Գլխավոր » «ԱՆՏԵՐ» ՏԱՐԱԾՔՆԵՐ
«ԱՆՏԵՐ» ՏԱՐԱԾՔՆԵՐ
22:51
Ավստրիական մի թերթի տված հարցազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարածքների վերադարձման մասին կետը Մադրիդյան սկզբունքների կետերից մեկն է, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մադրիդյան սկզբունքները մի ամբողջություն են»։ ՀՀ արտգործնախարարը ազատագրված տարածքներն անվանել է, ոչ ավել, ոչ պակաս՝ «բուֆերային տարածքներ»...

Ազատագրված տարածքները հանձնելը վաղուց դարձել է հայաստանյան իշխանությունների սիրած թեման։ Դեռ ժամանակին Վարդան Օսկանյանն այդ հողերն անվանել է «օկուպացված տարածքներ», ապա սկսել այդ կապակցությամբ վրդոված հանրությանը երկար-բարակ բացատրել, որ իբր «օկուպացիա» բառն անգլերենում այլ իմաստ ունի։ Իսկ մինչ այդ հիշյալ տարածքները հանձնելու ծրագիր էր ուզում իրականացնել Լ. Տեր-Պետրոսյանը, և հենց Արցախի հարցում որդեգրած պարտվողական-դավաճանական գործելակերպի համար ստիպված եղավ հրաժարական տալ։

Ցավոք, ԼՏՊ-ի ցանած սերմն արդեն արմատներ էր ձգել հայ քաղաքական գործիչների գլխում։ Նրանից հետո հայաստանյան իշխանությունները շարունակեցին «զարգացնել» ազատագրված հողերը հանձնելու ծրագիրը՝ արդեն բանակցային գործընթացի  տեսքով, որպես մարտավարություն ընդունելով այսօրինակ հեղհեղուկ մի սկզբունք. այն, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, հայկական կողմը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) պետք է անհապաղ ընդունի... Եվ «ընդունեցին» Մադրիդյան սկզբունքները, դրա «նորացված-թարմացված» տարբերակները և այլն, որ միանշանակ տանում են դեպի Արցախի հայաթափում։ Անգամ հպարտ տեսքով հայտարարեցին, որ «այդ տարածքները» չեն բնակեցվում։ Գոնե նրանք հիշեն 1988-ը։ Ազերիներն ինչպիսի՜ եռանդով էին փորձում Խոջալուն ու ազերաբնակ մյուս բնակավայրերը կարճ ժամկետում քաղաք դարձնել...

ՀՀ քաղաքական առաջին դեմքերը փոխվեցին, սակայն Արցախի հարցում պարտվողական քաղաքականությունը երբեք չփոխվեց, մնաց նույնը, և այսօր էլ եթե ՀՀ քաղգործիչները խոսում են հակամարտության կարգավորման մասին, ապա անմիջապես հավելում են, որ այն պիտի լուծվի միմիայն «փոխզիջման» սկզբունքով։ Միայն հայտնի չէ, թե ինչ է փոխզիջելու Ադրբեջանը, որը հավելյալ լիցք ստանալով հայ դիվանագետների երկչոտ պահվածքից, օրեցօր ավելի կարծր դիրքորոշում է որդեգրում՝ պահանջելով ԱՄԵՆ ԻՆՉ...

Բոլոր այն քաղաքական գործիչ կոչեցյալները, ովքեր շարունակում են հայտարարություններ անել ազատագրված տարածքները թշնամուն զիջելու մասին, տարածքներ, որ ամրագրված են Արցախի Սահմանադրությամբ, նմանվում են հնագույն մասնագիտությամբ այն կնոջը, որն օրուգիշեր մտածում է միայն տրվելու մասին...
Պարոնայք, դուք կարող եք թշնամուն «փոխզիջել» միայն այն, ինչ ձեզ է պատկանում. ձեր բնակարանը, ավտոմեքենան, կինը, սեփական կոստյումը... Այդ տարածքները դուք չեք ազատագրել, որ ձեռին «կրակն եք ընկել»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ