Գլխավոր » ԱՐՑԱԽ. ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ
ԱՐՑԱԽ. ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ
02:11

Յուրաքանչյուր հասարակարգ ունի իր բարոյահոգեբանական դիմագիծը: Սոցիալիստական հասարակարգում գործում էին «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» և նման սկզբունքներ, դպրոցական ծրագրերում մեծ տեղ էին հատկացվում հայրենիքի սիրո, մարդասիրական, բարոյական արժեքների թեմաներին, քարոզում էին և դաստիարակում ընկերասիրություն, հայրենասիրություն, աշխատասիրություն, հարգանք մեծի և փոքրի նկատմամբ, հարգանք գիտելիքի նկատմամբ և այլն։
Պետությունը տներ, շենքեր էր կառուցում ու ձրի բաժանում մարդկանց, և այս գործողությունը մարդկանց մեջ վստահություն ու սեր էր սերմանում պետության և ապագայի նկատմամբ: Պետական աջակցություն էին ցույց տալիս բազմազավակ ընտանիքներին, առաջին հերթին ապահովում էին բնակարանով, և ընկեր, բարեկամ, հարևան, ով ինչով կարող էր՝ օգնում էին նրանց։

Բայց, ինչպես դասական քաղաքագետներն են պնդում, մի հասարակարգի հիմքում ձևավորվում են մյուս հասարակարգի սաղմերը: Եվ, ահա, տեղի ունեցավ սոցիալիստական համակարգի փոխարինումը մի նոր հասարական համակարգով։ Ձևավորվեց նոր պետական ապարատ… Եվ այս ամենը կատարվեց մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում դարավոր թշնամու դեմ։

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ազատագրական պայքարը պսակվել է հաղթանակով՝ շնորհիվ նախորդ պետականության գաղափարասոցիալական հիմքի և հայ ժողովրդի միասնության։ 1988-ին թվում էր, թե ամբողջ հայությունը շնչում է մեկ օդ, ունի միայն մի գերնպատակ՝ ազերիներից ազատագրել հայոց հողերը։ Հասարակության մեջ «հարուստ» և «աղքատ» տարբերակումներ չկային, մարդիկ իրար նույն աչքով էին նայում, ինչպես հավասարը՝ հավասարին։ Սակայն պատերազմի ընթացքում, երբ գաղափարի մարտիկներն ամենավտանգավոր գծում հայրենի հողն էին ազատագրում ու պաշտպանում, ոմանք ավելի տաքուկ անկյուններում զբաղված էին իրենց նյութական բարեկեցության հարցերով։ Պատերազմի ժամանակ և հետո «թալանի» շնորհիվ հասարակության մի մասը նյութապես ապահովեց իրեն:
Վերջիններս սեփականատեր են դառել ոչ թե հայրենասիրական գաղափարներով զինված, այլ միայն թալանի բնազդով, և նրանց միտքը շարունակ պտտվում է ձեռքբերելու, կորզելու, հարստանալու շուրջ։ Նրանց կյանքի նպատակը դարձել է թալանելը, անկախ նրանից, դա 100 դրա՞մ է, հազա՞ր, 10 հազա՞ր, թե՞ միլիոն...

Պետականագոյացման ընթացքում շատ պաշտոնյաներ պետությունից կարողացան շորթել «ազնիվ» գումարներ և հարստանալ։ Պետական ապարատը նրանք ծառայեցնում են միայն մի նպատակի՝ սեփական, անձնական հարստությունը կրկնապատկելու, եռապատկելու համար: Ունևորների մեջ քիչ տոկոս են կազմում այն ձեռներեցները, ովքեր ազնիվ ճանապարհով կամ բախտի բերումով են ունևոր դարձել։

Հասարակության մի ստվար մասն էլ կազմում են օրվա հացի համար վաստակողները՝ ուսուցիչներ, ծառայողներ, արհեստավորներ, պայմանագրային զինծառայողներ և այլն: Հասարակության մեջ մեծ տոկոսն են կազմում նաև կենսաթոշակառուները, հաշմանդամները։ Վերջիններս շատացել են, և՛ պատերազմի հետևանքով, և՛ սոցիալական անբավարար վիճակից (անգամ բուժման ու դեղորայքի փող չունեն)...
Հասարակության մեջ մեծ ազդեցություն ունեն զոհված ազատամարտիկների ընտանիքները, որոնք զգոն են պահում հասարակությանը՝ որ եղել է պատերազմ և այդ պատերազմի դաժան հետևանքները, անբուժելի վերքերը դեռ մնում են...

Ազգի գոյապահպանությունը պայմանավորված է կազմված ընտանիքներով և երեխաների ծննդով։ Աքսելերացիայի հետևանքով երիտասարդներն այսօր ցանկանում են ընտանիք կազմել նույնիսկ տասնյոթ տարեկանում կամ բանակից հետո. ֆիզիոլոգիապես այդպես է օրգանիզմը պահանջում, բայց նյութապես և հոգեբանորեն շատ քչերն են պատրաստ ընտանիք կազմել և ապահովել ընտանիքը՝ որպես հասարակության միջուկ:
Ճանաչում եմ երիտասարդների, ովքեր հնարավորություն չունեն ամուսնանալու՝ հարսանեկան ծեսի համար միջոցներ չունեն, անգամ տուն չունեն, չունեն այնպիսի աշխատանք, որ հնարավորություն ընձեռի հոգալու ընտանիքի նվազագույն ծախսերը: Այս առումով, իրոք, անգնահատելի գործ է կատարել Լևոն Հայրապետյանն՝ իր ընկերներով, ովքեր նեցուկ եղան արցախյան 700 ընտանիքների, և արդեն այդ նորաստեղծ ընտանիքներում երեխաներ են ծնվել...

ԴՊՐՈՑ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր փոխվել են աշակերտների հետաքրքրությունները։ Եթե երեսուն տարի առաջ աշակերտներն իրենց ազատ ժամանակին գիրք էին կարդում և հեռուստացույցով բարոյական ծրագրեր նայում, այժմ համակարգիչներով զանազան բարդ աշխատանքներ են կատարում, իրար SMS-հաղորդագրություններ գրում և հիմնականում իրենց օրվա ժամերն անցկացնում են նստած կամ պառկած: Այսինքն՝ աճող, զարգացող օրգանիզմը քիչ է շարժվում, որը նպաստում է ճարպակալմանը՝ դրանից բխող հետևանքներով։

Սակայն այսօր մտահոգիչն այն է, որ աշակերտն այլևս չի գնահատում ուսուցչին և նրա տված գիտելիքը. «Գիտելիք ես տվել, լավ ես արել, դրա համար դու վարձատրվել ես»,- լսել եմ աշակերտի ծնողից: Դասարանում առաջանում են խմբավորումներ՝ ունևորների և չունևորների, գիտելիք տենչացողների և գնահատական կորզողների:
Դպրոցական ծրագրերը պետք է նպաստեն, ձևավորեն անհատներ, որոնք ունեն առողջ մարմին, առողջ միտք և առողջ հոգի: Դպրոցից հետո անհատի կյանքի հաջորդ փորձությունը աղջիկների համար՝ լավ մայր լինելն է, իսկ տղաների համար՝ հայրենիքին ծառայելը:

Պատերազմում հաղթելու համար պետք է ունենալ ուժեղ, ժամանակակից զենք և ուժեղ, գաղափարապես զինված, հայրենասիրական ոգով տոգորված զինվոր: Զորքին զենքով ապահովում է պետությունը, իսկ գաղափարը զինվորին տալիս են դպրոցն ու հասարակությունը: Անձը հավասարակշռված է ձևավորվում, երբ դպրոցի կրթական ծրագրերը, հասարակության շարժման օրենքներն իրար համահունչ են, ունեն մեկ նպատակ և ուղղություն: Եթե մեծ ազգերի համար այս օրինաչափությունից շեղումներն այնքան էլ ճակատագրական չեն, ապա մեր ազգի համար այդ շեղման վնասները կարող են շոշափելի լինել։ Վատ օրինակը, վարքագիծը ավելի հեշտ է յուրացնել, առանց ջանք խնայելու, քան լավն ընդօրինակելը:

Ծնված օրից մինչև բանակային ծառայություն՝ ընտանիքում, մսուր-մանկապարտեզում, դպրոցում թե արհեստավորական հաստատությունում և, վերջապես, բանակային ծառայության մեջ ի հայտ են գալիս բնավորության և գաղափարական այն գծերը, որ անհատը ստացել է նախորդ տարիներին: Ահա թե ինչու ընտանիք-դպրոց-հասարակություն-բանակ շղթան պետք է ունենա նույն գաղափարադաստիարակչական ուղղվածությունը։

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Եթե նախորդ հասարակարգում պետբյուջեի եկամուտը կայուն էր, կային պետական գործարաններ, ֆաբրիկաներ, կոլտնտեսություններ, որոնց եկամուտները, տնտեսական ավելցուկը անմիջապես մտնում էր պետբյուջե, և եթե եկամտի տոկոսային հարաբերությունը ցածր էր լինում, ապա միութենական բյուջեից համալրվում էր, ապա այսօր ձևավորվող պետական համակարգում պետության սեփականությունը անհայտ է, և ազգային եկամուտը հիմնականում գոյանում է հարկատուներից գանձված հարկերից, սփյուռքահայ մեծահարուստների նվիրատվություններից ու հանգանակություններից գոյացած միջոցներից: Արդյունքում՝ պետբյուջեն կախված է առանձին անհատների «ազգային» խղճից և պետական հարկերի գանձումից (ստեղծվել են ազգանպաստ գործերի հիմնադրամներ, որոնք ևս կատարում են ազգապահպան գործունեություն՝ ճանապարհաշինություն, նոր դպրոցների, հիվանդանոցների, բնակարանների կառուցում և այլն)։

Բնակարանաշինությունը բնակչության ցավոտ խնդիրն է։ Վերջին տարիներին նկատվում է Արցախի գյուղական բնակչության մեծ ներհոս՝ ջահելությունը բնակություն է հաստատում Ստեփանակերտում: Ինձ ծանոթ միայն մի փողոցում այսօր ապրում են տասնհինգ տնավորներ, ովքեր հիմնականում գյուղերից են կամ պայմանագրային զինծառայողներ: Երիտասարդների ծնողները բերք են քամում քաղաքի աղքատիկ հողից՝ թողած իրենց բարեկեցիկ տները, երիտասարդ ընտանիքներն ապրում են ցածրահարկ կամ նույնիսկ կիսանկուղային պայմաններում: Այսօր պետության համար հրատապ խնդիր է՝ կանգնեցնել գյուղերի քայքայումը և պայմաններ ստեղծել երիտասարդ ընտանիքների պահպանման համար՝ գյուղական միջավայրում: Գյուղի ջահելներն այսօր այլևս չեն ցանկանում հողի մշակման հետ կապված բազում խնդիրների բեռան տակ մնալ, այլ ձգտում են «բարեկեցիկ» քաղաքային կյանքի:

Պետությունը պետք է նպաստի, որ գյուղում բնակվելն ու աշխատելը ոչ թե ծանր պարտք լինի, այլև գյուղացին իր աշխատանքից հաճույք ստանա և ունենա կայուն եկամուտ: Պետք է օգնել գյուղացիներին՝ գյուղատնտեսների և անասնաբույծների խորհրդով, որ պահած կենդանին այնպես խնամի, որից կայուն եկամուտ ստանա, կամ տվյալ հողամասում այնպիսի կուլտուրաներ ցանի, որ տարերային աղետներից ու եղանակից քիչ կախված լինի: Մի խոսքով՝ գյուղացին պետք է ունենա աշխատանք և եկամուտ, որ գոյությունը պահի։ Միջգյուղական ճանապարհները պետք է վերանորոգվեն, որպեսզի գյուղացին կարողանա եկամտափոխանակությունը կատարի:

Արցախում, ըստ իս, ավելի նպատակահարմար կլինի զարգացնել անասնապահությունը (ոչխարաբուծություն, խոշոր եղջերավոր անասուններ)։ Շահավետ կլինի նաև զարգացնել մեղվաբուծությունը: Նշված ոլորտներում պետությունը պետք է հարկային մեղմ քաղաքականություն վարի, պայմաններ ստեղծի, որ գյուղացին իր մթերքների ավելցուկն իրացնի տեղում, կոմպլեքս մթերաիրացման կենտրոններ ստեղծի, որպեսզի գյուղաբնակը, հատկապես երիտասարդները, տասնյակ ավելորդ խնդիրներ չունենան և ստիպված չլինեն բռնել քաղաք տանող ճանապարհը։
Եթե խորհրդային կարգերի ժամանակ եկու շենքը բավարար էր պետաշխատողների համար, ապա այսօր կառավարական հիմնարկների, նախարարությունների համար տասնյակ շենքեր կան, երբ նրանք բոլորը, այսպես ասած, ղեկավարում են ընդամենը 140 հազար բնակչություն։ Կան պետպատվերով ավարտած խելոք մասնագետներ, ովքեր տանը նստած են, քանի որ նրանք «իրենց մարդը» չեն...

Ահա այս սոցիալ-քաղաքական վիճակում է գտնվում մեր ժողովուրդը, որի գլխին ամեն րոպե կախված է պատերազմի վերսկսման վտանգը…

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Ստեփանակերտ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ