Գլխավոր » ԱՄՈԹԻ ՄԱՀԸ
ԱՄՈԹԻ ՄԱՀԸ
20:42
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում երբեմնի մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգվված ու գնահատված հոմո սապիենսի տարիքը ունեցող Ամոթը։ Այո՛, ամոթը մեռավ:

Այն ամոթը, որն ամենուր էր՝ մարդու սրտում, տանը, դրսում, արվեստում, գրականությունում, կինոյում, փողոցում։ Ամոթն այնքան պատիվ ուներ, որ տրանսպորտում նրա խաթեր համար ամեն մեկն իր տեղն էր զիջում մյուսին, անգամ եթե այդ ճանապարհը պիտի 8 ժամ տևեր։
Ամոթին գիտեին բոլորը, բոլորը ուզում էին իր մի մասինիկը ունենալ իրենց մեջ։ Նույնիսկ ասում են, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են Ամոթին նվիրված «ֆան» ակումբներ։ Եթե հանկարծ գտնվեր մարդ, ով ամոթ չունենար, կքարկոծեին, կդատապարտեին, կստիպեին, որ ունենա։ «Անամոթ» բառը համարյա թե չէր օգտագործվում, որովհետև ամոթ ունեին բոլորը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր։

Ամոթից ազդվել ու զգաստացել են թագավորներ, փարավոններ, նախարարներ, դատավորներ....
Ամոթը մեծ էր ու վսեմ, նա չափանիշ էր, կարգուկանոն էր, արդարություն ու մաքրություն էր ամեն տեղ և ամեն ժամանակ։ Այնքան դրական բան, որ արել է Ամոթը, մարդկային ուրիշ ոչ մի հատկություն չի արել, բացի սիրուց, իհարկե։ Ամոթին են նվիրված եղել բազմաթիվ գրական գործեր, բեմականացված պիեսներ և ընդօրինակման արժանի գրական աշխատանքներ։

Իսկ հիմա Ամոթը մեռել է։ Բայց, ասեմ ձեզ, Ամոթը տարիքից չէր, որ մահացավ, նա դեռ երկար կապրեր, նրան ուղղակի կամաց-կամաց, սերնդեսերունդ մոռացան։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրա կարիքը սկսեցին չզգալ։ Երիտասարդությունը, արվեստը, մոդան, զվարճանքն ու խրախճանքը, ցոփ ու ցինիկ կյանքն այնպիսի «արդարացնող» փաստարկներ բերեցին, իբր թե Ամոթը տարիքն առել է, երբեմն զառանցում է, և ժամանակն է պատվավոր հանգստի գնալու։ Դրանից հետո սկսվեցին ի հայտ գալ տնազներ՝ այսօր աշխարհը ողողած արվեստագետների տնազներ, երգիչ-երգչուհիների տնազներ, մարդկանց տնազներ...

Եղան եվրոպական երկրներ, որ 24 ժամ տվեցին Ամոթին՝ լքելու իրենց տարածքը։ Արագորեն բոլոր երկրներում այն սկսվեց համարվել «persona non grata»։ Իսկ վերջին տարիներին Ամոթը սկսեց ընդհանրապես չմասնակցել որևէ միջոցառման։ Նա չկար ոչ ռեստորանում, ոչ հյուրանոցում, անգամ հնդկական ֆիլմերում:
Էս վերջերս, երբ նորաձևությունը ներկրեց կարճ շրջազգեստներ, երբ յուրաքանչյուր անտաղանդ սկսեց համարվել խորը արվեստ ստեղծող, որը ոչ բոլորը կարող են հասկանալ, Ամոթը միկրոինֆարկտ տարավ։

Ամոթը վերջին տարիներին հաճախ տարաձայնություններ էր ունենում արվեստագետների և իշխանության ներկայացուցիչների հետ։ Իրեն իրավունք էր վերապահում արգելելու մարմնավաճառությունը, մանկապղծությունը, իշխանական վերին էշելոններում միասեռականների գոյությունը։
Իշխանությունը նրան զրկեց կարծիք հայտելու իրավունքից, հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալուց, հասարակական վայրերում երևալուց։ Մի խոսքով, համարվեց ձայնազուրկ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ նրա մահվան։

Բայց օբյեկտիվ լինելու համար նշենք մի կարևոր բան։ Ամոթը կատարյալ չէր։ Նա էլ ուներ թերություններ։ Օրինակ՝ նա զիջող չէր, հարմարվող չէր, նույն ամոթն էր, ինչ հիսուն տարի առաջ՝ անկոտրուն, կողը հաստ ու իր ասածին կանգնող։
Ամոթի թաղման արարողությունը պատշաճ, կարգուկանոնով և անվերադարձ կազմակերպելու համար կառավարության կարգադրությամբ մտավորականներից ձևավորվեց մի խումբ, որը ղեկավարելու էր հանրապետությունում նշանավոր դեմք, բազմաթիվ պետական և հասարակական շքանշանների ու պատվոգրերի դափնեկիր պարոն Պնդաճակատը, իսկ նրան օգնելու էր տիկին Աներեսը:
Առաջին շարքում նստած էին Գորշությունը, Նենգությունն ու Տափակությունը։
 
Ամբիոնին մոտեցավ պարոն Տգետն ու հայտնեց.
- Որոշվեց Ամոթին թաղել Ճապոնական ծովում։ Ճիշտ է, մեծ ցանկություն ունեինք նրան թաղել պանթեոնում, սակայն երեկ պարզվեց, որ պարոն Օլիգարխը սեփականաշնորհել է այդ տարածքը և շուտով ֆինանսավորելու է այնտեղ ամփոփված Կոմիտասի և այլ մեծ հայերի «հարությունը», որպեսզի նրանց տեղում կանգնեցնի իր մեծ նոր օբեյեկտը.... Ուստի Ամոթի համար այլևս տեղ չի մնացել այնտեղ։ Այս մասին մենք արդեն հայտնել ենք նաև մահվան մահճում գտնվող Խղճի հարազատներին։ Նաև հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ նույն վիճակում է գտնվում նաև Հույսը։

Եկան, հավաքվեցին Աներեսը, Հպարտն ու Լոպազը, պարոններ Միջակությունը, Թմրամոլն ու Խաղամոլը, Լկտին ու Հաստագլուխը, Բանսարկուն ու Հիմարն ու նրա հարազատ եղբայր Ապուշը... Մինչև որ դահլիճում տեղ չմնաց Խոնարհին ու Պարկեշտին, որոնք հանգուցյալ Ամոթի արյունակիցներն էին և վերջին ամիսներին նրա կողքից չէին հեռանում։
Մենք՝ սգո բոլոր հանդիսականներս, ի խորոց սրտի հայտնում ենք մեր ցավակցությունները Ամոթի հարազատներին, մտերիմներին, ազգականներին՝ Պարկեշտությանը, Շիկնանքին, Շնորհակալությանը և Ներողությանը, որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել Կարմիր գրքում։

Ամոթի մեկընդմիշտ թաղման արարողությունը կատարվեց առանց սգո երաժշտության (երաժիշտներն այդ պահին մասնակցում էին Օլիգարխի դստեր հարսանքին), առանց յոթ, քառասունք ու տարի նշելու, և նրա նկատմամբ երբեք չի կիրառվելու «գնա մեռի՛, արի սիրեմ», ավանդական սկզբունքը։
Հրավառությունը երեկոյան տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Վերջապես մնում ենք մենք՝ մերոնցով...

ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՅԱՆ
Երևան

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ