Գլխավոր » ԱՆՄՈՌԱՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԹԻՄԻ ԱՎԱԳՆ ԱՐԴԵՆ 60 ՏԱՐԵԿԱՆ է
ԱՆՄՈՌԱՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԹԻՄԻ ԱՎԱԳՆ ԱՐԴԵՆ 60 ՏԱՐԵԿԱՆ է
16:47

Կարծես երեկ էր՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտը պարբերաբար թնդում էր մեր ֆուտբոլասերների ուրախության ձայներից, և հազիվ թե գտնվեր արցախցի մարզասեր, որ անուն առ անուն չիմանար սիրելի «Ղարաբաղ» թիմի կազմը, թիմ, որ այնքա՜ն բերկրալի տարիներ է պարգևել մեզ:

Ֆուտբոլասերներն այսօր էլ անկասկած հիշում են մեր թիմի բարձրահասակ կիսապաշտպանին՝ 6-րդ համար Բենիամին Բաբայանին, որին բոլորը հարազատի իրավունքով Բենո էին ասում: Մտավորականի, արիստոկրատի պահվածք ուներ, երբ տիրում էր գնդակին, անմիջապես սպասում էիր, որ նրա գեղեցիկ ու նպատակասլաց փոխանցումից վտանգավոր մի նոր գրոհ կսկսվի: Իսկ հաճախ էլ հենց ինքն էր հուժկու և գեղեցիկ հարվածով գրավում մրցակցի դարպասը:

Ֆուտբոլասեր պատանիները մեր թիմում իրենց կուռքերն ունեին և երազում էին նմանվել նրանց: Արցախյան ֆուտբոլի վարպետների թիմում այդ տարիներին շատ էին կուռքերը: Նրանցից մեկն էլ թիմի ավագ Բենիամին Բաբայանն էր:

Բենոյի մասին դեռևս 1977 թվականին ահա թե ինչ է ասել արցախյան ֆուտբոլի մեծ երախտավոր, արցախյան թիմին Ադրբեջանի չեմպիոն դարձրած Ռազմիկ Պետրոսյանը. «Բենիամին Բաբայանը մեծ հեղինակություն է վայելում թիմում: Շատ աշխատասեր է: Թիմում գլխով ամենագեղեցիկ խաղացողն է: Ունի դարպասին գեղեցիկ հարվածելու հատկություն, մեկ անգամ չէ, որ գրավել է հակառակորդի դարպասը: Դժվար պահերին միշտ օգնության է գալիս խաղընկերներին»...

Հավատդ չի գալիս, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագն արդեն 60 տարեկան է: Չենք հավատում, որովհետև այդ տարիների մեջ մեր պատանեկության ու երիտասարդության անմոռաց տարիներն էլ կան, ֆուտբոլը մեզ համար ամեն ինչ էր, հայրենի «Ղարաբաղ» թիմը՝ ուրախություն ու հպարտություն... Ու այսօր չենք հավատում, որ մեր կյանքի այդ տարիները ևս պատմության գիրկն են անցել:

Բենիամին Բաբայանը ծնվել է 1950 թ. մայիսի 8-ին: 1969-ից խաղում էր վարպետների թիմում: Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո 1973-75 թթ. արդեն  խաղում էր լեգենդար «Արարատ»-ի փոխարինողների կազմում: Մարզասերները քաջ գիտեն, որ այդ տարիներին Հայաստանի նշանավոր այդ թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր:      

Այնուհետև Բենոն զորակոչվեց բանակ, ծառայությունն ավարտելուց հետո վերադարձավ հայրենի Արցախ և մեր ֆուտբոլասերների համար անմոռաց 1977 թվականին «Ղարաբաղ» թիմի կազմում դարձավ Ադրբեջանի չեմպիոն, իսկ թիմն իրավունք ստացավ մասնակցելու ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությանը: Այդ տարիներին նրա խաղընկերներն էին Երևանից հրավիրված «Արարատ-73»-ի չեմպիոններ Հովհաննես Զանազանյանն ու Սուրեն Մարտիրոսյանը:

1984-89 թթ. Բենիամին Բաբայանը ղեկավարել է ֆուտբոլի դպրոցը, իսկ 1989-91 թթ. եղել է «Ղարաբաղ»-«Արցախ» թիմի ավագ մարզիչը: Այնուհետև աշխատանքի է անցել ԱրՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում (այժմ ամբիոնի դոցենտ է):

1995-2003 թթ.  ԲՄԱ-«Ղարաբաղ» թիմում մարզիչ է աշխատել: 1998 թ. վետերանների թիմի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն, երկու անգամ գրավել են 2-րդ տեղը:

Այսօր մեր երիտասարդները հեռուստատեսությամբ նայում են վարպետ թիմերի խաղերը և մտքներով չի անցնում, որ ժամանակին մեր «Ղարաբաղը» ինչպես հավասարը հավասարի հետ խաղում էր նշանավոր դարձած այդ թիմերից մի քանիսի հետ:  Մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կառլեն Սիմոնյանը, պատմում է, որ մի պատանի իրեն հարցրել է, թե ճի՞շտ է, արդյոք, որ իրենք ժամանակին խաղացել են Ռուսաստանի չեմպիոն ու գավաթակիր Կազանի «Ռուբինի» հետ: «Ասացի՝ այո, նույն առաջնությունում մենք եղել ենք այդ թիմի մրցակիցներից: Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, ես և շատ ուրիշներ ժամանակին խաղացել ենք այդ թիմի հետ,- ասաց Կառլենն ու տխուր  ավելացրեց,- իսկ նա երևի մտածեց, որ պարզապես գլուխգովություն եմ անում: Եվ նա այդպես մտածելու իրավունք ունի, որովհետև մեր մրցակիցներից շատերը շարունակել են զարգանալ ու Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղերին են մասնակցում, իսկ մենք այսօր ֆուտբոլ չունենք, ամեն ինչ զրոյից պիտի սկսենք...»:

Բարեբախտաբար, այսօր կան Ռազմիկ Պետրոսյանի, Բենիամին Բաբայանի, Կառլեն Սիմոնյանի և մյուսների սաները, և հուսանք, որ մի օր նրանք հայրենի ֆուտբոլը կրկին կհասցնեն այն բարձունքին, որին արժանի ենք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ