Գլխավոր » 2010 Ապրիլ N4(17) /1
2010 Ապրիլ N4(17) /1
14:32

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 

ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱ՞Կ, ԹԵ՞ ԳՈՐԾՈՆ

ՀՀ հեռուստաալիքներից մեկով ամերիկահայ մի ուսանող ասաց, որ ամերիկացի իր ընկերները գրեթե ոչինչ չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, և ինքը նրանց պատմում է, թե ինչպես են թուրքերը կոտորել 1.5 մլն հայերի։ Հայազգի այդ երիտասարդի խոսքերից խոր ցավ զգացի։ Ես ցանկանում եմ, որ իմ ազգին աշխարհը ճանաչի ոչ թե որպես զոհ, այլ որպես քաղաքակիրթ մի ազգ, որ հազարամյա մշակույթ ունի, Նարեկացի, Թումանյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան ունի, նշանավոր ծովակալ ու մարշալներ է տվել աշխարհին...

Ամեն տարի ապրիլի 24-ին հայությունը, շունչը պահած, սպասում է՝ ԱՄՆ նախագահը կկատարի՞ նախընտրական իր խոստումը՝ թուրքերի կողմից 1915-1923 թթ. իրականացրած ջարդերը որակելով ցեղասպանություն։ 1981 թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի շուրթերից արդեն հնչել է «ցեղասպանություն» բառը։ Բայց դրանից ինչ-որ բան փոխվե՞լ է հայերի համար։ Գերված մեր Վանը, Սասունը, Կարսն ու Արարատը մե՞րը դարձան։

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաշատ բնակավայրերում 1915 թ. իրականացված ոճիրը ազգային մեր մեծ ողբերգությունն է, բայց ազգային գերնպատակ պիտի դարձնենք ոչ միայն և ոչ այնքան այդ ոճրագործության միջազգայնորեն ճանաչումը, որքան Հայոց մեր երկրի զարգացումը, այդ թվում՝ Արցախի հզորացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, արտագաղթի փոխարեն՝ ազատագրված հողերի վերաբնակեցումը... «Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը անկախ ու հզոր պետականության կերտումն է..»,- ապրիլի 24-ի իր ուղերձում նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը...

Սակայն, ցավոք, միանգամայն այլ ուղղությամբ է շարժվում Հայոց պետական նավը, և դա ավելի շատ հիշեցնում է բաց ծով դուրս եկած անղեկ նավի, որ տաշեղի պես այս ու այն կողմ է քշվում։ Դրա վկայություններից մեկը «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ վախճանն է։ ՀՀ նախագահն օրերս իր հեռուստաուղերձով ժողովրդին հայտնեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին։ Արձանագրություններ, որին մինչ այդ «ոչ» էր ասել գրեթե ողջ հայությունը։ ՀՀ ղեկավարը գերտերությունների թելադրանքով մտել էր մի խաղի մեջ, որից եթե Հայաստանը մի բան «շահել է», դա այն է, որ Թուրքիային դարձրել է գործոն՝ տարածաշրջանում, և վերջինս սկսել է քիթը խոթել «ղարաբաղյան խնդրի» մեջ, փորձելով իր կամքը թելադրել հայկական կողմին։

Օգտվելով հայկական դիվանագիտության խեղճությունից, նախապայմաններ էր առաջ քաշում Թուրքիան, երկիր, որ սրի է մատնել հայ ժողովրդի արևմտյան հատվածին և տիրացել նրա երկրին։ «Օկուպացված տարածքները» վերադարձնելուց խոսում է մի երկիր, որ տասնամյակներ առաջ զավթել է Կիպրոսի հյուսիսային մասն ու այնտեղ տնկել արյունոտ իր դրոշը։
Բացառված չէ, որ մի օր էլ ՀՀ նախագահը ուղերձով դիմելու է հայությանը, փորձելով բացատրել, որ Արցախի անվտանգության համար ազատագրված հողերը պիտի վերադարձնել թշնամուն... Մեկընդմիշտ պիտի հասկանանք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և մյուսները նույնքան մեր բարեկամն են, որքան՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի, և մեր տարածաշրջանում միայն իրենց սեփական շահն են հետապնդում։ Իսկ որպեսզի մեզ հետ հաշվի նստեն, պիտի ուժեղ լինենք։ Այլապես ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային դիվանագիտություններում ընդամենը գնդակի դերում ենք լինելու։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային
խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային
ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է
Սփյուռքի հայկական կազմակերպություններին։

Հայկական երեք ավանադական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2009 թվականի ապրիլից, երբ հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվեց հանրային հարթակ, մենք հայտնվեցինք նոր մարտահրավերների դեմ հանդիման։ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը, հանրահայտ երկու արձանագրությունների ստորագրումը առիթ դարձան ներհայկական բուռն բանավեճերի։ Սեփական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը հայերի կողմից Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների հետ կապելու՝ Թուրքիայի շարունակական փորձերը հավելյալ լարվածություն են հաղորդել կովկասյան տարածաշրջանին։

Արևմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից։
Ի պատասխան այդ ներազդման՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին։ Նկատի ունենալով Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ռազմատենչ ծրագրերը՝ կարելի է չկասկածել, թե հատկապես որտեղից և ինչ ուղղությամբ կարող է սկսվել այդ ապակայունացումը։ Դրա հետ կապված՝ հրատապ է դարձել ԼՂՀ անվտանգության ամրակայման, այսինքն՝ նոր ցեղասպանության վտանգի կրկնման բացառման խնդիրը, այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում։
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը գտնում է, որ մեր ժողովրդի համար այնպիսի կարևոր խնդրի լուծման հետ միասին, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, սփյուռքահայ կազմակերպություններին հարկ է քննարկել նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնահերթ ուղղություն»։

Ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԻ՝ վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպերն ապացույցն են այն բանի, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում։
Հանրային խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նշեց. «Արտերկրի մեր հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում։ Եկել է ժամանակը այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար»։

Հանրային խորհրդի կարծիքով՝ տարբեր երկրների անգամ տեղաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախի ճանաչումը կոգևորի ու կզորակցի արցախցիներին, առավելս տոկունություն կհաղորդի նրանց և բարոյական ու ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն կհանդիսանա։

Ստեփանակերտ,
26 ապրիլի, 2010 թ.




ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը Արցախում սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել և հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթող չի լինի, որը կարող է դառնալ գերիշխող ուժ: Սոցհարցումները պատվիրել է Ազատամարտիկների միության երիտասարդական կազմակերպությունը։ Ադիբեկյանը հրաժարվել է հարցման արդյունքները ներկայացնել, նշելով, որ դրանք դեռ ամփոփման փուլում են, որից հետո ինքն ասուլիս կհրավիրի ու կներկայացնի, թե որ քաղաքական ուժը որքան վարկանիշ ունի:

Սոցիոլոգը նշել է, թե հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող 5 ուժերից 7 տոկոսանոց արգելքը կհաղթահարեն միայն երեքը՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, «Ազատ հայրենիքն» ու Դաշնակցությունը: Սոցիոլոգի խոսքովերով, ընտրություններից հետո առաջ է գալու կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն, և բոլոր երեքն էլ հավասարաչափ հնարավորություն ունեն մտնել կոալիցիա: Ադիբեկյանն ասաց նաև, որ «Ազատ Հայրենիք»-ի և Ժողովրդավարական կուսակցության ձայները բավականին մոտ են, իսկ դաշնակցականները մի փոքր զիջում են, բայց դեռ ընտրարշավի ժամանակ շատ բան կարող է փոխվել:

Հարցումներն, ըստ «Սոցիոմետր»-ի ղեկավարի, երեք նպատակ են ունեցել. պարզել ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշը, պարզել, թե իշխանությունների վարկանիշն ինչպես է փոխվել վերջին 2 տարում և, վերջապես, ԼՂՀ հարցի վերաբերյալ ի՞նչ են մտածում արցախցիները և ինչպես են ընկալում հայ-թուրքական մերձեցման շրջանակում ԼՂ հարցի լուծումը: Ըստ Ադիբեկյանի, ընդհանուր առմամբ, Ղարաբաղում մարդիկ բավականին լավ հոգեբանական վիճակում են, լավատեսորեն են վերաբերում ապագային և փոխզիջելու ոչ մի պատրաստակամություն չունեն: Իսկ ԼՂ կարգավիճակի առումով հասարակությունը բաժանված է երկու մասի. մի մասը դեմ չէ միանալ Հայաստանին, մյուս մասը կտրականապես դեմ է դրան՝ համարելով, որ այդ դեպքում ՀՀ-ում առկա բացասական գործընթացները կներթափանցեն Ղարաբաղ:





ԱՊՐԻԼԻ 24. Թուրքիա, Ստամբուլ

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ շաբաթ օրը քուրդ և թուրք իրավապաշտպանները բողոքի երկու ակցիա անցկացրեցին Ստամբուլում։
Նախ Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակին հարող ճեմափողոցում հավաքվել էին թուրք և քուրդ իրավապաշտպաններ։
Այստեղ ամեն շաբաթ բողոքի ակցիա են անցկացնում քուրդ մայրերը, ովքեր պահանջում են իրենց կորած զավակներին, և այսօր, քանի որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն էր, քուրդ մայրերն իրենց զավակների նկարների կողքին պարզել էին նաև հայ մտավորականների նկարներ։
«Մենք պատրաստ ենք այնքան խոսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև վերջապես այն ընդունեն Թուրքիայում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Օզլեմ Դալկիրան։

Ցուցարարներից մի քանի մետր այն կողմ հավաքվել էին թուրք ցուցարարներ, ովքեր պարզել էին պաստառներ և կոչեր էին հնչեցնում այն մասին, որ հայերն են թուրքերին կոտորել։
Ավելի մեծ բողոքի ակցիա իրավապաշտպանները անցկացրեցին «Հայդար Փաշա» գնացքի կայարանում, որտեղից 1915 թվականին արտաքսել են հայ մտավորականների առաջին խմբին։ Այստեղ հնչած ելույթներում բողոքի ակցիայի շուրջ 100 մասնակիցները հնչեցրեցին կոչեր, որ այլևս երբեք չպետք է կրկնվեն նման իրադարձությունները։ Տարածքը շրջապատված էր մեծ թվով ոստիկաններով։ Իրավապաշտպանները պարզել էին հայ մտավորականների նկարները։
Հավաքվածներին դիմեց իրավապաշտպան Էրեն Քեսկինը. «Չպետք է կրկնվեն այն դեպքերը, որ տեղի են ունեցել 1915 թվականին։ Հիմա մենք հավաքվել ենք այստեղ և ասում ենք ոչ ցեղասպանությանը»...




ԿՈՄԱՆԴՈՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է
ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՎ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ Է ՊԱՀԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ»

Ադրբեջանի կողմից պրովոկացիաներ հնարավոր են, սակայն մեծամասշտաբ գործողությունները մեր երկրի տարածքում բացառվում են։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ղարաբաղյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Նման համոզմունքը նա բացատրեց փաստով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և սրանով իսկ ապահովագրել է իրեն. «Պատերազմի դեպքում, համաձայն պայմանավորվածության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պետք է աջակցեն մեզ»,- հիշեցրել է նա՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ զինամթերքի կուտակումը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել։ «Դուք լավ գիտեք, որ ըստ Ստանիսլավսկու, պատից կախված զենքը մի օր կրակում է։ Եթե Ադրբեջանում այս քանակությամբ զենք և զինամթերք է կուտակվում, և նման ռազմաշունչ հայտարարություններ են արվում, մենք չենք կարող ասել, որ ռազմական գործողությունները բացառվում են. պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- նկատեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ավելացնելով, որ տարածքների վերադարձի հետ կապված հարցերը բացառիկ դեպքում են խաղաղ ճանապարհով լուծվում։

Անդրադառնալով ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ ղարաբաղյան ազատամարտի հերոսը նկատեց, որ դրանք ի սկզբանե անհամատեղելի հասկացություններ են. «Դրանք ծայր բևեռներ են, և այդ է պատճառը, որ այդ երկու սկզբունքները փակուղային իրավիճակի են բերել»,- շեշտեց նա։
Ամփոփելով՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ ինքը ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է վերադարձնել արյամբ վերցրած հողերը՝ չունենալով ոչ մի երաշխիք։ «Չնայած քաղաքական և դիվանագիտական հայտարարություններին և գնահատականներին՝ ղարաբաղյան հարցի լուծումը պատկանում է մեր ժողովրդին, ով արյան գնով է պահել Ղարաբաղը»,- նշեց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սիրիական Al watan թերթին տված հարցազրույցին։

Հիշեցնենք, որ AL WATAN-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահը նշել էր, որ երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը:
News.am



ՇԵՇՏԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 22–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ազգային–քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների, մտավորականների և երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էր «Արցախյան ճակատում «ստատուս-քվոյի» հրամայականը» թեմայով հավաք-քննարկում։ Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Հավաքի ընթացքում ելույթ ունեցան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը, նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի կանաչների սոցիալ-էկոլոգիական կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը, Ազգային նոր պահպանողական շարժման ղեկավար Էդուարդ Աբրամյանը, Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Արմեն Մանվելյանը, Ռազմավարական հետազոտությունների ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանը, «Հայ Կամավորականների Համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը, «Հայկական Ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքս Քանանյանը, որոնք շեշտեցին և հիմնավորեցին Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար կենսական նշանակություն ունեցող ազատագրված տարածքներում հայկական զինուժի ներկայության անհրաժեշտությունը, իշխանությունների պարտվողական քաղաքականության արդյունքում հայրենի հողը կորցնելու վտանգի աստիճանը, հայրենիքի մի մասը բանակցություններում սակարկման առարկա դարձնելու, Ադրբեջանին հանձնելու և տարածաշրջանում որոշ գերտերությունների ճնշումներին ենթարկվելու Սերժ Սարգսյանի դավաճանական պահվածքը։

Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս փաստեցին իրենց վճռական կեցվածքը արցախյան ճակատում առկա «ստատուս-քվոյի» պահպանության և հազարավոր հայ մարտիկների արյան գնով ազատագրված հայրենիքի պաշտպանության գործում։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տեղի ունեցած հավաք-քննարկումը ցանկանում էր կազմակերպել ապրիլի 2-ին՝ Թեքեյան մշակութային կենտրոնում, սակայն իշխանությունների համապատասխան մարմինների կողմից կենտրոնի ղեկավարության վրա ճնշում գործադրելուց հետո այն հետաձգվել էր։ Այս հավաքը տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող տարածքում և քննարկմանը ներկա էր նաև տիկին Փոստանջյանը։
 
«Սարդարապատ» շարժման
նախաձեռնող խումբ
Երևան, 22.04.2010 թ.




ԿԱՍՊԱՐՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՑՆՑԵԼ Է ԱԶԵՐԻՆԵՐԻՆ

Շախմատի աշխարհի չեմպիոն, ընդդիմադիր «Միացյալ քաղաքացիական ճակատ» շարժման ղեկավար Գարի Կասպարովը www.chita.ru կայքում ընթերցողների հարցերին պատասխանելիս, հարց է ստացել մի ադրբեջանցու կողմից, որը վերջինիս առաջարկել է հետ վերադառնալ Բաքու, քանի որ դա շախմատիստի հայրենիքն է, և ընդդիմադիր գործունեություն ծավալել Ադրբեջանում:
Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Կասպարովի պատասխանը ցնցել է ադրբեջանցուն և ինպես պարզում, է ոչ միայն:

«Ես ծնվել եմ մի երկրում, որի մայրաքաղաքը Մոսկան էր, ես շարունակում եմ ապրել այն երկրում, որի մայրաքաղաքը կրկին Մոսկվան է: Իմ հաշվին է 8 ոսկե օլիմպիական մեդալ: 6 անգամ եղել եմ թիմի առաջնորդ, երկու անգամ՝ սովետական, մնացած չորսը՝ ռուսական: Հարցը թողնում եմ ընթերցողի խղճին: Բաքուն եղել է ընդամենը յուրօրինակ կայսրական ֆորպոստ, և մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ մեծացել եմ, իրենց համարել են ռուս քաղաքակրթական տարածության մասնիկ իր պատմությամբ, մշակույթով ու լեզվով: Այն, թե որտեղ ապրել, ինձ համար երբեք չի հուզել: Իմ ծանոթների գերակշիռ զանգվածը ժամանակի ընթացքում լքել է Բաքուն և հիմա ապրում է Մոսկվայում: Կրկնում եմ՝ այն երկրի մայրաքաղաքում, որտեղ մենք ծնվել ենք»,- պատասխանել է Կասպարովը:
Panorama.am




2009-Ի ՀԱՄԵՄԱՏ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 8,8 %-ՈՎ, ԻՍԿ 2005-Ի ՀԱՄԵՄԱՏ՝ ՄՈՏ 30 %-ՈՎ

2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ սպառողական գներն աճել են 8.8%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 14.3%-ով, ծառայությունների սակագներինը՝10.6%-ով:
Իսկ ահա եթե 2010-ի մարտի գները համեմատում ենք 2005-ի մարտի հետ, ապա գնաճը կազմել է 29.4 տոկոս, այդ թվում ՝ պարենային ապրանքների գներն աճել են (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 28%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 22%-ով, ծառայությունների սակագներինը՝ 36.0%-ով:
2010թ. մարտին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 4.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.1%-ով, ծառայությունների սակագներինը՝ 1.3%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2010թ. մարտին, փետրվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ:
News.am



ՀԱՆՈՒՆ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆԻ

Այն, ինչի մասին պիտի պատմեմ, իրավական իր անվանումն ունի՝ օրենսդրության խախտում, հանրային լեզվով՝ խղճի կորուստ: Մի քիչ պատմություն: Կար ժամանակ Ստեփանակերտում մեր արդյունաբերական հսկաներն էին գործում՝ մետաքսկոմբինատը, կոշկի ֆաբրիկան: Երկրորդն առաջինից հազիվ մի երկու հարյուր բանվոր-ծառայողով էր պակաս և ուներ 2800 աշխատող: Չարաղետ խորշակ անցավ թե՛ առաջինի, թե՛ երկրորդի, թե՛ նրանցից համեմատաբար փոքրերի վրայով: Փակվեցին, թալանվեցին: Բախտը միայն կոշիկի ֆաբրիկային ժպտաց, լրիվ չկործանվեց: Արտադրական ռիթմը, թեկուզ տասնապատիկ թույլ, չմարեց: Գործարանի հարկերից մեկում ստեղծվեց երկու նոր արտադրամաս: Մեկը մինչ այսօր էլ զինվորական կոշիկ է թողարկում, մյուսը՝ հանդերձանք:

Լուր տարածվեց, թե կանչում և առաջարկում են դիմումներ գրել՝ աշխատանքից ազատվելու մասին: Ինչպե՞ս, հանուն ինչի՞, գո՞ւցե արտադրամասն է փակվում՝ եզրակացնում էին շատերը: Ճշմարիտը, սակայն, այլ էր: Հումք չկա, պարապուրդ է հայտարարվում երկար ժամկետով և, որպեսզի տնօրենը «չտուժվի», պարապուրդի դիմաց վճարումներ չանի, գտնվել է հարմար տարբերակը՝ «խնդրել» արտադրամասի բանվոր-ծառայողներին դիմումներ գրել՝ աշխատանքից ազատվելու մասին, խոստանալով հումք ստանալուց բոլորին վերականգնել իրենց նախկին աշխատատեղերում:

«Խոհեմ» գտնվեցին բոլորը, «կամավոր» դիմումները դարս-դարս կիտվեցին բաժնի վարիչի սեղանին: Հրամանների ձևակերպումն էլ կատարվեց ըստ դիմումների ամսաթվերի, որ պարտադրությամբ գրանցվել էին մեկը մեկից տարբեր: Դե եկ ապացուցիր, թե գործարքը չի պարտադրվել, կամավոր է եղել: Գիտեմ, հանդիմանողներ կլինեն և կասեն՝ ինչպիսի՜ հպատակություն տիրոջ կամքին: Տես, է՜, կավելացնեն, դղրդում է Եվրոպան միլիոնավորների միտինգներից ու ցույցերից, այնքան հուժկու, որ տիրողներին մնում է ենթարկվել դժգոհների կամքին: Մերն ուրիշ է, դուրս մնացիր կյանքի ընթացքից, մոռացիր նորից նրա մասնակիցը լինելու իղձդ: Կա և «չճանաչված երկրի» միտման ընկալումը, սակայն չմոռանանք հիմնականը: Դա մեր խղճուկ տնտեսությունն է: Միայն տեղ-տեղ է, որ առկայծում է մեր նախկին արտադրական նախկին հզորությունների աշխատանքի աղոտ ճրագը:

Անհետ անցել են ժամանակները, երբ նույնիսկ աշխարհի դասական երկրներն էին սպասում հայի արտադրանքին: Գորիսի միկրոշարժիչները մինչև Գերմանիա, Բելգիա էին առաքվում: Այսօր երեկվա մեր ունեցածի պակասը չէ միայն, փոխվում է մեր ազգային դիմագիծը: Աշխարհում ամենից կարդացող ազգի համբավ ունեինք, կորցրինք: Մուրող հայի երբեք չէիր հանդիպի, հիմա հանդիպում ենք: Աղբարկղներում մթերքների մնացորդներ որոնողներ չկային, հիմա կան: Մեկ-մեկու նկատմամբ էլ ուշադիր էինք, իրար հարայի հասնող:
Ամիսներ առաջ էր: Մեր լրագրողներից մեկին ամառային տապին դեմ-հանդիման է ելնում մի կին՝ երկու դպրոցահասակ երեխայով, երեքն էլ ոտից գլուխ ձմեռային հագուստ-կապուստով: Պատմում է իր ապրուստի մասին, որ ողբերգության է հավասար: Փախստական է, առանց ամուսնու: Երկու տեղ հավաքարարուհի է աշխատում, մեկից ստացածը տան վարձ է տալիս, մյուսով՝ հացով ապահովում իրեն ու երեխաներին:

Ընդհանրապես, եթե ինձ հարցնելու լինեն, թե ինչպիսի երկրի պես կուզենայի տեսնել Հայաստանն ու Արցախը, անվերապահ կասեի՝ Իսրայելի: Եվ ոչ միայն նրա համար, որ աղքատությունը բացառված է այս երկրում: Ամենից շատ հրապուրում է այն, որ Հայաստանի պես փոքր տարածք ունենալով, հզոր է իր տնտեսությամբ, ռազմական դիմակայությամբ: Գրում եմ այս տողերը, իսկ հեռուստաէկրանից Իսրայելի վարչապետը Էրդողանին զգուշացնում է իր երկրի նկատմամբ անբարեհաճության շարունակման դեպքում դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային, իսկ եթե հավելենք նաև, որ Իսրայելից ռազմական տեխնիկա է ստանում նաև ԱՄՆ-ն, պատկերը լրիվ կդառնա:

Հրեաներն աշխարհով մեկ սփռված են ավելի շատ, քան մենք՝ հայերս: Բայց նրանք հավաքվում են հիմա հայրենի երկրում, մենք՝ ցրվում: Հազիվ յոթ հարյուր հազար բնակիչ ուներ 1946-ին եւ տասը հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որ ՄԱԿ-ի որոշմամբ հռչակվեց որպես Իսրայելի պետություն: Այսօր ութ միլիոն է նրա բնակչության թվաքանակը: Ահռելի աճ, որին նախանձել կարող ենք մենք: Իսկ այն, որ մեկուկես միլիոն էլ պետական ծրագրով հայրենադարձվո՞ւմ են: Բոլորին էլ տուն, աշխատանք տալիս են, ընտելացնում մայրենի լեզվին: Մերն ուրիշ է, արտահո՜սք, որ խարխլում է երկրի գոյության հիմքերը:
Միայն Ռուսաստանի Դաշնությունում 360 հազարի փոխարեն ներկայումս երկու և կես միլիոն հայ է բնակվում: Սփյուռքն ենք ավելացնում: Իսկ ինչի՞ հաշվին՝ հայրենիքի մերկացման: Չէ՞ որ մեզնից հեռացողն ուրիշի հողն է ծաղկեցնում, ուրիշի տունը շենացնում: Իսկ ազգային ակունքներից կտրվե՞լը, օտար երկրների խառնարաններում ձուլվե՞լը:
 
Գլխավորն այսօր վիճակագրությամբ չխաբվելն է: Մինչև իսկ կասկածելի են ԼՂՀ-ում մի քանի տարի առաջ կայացած մարդահամարի տվյալները, ըստ որի ԼՂՀ բնակչությունը կազմել է 139 հազար, որում ընդգրկված էին նաև ազատագրված շրջաններում ապաստանածները: Ընդհանուր առմամբ դժվար է հաստատել, թե լիակատար ճշգրտությամբ են անցկացվել հաշվարկումները: Այսպես, օրինակ, մայրաքաղաքի Իոսիֆյան փողոցում մարդահամարի և ոչ մի հաշվառող չի եղել և հնարավոր է, որ, ինչպես և հերթական ընտրությունների ժամանակ, հիմք են ընդունվել կոմունալ ծառայությունների տեղեկությունները: Մինչդեռ նշված փողոցի նախկին ընտանիքներից մնացել է միայն վեցը:

Տագնապալից են և մեր գյուղերից ստացվող տվյալները: Ողբերգությո՞ւն չէ, արդյոք, որ անցյալ դարի մեր լրիվ դատարկված գյուղերի թվաքանակը ավելացրին ևս երկուսը՝ Քյաթուկն ու Դահրազը: Շահմասուրի գյուղապետն է մամուլում փաստում՝ գյուղում եղած 56 ընտանիքից 28-ը, այսինքն՝ կեսը, թողել է գյուղը: Նոսրանում են և մեր խոշոր գյուղերը. բավական թվով բնակիչներ են թողել, օրինակ, Մեծ Թաղերը: Չեմ կարծում, թե գոնե Ճարտարում վիճակը բարվոք է: Միչև 700-800 հոգի, հիմնականում երիտասարդներ, աշխատում էին նրա 1000 հեկտար խաղողայգիներում: Հիմա ինչո՞վ զբաղվի ճարտարցի երիտասարդը, երբ ընդամենը մի քանի տասնյակ այգիներ են մնացել, երբ չկա անասնապահական համալիրը՝ իր 700-800 կովերով:

Այս ամենի մասին ճշգրիտ շատ տեղեկություններ կարող է տալ մեր վիճակագրությունը, բայց չի տալիս: Հնարավո՞ր չէ, օրինակ, ընտրովի վիճակագրություն անցկացնել մեր խոշոր գյուղերում բնակչության տեղաշարժերի մասին: Կարող է, բայց, հավանական է, խանգարում է զգաստությունը՝ հանկարծ տեղեկությունները լինեն «անհաճո» և դուր չգան «վերևներին»: Իզուր չէ, որ շեղում կատարեցի թեմայից: Նպատակս է ավելի տեսանելի դարձնելու այն, որ մենք չունենք ավելի հրատապ խնդիր, քան մեր քայքայված տնտեսության վերականգնումը և դրա հիման վրա արտահոսքի կանխումը: Արդյո՞ք չենք ուշանում ամեն ինչում:
Ներկայումս ըստ երևանյան «Նովոյե վրեմյա» թերթի տեղեկատվության, ՀՀ-ի ղեկավարությունը, անձամբ նախագահ Ս. Սարգսյանը, խորապես մտահոգված են հանրապետության գյուղատնտեսության անմխիթար վիճակով և այն համոզմանն են, որ առանց հողօգտագործման ներկայիս կարգի վերափոխման հնարավոր չէ և ոչ մի առաջընթաց: ՀՀ-ում այժմ մշակվում են մինչև 2020թ. ներառվող ծրագրեր, որոնց նպատակը կոոպերացման տարբեր ձևերին անցնելն է:

Մամուլում մի անգամ չէ, որ մեզանում խոսք է բացվել այդ մասին: Բայց՝ լռություն, որն այժմ էլ պահպանվում է: Հզոր տնտեսություն, նոր բազմաթիվ աշխատատեղ՝ այս պիտի լինի մեր Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների անցկացման ժամանակ քարոզչության խարիսխը: Մինչդեռ հանրային հեռուստատեսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների առաջին ելույթներով հուսախաբ եղանք: Ժողովուրդը կատակով ասում է՝ ուր որ է հերթը կհասնի հավաբների սեփականաշնորհմանը:
Փաստորեն պետությունը զրկվել է մեր սոցիալ-տնտեսական համակարգը կառավարելու լծակներից: Մի բնագավառ, որով ԼՂՀ-ում կարող ենք հպարտանալ, շինարարությունն է: Կառուցում ենք, շատ ենք կառուցում: Բայց մի պահ մեզ հարցնենք՝ ամե՞ն ինչ է, որ թելադրված է ժամանակի պահանջով: Պե՞տք է, որ կենցաղային և առևտրական հաստատություններով գերհագեցած Ստեփանակերտում ունենանք նոր սուպերմարկետներ, ռեստորաններ, հանդիսությունների տներ այն դեպքում, երբ վերջին քսան տարում արտադրական բնույթի գործարկված միակ օբյեկտը «Արցախֆրուտ»-ն է՝ իր այնքան էլ ոչ մեծ կարողությամբ:

Պե՞տք էր, արդյոք, որ մենք ունենանք բուսաբանական այգի և այդ պատրվակով հողին հավասարեցնենք մեր ծաղկաբուծարանը (օրանժերեյա), որը մայրաքաղաքին ծաղիկներով ու տնկիներով միակ ապահովողն էր: Մի շրջանի բնակչության չափ բնակչություն էլ չունենք, բայց, տեսեք, կառավարական ինչպիսի համալիրներ ունենք: Միլիարդավոր միջոցներ ունեցող երկիրը չէր անի այն, ինչ հիմա մենք անում ենք մայրաքաղաքի Ս. Շահումյանի անվան պուրակում և Ն. Ստեփանյանի անվան զբոսայգում: Երկուսն էլ բարեկարգ էին, ընդամենը թեթևակի նորոգումների ենթակա: Մինչդեռ հիմա երկուսն էլ հիմնովին քարուքանդ են արվում: Հանուն ինչի՞: Գո՞ւցե հաճախորդների լիարժեք ժամանցի համար: Այդ դեպքում Շահումյանի անվան պուրակում ամռան տապին մարդկանց արևից պաշտպանող սաղարթախիտ ծառերն ինչո՞ւ հատվեցին:

Ստեփանակերտում վերջին 20 տարում աճեցված ծառի չես հանդիպի, մինչդեռ մեր կանաչ բարեկամներից զրկվել են ամբողջական փողոցներ: Չորս ժամ տևեց իմ բանավեճը վերևում հիշված արտադրամասի տնօրենի հետ, և նա ոչ մի կերպ չփորձեց զիջել իր դիրքերը: Այս արտադրամասի և նրա շրջապատի տերն ու տիրականը ես եմ, իմ ցանկացած կարգ ու կանոնը հաստատողը՝ ևս: Այսպիսին էր նրա խոսքը երկարատև զրույցի ընթացքում. «Գնացեք, երկու կողմից կողպեքով փակեցեք մեր գլխավոր մուտքի դարպասը»:
Հիշենք, կար ժամանակ, որ այսպիսի հրահանգներ արձակում էին նախկին իշխանները, կնյազները... Մեր հողում ինքնիշխան մի տիրույթ է ստեղծել արտադրամասի տնօրեն Ն. Մանուչարյանն իր համար, և մեկը չկա, որ նրան ասի՝ ցած իջիր երկնքից, ժամանակները փոխվել են: Տուն դարձա ես այդ հանդիպումից և երկար ժամանակ մտորումների մեջ էի: Ամենից շատ հուզում էր այն միտքը, թե այս ինչպես է, որ ժողովրդավարական համարվող մեր երկրում օրը ցերեկով արհամարհվում, փողոց է նետվում աշխատավորական մի ամբողջ կոլեկտիվ և չի գտնվել մեկը, որ պաշտպան կանգնի նրան: Կամ հետաքրքրվե՞լ է մեկ ուրիշը, թե ինչ մակարդակի աշխատավարձ են սահմանված արտադրամասում...

Պարզվում է՝ արհմիությունների հանրապետական խորհուրդն անտեղյակ է այս ամենից... Մտորումները ինձ ավելի հեռուներն են տանում: Այդ ինչպե՞ս է, որ մեր բնակիչներից շատերը գոհ չեն մեր նախարարների աշխատանքից: Փորձիր հեռախոսով կապվել մեկի հետ և քեզ հուսախաբ կանի նրա աչալուրջ քարտուղարուհին՝ իր «զբաղված է», «մոտը հաճախորդ կա», «հեռախոսով խոսում է» պատրաստի խոսքերով:
Մարդկանց հետ չշփվելը, սև ապակիներով մեքենայով շրջագայությունը սահմանափակում է շրջապատի հետ հարաբերվելու նրանց տեսադաշտը: Տեղյա՞կ են, օրինակ, մեր մեծամեծերը, որ մեր շատ գործարարներ աշխատանքի են ընդունում միայն մինչև 30, առավելագույնը՝ 35 տարեկաններին, որ մեծ տարածում է գտել 12-ժամյա աշխատանքային օրը՝ առանց շաբաթական հանգստի օրվա և տարեկան արձակուրդի:

Երկու տարուց ավելի է, ինչ տեղական մամուլն ահազանգում է մեր անտառներում ընկուզենիների, կաղնիների, այլ թանկարժեք ծառերի զանգվածային ու անօրեն հատումների մասին: Լիովին մերկացել են մեր շատ անտառատարածքներ, այդ թվում՝ Սարսանգի հրաշագեղ ձորակը: Երկու տարի՝ և ոչ մի արձագանք չեղավ: Միայն վերջերս հանրապետության դատախուզության վճռով թեթևակի տույժ ստացան Ասկերանի շրջանի գյուղերի գյուղապետերը: Այդպես էլ հանրությանն անհայտ մնաց, թե ինչու գործը սահմանափակվեց միայն երկու գյուղով և, որ քիչ կարևոր է, թե ովքեր են այդ ծառահատումների նախաձեռնողները: Մինչդեռ հանրությունում լուրեր են պտտվում այն մասին, որ հանցավոր գործարքին մասնակից են մեր որոշ պաշտոնյաներ և որ դրանից նրանք շահել են ոչ քիչ խոշոր գումարներ: Ժամանակն է, որ մեր մամուլն էլ հառնի իր երկարամյա նինջից, և սկսի ահազանգել օրախնդիր հիմնահարցերի մասին: Մոտ 200 լրագրող ունենք, բայց լսելի չէ նրանց ձայնը՝ ուղղված հոռի բարքերի վերացմանը:

Արցախը մեր տունն է, մեր հայրենիքը: Եթե մենք բարվոք վիճակում ենք ուզում տեսնել մեր այդ տունը, պարտավոր ենք բոլորս անել ամեն հնարավորը, որ նրանում գերիշխի կարգն ու կանոնը, տեղ չունենան անօրինությունն ու կամայականությունը:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեծ հայրենականի վետերան,
լրագրող

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Հոդվածում շոշափված հարցերը, կարծում ենք, կարժանանան իրավասու մարմինների՝ մասնավորապես հանրապետության դատախազության ու արհմիությունների հանրապետական խորհրդի ուշադրությանն ու արձագանքին, և վերջիններս իրենց խոսքը կասեն հոդվածում հիշատակված արտադրամասի կոլեկտիվին աշխատանքային պարապուրդի ժամանակ օրենքով սահմանված դրամական վճարումներից զրկելու, իսկ դատախազությանը՝ նաև ԼՂՀ անտառներում մեծ քանակությամբ ծառերի անօրեն հատումների վերաբերյալ։

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ