Գլխավոր » ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
15:06
Մոսկվայում հրատարակվող «Ժամ» ամսագիրը «Հայերն աշխարհում» կայքի և «Պոկրովյան դարպասներ» մշակութային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի հետ, որի ակնարկներն ու պատմվածքները հրատարակվել են հայկական և արտասահմանյան բազմաթիվ գրական, հասարակական-քաղաքական պարբերականներում, տեղադրվել տարբեր կայքերում։ Նրա «Տունը, որը կրակում է» պատմվածքի մոտիվներով նկարահանվել է Արցախի առաջին խաղարկային ֆիլմը։ Պատմվածքների և վիպակների 3 ժողովածուի հեղինակ է, «Великий Странник – Молодым» միջազգային հիմնադրամի մրցույթի եռակի մրցանակակիր է, նույն հիմնադրամի մագիստրոս, համաուկրաինական լրատվամիջոցների «Կամարադ, ամիգո, շուրավի» բաց մրցույթի դիպլոմակիր։

Աշոտ Բեգլարյանը մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, ծանր վիրավորվել է։ Ստացել է ԼՂՀ և ՀՀ կառավարական պարգևներ, 3 երեխաների հայր է։

Մոսկովյան հանդիպումը սկսվել է «Պոկրովյան դարպասներ» մշակութային կենտրոնի ղեկավար Ժան-Ֆրանսուա Տիրի ջերմ խոսքերով՝ դեպ հայ մշակույթը, և նա հայտնել է, որ ուրախ է իր մոտ ընդունել արցախցի հյուրին։ Այնուհետև «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը լսարանին է ներկայացրել նիժնինովգորոդցի ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին և խնդրել վարել հանդիպումը։

Հանդիպումը վարող ռուս բանաստեղծը, որ մի քանի անգամ հյուրընկալվել էր Արցախում, Ղարաբաղին ու Աշոտին նվիրած իր բանաստեղծությունները ներկայացրել է սեփական ընթերցմամբ և կլիպների ձևով՝ արցախյան գեղատեսիլ բնության ու ճարտարապետական հուշակոթողների տեսարաններով։

Հանդիպմանը մասնակցում էին մոսկվացի ստեղծագործողներ, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ և այլք։ Խոսվել է Աշոտ Բեգլարյանի գրական ժառանգության մասին, ընթերցվել են հատվածներ նրա ստեղծագործություններից, ներկայացվել է Բեգլարյանի վերջին՝ «Աստղային տղան» վիպակների և պատմվածքների ժողովածուն։

Բարեկամական այդ ջերմ մթնոլորտում Աշոտ Բեգլարյանն իրեն բնորոշ համեստությամբ պատմել է իր մասին, իր պատմվածքների ու շնորհանդեսին ներկայացված գրքի մասին։ Չնայաց նրա ստեղծագործությունների հիմքում հիմնականում պատերազմի թեման է, նա ձգտել է իր խոսքում չշոշափել հակամարտության թեման։ Իր վրա զգալով ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ողջ ծանրությունը, օգտագործելով սեփական կենսափորձը, Աշոտը ձգտել է ընթերցողներին ներկայացնել ոչ թե պատերազմի պատճառած դառնությունները կամ հաղթանակի բերկրանքը, այլ՝ պատերազմի ֆենոմենը։

Նրա գրքի հիմնական թեման խաղաղ բնակչության ճակատագիրն է, որը ոտքի է ելել թշնամուց պաշտպանելու իր տունը, հայրենիքը, արժանապատվությունն ու պատիվը։ Պատիվը պաշտպանելու մասին Աշոտը կրկնել է մի քանի անգամ, որովհետև նրա հերոսները պայքարում են ոչ թե ապրելու, այլ պատվո՛վ ապրելու համար։

Երբ հերթը հասել է հարցերին, յուրօրինակ անակնկալ են մատուցել հանդիպմանը ներկա տարբեր ազգության երիտասարդները, ովքեր հեղինակին հեղեղել են նրա հերոսների, Արցախի, հակամարտության կարգավորման մասին հարցերով։ Անգամ հանդիպման պաշտոնական մասից հետո, երբ հյուրերին հայկական քաղցրեղեն ու հյութեր էին մատուցել, քննարկումը շարունակվում էր։
Հեղինակի հետ նման հանդիպում տեղի ունեցավ նաև Նիժնի Նովգորոդում։


Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ