Գլխավոր » ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
21:31
Հայ նորագույն պատմության մեջ Արցախյան ազգային-ազատագրական պայքարը առանձնահատուկ է ոչ միայն իր պատմական նշանակությամբ, այլև բազմաթիվ պարադոքսների, թույլ տրված սխալների և փայլուն հաղթանակների տեսանկյունից։ Շարժման իրական կազմակերպիչների, ուշ ձևավորված ավանգարդի, ընթացքում ստեղծված «Ղարաբաղ» և «Կռունկ» կոմիտեների առեղծվածների մասին չբացահայտված շատ ճերմակ էջեր կան դեռ։ Դրանց ճշմարտացի բացահայտման դեպքում հնարավոր կլինի գտնել մի շարք պարադոքսների և հարցերի պատասխաններ, մասնավորապես Շարժման բուն նպատակից շեղվելու և անկախ պետություն ստեղծելու, այսպես կոչված, «ղարաբաղյան հակամարտության» կարգավորման բանալին գտնելու և այլն։ 

Ընդհանրապես, ցանկացած ազգային-ազատագրական շարժում կամ հեղափոխություն ծրագրելիս առաջնահերթ խնդիրներն են՝ նպատակի հստակեցումը, իրականացման միջոցները, հնարավոր դաշնակիցները, ընդգրկ-ման ծավալները, հետևանքների պարզորոշ կանխատեսումը և, իհարկե, միջազգային հարուստ փորձը։ Զարմանալին այն է, որ մեր պարագայում Շարժման կազմակերպիչները չեն կանխատեսել, որ ազգային-ազատագրական շարժումը կարող է վերածվել ազգային-ազատագրական հեղափոխության և բացառել են պատերազմը։ Մինչդեռ ազգային-ազատագրական շարժումների և հեղափոխությունների համաշխարհային փորձը հակառակն է ապացուցում։ Բնականաբար, պատերազմ չկանխատեսողները պատերազմին նախապատարստվել չէին կարող։ Բայց պատերազմը եղավ։

Ուսումնասիրելով պատերազմների ծագման դրդապատճառները (մանավանդ, նոր ժամանակաշրջանի), դժվար չէ համոզվել, որ դրանք հիմնականում գործարքների արդյունք են։ Պատերազմում շահում են գործարքի մեջ մտած կողմերը, պարտվում՝ պատերազմող կողմերը, անկախ այն բանից, թե ռազմի դաշտում ով է հաղթել։ Այս տեսանկյունից Արցախյան պատերազմը՝ մեր պատերազմը, բացառություն չէ։

Ադրբեջանը, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, օգտվելով խորհրդային (ռուսական) բանակի ակտիվ աջակցությունից (ավելի ուշ՝ Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո՝ նաև իր հասնելիք ահռելի մասնաբաժնից), պատերազմել է պատմական Հայաստանի Արցախ և Ուտիք նահանգների հայության դեմ՝ ավերել բազմաթիվ բնակավայրեր, Սումգայիթում և Մարաղայում կատարել ցեղասպանություն, գրավել ԼՂՀ տարածքի ավելի քան 31 տոկոսը, այնուհետև կրել խայտառակ պարտություն։

Պատերազմում Ադրբեջանը պարտվել է, որովհետև հայը ապավինել է իր սեփական ուժերին և Աստծուն։ Պատերազմի ժամանակ հայը նորից ու նորից է համոզվել, որ միշտ ճակատագրական, օրհասական պահերին մենակ է մնում։ Այդ է հաստատում նաև հայ ժողովրդի վերջին 300-ամյա պատմությունը։ 

Պատերազմում հաղթել ենք, որովհետև ազգովի համախմբվել էինք։ Համախմբվել էին երկու Հայ Եկեղեցիները, քաղաքական կազմակերպությունները, Հայաստանը (ներառյալ՝ Արցախը) և Սփյուռքը։ Պատերազմի ժամանակ հայության մեջ արթնացել էր նախնիների հավատն առ Աստված, Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի և այն քաջազունների ոգիները, ովքեր ապավինել են սեփական ուժերին։ Եվ հայը հաղթել է ահեղ թշնամուն։ 

Սակայն մեր հաղթանակին չհավատացին, բնականաբար չհավատացին գործարքի կողմերը, գերտերությունները, միջազգային հանրությունը և, որքան որ ցավալի է, որոշ հայ պետական, քաղաքական և ռազմական գործիչներ։ 

Զավեշտականն այն է, որ մեր պատերազմի հաղթանակին չհավատաց Հայոց բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ Հայոց նախագահի. «Մենք հաղթել ենք ճակատամարտը, ոչ թե պատերազմը»։ Դպրոցից մեզ հայտնի է, որ պատերազմում հաղթում է այն կողմը, որը հաղթում է վերջին ճակատամարտը և հայտնի է, որ հաղթողին չեն դատում։ Հայտնի է նաև, որ վերջին ճակատամարտից առաջ խուճապահար թշնամին պատրաստվում էր պաշտպանական խրամատներ փորել Ապշերոնյան թերաղզում և նզովում էր մայրաքաղաք Բաքվի այն շենքը, որի գագաթին պիտի փողփողար Հայոց Եռագույնը։ Մինչդեռ հաղթանակած երկրի նախագահը չէր հավատում Հաղթանակին։

Զարմանալի ազգ ենք, մի՞թե մեր հազարամյա պատմությունը (մարդկության պատմությունը այլ բան չէ, եթե ոչ ազգերի արժանապատվությունների համար մղված պատերազմների պատմություն - Նժդեհ) մեզ դաս չի տալիս։ Պատերազմում հաղթած հայերիս փորձում են համոզել, ապացուցել, որ հաղթել ենք ճակատամարտը, և որ զինադադարը ժամանակավոր է, իսկական զինադադարի փաստաթուղթ՝ պայմանագիր, չենք ստորագրել։ 

Իրոք որ փաստաթուղթ սիրող ազգ ենք։ Գուցե հիշենք մոտ անցյալի՝ Սան-Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովների (16 և 61-րդ հոդվածները), մանավանդ Սևրի պայմանագրի, 1988 թվականի փետրվարի 20-ի, 89-ի դեկտեմբերի 1-ի, 91-ի սեպտեմբեր 2-ի և դեկտեմբերի 10-ի և շատ ու շատ այլ փաստաթղթեր, որոնք մեր ազգին ոչինչ չեն տվել, բացի ինքնախաբեությունից և դրա տարատեսակ «բարոյական» փայլուն հաղթանակներից։ Վերը նշված և Շարժման ժամանակ կուտակված փաստաթղթերով միայն կարելի է մոտ 8-10 միլիոն մեծ ու փոքր թղթե շերեփներ պատրաստել միջազգային հանրության և աշխարհի գերտերությունների կողմից պատրաստված «լանչերին» մասնակցելու և մեր չափաբաժին «հարիսան ուտելու» համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմումը մենք փառավոր հաղթանակ ենք տարել։ Պատերազմի ժամանակ նահատակվել և վիրավորվել են հազարավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ, մոտ հազար հայորդիներ անհայտ կորել են, հազարավոր հայ ընտանիքներ տեղահանվել են իրենց հարազատ բնակավայրերից։ Եվ այսքանից հետո մեր հաղթանակը և «ստատուս քվոն» չի բավարարում Եվրախորհրդին, Ադրբեջանի մեծ ու փոքր եղբայրներին և միջազգային հանրությանը։ 

Զարմանալի ոչինչ չկա, այդպես է համաշխարհային նոր կարգը։ Երբ Իրաքի բանակը ներխուժում է Քուվեյթ, միջազգային հանրությունը իսկույն ստիպում է պատժել ագրեսորին, իսկ նույն կարգավիճակում հայտնված Ադրբեջանին աջակցում է (լռելն էլ աջակցություն է)։ Երբ պետք է պաշտպանել ազգային փոքրամասնությունների շահերը Կոսովոյում, տեղահանում են բնիկ, ուղղափառ սերբերին։ Եթե պետք է՝ քարուքանդ են անում մի ամբողջ պետություն՝ Սերբիան։ Հրեշավորն այն է, որ Սերբիայի ռմբահարումները որակվել են որպես մարդասիրական։ Երկու դեսպանատներ պայթեցնող ահաբեկիչներին պատժելու փոխարեն պատժում են պետությունների, իսկ ահաբեկիչներ պատրաստող ու սնող պետություններին՝ աջակցում։ Այս է համաշխարհային նոր կարգը։

Զարմանալի է. ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի համապատասխան խմբեր չեն ստեղծվում, օրինակ՝ Կուրիլյան, Մալվինյան (ֆոլկլենդյան) և բազմաթիվ այլ կռվախնձոր հանդիսացող կղզիների, Սիլեզիայի, Արևելյան Պրուսիայի, Բասկերի, Կիպրոսի և բազմաթիվ այլ հիմնախնդիրներ լուծելու համար։ Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ-ն ուզում է «ղարաբաղյան հակամարտության» լուծման հարցում համապատասխան փորձ ու հմտություններ ձեռք բերել և հետո միայն զբաղվել սեփական հիմնախնդիրներով, իսկ թե այս անցած 18 տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել երկու հարևան ազգերի՝ հայերի և ադրբեջանցիների հոգեկերտվածքում, հոգեբանության, մտածելակերպի, ապրելակերպի և այլ բնագավառներում, Մինսկի խմբի անդամ երկրներին և միջազգային հանրությանը շատ քիչ է հետաքրքրում։ 

Դա էլ է հասկանալի, այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ հայերս, թույլ ենք տալիս, որ պատերազմում մեծ զոհաբերությունների գնով ձեռք բերած հաղթանակը, ինչպես նաև պետական անկախությունը շահարկվի։ Այդպես է լինելու, մինչև կովկասյան հարևան ազգերը՝ հայերը և ադրբեջանցիները, չհրաժարվեն օտարերկրյա պետությունների միջամտությունից և հեռավոր բարեկամներ որոնելուց։ 

Մի՞թե իմաստություն է պետք՝ հասկանալու համար, որ հարևան պետությունների և ազգերի հետ բարի դրացիական հարաբերություններով է պայմանավորված տվյալ երկրի զարգացումն ու խաղաղ գոյակցությունը։ Ցանկացած ոչ հարևան պետություն, ինչքան էլ այն բարեկամական լինի, չի կարող իր երկրի ազգային և պետական շահերը անտեսել և անաչառորեն միջնորդել մեր ներպետական և միջպետական հարցերը լուծելու համար։ Այդ հարցում գոնե մենք՝ հայերս, սխալվելու իրավունք չունենք՝ հիշելով Մեծ Եղեռնի դասերը…

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ