում, հակում (նիկոտինիզմ) և քրոնիկական թունավորում: Այդպես է մարդը դառնում ծխող:

Նիկոտինը ավելի շատ ծանր ազդեցություն է թողնում երիտասարդ օրգանիզմի վրա: Իմ հաշվումներով՝ ծխողների 30 %-ը սկսել են ծխել 13-17 տարեկան հասակից, 40%- ը՝ 18-23, 15%-ը 24-30, 10%-ը՝ 31-50, 5%-ը՝ 51 և ավել տարեկանից: Նշված թվերը ցույց են տալիս, որ դպրոցներում էլ քիչ չեն ծխողները:
Մարդկության համար ծխելը, իրոք, ամենավնասակար սովորություններից մեկն է, վտանգավոր չարիք առողջության համար: Այդ պատճառով գրեթե բոլոր պետություններում անողոք պայքարում են այդ չարիքի դեմ՝ կիրառելով տարբեր տեսակի միջոցներ և մեթոդներ: Պարզվել է, որ ծխելու դեմ ամենաարդյունավետ մեթոդը հոգեբուժականն է, քանի որ ոչ մի դեղ արդյունք չի տալիս: Արդյունք չի տվել մինչև անգամ ծխախոտի արտադրության կասեցնելը մի քանի պետություններում: Առավոտյան խանութներում ծխախոտ չգտնելով, ծխողները աշխատանքի չեն գնացել:

Ես շատ ծխողների հետ եմ զրուցել. բոլորն էլ փոշմանում են, որ սկսել են ծխել, ամեն միջոցի դիմել են, բայց չեն կարողանում թողնել ծխելը: Շատերն այն համոզմունքն ունեն, որ անհնարին է ծխախոտից ազատվելը:
Ճիշտ չէ նրանց կարծիքը։ Ամեն տարիքում էլ կարելի է թողնել ծխելը. պետք է կտրականապես որոշում կայացնել ծխելը թողնելու մասին և կամքի ուժով կատարել այդ որոշումը: Ինձ հայտնի են մարդիկ, որոնք ծխախոտի տուփը տանը պահելով են թողել ծխելը՝ ապացուցելու համար, որ ուժեղ կամք ունեն: Սխալ են այն ծխողները, ովքեր ցանկանում են թողնել ծխելը՝ օրեցօր քչացնելով ծխած գլանակների քանակը: Օրական մեկ գլանակ օգտագործելու դեպքում անգամ արյան մեջ շարունակվում են պահպանվել իմունիտետային հակամարմինները, որոնք առաջացել են նիկոտինի օտարածին մոլեկուլները քայքայելու համար:

Որոշ ծխողներ էլ ծխելու սովորությունները վերացնելու նպատակով ծուխը կլանելու փոխարեն բերանից են հետ տալիս: Նրանք կարծում են, թե ծխի վնասակար նյութերը չեն թափանցելու արյան մեջ: Բայց այդպես չէ. նիկոտինը 0.2 վայրկյանում էլ հասցնում է բերանից թափանցել արյան մեջ, և ծխելու սովորությունը պահպանվում է:
Ամենադժվար օրերը առաջին 2-3 օրերն են, հաջորդ 6-7 օրերում սկսում են հազել, շնչափողից խորխ է արտադրվում: Շատերը հազից և խորխից վախենում են և նորից սկսում են ծխել: Հազը պաշտպանողական հարմարանք է՝ կուտակված խորխը դուրս նետելու համար: Խորխը մաքրվելուց հետո կենսական պրոցեսները կարգավորվում են, լավանում է մարդու ախորժակը, ինքնազգացողությունը...

Ծխելը մեծ չարիք է մարդու կյանքի համար. միշտ բերանում տհաճ հոտ կա, դեղնում են ատամները, մատները, գիշերը հազելով խանգարում են բոլորի քունը: Նշված վնասները քիչ են ծխողների համար, մի նոր դժվարություն էլ ավելանում է ամուսնանալու ժամանակ՝ շատ հաճախ աղջիկները ծխող տղաների առաջարկած սերը մերժում են…
Ծխելու վատ սովորությունը մեզ մոտ տարածված չի եղել: Օրինակ, մեր գյուղի՝ Ուլուբաբի 365 բնակիչներից ծխում էին միայն երեք տղամարդ: Անցյալ դարի երկրորդ կեսից, միջնակարգ դպրոցում, որտեղ ես սովորում էի (մեր շրջանի ամենամեծ դպրոցն էր) 4-5 ծխող աշակերտ կային: Այս ամենը հիշատակեցի նրա համար, որպեսզի համեմատեմ այսօրվա վիճակի հետ: Չթաքցնենք, մեզ մոտ գրեթե ամեն ընտանիքում ծխող կա։ Եթե նախկինում միայն բարձր դասարանցիներն էին ծխում, ապա այսօր սկսում են ծխել 7-րդ կամ ավելի ցածր դասարանից: Դրանք հիմնականում վատ սովորող և անկարգապահ երեխաներն են: Այստեղ մենք էլ մեղքի բաժին ունենք. տարիներ առաջ խանութներում երեխաներին խմիչք և ծխախոտ չէին տալիս, իսկ հիմա՞…

Մենք մեղավոր ենք նաև նրանում, որ մեր կողքով ծխելով անցնում է դպրոցահասակ երեխա, իսկ մենք անտարբեր ենք մեզ պահում, դիտողություն չենք անում: Ինձ անչափ մտահոգում է այն, որ մեր երեխաները ծխելու հետևանքները չիմանալով, այսպես ծխողներ են դառնում։ Իսկ հետո ստիպված են լինելու մտածել դրանից ազատվելու մասին: Վերջերս Շահումյանի պուրակում մի քանի ծխողներ ինձ խնդրել են խորհուրդներ տալ իրենց՝ ծխելը թողնելու համար: Այդ նույն խորհուրդներն էլ տալիս եմ ընթերցողներին:
Նախ՝ ծխելը թողնելու ժամանակը պետք է ճիշտ ընտրել. երբ հիվանդացել եք գրիպով, անգինայով և ջերմությամբ ուղեկցվող այլ հիվանդություններով, այդ ժամանակ պետք է սկսեք ծխելը թողնել: Հիվանդը ծխելու հակում շատ քիչ է ունենում, կամ ընդհանրապես ծխելու ցանկություն չի ունենում: Հիվանդությունը բուժելուց հետո պետք է կարդալ հետաքրքիր գիրք, զբաղվել գրավիչ աշխատանքով ու գործունեությամբ:

Բարեբախտաբար, մեզ մոտ ծխող աղջկա կամ կնոջ չեմ հանդիպել: Ինձ ուրախացնում է նաև այն, որ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտում ոչ մի անգամ ծխող չեմ տեսել: Եվ համոզված եմ, որ արցախցիները կաշխատեն երես թեքել ծխելու մարդասպան սովորությունից, եթե ուզում են առողջ և առույգ լինել, եթե ուզում են քաջ ու առողջ սերունդ ունենալ, որպեսզի կարողանանք պահել մեր անկրկնելի ու գեղեցիկ Հայրենիքը՝ Արցախը:

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ