Գլխավոր » ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵՆՔ ԾԱՂԿՈՒՆ ԱՅԳԵՍՏԱՆ
ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵՆՔ ԾԱՂԿՈՒՆ ԱՅԳԵՍՏԱՆ
14:47
Հոլանդիային աշխարհը ճանաչում է կակաչներով, Շվեյցարիային՝ անկրկնելի ու գեղեցիկ բնությամբ, որն, ասում են, շատ նման է մեր բնությանը։ Իմ համոզմամբ, Արցախը պետք է ճանաչվի իր ծաղկուն այգիներով։

Պետք է ստեղծել մրգատու ծառերի՝ տանձի, խնձորի, ինչպես նաև վայրի պտուղների՝ հոնի, զկեռի, մասուրի, մոշի, նռան, թուզի, խաղողի և վայրի սերմերի՝ ընկույզի, տխիլի, կաղնու այգիներ։ Դրանց հիման վրա պետք է կազմակերպել ոչ միայն թարմ մրգերի ու պտուղների, այլև չիրի, չամիչի, զանազան մրգերից պատրաստած մուրաբաների արտահանման գործընթացը։

Մենք պետք է զարգացնենք մեր մեղվաբուծությունը, վերականգնենք մետաքսագործությունը, ապա արտահանենք հայրենի մետաքսն ու մեր անարատ մեղրը։
Արցախում այսօր մտահոգիչ է դեմոգրաֆիկ վիճակը։ Դրությունը փրկելու համար իշխանությունները պետք է երիտասարդ ընտանիքների համար ստեղծեն գոյության նպաստավոր այնպիսի պայմաններ, որպեսզի նորապսակները հնարավորինս շատ երեխաներ ունենան, մեծացնեն ու դաստիարակեն նրանց։

Երբ Արցախն ունենա մարդկային բավարար ռեսուրսներ, տնտեսական զարգացած ճյուղեր, աշխարհը կճանաչի նյութական ու մարդկային ռեսուրսների տեր երկրին... Եվ Արցախը մուրացկան երկրամասից կդառնա ծաղկած այգեստանի, աշխատանքով ապահովված բնակչությամբ երկիր։ Ոչ միայն կկանխվի արտահոսքը, այլև կարիքից դրդված, փող վաստակելու համար օտար երկրներ մեկնած մեր հայրենակիցները կրկին կվերադառնան ու կշենացնեն հայրենի Արցախը։

Զարգացած տնտեսություն և նյութապես ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրող մեր ժողովուրդը ավելի կհոզարացնի իր բանակը, սեփական հայկական բանակը։ Այդ դեպքում արդեն ոչ մի Ալիև երկրորդ կամ երրորդ այլևս չի հոխորտա իր ռազմական բյուջեի ու պատերազմի մասին։

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Ստեփանակերտ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ