Գլխավոր » ԱՌԱ՜Ջ, ԴԵՊԻ ՀԵՏ...
ԱՌԱ՜Ջ, ԴԵՊԻ ՀԵՏ...
17:46

Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետևություն անել, թե ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է: Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը: Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնական դիրքի և փողի գերակայությունը, Հայրենիք և Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի և կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված, բիզնեսմեն-գործարարի...

Մխիթարվելու ոչինչ չկա նաև հոգևոր դաշտում՝ քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ և համընդհանուր արժեզրկում: Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը  նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը փոքրաթիվ այն մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում):

Վերջերս ՀՀ իշխանությունները մի նոր անակնկալ մատուցեցին ժողովրդին. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ: Ասել է թե՝ փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել Հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը, դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը: Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն չի բացառվում, որ իշխանություններն այդ դժգոհությունները ևս անտեսեն ու ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»...

Մայիսի կեսերին Ստեփանակերտում կայացավ կլոր սեղան՝ «Արցախյան կարգավորում՝ իրավական և քաղաքական հայեցակետերը» թեմայով, որին մասնակցել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ ու իրավագետներ, այդ թվում՝ Երևանից: Ընդհանրապես, սա առաջին դեպքը չէ, որ մեզ մոտ տեղի են ունենում միջոցառումներ, որտեղ ճանաչված քաղաքագետ-փորձագետ-գործիչները (Ալեքսանդր Մանասյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Մանվել Սարգսյան և այլք) փորձում են պատասխանել «ի՞նչ անել» հարցին, արժեքավոր տեսակետներ են հայտնում ղարաբաղյան հարցում ստեղծված մեզ համար կործանարար վիճակից դուրս գալու մասին, իսկ ահա նրանք, ովքեր առաջնորդում են պետական մեր Նավը, այն աննկուն տանում են «Տիտանիկի» կուրսով, որի վերջին խայտառակ ապացույցը Եվրախորհրդարանի մայիսի 20-ի թիվ 2216 բանաձևն է, որտեղ պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից» դուրս բերելու մասին...

Սա է, ահա, ամենամտահոգիչը: Ու նաև այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը գետնաքարշ է:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ