Գլխավոր » ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ, Թե՞...
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ, Թե՞...
22:56
Սպիտակ գույնը խորհրդանշում է պարզություն, հարսի սպիտակ զգեստը՝ անմեղություն, բժշկի սպիտակ թիկնոցը՝ մաքրություն, սակայն միայն նյութական առումով: Երևի հենց այս հանգամանքն էլ «իրավունք է տալիս» յուրաքանչյուր չզլացողի հագնել բժշկական սպիտակ թիկնոցն ու իր ուսերին վերցնել մարդկային կյանքի նկատմամբ մեծ ատասխանատվությունը:
 Բժշկի «պաշտոնը» միայն գումար վաստակելու միջո՞ց է, թե՞ բուժելու իրական ցանկություն: Մեր հանրապետության պարագայում այս հարցի պատասխանը ծայրահեղ ողբերգական է՝ նկատի ունենալով բժշկական համակարգի հասցեին ուղղված ժողովրդի պարբերաբար բողոքները, բուժվելու համար արտերկիր մեկնումը, տեղական բժիշկների նկատմամբ ունեցած թերհավատությունը, առավել ևս՝ այս ամենի մասին թաքուն անկյուններում խոսելը և տիրող իրավիճակի դեմ պայքարելու ցանկության բացակայությունը: 

Նման անտարբերության արդյունքն էլ մարդկային կործանված ճակատագրերն են, մարդկային խլված բազմաթիվ կյանքեր: Նման անտարբերության զոհ դարձավ և Ռուզաննան, ով 32 տարեկան հասակում առաջնեկ երեխան ունենալու բերկրանքով բուժվելու նպատակով տեղափոխվել էր Ստեփանակերտի ծննդատուն: Դա սույն թվականի ապրիլի 3-ին էր: Ապրիլի 7-ից Ռուզաննայի մոտ սկսում են բարդանալ ցավերը և ավելի են սրվում ապրիլի 9-ին: 
Երեկոյան նա վատանում է, ինչի մասին էլ տեղեկացնում է բուժքրոջը, վերջինս էլ կանչում է հերթապահ բժշկին՝ Մարինա Գրիգորյանին, ով հիվանդի մոտ ներկայանալով, ասում է, որ բուժող բժշկի բոլոր նշանակումներն արված են, իրենք անկարող են որևէ բան անել, ինչ պիտի լինի՝ լինելու է: 
Բուժքույրը հիվանդին հորդորում է հանդիստ քնել ու ոչնչի մասին չմտածել: Սակայն երեխային կորցնելու մտքից քնելը հնարավոր չէր: 

Երեկոյան ժամը 21:00-ից մինչև կես գիշերն անց հիվանդը գտնվում էր սուր ցավերի մեջ։ Տեսնելով, որ մենակ է, բժիշկն էլ ուշադրություն անգամ չի դարձնում, զանգում է քրոջը՝ Սուսաննային: Մոտ 20 րոպեից հիվանդի քույրը և ընկերուհին՝ Մարգարիտան (իմ համակուրսեցին)հիվանդասենյակում էին, որտեղ էլ կարողացել են մտնել ազատ կերպով, քանի որ բաց էր ընդհանուր դուռը, ինչն անթույլատրելի է: 

Երբ նկատել են, որ հիվանդի մոտ արյունահոսություն է սկսված, դիմել են հերթապահ բժշկին՝ Մարինա Գրիգորյանին, ով այդ պահին հանգստի սենյակում պառկած էր: Հիվանդի քույրը, որ արդեն բժշկի սենյակում էր, սկզբից բժշկի դիրքից չկարողացավ հասկանալ, որ բժիշկը հենց նա է, և այդ սպիտակ թիկնոցավորից հարցրեց բժշկի տեղը, նա էլ ձանձրույթով հայտնեց, որ բժիշկն ինքն է։
Սուսաննան հայտնեց, որ Ռուզաննայի քույրն է, և վերջինիս վիճակը վատ է՝ արյունահոսություն է սկսվել։ Սակայն այս հանգամանքն էլ չկարողացավ բժշկին տանել հիվանդասենյակ: Հիվանդը ստիպված էր ինքը հոգալ իր մասին, քանի որ հասկացել էր, որ այնտեղ այդ օրը բժիշկ չկար: Նա քրոջը հայտնեց հիվանդանոց ուլտրաձայնային հետազոտում կատարող բժշկին կանչելու գաղափարը, որն իսկույն հայտնեցին նաև բժշկին։ Վերջինս էլ տվեց ուլտրաձայնային հետազոտում կատարող բժշկի հեռախոսահամարը: 

Երբ վերոհիշյալ բժիշկն արդեն ծննդատանն էր, հիվանդի կողքին նորից միայն քույրն ու ընկերուհին էին, որոնց ուղեկցությամբ էլ հիվանդը մտավ հետազոտման սենյակ, սակայն քրոջն ու ընկերուհուն չթույլատրվեց մնալ այնտեղ: Արդեն գիշերվա 2-ն էր, ապրիլի 10-ի լույս գիշերը: Այստեղ էլ հիվանդը իմացավ սարսափելի ճշմարտությունը, ինչն էլ փաստեց հիվանդի բոլոր կասկածանքները. նա կորցրել էր երեխային: Երևի հայոց լեզվի հարուստ բառապաշարը չի հերիքի բացատրել պահի զգացողությունը, ցավը, որը զգում ես դեռ չծնված երեխայիդ կորստի համար: «Ես կարծում եմ, որ բժիշկների համար իրենց աշխատանքը միայն աշխատավարձ ստանալու, ընտանիք ու երեխա պահելու միջոց է, սակայն պետք է մտածել, որ դիմացինն էլ ցանկանում է երեխա ունենա»,- ասում է Ռուզաննան: 

 Ուլտրաձայնային հետազոտման սենյակից հիվանդը դուրս եկավ մենակ, առանց բժշկական օգնության ու մենակ հասավ հիվանդասենյակ: Եթե մի քանի ժամ առաջ նա և իր հարազատները մտածում էին երեխայի կյանքի համար, հետո արդեն վտանգի տակ էր նաև հենց իր՝ հիվանդի առողջությունն ու կյանքը: Փաստորեն, հիվանդին փրկեց իր հեռախոսը, որը չլինելու դեպքում կարող էլ լինել նաև ամենավատը: 

 «Ես բժիշկներին կրկին վստահել չեմ կարող»,- ասում է Ռուզաննան: Եվ ոչ միայն ինքը, այդ դեպքը, որը հերթականներից էր, խորհել է տալիս շատ-շատերին, շատ կին ու աղջիկների, որոնց դեռ պետք է «հերթապահի» նույն «բժիշկը»՝ Մարինա Գրիգորյանը: Անտարբերությունը, թերևս ամենահեշտ տարբերակն է բոլոր պարագաներում, իսկ նրա հետևանքը՝ ամենածանրը: Բազմաթիվ փաստերն էլ մեզ իրավունք են տալիս այս իրադարձության մասին ոչ միայն խոսել բացեիբաց, այլ նաև ահազանգով, քանի որ ցանկացած բեղմնավորված բջիջ մեր ապագա զինվորն է, ապագա զինվորի մայրը, ոչ թե ըստ նման «բժիշկների»՝ պարզապես մսի կտոր...

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Իր այս հոդվածին հեղինակը կցել է նամակ՝ խնդրելով անպայման տպագրել՝ առանց խմբագրական միջամտության։

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ