Գլխավոր » ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ... ԲԱՆԱԼԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ... ԲԱՆԱԼԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
14:56
Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում մի քանի տասնյակ զինվորականների ներկայությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի արած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է հանձնել Ադրբեջանին, որովհետև հակառակորդն ուժեղ է, և այն, որ, ըստ գեներալ-գնդապետի, Արցախին պետք է լայն ինքնավարություն տրվի Ադրբեջանի կազմում, դժգոհություններ է առաջ բերել։ Իմ զրուցակիցները դատապարտում են դեռևս երեկ իրեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակը համարող կառույցի գլխավոր շտաբի պետի պահվածքը, իսկ ոմանք պարտվողականություն քարոզելու մեջ մեղադրում են ոչ միայն նրան։

«Երևանում արդեն մի տեսակ մոդա է դարձել «Ղարաբաղի բանալիները» թշնամուն հանձնելու մասին խոսելը,- ասում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից Կարեն Ավանեսյանը։- Մեր տղաների արյան գնով հարստացած, պաշտոն գրաված էդ բոլոր մարդիկ մի տեսակ «կրակն են ընկել», սաղ ուզում են Ղարաբաղը ծախեն, Ղարաբաղից ազատվեն։ Դա միայն դավաճանություն չէ, դա երախտամոռություն է մի ողջ երկրի հանդեպ, որի շնորհիվ իրենք մարդ են դարձել»։

45-ամյա Արմեն Դանիելյանի կարծիքով, եթե հայոց բանակի ղեկավարությունն է սկսել խոսել հողեր հանձնելու մասին, նշանակում է արդեն ժամանակն է, որ իրենք իրենց պաշտոնները հանձնեն։ «Ազատագրված հողերը հանձնելու մասին խոսող էդ մարդիկ հո՞ղ են ազատագրել, մեր այս երկրի համար գոնե մի կաթիլ արյո՞ւն են տվել, որ այսօր ուզում են հող հանձնել,- ասում է Արմենը։- Չե՞ն կարողանում աշխատել, հոգնե՞լ են, ձանձրացե՞լ են, թող դիմում գրեն՝ գնան բոստան-մոստան անեն։ Թող նրա՛նք գան, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում հող, հայրենիք»։

Զրուցակիցներիս մեջ կային նաև այնպիսիք, ովքեր ոչ միայն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են քննադատում պարտվողական պահվածքի համար։ «Հողեր հանձնելու մասին խոսակցությունները մեզանում նոր չեն սկսել։ Սկզբում Լևոնը «վառվեց» Ղարաբաղը հանձնելու վրա, հետո մյուս ղեկավարները սկսեցին տանել նույն գիծը,- ասում է Սերգեյ Հայրապետյանը։- Մոռացե՞լ եք, թե Օսկանյանն ինչպես մեզանում առաջին անգամ ազատագրված հողերն անվանեց «օկուպացված տարածքներ», հետո փորձեց մեր ականջներից «լապշա կախել», թե իբր «օկուպացված» բառն այլ իմաստ ունի։ Կարծես անգլերենի դասին միայն ինքն է ներկա եղել… Հետո էլ Սերժ Սարգսյանը եկավ, թե՝ Աղդամը մեր հայրենիքը չէ…»։

Ովքեր լսել ու տեղյակ են Խաչատուրովի հայտարարության մասին, նրանց մեջ քիչ չեն հենց Հայաստանի քաղաքական բուրգի «ոչ արժանավայել» պահվածքը քննադատողները։ «Քե մատաղ, Խաչատուրովն ի՞նչ մեղք ունի։ Նա զինվոր է, չէ՞, թեկուզ գեներալի կամ ֆելդմարշալի պագոններով լինի։ Իսկ զինվորն ունի գերագույն գլխավոր հրամանատար, որն ասում է՝ Ադրբեջանն ուժեղ է, որն Ալիևի հետ բազար է անում հողեր հանձնելու համար,- ասում է իմ թոշակառու զրուցակիցներից մեկը։- Եթե երկրի ղեկավարը հայտնում է, որ հակառակորդն ուժեղ է, նրա զինվորը ո՞նց կարող է հակառակը պնդել…»։

Այս ողջ պատմության մեջ ամենահետաքրքիր դրվագն այն է, որ գլխավոր շտաբի պետը հետո հայտնել է, թե դրանք իր խոսքերը չեն, ինքը ներկայացրել է կառավարության տեսակետը։ Կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Եթե ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կատարվող բանակցային ներկայացման մեջ կարմիր թելի պես անցնում է ազատագրված 7 շրջանները վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, Արցախը Հայաստանի հետ կապող Լաչին «պորտալարի», ինչ-որ անորոշ ժամանակ հետո անցկացվելիք հանրաքվեի գաղափարը և այլն, ապա մի՞թե այս ամենը չի նշանակում Արցախի կապիտուլյացիա, Արցախի վերջ։

Ինչո՞ւ մի գեներալ, որ ընդամենը մի տարի առաջ մայիսի 28-ին թե 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, թե՝ «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ այդ պատերազմը պարտադրվեց մեզ թշնամու կողմից։ Մեզ օտար հող պետք չէ, մենք պաշտպանում ենք մեր տարածքները… Այն ամենը, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում, և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել» (Յու. Խաչատուրով) և այլն, այսօր միանգամայն հակառակն է ասում։ Պարզ է, թե ինչու։ Դա «կառավարական տեսակետն» է։ Վերևից այլ հրահանգ է իջեցված՝ «Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի…»։

Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մի տարում կամ մի օրում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակն» ունեցող երկրից մենք դարձանք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բեղից վեր ընկած բրինձ», և դրա համար ոչ ոք, բացարձակապես ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

hraparak.am, 09.08.11

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ