Գլխավոր » 2010 Փետրվար N2(15) /2
2010 Փետրվար N2(15) /2
12:28

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՐՑՈՎ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարդ կացության մեջ է հայտնվել, մինչ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ շաբաթ քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսե գործակալությունը։
Հիշեցնելով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում թեկնածու Բարաք Օբաման խոստացել է 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, «Ասոշիեյթեդ փրես»-ը միաժամանակ նկատում է, որ Կոնգրեսի այդ բանաձևը կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
«Միացյալ Նահանգների նախկին վարչակազմերը մինչ օրս հաջողել են խափանել նմանօրինակ բանաձևերի ընդունումը՝ հրապարակային և կուլիսային բանակցություններում որպես պատճառ բերելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը։ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն, մինչ այս պահը հրապարակային դիրքորոշում չի արտահայտել շրջանառության մեջ դրված բանաձևի առնչությամբ»,- հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։

Բանաձևը առաջիկա հինգշաբթի քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի ներկայացուցիչները՝ դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ, պնդում են, որ Սպիտակ տունը քվեարկությանն ընդառաջ իրենց վրա որևէ ճնշում չի գործադրում։ Այս հանձնաժողովում հավանության արժանանալու դեպքում բանաձևը քվեարկության կդրվի Պալատի լիագումար նիստում։
Անդրադառնալով բանաձևի նախագծին՝ Սպիտակ տան խոսնակ Մայք Համերը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հետաքրքված մնալ փաստերի ամբողջական, բաց և արդար ճանաչմամբ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու համար հայ և թուրք ժողովուրդները պետք է անդրադառնան անցյալի փաստերին՝ ներկայումս հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում»։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բուն բանաձևի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշման շուրջ խոսնակը մանրամասներ չի հաղորդել։
Ամերիկյան վարչակարգի և, մասնավորապես՝ նախագահ Բարաք Օբամայի լռությունը մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի կապակցությամբ թուրք հասարակությանը անհանգստանալու առիթ է տվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մինչ այժմ Օբամայի վարչակարգից այդ օրինագծի կապակցությամբ որևէ հայտարարություն չի եղել։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ևս փաստում են, որ Սպիտակ տնից հայկական բանաձևը չընդունելու ուղղությամբ ոչ մի ճնշում չկա։

ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը, ով օրեր առաջ հանձնեց հավատարմագրերը ԱՄՆ նախագահ Օբամային, ևս կլծվի հիշյալ բանաձևը օրակարգ մտցնելու դեմ իրականացվող աշխատանքներին: Թուրքական Za-man-ը գտնում է, որ այս բանաձևի դեմ տարվող աշխատանքը Նամըք Թանի համար կլինի քննության պես մի բան:
Իր հերթին Նամըք Թանը Սպիտակ տան լռությունը կապել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հետ։



ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԿԱՐԾԵՍ ԽԱԽՏՎԵԼ Է

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին՝ դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի աջակցությունը Սենատում շրջանառված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերին: Անդրադառնալով ներկայիս թիվ 252 բանաձևին, որը շուտով քվեարկվելու է Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Քըրքը հայտարարել է. «Հուսով եմ, մենք դա կանենք, և հուսով եմ, Ներկայացուցիչների պալատը կանի դա, և դուք թույլ կտաք, որ դա տեղի ունենա»:

Ի պատասխան՝ պետքարտուղարը նշել է հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը և դրանց վավերացմանը նպաստելու՝ Միացյալ Նահանգների ջանքերը, սակայն չի խոսել բանաձևի նախագծի մասին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆը, իր հերթին, հայտարարել է. «Ես չեմ կարծում, թե [հայ-թուրքական] հաշտեցման հեռանկարը, որքան էլ որ ես կցանկանայի դրա իրականացումը, օգտագործվի որպես Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը չճանաչելու պատճառ»: Նա վարչակազմին կոչ է արել սատարել օրինագծի ընդունումը և չընդդիմանալ դրան:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում նույնպես Հիլարի Քլինթոնը իր աջակցությունն էր հայտնել հայ-թուրքական գործընթացին, սակայն չէր ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ վերջին տարիներին նախորդ վարչակազմերը՝ ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ցանկացած առիթ օգտագործել են նման բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծի քվեարկության օր է նշանակված մարտի 4-ը: «Ազատություն»



ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԶՈՀ

ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները նամակներ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության որոշ դրվագներ, ու փոխադարձաբար ծանր մեղադրանքներ են ներկայացրել մյուս կողմին: Ընդ որում, երկուսն էլ որպես ապացույցներ ներկայացել են նաև ժամանակին մյուս կողմից հաղորդված որոշ լուրեր կամ հատվածներ հարցազրույցներից:
Ադրբեջանի ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում նշել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի հետևանքով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացվել է, բնակչության մեկ ութերորդ մասը փախստական կամ հարկադրաբար տեղահանված է դարձել, պատերազմի ընթացքում կատարվել են ծանր հանցագործություններ:
 
Դեսպանը գրել է Խոջալուի դեպքերի մասին՝ ասելով, թե 1992 թվականի փետրվարին Խոջալուի ադրբեջանական բնակչության դեմ իրականացվել է արյունալի հանցագործություն: Նրա բերած տվյալներով՝ 600-ից ավելի մարդ է սպանվել, 400-ից ավելին հաշմանդամ է դարձել, 1200-ը գերի է ընկել: Մեհթիևի պնդմամբ՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում այդ հանցագործության համար, և «հանցագործին պատժելը անհրաժեշտ է խաղաղություն ապահովելու, արդարությունը վերականգնելու համարե:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Բան Կի-մունին նամակ է հղել Սումգայիթի և Բաքվի հայազգի բնակիչների դեմ իրականացված ջարդերի տարելիցի կապակցությամբ:

Նա նախ նշում է, որ Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել որպես զոհ, աղավաղել փաստերը, այդ թվում՝ հենց ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները:
Նազարյանը մեջբերում է անում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցից, որտեղ նա ասել էր, թե Ադրբեջանի ընդդիմությունն ու միլիցիան խոչընդոտել են Խոջալուի բնակչության դուրսբերմանը: The Helsinki Watch կազմակերպության 1992 թվականի զեկույցում էլ վկայակոչումներ կան, որ Ադրբեջանի միլիցիան կրակել է խաղաղ բնակչության վրա:

Ապա Հայաստանի ներկայացուցիչը անդրադառնում է 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերին, դրանց հաջորդած՝ ադրբեջանական մյուս քաղաքներում հայազգի բնակչության ջարդերին, որոնց հետևանքով, նշում է նա, կես միլիոն հայեր ենթարկվեցին էթնիկ բնաջնջման ու տեղահանման:
«Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջի վերականգնումն է՝ իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքըե,- ասված է նամակում:
«Ազատություն»




ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՎՆԱՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում և մեզ մոտ՝ Արցախում վերջին տարում մեր Կառավարության վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ ավելացել են երեխաների ծնունդը, ամուսնությունները, կտրուկ քչացել են ամուսնալուծությունները, վիճակագրական ծառայության հավաստմամբ՝ մեծացել է եկողների թիվը, միաժամանակ՝ նվազել Արցախից արտագաղթողների թիվը։
Այս հաջողություններին շատ ենք ձգտել և շատ էլ սպասել ենք, նրանք մեզ անհրաժեշտ են, ինչպես ասում են՝ օդ ու ջրի պես... Բայց այդ հաջողությունները մեզ բոլորիս լրիվ չեն հանգստացնում, ոչ պակաս կարևոր անելիքներ ունենք, որոնց վրա հրավիրում եմ ընթերցողների ուշադրությունը:

Բոլորիս քաջ հայտնի է, թե որքան երիտասարդներ (և ոչ միայն երիտասարդներ) են հայրենիքից հեռանում ու բարեկեցիկ կյանքի ակնկալիքով օտար երկրների քաղաքացիներ դառնում։ Նրանց մի զգալի մասը փաստորեն կորցնում են իրենց ազգությունը, իսկ ամուսնանալու դեպքում՝ հայեր չեն նաև նրանց երեխաները (նույնիսկ եթե հայի ազգանուն ունեն): Իսկ եթե ամուսնացած տղամարդիկ են արտագնա աշխատանքի մեկնում, նրանց մի մասն օտար երկրներում նորից է ամուսնանում, իսկ այդ ընտանիքներում ծնված երեխաները կարող են լուծվել օտարների հետ և կորցնել ազգությունը:

Եվ ահա, մեր ազգային դաստիարակության թուլության պատճառով որքա՜ն երեխաներ են որբանում, որքա՜ն երիտասարդ կանայք են այրիանում, և որքա՜ն ընտանիքներ են խարխլվում ու քայքայվում: Եթե նման դեպքեր քիչ լինեն, այլ ազգերի պես կարելի է ուշադրություն չդարձնել, բայց երևույթը մեզ մոտ շատ է տարածվել, դրա համար էլ այն մտահղություն է առաջացնում:
Կյանքն արդեն ցույց է տվել, որ օտար երկրում հայ տղամարդու՝ այլազգի աղջկա հետ ամուսնությունից ծնված զավակը մեր ազգին որևէ ծառայություն չի մատուցում՝ ինչքան շատ շնորհներ էլ ունենա: Օտարության մեջ խառնազգի ամուսնությունից առաջին վնասն այն է, որ ազգի համար արժանավոր սերունդներ չեն ծնվում:

Բայց խառնազգի ամուսնություններից ծնված սերունդն ինչո՞ւ է մեր ազգի համար անարժան դառնում, մինչև անգամ՝ վնասակար: Խառնազգի ընտանիքի սերնդի և հայրենիքի միջև սառնությունն ամենից առաջ ստեղծում է օտարի տիրապետությունը, պանդխտությունը, աշխարհաքաղաքացիական քարոզչությունը, այլադավանությունը:
Որոշ մասնագետների կարծիքով, օտարից ծնվածների՝ մեր ազգի համար վնասակար լինելուն նպաստում են նաև գեները: Համոզվենք փաստով: Մինչև Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սկսվելը Մարտակերտ քաղաքում խառն ամուսնությամբ ընտանիք էին ստեղծել Լենան և Վահիդը:
Ընտանիքում ծնվել են երկու արու զավակներ՝ Ռաֆիկը և Ռաշիդը:
 
Պատերազմի նախօրյակին Ռաշիդը հոր հետ փախել է, իսկ Ռաֆիկը մնացել է մոր մոտ: Ստույգ աղբյուրներից հայտնի է, որ Ռաֆիկը հիմա մեր բանակում բարձրաստիճան սպա է և ծառայում է գերազանց: Ռաշիդն էլ է բարձրաստիճան սպա, բայց ծառայում է Ադրբեջանի բանակում:
Կյանքը նաև ցույց է տվել, որ օտար երկրներում հայ տղամարդու և հայ աղջկա ամուսնությունից ստեղծված ընտանիքը հիմնականում իր բոլոր հատկանիշներով չի տարբերվում Հայաստանի և Արցախի հայ ընտանիքներից: Դրա վառ ապացույցը լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքն է: Մենք պետք է լուրջ մտածենք միայն այն դեպքում, երբ մեր զավակներն օտարության մեջ ամուսնանում են օտարազգիների հետ: Այս դեպքում մենք շատ ենք տուժվում, քանի որ խառնազգի այդ ամուսնություններից ծնված սերունդն իրականում կտրվում է հայությունը:

Հիշում եմ, մի քանի լրագրողներ աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին հարցրել են նրաազգության մասին: Վերջինս պատասխանել է. «ԹՏ ՉրяՍՏՎ րսցփՈպ я - վպ ՈՐՎяվՌվ»: Հայերիս դա շատ է հիասթափեցրել։ Որքա՜ն էինք ուրախացել, երբ նա աշխարհի չեմպիոն է դարձել: Ո՞վ չի իմանում, որ նրա ձեռքից բռնած շախմատի ակումբ տանողը նրա հայ պապիկն էր, իսկ հադրութցի մայրն էլ իր հրեա ամուսնու անժամանակ մահից հետո Գարիի համար և հայր էր և մայր...
Ես ուսումնասիրել եմ բազմաթիվ խառնազգի ամուսնություններով կազմված ընտանիքներում ծնված զավակների: Համարյա թե բոլորն էլ վատ են տրամադրված դեպի մեր ազգը, նվիրվածությամբ և օգտակարությամբ աչքի չի ընկնում... Երբեք չեմ մոռանում մեր ազգային-ազատագրական պատերազմի տարիներին ադրբեջանցի բանասեղծ Բախտիյար Վահաբզադեյի ելույթն իրենց ազգայի ժողովի նիստում: Ինչպիսի՜ խոր ատելությամբ էր լցված նա հայերիս հանդեպ, և ո՞վ կարող էր կարծել, որ նա հայ մոր կաթ է ծծել...

Հիշենք Տիգրան Մեծին. նրա պոնտացի կնոջից ծնված զավակները չարիք էին հայկական կայսրության համար: Հայասպան սուլթան Համիդի մայրը, ասում են, ևս հայուհի էր... Այսպիսի օրինակներ կարելի է շատ բերել: Վրաստանում Մ. Սահակաշվիլին նախագահ ընտրվելիս Ադրբեջանում բողոքի ալիք բարձրացավ. «Սահակաշվիլիի արմատները հայկական են, նա չպետք է նախագահ ընտրվի»: Ո՞վ կարող էր կարծել, որ հենց նրա օրորք պիտի դաժանություններ կիրառվեն վիրահայերի նկատմամբ և նա պարբերաբար պիտի հայտարարություններ անի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին...

Որքա՜ն ճիշտ է վարվել ազգային մեծ բարերար Ալ. Մանթաշյանցը, երբ իր հարստությունը որդիներին կտակելիս, ընդգծել է մի կարևոր նախապայման. որդիները կզրկվեն ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայադավան օրիորդների հետ:
Մեր կառավարությունը մի կողմից ամեն ինչ անում է ժողովրդագրական վիճակը բարելավելու համար, բայց մյուս կողմից խառնազգի ամուսնությունների, արտագաղթի և այլ պատճառներով ազգաբնակչության թիվը գրեթե չի աճում: Ամենամեծ ցավը մեր ազգի համար համարում եմայն, երբ մեր որդիներն օտարների հետ ամուսնանում են և ազգի համար անբարյացակամ սերունդ ստեղծում:

Այդպես են իրենց գենոֆոնդը բարելավել-հարստացրել ադրբեջանցիները՝ խառնազգի ամուսնություններով ընտանիքներ ստեղծելով ռուսների, հայերի, հրեաների և այլ ազգերի աղջիկների հետ:
Իմ կարծիքով, ազգային շահը պետք է ամենից բարձր գնահատվի: Կարծում եմ, պետք է օրենքով սահմանափակել հայի ամուսնությունները օտարների հետ, որոնք հաճախ արվում են հաշվենկատորեն: Համոզված են, որ նման օրենքի առկայության դեպքում մեր ազգը կարող է շահել: Այդ օրենքն անհրաժեշտ մանավանդ հիմա, որովհետև սահմանները Թուրքիայի հետ բացվելուց հետո նոր թափ կստանան ամուսնություններն օտարների հետ: Ժամանակին Հայ եկեղեցին, արգելելով «լուսավորչական» հայերի ամուսնությունն այլադավանների հետ, այդպիսով, փաստորեն, անուղղակիորեն մերժել է խառնազգի ամուսնությունները:

Հուսով եմ՝ հոդվածիս կարձագանքեն մեր մանկավարժները, հասարակական-քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները։
 
ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
մանկավարժ, կենսաբան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մենք ձեռնպահ ենք մնում հոդվածագրի որոշ վիճահարույց տեսակետներ մեկնաբանելուց։ Համոզված ենք, որ ընթերցողներն իրենք կարձագանքեն հոդվածին։




ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՏԱՐԱԾՔ, ՈՒՐ ՀԱՅ ՉԻ ԱՊՐԵԼՈՒ

«Վիճակագրությունը դառնում է քաղաքականության մաս, այն դառնում է ինչ-որ բան քողար-կելու միջոց»,- հայտարարում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի բնակչությունը շատ ավելի քիչ է, քան պաշտոնական տվյալներով ներկայացվում է:
Երևանում 4 ամուսնության դեպքում լինում է 1 ապահարզան, իսկ գյուղերում այդ հարաբերակցությունը 10/1 է:

«Գյուղերի ընտանիքներն ավելի ամուր են: Քաղաքը ավելի մեծ հնարավորություն է տալիս բաժանվելու, առանձին ապրելու, իսկ գյուղում տունը, կովը, խոզը, հավերը դժվար է թողնել և գնալ: Գյուղում տղամարդը տունը թողնում է և գնում կամ խոպան, կամ հարևանի տուն»,- մեկնաբանում է Ահարոն Ադիբեկյանը:
Եթե նախկինում գյուղի հարսնացուն ցանկանում էր ունենալ 3-4 երեխա, քաղաքինը՝ 2-3, ապա այսօր երկուսն էլ ցանկանում են ունենալ 1-2 երեխա: Ըստ սոցիոլոգի՝ քիչ երեխա ունենալու դեպքում ապահարզանների թիվն աճում է. «Այնպես որ, եթե ուզում եք՝ Ձեր ամուսինը տանը մնա ընդմիշտ, ունեցեք 4 երեխա»,- կանանց խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր հարսներն ու փեսաները ծերացել են 2-3 տարով»,- արձանագրում է սոցիոլոգը: Եթե նախկինում աղջիկներն ամենից շատ ամուսնանում էին 20-22 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 22-24, ապա այսօր հարսնացուն 24 տարեկան է, իսկ փեսացուն՝ 25-ից բարձր:
«Եթե հնարավորություն կա, ապա ցանկացած կերպ ամուսնացեք, եթե տարբերակ կա, օգտագործեք այն»,- խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով՝ հայ տղամարդը «ռամիկի նման» սիրում է իրենից ցածրահասակ կնոջ հետ ամուսնանալ, իսկ «արիստոկրատը»՝ իրենից 2 գլուխ բարձր: Ըստ սոցիոլոգի՝ մեծ թիվ են կազմում 24 տարեկան և ավելի տարիք ունեցող աղջիկները, ովքեր բարձրահասակ են և իրենց համար այդպես էլ փեսացու չեն գտնում, որովհետև ունեն բարձր ինքնագնահատական և սպասում են սպիտակ ձիով ասպետին, իսկ նա էլ «մերսեդեսով Եվրոպայում է վազվզում և չի էլ նայում իրեն»:

Ադիբեկյանի խոսքերով՝ հայ աղջիկները բավականին բարձր են գնահատվում հարսնացուների միջազգային շուկայում: Դրանով է պայմանավորված միջազգային ամուսնությունների «զարգացումը»: Իսկ հայ տղաներն ամենից շատ նախընտրում են ռուս կանանց հետ ամուսնանալ: Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ երբ տղաները գնում են արտերկիր, ամուսնությունը դառնում է ինտեգրվելու միջոց:
Ըստ սոցիոլոգի՝ ապահարզանի ամենից շատ դիմում են բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքները, իսկ աղքատ ընտանիքները ծայրահեղ դեպքում են դիմում ամուսնալուծությունների: Ամուսնալուծությունները ավելի շատ լինում են, երբ ամուսնանում են իրար վատ ճանաչող մարդիկ, իսկ ծնողների ամուսնալուծվելու համար ռիսկային տարիքը այն է, երբ երեխան գնում է մանկապարտեզ, գնում է դպրոց կամ ավարտում է դպրոցը:
 
Ամենից շատ ամուսնալուծվում են 20 տարվա ամուսինները:
Ամուսնալուծությունների պատճառ է լինում երրորդ անձը՝ սկեսուրը կամ զոքանչը, այնուհետև՝ ամուսնական կուլտուրայի պակասը, իրար վատ ճանաչելը և առանձին բնակարանում ապրելու խնդիրը:
«Մեզ ծնելիությունն է պետք զարգացնել: Մենք պետք է մեր ֆիզիկական գոյությունը պահպանենք երկրագնդում, սա է մեր գերխնդիրը, մնացածը երրորդական է: Ո՞ւմ է պետք տարածք, ուր հայ չի ապրելու»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Hetq.am



ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

Քննադատության առաքելությունը կայանում է նրանում, որ մատնացույց անի, վեր հանի ճշմարտությունը, ցույց տա կատարված սխալները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն։ Քննադատությունը հենվում է որոշակի սկզբունքների վրա։ Դրանցից կարևորներն են բարոյականությունը, անանհանդուրժողականությունը թերությունների, սխալների նկատմամբ, եթե այդ սխալները կատարողը նույնիսկ բարեկամդ կամ մերձավոր ընկերդ լինի։

Եթե քննադատական խոսքի հետևում թաքնված է խանդը, նախանձը, դեմագոգիան և քննադատողը նպատակ ունի անձնական հաշվեհարդար տեսնել, հրապարակայնորեն վարկաբեկել դիմացինին, ապա դա այլևս առողջ քննադատություն չէ, կորցնում է իր ազդեցությունը և չ թե նպաստում, այլ խանգարում է գործին։ Այդպիսի քննադատությունը վերածվում է ասեկոսության, բամբասանքի, վրեժ լուծելու մոլուցքի, որի արդյունքում՝ քննադատվողի վիրավորված ինքնասիրությունից, կոխկրտված արժանապատվությունից վերջինիս մեջ ծնվում է հուսահատություն, ատելություն, կոպտություն շրջապատի նկատմամբ, հաճախ էլ՝ իրեն վիրավորողից, անպատվողից, զրպարտողից պատասխան վրեժ լուծելու ցանկություն։

Այդ դեպքում ճշմարտության ոտնահարումից սկիզբ են առնում բազմաթիվ անցանկալի երևույթներ, որ խանգարում ու խաթարում են մարդկանց հանգիստը, թունավորում նրանց գործունեության ոլորտի մթնոլորտը։
Առողջ քննադատությունը չի սահմանափակվում մարդկային փոխհարաբերությունների շրջանակով, այն ունի հասարակական նշանակություն, օգնում է նաև պետական այրերին, իշխանական ղեկի մոտ կանգնած մարդկանց վերանայելու, վերլուծելու իրենց այս կամ այն գործողությունները, ուղղելու սխալները։
Քննադատությունից չպետք է վախենալ, չի կարելի անսխալականի դիմակ հագնել, աչք փակել սեփական թերացումների վրա, կարծելով, թե դրանով «չեզոքացնում են» նաև մյուսների՝ այն տեսնելու հնարավորությունները։ Քննադատվելուց սխալներն ուղղելն ամոթ չէ, ամոթալի ու անբարոյական է հին թերացումները կրկնելը, հների վրա նոր սխալներ գործելը։

Քննադատության մեջ քծնանքը, սուտը, անձնապաշտությունը, սնապարծությունը, պատեհապաշտությունը ոչնչացնում են շատ վեհ զգացմունքներ, քայքայում մարդկանց հոգին, ծնելով ատելություն, ցինիզմ, երկերեսանիություն։ Քննդատաությունը պետք է վեր հանի հասարակական անարդարությունը և այն անձանց, ովքեր կարիերիստական հակումներով և երեսպաշտությամբ հասել են բարձր պաշտոնի, շարունակ ավերածություններ անելով իրենց շրջապատում և ամենուր՝ դառնում հերոսներ։
Հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը երևան հանողները մեծ ծառայություն են մատուցում հասարակությանը, պետությանը։ Չի կարող լինել ճշմարտություն այնտեղ, որտեղ մի կողմում կուտակված են կյանքի բարիքները (շքեղ դղյակներ, ջիպեր-մերսեդեսներ, ամառանոցներ, բարձր աշխատավարձ, արտասահմանյան ուղևորություններ, խրախճանքներ և այլն), մինչդեռ մյուս կողմում հազարավորները հազիվ են օրվա հաց վաստակում։

Դժվար է արդարություն պահանջել այն միջավայրից, որտեղ արմատներ են ձգել կաշառակերությունն ու կոռուպցիան։ Այդ դեպքում կորչում է վստահությունը ղեկավարների հանդեպ, այլևս չեն հավատում նրանց խոսքերին։ Իշխանավորներից ոմանք առերես ընդունում են քննադատությունը, սակայն իրականում թշնամաբար են տրամադրվում քննադատողի նկատմամբ, հաճախ նրանց ենթարկում հետապնդումների, ազատում աշխատանքից։
Ղեկավար աշխատողների գործունեության մեջ եղած սխալներն ու թերությունները սովորաբար քննադատում են միայն այն ժամանակ, երբ պատրաստվում են վերջիններիս ազատել զբաղեցրած պաշտոնից։
Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց կարծիքների ազատ փոխանակման, առանց խոսքի ազատության, առանց քննադատության և ինքնաքննադատության։ Առանց քննադատության չի կարող լինել ժողովրդավարություն։ Վերևից մեխանիկորեն իջեցված դեկրետանման հրահանգներով չի կարող առաջընթաց լինել։ Թույլ, անսկզբունքային պաշտոնյան մշտապես իրեն շրջապատում է խոր գիտելիքներ չունեցող, կամազուրկ և ստորաքարշ մարդկանցով։

Կողքից նայելով մեր իրականությանը, հետադարձ հայացք ձգելով անցած երկտասնամյակին, զարմանում ես, թե ինչպես կարող է մարդ երկար տարիներ լինել պետական բուրգի գագաթին, տարիներով քանդելուց բացի ոչինչ չանել և հանկարծ հռչակվել հերոս։ Երևի թե հասկացաք խոսքն ում մասին է։ Երբ այդ «հերոսի» կատարած ավերածություններն առայսօր դժվարությամբ են վերականգնում, այժմ էլ նա հպարտ կանգնած է ՀՀ նախագահի կողքին, յուղալի բարձր մի պաշտոն է ձեռք բերել ու շարունակում է մտածել միայն սեփական բարեկեցության մասին։
«Վերակառուցող» Գորբաչովին ևս «հերոս» դարձրին, նրան Նոբելյան մրցանակ շնորհեցին՝ պարզ է, թե որ ծառայությունների համար։ Բայց այսօր Ռուսաստանում և ողջ ԱՊՀ-ում ո՞վ է հարգում նրան։ Այսօր, արդյո՞ք, մեզ պետք են նման կարգի «հերոսներ»։
 
 ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ



ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Ես՝ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղի բնակիչ, զոհված ազատամարտիկի ծնող Յուրի Առուստամյանս, դիմում եմ Ձեզ՝ օգնության ակնկալիքով։ Ես վիրավորված եմ զգում, որ մեր գյուղապետ Էդիկ Գաբրիելյանի կողմից կոխկրտվում ու ոտնահարվում են իմ շահերը։
Նա հաճախակի է կատարում անօրեն գործողություններ՝ վնասելով համայնքին և առանձին մարդկանց։ Նախիջևանի բնակիչ Սամվել Գաբրիելյանի հետ միասին 2007 թվականի մայիսի 5-ին, այնուհետև սեպտեմբերի 7-ին անձամբ ինձանից նա գողացել է 2 ցուլիկ։ Ես սա հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ և 100 տոկոսով համոզված եմ դրանում։

1999 թվականին ավագանու նիստում նա որոշում է հանել Արցախյան պատերազմում նահատակված սառնաղբյուրցի ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաղբյուրը քանդելու մասին՝ միայն այն պատճառով, որ աղբյուրը կառուցողների շարքում նշված էր նաև իմ անունը։
Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են գյուղապետի կատարած անօրեն, անպատիժ գործողությունների մասին։ Բերեմ միայն մի օրինակ. առանց համայնքի իմացության, Դահրազ գյուղի տարածքում նրա կողմից վերջերս հատվել են 18 պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի)։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ թվարկել այլ փաստեր։ Գյուղապետի կողմից կատարված նշածս անօրեն գործողությունները թվարկելու համար ես լրիվ պատասխանատու եմ զգում ինձ։

Գյուղապետը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Խմբագրությանը խնդրում եմ տպագրել նամակս՝ հուսով, որ դա կօգնի վերականգնելու օրինականությունը։
 
Հարգանքներով՝ ՅՈՒՐԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻՆ»

«Նոր էջի» ս.թ. հունվարի 30-ի համարում կարդալով արցախցի մի խումբ կենսաթոշակառուների նամակը՝ «Ղարաբաղ Տելեկոմի» գործադիր տնօրենին, որոշեցի ես ևս արձագանքել իմ հայրենակիցների նամակին։
Նամակագիրները միանգամայն ճիշտ են նկատել, որ աշխարհի ոչ մի երկրում րոպեավճարից բացի ինչ-որ «ամսավճար» չեն մուծում կապի ծառայություններին։ Միայն խեղճ ու աղքատ Ղարաբաղում է, որ չարաշահելով բնակչության հանդուրժողականությունն ու մեծահոգությունը, ամեն ամիս 1200 դրամ ամսավճար են կորզում բաժանորդներից։

Վերջին երկու ամսում իմ բջջայինի րոպեավճարը կազմել է 180 և 200 դրամ, բայց այդ 380 դրամ րոպեավճարից բացի, «ՂՏ»-ի հազարավոր բաժանորդների պես, 2 ամսում 2400 դրամ եմ հենց այնպես նվիրաբերել «Տելեկոմին»։ Միայն մեր ընտանիքում 3 հոգի օգտվում է բջջային ծառայությունից, որի համար րոպեավճարից բացի մեկ տարում «ՂՏ»-ին նվիրաբերում ենք 43200 դրամ։
Հետաքրքիրն այն է, որ այս ամենի համար փոխանակ «Տելեկոմը» շնորհակալություն հայտնի արցախցի բաժանորդներին, պաշտոնական մամուլում պարբերաբար «ՂՏ»-ի ղեկավարությանն են ներկայացնում որպես բարեգործ։ Շրջեք Ստեփանակերտի փողոցներով, հարցրեք մարդկանց. եթե 10 քաղաքացուց առնվազն 9-ը դժգոհ չլինեն, այսպես կոչված, ամսավճարից, և «ՂՏ»-ին համարեն բարեգործ, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ղեկավարությունից։
 
Բարեգործը ոչ թե «Ղարաբաղ Տելեկոմն» է, այլ մենք՝ արցախցիներս, որ ամեն ամիս մեզնից յուրաքանչյուրը խոնարհաբար 1200 դրամ (իսկ մինչ այդ՝ 2000 դրամ) ենք նվիրաբերում «ՂՏ»-ին (մեկ տարում՝ 14400 դրամ)։
Եթե Ղարաբաղում կապի մի այլ օպերատոր գործեր, առանց վայրկյան անգամ հապաղելու, ես անմիջապես կհրաժարվեի «Ղարաբաղ Տելեկոմի» ծառայությունից։
 
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մեր տեղեկություններով, մի խումբ կենսաթոշակառուների՝ «ՂՏ»-ի ղեկավարությանն ուղղված նամակն ուղարկելուց մեկ ամսից ավելի է անցել, սակայն առայսօր նամակագիրները չեն ստացել իրենց դիմում-նամակի պատասխանը։ Դա ԼՂՀ օրենքի խախտում է, քանզի «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի համաձայն՝ մինչև 15 օրը (առավելագույնը՝ 30 օր) «ՂՏ»-ի ղեկավարությունը պարտավոր էր պատասխանել նամակին։
Առանց մեկնաբանության որոշ կրճատումներով ստորև ներկայացնում ենք Hetq.am կայքում զետեղված կարծիքներից՝ «Ղարաբաղ Տելեկոմի» մասին։
ԷԴԳԱՐ (Ստեփանակերտ) - Ո՞ւմ են պետք անճաշակ-երկաթե, սովետական ոճի խաղահրապարակները, որ «ՂՏ»-ն կառուցում է Ստեփանակերտի շենքերի բակերում: Դրա տեղ թող բջջային կապը նորմալացնի և ընդհանուր օգուտ տա մարդկանց...

Զարմանալին այն է, որ Հայաստանում իրար վրայով թռնում են օպերատորները, իսկ «ՂՏ»-ն օգտվում է Ղարաբաղի շռայլությունից…
 
ՌՈԲԻԿ - Ինչ վերաբերում է Ինտերնետին, ապա այստեղ վիճակն իրոք ԽԱՅՏԱՌԱԿ Է: Որտե՞ղ եք տեսել սովորական լրատվական կայքը բացվի 5-6 րոպեում։ Օրինակ. Hatq.am բացելը խլեց ինձանից 5 րոպե և այսպես ամեն մի հղում բացելիս: Հատուկ փորձել եմ, նույն վիճակը «ՂՏ»-ի ինտերնետ-սրահներում է…

ՀՈՎԻԿ - «Ղարաբաղ Տելեկոմը» իրեն ներկայացնում է բարեգործ, ինչ է թե՝ խեղճ ժողովրդից պլոկած միլիոններից մի քանի հազար դրամ է «նվիրաբերում»... Աստված մեզ փրկի այսպիսի բարեգործներից։ Գոնե մարդավարի կատարեր իր անմիջական պարտականությունները։ Ինտերնետային կապն աշխատում է կրիայի արագությամբ, իսկ հեռախոսակապը չի տարբերվում 60-70-ականների խորհրդային հեռախոսակապից։

Խմբագրության կողմից դարձյալ առանց մեկնաբանության ընդամենը հիշեցնենք, որ Թուրքիայում 4 Gb ծավալով և 1 մեգաբիթ/վրկ արագությամբ ինտերնետային ծառայության դիմաց ամսական վճարում են 3 ԱՄՆ դոլար, իսկ գերարագ, 8 մեգաբիթ/վրկ արագությամբ ծառայության համար՝ 4 դոլար։

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ