Գլխավոր » ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ
ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ
13:38
 

Ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկի գրառման տակ մի «խելոք» գրել էր. «Եկեք Ղարաբաղը տանք, որ Հայաստանը կարանք պահենք»։

 

Հիշեցի Մեծն Թումանյանի հայտնի հիմար կկուն, որ աղվեսի սպառնալիքներից վախեցած, իր ձագերը հերթով տալիս էր նրան։ Գոնե կկուն ցավով, ափսոսանքով էր իր ձագերին նետում աղվեսի երախը։ Մեր այս ողորմելին մի այնպիսի հավեսով է ուզում Արցախը հանձնել, կարծես այն իր պապի բոստանամերձ խոպանն է։

 

Ընդհանրապես, «Ղարաբաղը տանք, Երևանը ծաղկի» կարգախոսը նոր չէ։ Արցախյան շարժումից հետո երևանյան սրճարաններում արդեն հաճախ էին նման նվիրատվական մտավարժանքներ անում։ Ու դա առավելապես ծնվում էր նրանց գլխիկներում, ովքեր Արցախի տեղը չգիտեն, երազում անգամ չեն տեսել «այդ Ղարաբաղը»։

 

Հարցնող լինի դրան (ու դրա նմաններին)՝ իսկ դու ի՞նչ ես արել Արցախի կամ ընդհանրապես Հայաստանի համար, որ այդպես ոգևորված նվիրատվություն ես անում։ Դու ո՞վ ես, որ ուզում ես որոշել շուրջ 140 հազար մարդու և հայկական մի մեծ տարածքի ճակատագիր։ Ու դա միայն 140 հազարի ճակատագիրը չէ, այլ ողջ հայության, քանզի Հայկական լեռնաշխարհի, Հայոց երկրի տերը հայությունն է, բոլոր նրանք, ովքեր հայ են մնացել ու դեռ հույս ունեն, որ մի օր գալու և շենացնելու են իրենց պապերի, ապուպապերի տունը։

 

Ադրբեջանցի կոչվող թուրքն այսօր էլ չի թաքցնում, ասում է, որ Հայաստանի մի մասը ադրբեջանական է, Սյունիք-Զանգեզուրը, Մեղրին «ադրբեջանական պատմական տարածքներ» են... Հետո էլ դրանք է ուզելու։ Չտաս՝ զենքով է փորձելու վերցնել։ Ու վերցնելու է, որովհետև քո կողմից նրան նվիրած Արցախում, Քարվաճառում, Գորիսից մի քանի կմ-ի վրա նրա բանակն է լինելու կանգնած...

 

Դե, այսքանը դու չես տեսնելու, մինչ այդ արդեն ծլկած ես լինելու ռուսաստաններ կամ եվրոպա-ամերիկաներ...

 

Արցախը տոնական նվեր չէ և ոչ էլ մատաղացու։ Արցախը Հայաստան է, հայոց հող, հայրենիք։ Հերոս հայորդի Լեոնիդ Ազգալդյանը, որ երկուսուկես տասնամյակ առաջ իր բարեկեցիկ կյանքը թողել Երևանում, եկել պաշտպանում էր հայոց այս հողը, ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ...

Առայժմ միայն շանորդիներն ու թուրքերն են հակառակը պնդում։

 

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ