Գլխավոր » ԱՊՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ «ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՊՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ «ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
12:52
Վերջերս «Հայաստանի զրուցակից» թերթի ս.թ N15-ում «Դիվանագիտության խճանկար» վերնագրով մի հոդված ընթերցեցի  (հեղ. Վահան Սարուխանյան), որն այնքան համահունչ է հատկապես ներկա ժամանակներին, և որոշեցի արձագանքել…
Իրավ է, ինձ անծանոթ, սակայն հոդվածագրին ծանոթ մի կշտամբանք. «Ապրելու ձևը չգիտես. փոխանակ լավ աշխատանք որոնես՝ արդարություն ես որոնում»:

Այսինքն՝ ապրել կարողանալու այդ «տեսությունը» նշանակում է՝ շողոքորթություն, քծնանք, երեսպաշտություն, պատեհապաշտություն, անհրաժեշտության դեպքում՝ դավաճանություն, կեղծավորություն, ստրկամտություն, այսօր ամենից տարածված՝ ստորաքարշություն…
Ընթերցածս հոդվածում, երբ զրուցակիցը փորձում է մեջբերել Կանտի խոսքը, արդի ժամանակների «խորհրդատուն» անդրադարձնում է. «Տեսեք, Կանտն ու Հեգելը պատմության քունջերում մնացին, նրանց հանգիստ թող, դու քո ժամանակի հզորին որոնիր, որ բոլորովին էլ Կանտ ու Հեգել չէ, պարապ բաների մասին խոսող ու անիմաստ երազող չէ, չեղած տեղից փող սարքող ու կյանքը շենացնող է: Որոնիր նրան, կառչիր նրա մեջքամկանից ու դարձիր նրա ստվերը, որ գոնե այդ ստվերի զորությամբ ոտքիդ տակի հողը չկորցնես: Գիտե՞ս,- ասում է,- ամեն ժամանակ իր տրամաբանությունն ունի. միջնադարյան մտածողության թմբիրում բնավորվելն ու երազելը վաղուց արդեն հոգնածի զբաղմունք են, հիմա ապրել կարողանալու ժամանակն է: Քո ամենամեծ վրիպումն էլ հենց այն է, որ քո ժամանակի մեջ չես, քո ժամանակի մեջ ապրելով ուրիշ ժամանակների մեջ ես արժեքներ որոնում»:
Մնացի տարակուսած. բայց չէ՞ որ ճշմարտությունը բոլոր ժամանակներում էլ ճշմարտություն է: Այն բոլոր ժամանակներինն է:

Սիրելի ընթերցող, գիտեք իմ այս մտքին ի պատասխան զրուցակիցն ինչ է ասում. «Ճշմարտությունները նույնն են, այդ ճշմարտություններին տեր կանգնելու սկզբունքներն են տարբեր: Առանց Ջորդանո Բրունոյի պնդումների էլ երկիրն իր առանցքի ու արեգակի շուրջ խելոք պտտվում է, ուրիշներն էլ գիտեին, որ երկիրն իր առանցքի ու արեգակի շուրջ պտտվում է, բայց չէին ասում կամ հրաժարվում էին ասածներից: Հերն էլ անիծած, թե չի պտտվում, գիտեին, որ այդ ճշմարտությունն իրենց ժամանակի համար թունավոր ճշմարտություն էր, դրա համար էլ նրանք ապրեցին ու կյանքը վայելեցին: Գալիլեո Գալիլեյը քեզ օրինակ, իսկ Ջորդանո Բրունոյին խարույկի վրա այրեցին: Դրա համար քեզ ասում եմ արդարություն ու ճշմարտություն որոնելու տեղ լավ աշխատանք որոնիր, իսկ դու եկել ու սև գայլ ես որոնում սև հերկի մեջ, հետն էլ՝ գիշերով»:

Ըստ զրուցակցի՝ եթե ուզում ես մարդավայել ապրել՝ չպետք է արժանապատվության կեղևի մեջ մնաս… Այսօր արժանապատվության մասին պատկերացումները հնացել են, բորբոսնել: Համը կորցրած ծամոն են դարձել, որ որոշները դեռ համառորեն ծամում են:
Պարզվում է, որ հիմա լրջության ժամանակներ չեն, հիմա տաշի-տուշիի ժամանակներ են: Պետք է ճշմարտության հնացած թիկնոցը դեն նետել, որ դեպի վայելքը գնաս. էսօր ծափ ու ծիծաղ է, վաղը՝ հող ու խավար: Մայրը կյանքում տեղ չգտած իր աղջկա վրա ջղայնանում ու բարձրաձայն խրատում է. «Կանչում են՝ գնա, տալիս են՝ վերցրու, ուզում են՝ տուր: Քրքրված լաթերի մեջ թագուհու երազանքով չեն ապրում, ա՛յ աղջի…»:

Կամ, ասենք, այսօր եթե պիտի որևէ կուսակցության մեջ լինես, ուրեմն պիտի լինես այն կուսակցության մեջ, որը վերջնական խոսքի իրավունքը սեփականաշնորհել է ու իր կուսակցին առաջ տանելու թափ ունի:
Եվ, սիրելի ընթերցող, ինձ գիտեք ինչն է զարմացնում. որ այս տրամաբանությանը լավ են տիրապետում նաև ներկա սերնդի որոշ ներկայացուցիչներ, կամ պաշտոնամոլներ, ովքեր իրենց վիզները երկարած ձգտում են, ձգտում, էլի ձգտում ու երբեք էլ սեփական ոտները իրենց վերմակների չափ չեն ձգում: Նրանք այնքան վարպետորեն են ի կատար ածում դրանք. պետք է՝ կխաբեն, կմատնեն, ընկերոջ ոտը կկոխեն, պետք է…  լավ, էս մեկը պետք չէ ասել… Ինչ ասես կանեն, միայն թե հասնեն իրենց նպատակին:

Նմաններն այսօր մի կուսակցության են քծնում, վաղը մեկ ուրիշ կուսակցության, «սահուն քայլերով աննշմար» անցում են կատարում մեկից մյուսը՝ գիտակցելով, որ մարդը պիտի հարմարվի կյանքին, ոչ թե կյանքը՝ մարդուն:
Մեծն Թումանյանը ասել է. «Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների միջից, և չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ»: Մի այլ առիթով էլ՝ «Երբ գաղափարը չի մտնում գլխի մեջ, գլուխն է մտնում գաղափարի մեջ»:

Մի բան հստակ է, որ գաղափարը որովայնի սպասավորն է, և ամենամեծ աղետը ապրել չկարողանալու թեթևաթափությունն է, մնացածը՝ ծակ փիլիսոփայություն: Քարանձավում լինես, թե ոսկեզօծ դահլիճում՝ աչքդ համեղ պատառի վրա պիտի պահես, բախտդ տուր համընթաց քամիներին և խփիր ու տար քո չափաբաժինը...
Այսօր տարածված կարծիք կա՝ ճիշտը նա է, ով կարողանում է ընտանիք պահել: Իրավ է, ընտանիք պահելն իհարկե, սուրբ պարտականություն է, բայց ի՞նչ ճանապարհով՝ քչերին է հետաքրքրում: Եվ հենց այդ պատճառով էլ երբեմն ցինիզմը հասնում է իր գագաթնակետին:

…Իսկ Աստծո պարգև սերն անցնում է մեր կողքով: Ծառի բողբոջելու հրաշքը չնկատելով՝ քյաբաբի բույրով ենք խենթանում, սերը փետրավորում, ջրիկացնում ու ծափ ենք տալիս՝ կեցցե 21-րդ դարը, կեցցե մեր անվարտիք ապագան…
Մնում է ասենք՝ տեր Աստված, զանազանելու արվեստը մեղավորներիս տուր, որ էս լուսավոր աշխարհում չխարխափենք խավարի մեջ: Բայց ո՞րն է այդ արվեստը, երբ սպիտակին սև ասողների մեջ դու արդեն սպիտակ ագռավ ես, որովհետև հանդգնում ես սպիտակին սպիտակ ասել:
Ու… շողոքորթությունը նույնացվում է սիրո հետ, նվիրաբերվելը՝ մարմնավաճառության, աղոթքը՝ քծնանքի հետ, հետնախորշերում պղպջակվող անառակությունը՝ բարի գործերի հետ…

Որպես վերջաբան կասեի՝ այսօր շատերը գերադասում են, ոչ թե երկնքին նայել, այլ գետնին, որովհետև նրանց գտածն ու կորցրածը գետնի վրա են, ու նրանք ոչ թե Աստծուն են աղոթում, այլ իրենց պետերին՝ համոզված լինելով, որ իրենց գտածն ավելի արժեքավոր է:
Խոսքեր չեմ գտնում ասելու, կարծես հոգեսպանության անարյուն արարողության վկա եմ լինում գրեթե ամեն օր, երբ տեսնում կամ լսում եմ նման մարդկանց:
Ես գերադասում եմ ոչ թե լավ ապրել, այլ ճիշտ ապրել, իհարկե ոչ այսօրվա «Ճշտի» պես: Սա իմ ուղեղում մանկուց է տպված: Պետք չէ այլոց հիշողությունը պղտորել, փոխարենը՝ քո հիշողության մեջ արթուն կաց:
Եվ մի՛ մտածիր. վերջում լավ թե ճիշտ ապրած կյանքիդ ծրարը Աստված ինքը կբացի:

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ