Գլխավոր » ԱՌԱՋԱՐԿԻՆ՝ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ
ԱՌԱՋԱՐԿԻՆ՝ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ
23:50
Առաջա՞րկ, թե՞ պահանջարկ... Այն խնդիրը, որն այս պահին մեկնաբանման կարիք ունի, ավելի շատ պահանջարկ էր, քան առաջարկ։ Իսկ առաջարկը չուշացավ։ Խոսքը վերաբերում է մարդատար փոխադրամիջոցներին։ Հանգիստ թողնելով գովազդային խառնիճաղանջության մեջ ընկղմված տաքսի ծառայություններին, խոսենք միայն երթուղային ավտոմեքենաների՝ երթուղային տաքսիների և ասպարեզ մուտք գործած նոր ավտոբուսների մասին։ Հին փոխադրամիջոցներից առնվազն մեկ անգամ օգտվելով, կարելի է բացահայտ համոզվել սեփական անձի ապահովագրման մեջ (խոսքն առնչվում է ինչ-որ մեկի գրկում ստիպված հայտնվելուն, չընկնելու համար ինչ-որ տեղից կառչելուն, ոտքերի վրա ուրիշի պայուսակների ավելորդ ծանրության զգացողություն ունենալուն, ոտքերի կոխկրտուքից հազիվ ուշքի գալուն և այլն)։

Հաճախ կարելի է երթուղային միկրոավտոբուս տեսնել, որի առաջնամասը՝ վարորդի հարևանությամբ նստատեղը թափուր է, մինչդեռ ավտոմեքենայի հետնամասում մարդիկ իրար կպած՝ երբեմն տեղ չգտիելով մյուս ոտքի համար, քաու քրտինքի մեջ կորած, յուրաքանչյուր կանգառում իրար հրմշտելով, մի կերպ տեղ են ազատում, հնարավորություն տալով մյուսներին իջնելու... Հետո կանայք և աղջիկները կրկին իրենց նախկին կանգնած դիրքն են գրավում, չգիտես ինչու «չնկատելով», որ վարորդի կողքի նստատեղը դատարկ է։ Ասել է թե՝ գերադասում են նորից հայտնվել սրա-նրա անհարմար գրկում, քան տեղ գրավել ավտովարորդի կողքին։

Սակայն, ըստ իս, այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ Եթե նստատեղը տրամադրված է նստելու համար, ապա ամենևին կապ չունի, թե ով է այն զբաղեցնում։ Զարմանալին ու զավեշտականն այն է, որ Երևան մեկնող ավտոմեքենաներից («ֆորդ»-եր, «գազել»-ներ, և այլն) օգտվելու համար առանձնապես իգական սեռը նախօրոք, երկու օր առաջ է տոմս պատվիրում այդ շատ նստատեղը զբաղեցնելու համար (եղել են դեպքեր, երբ գժտվել ու կռվել են այդ նստատեղին տիրանալու համար), իսկ Ստեփանակերտում կնոջ կարծես պատիվ չի բերում այդ նստատեղը զբաղեցնելը...

Պարզ է, որ հետնամասում նստատեղի առկայության դեպքում իհարկե հարիր չէ իգական սեռին նստել հենց վարորդի «կողքին»։ Բայց երբ երթուղայինը պահածոյատուփի պես այնպես է «լցոնված» ուղևորներով, որ հաճախ հնարավոր չի լինում շնչել և ժողովրդական հայտնի խոսքով՝ ասեղ գցես, գետնին չի ընկնի, կարելի է նաև օգտվել այդքան «ոչ ցանկալի» նստատեղից։ Ոմանց թվում է, թե դա կարող է բամբասանքի առիթ դառնալ (չնայած կան բամբասանքի շատ ու շատ կարևոր ու համապատասխան թեմաներ ու երևույթներ)...

Թերևս ասում են, ինչպես առաջարկն ունի պահանջարկ, այնպես էլ՝ պահանջարկն ունի առաջարկ։ Ու վերջերս Ստեփանակերտում հայտնված «Հունդայի» ֆիրմայի դեղնագույն ավտոբուսները կարծես լուծեցին միանգամից մի քանի խնդիրներ՝ միայն քո անձի դիմաց տոմս վճարելը, վարորդի կոքի նստատեղում չհայտնվելը, անպատշաճ, անհարմար իրավիճակներից խուսափելը, նստատեղերի բացակայության ժամանակ տրանսպորտում նորմալ կանգնելը և այլն։ Այսօր այդ մայրաքաղաքում շատ թե քիչ կանոնավոր երթևեկում են 13, 14, 16 համարի ավտոտբուսները։ Թերևս բացակայում են այնքա¯ն շատ պահանջարկ ունեցող 10 համարի նոր ավտոբուսները, բայց ասում են, որ շուտով երթուղային համակարգը կհամալրվի նմանատիպ ևս մի քանի ավտոբուսներով։

Առաջարկն այս որոշակիորեն լուծեց պահանջարկի «խնդիրը»։ Հուսանք, որ բոլոր պահանջարկներն էլ մի օր նման համապատասխան առաջարկներ կունենան։

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ