Գլխավոր » Աղվան Վարդանյան. «Կան բաներ, որոնցում չեն կարող Դաշնակցությանը կպնել»
Աղվան Վարդանյան. «Կան բաներ, որոնցում չեն կարող Դաշնակցությանը կպնել»
20:28


Եզակի քառօրյա էր այս քառօրյան` իր բնույթով. կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ օրինագիծ ներկայացնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:


Անդրադառնալով գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որին խորհրդարանը կողմ քվեարկեց, նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը գիտակցեց, որ կան խնդիրներ, և որքան էլ համաձայնագրերը վավերացված են, պետք է գտնվեն այնպիսի գործիքներ, որ ապագայում, այդ ոլորտի հետ կապված, պետությունը խուսափի կորուստներից:


Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի հարցով Դաշնակցության նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, Աղվան Վարդանյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մի կողմից ասում է, որ կան խնդիրներ, ու պատրաստ են վեր հանել այդ խնդիրները, բայց, մյուս կողմից, ասում են՝ ոչ հիմա: «Դա մեզ համար անընդունելի է, քանի որ խնդիրներ վեր հանելը ոչ միայն չի խանգարի «Նաիրիտ»-ի շուրջ այսօր ընթացող գործընթացին, այլ կօգնի: Մեծամասնությունը խոստացավ աշնանն անդրադառնալ այդ հարցին, բայց մի մտավախություն ունեմ, որ «Նաիրիտ»-ի կոլեկտիվը չքայքայվի, և տարբեր պարտատերերի պահանջով «Նաիրիտը» սնանկ չճանաչվի, որովհետև եթե այդպես եղավ, էլ հնարավոր չի լինի բացահայտել բոլոր նախորդ պատմությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը:


Նա նշեց, որ Դաշնակցությունը նախաձեռնում է կազմակերպել հրապարակային քննարկում «Նաիրիտ»-ի հարցով, որին կհրավիրվեն ոլորտին տիրապետող մասնագետներ ու պաշտոնյաներ, որպեսզի պարզ լինի, թե տարբեր փուլերում ինչ է տեղի ունեցել «Նաիրիտ»-ի հետ:


Խոսելով Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին` պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, Մարտի 1-ի գործով քաղաքական էջը փակելու ժամանակն է, բայց զոհերի հարազատների խնդիրները մնում են չլուծված, և նրանց պետք է համապատասխան փոխհատուցում տրվի:


Ինչ վերաբերում է երեկ ԱԺ նիստում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթին, որում նա մեղադրում է նաև Դաշնակցությանը Մարտի 1-ի դեպքերը կոծկելու մեջ, Աղվան Վարդանյանը նշեց. «Ես երեկ բավական երկար զրուցել եմ Ալեքսանդր Արզումանյանի հետ, ես որևէ հստակ մեղադրանք չեմ տեսել»: Նա հավելեց, որ, առհասարակ, չկա որևէ հիմք` մեղադրելու Դաշնակցությանը: «Միակ դրվագը, որ խոսվել է այդ համատեքստում, այն է, որ Մարտի 1-ից հետո կոալիցիայում է եղել, բայց դա միանգամայն այլ օպերա է: Հարգում եմ Արզումանյանին, բայց բաներ կան, որ չեն կարող Դաշնակցությանը կպնել: Լուրջ չի, որ մեզ մեղադրում են միավորներ հավաքելու և պոպուլիզմի մեջ: Մեր տեսակը, պետության հանդեպ մեր վերաբերմունքը չեն թույլ տալիս, որ Դաշնակցությունն անի բաներ, որ իր բնույթից դուրս են»,- ասաց պատգամավորը:


Նա հավելեց, որ Սամվել Նիկոյանի ղեկավարած` Մարտի 1-ի գործով նախորդ հանձնաժողովում Դաշնակցության ներկայացուցիչը աշխատել է գիշեր-ցերեկ: Եվ երբ եղել են կիսատ մնացած հարցեր, Դաշնակցությունը եզրափակիչ արձանագրության մեջ հատուկ կարծիք է գրել կիսատ մնացած հարցերի վերաբերյալ: «Լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է Դաշնակցությունը կոծկելու ցանկություն ունենար, կարծում եմ` կոծկելու մեջ մեղադրանքում նա սխալվել է: Իշխանության կամ կոալիցիայի մեջ լինելը չի նշանակում, որ մենք կոծկելու ցանկություն ունենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:


Մանրամասները` yerkir.am կայքում


Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ