Գլխավոր » Ապտակ Ռուսաստանից, ի պատասխան Արցախի համերգի
Ապտակ Ռուսաստանից, ի պատասխան Արցախի համերգի
17:49

«Ղարաբաղյան խանությունը եղել է այն ժողովուրդների բնիկ բնակատեղին, որոնք հետո ձեւավորեցին ադրբեջանական ազգն ու կոչում են իրենց ադրբեջանցիներ: Դրա համար էլ Ղարաբաղից նրանց վտարումը՝ հանցագործություն է, եւ միայն նրանց վերադարձից հետո կարելի է խոսել որեւէ հանրաքվեի մասին: Առանց փախստականների վերադարձի Ղարաբաղի տարածքում որեւէ հանրաքվե չի կարող լեգիտիմ լինել»:

 

Ի՞նչ եք կարծում, ով է այդ խոսքերի հեղինակը: Իլհամ Ալիեւ՞ը, թե տխրահռչակ ադրբեջանցի «ազգայնական» /ներողություն աշխարհի բոլոր ազգայնականներից/ Ակիֆ Նագին:

 

Ամենեւին, այդ խոսքերի հեղինակը Մաքսիմ Շեւչենկոն է, ռուս մեկնաբան, քաղաքագետ, որին, ի դեպ, կարծես թե բավական սիրալիր հյուրընկալել են Հայաստանում, նրան ասուլիսային սրահներ են տրամադրել, կարծես թե նաեւ Արցախ են ուղեկցել, որպեսզի հավանաբար նա այնտեղ ավելի կատարելագործի «ադրբեջանական ազգի» պատմության իր իմացությունը:

 

Իսկ ո՞վ է Մաքսիմ Շեւչենկոն: Շեւչենկոն Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի անդամ է, այսինքն Կրեմլի համար ամենեւին էլ ոչ պատահական մի մարդ: Եվ հետեւաբար հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք այդ ոչ պատահական, Կրեմլին կից խորհրդատուներից մեկը Արցախի հարցում ասել պատահական բաներ: Իսկ այդ բաները Շեւչենկոն ասել է «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում:

 

Այդպիսով, Ռուսաստանից փաստացի հնչում է Ղրիմի հարցում Հայաստանի ու Արցախի դիրքորոշման, նաեւ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված համերգի պատասխանը: Հնչում է պատասխանը բոլոր այն մարդկանց, ովքեր քափ ու քրտինքի մեջ փորձում էին Հայաստանի հասարակությանը համոզել, թե Ղրիմը Արցախի համար նախադեպ է:

«Ղրիմի հետ չհամեմատվեք, հանցագործներ»: Փաստացի հենց դա է Շեւչենկոյի հայտարարությունների համատեքստը: Չէ՞ որ նա հայտարարում է, որ առանց ադրբեջանցիների Արցախի հանրաքվեն լեգիտիմ չէ, իսկ ադրբեջանցիներին Արցախից վտարելն էլ հանցագործություն է:

 

Փաստորեն, նախադեպի որոնումներում թափված քրտինքը իզուր էր, իսկ Արցախի հրապարակում կազմակերպված համերգն էլ ինչ որ մեկը Ռուսաստանում կվերածի ընդամենը անձնական հարցերի մանրադրամի:

Շեւչենկոն նաեւ հայտարարել է, որ Արցախում պատերազմի դեպքում Ռուսաստանը չի մտնի Ադրբեջանի տարածք, քանի որ ՀԱՊԿ-ն իրավասու է միջամտել միայն անդամ պետության դեմ ոտնձգության դեպքում, իսկ «Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի տարածք»: Այլ կերպ ասած, եթե հանկարծ Ադրբեջանն ինչ որ բան որոշի, կարող է Ռուսաստանից չվախենալ, ընդամենը պետք է համաձայնեցնել Ռուսաստանի հետ:

 

Երեւի պետք է Ղրիմի պաշտպանության համերգը ոչ թե Արցախում, այլ Երեւանի կենտրոնական հրապարակում անել: Միգուցե Ռուսաստանը այդ դեպքում գնահատի հայկական ջանքերը եւ Շեւչենկոյին հորդորի, որ Արցախի հանրաքվեն այլեւս ոչ լեգիտիմ չհայտարարի եւ Արցախից ադրբեջանցիներին վտարելը հանցագործություն չդիտարկի:

Մեկ էլ երեւի արժե, որ Զորի Բալայանը մի նամակ էլ գրի Պուտինին, իսկ պատճենը Շեւչենկոյին, կրկնելով Գյուլիստանի կամ Գյուլնազ տատի հեքիաթները Մոսկվայի համար, միգուցե այս անգամ օգնի:

 

Շեւչենկոն իհարկե Պուտինը չէ, եւ նրա հայտարարությունները պաշտոնական կնիք չունեն: Բայց քաղաքականության մեջ հենց դրա համար էլ կան շեւչենկոները, ժիրինովսկիները եւ այլք, որպեսզի նրանց շուրթերով ասվեն բաներ, որոնք տվյալ պահին պաշտոնապես հայտարարելը նպատակահարմար չէ եւ կարող է առաջ բերել ավելորդ հարցադրումներ:

Իսկ այսպես, հայտարարությունն արվում է, իսկ դրան արձագանքելու հարցում հնչում՝ «դե Շեւչենկոն է, մի բան ասել է, հո դա Մոսկվայի կարծիքը չէ»: Մինչդեռ հարկ է կրկնել, որ Շեւչենկոն  Ռուսաստանի Դաշնության նախագահին կից, այսինք Պուտինին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի անդամ է:

 

Տրամաբանությունը հուշում է, որ դա առնվազն հիմք է տալիս արտգործնախարարության մակարդակով համապատասխան հայտարարություն անել ՌԴ նախագահին կից Խորհրդի անդամի անհիմն, պատմական հիմքից զուրկ, նենգափոխված հայտարարությունների կապակցությամբ, հորդորելով ռազմավարական դաշնակից երկրին մեղմ ասած զգուշացնել իր նախագահին կից Խորհրդի անդամների Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասով այսպես ասած շրջահայաց լինելու եւ իրականությունը չնենգափոխելու մասին:

 

Բայց, կան բոլոր հիմքերը կասկածելու, որ Հայաստանի դեպքում այդ տրամաբանությունը չի աշխատի: Որովհետեւ եթե տրամաբանությունը պաշտոնական Երեւանի դեպքում լիներ աշխատունակ, ապա կաշխատեր մինչ այդ եղած բազմաթիվ այլ առիթների դեպքում:

 

Թեեւ բանն այստեղ միայն տրամաբանությունն էլ չէ, այլ առաջին հերթին արժանապատվությունը՝ պետական ու հանրային մակարդակով, որի նշաձողը իջեցվել է այն աստիճան, որ ինչքան շառաչուն է լինում տարատեսակ ապտակը Ռուսաստանից, այնքան ավելի մեծ է լինում այդ ամենն արդարացնելու եւ ադարանալու ներհայկական ցինիզմը:

 

Սա նաեւ պատասխան է Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե մենք այսօր ունենք այնպիսի «տեսակի ու որակի դաշնակիցներ», որ անվտանգ ենք ինչպես երբեք: Իսկապես, հայ-ռուսական դաշնակցությունը հիրավի չտեսնված տեսակի ու որակի է:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Lragir.am


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ