Գլխավոր » ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ԹԻՐԱԽ
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ԹԻՐԱԽ
17:03
Մենք ապրում ենք բնության և մարդու արարած հսկայական զարմանահրաշ աշխարհում, որը փորձում են ճանաչել, գնահատել, պահպանել, զարգացնել։ Յուրաքանչյուր ոք կամենում է ապրել մի հասարակության մեջ, ուր ամեն մեկի բարիքը, երջանկությունը, հաջողությունը բոլորինն է. հասարակություն, որի լիիրավ անդամն է ինքը, ունի իր տեղը այդ հասարակության մեջ... Սակայն այդպիսի հասարակություն ստեղծողը մենք ենք՝ ամեն մեկս, յուրաքանչյուրս։ Մարդը դրան հասնում է ինքն իրեն ճանաչելու, ուրիշներին հասկանալու, ուրիշներին երջանկացնելով երջանկանալու ուղիով։

Այն բարոյական սկզբունքները, որոնք մենք ընտրում ենք և որոնցով ուզում ենք ապրել, շատ կարևոր են մեզանից յուրաքանչյուրի համար։ Սակայն, երբ մարդիկ անընդունակ են շինելու և ստեղծագործելու, ամենադյուրինն են համարում փչացնել ու ապականել այնպիսի նվիրականությունները, որոնք մարդկային իմաստությունը ստեղծել է դարերի ընթացքում։

Ես նկատի չունեմ միայն նրանց, ովքեր հանրային հաստատություններ են ականահարում, օդանավեր առևանգում, դրամատներ կողոպտում կամ իրենց քստմնելի ոճիրներով սուգի մեջ սուզում շատ ընտանիքներ։ Նյութական ու ֆիզիկական ավերները, որքան էլ ահազդեցիկ լինեն, ժամանակի ընթացքում նրանց թողած վերքերը սպիանում են։ Ամենամեծ ավերները, որ գործում են գազանային սառնասրտությամբ՝ հոգեկան, բարոյական ու իմացական են, և նրանց «աշխատանքի պտուղները» որոշակիորեն մենք տեսնում ենք ընկերային բարքերի բարբարոսության մեջ։

Կիսագրագետ ու գրագետ աղմկարարներն են նրանք, որոնց գանգի մեջ գաղափարական քաոսն այն աստիճան խտացած է, որ իրենց հատվածական մոլեռանդության մեջ հալածում են իրենց ուղեղիկում չտեղավորվող ամեն մի ճշմարտություն։ Եվ դժբախտությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը թիրախ է ընտրում ոչ թե սուտը կամ կեղծիքը, այլ արդարությունը։ Կարծես թե դա իրենց շահերի և հաշիվների ոխերիմ թշնամին լինի։ Երբ արդարորեն տրված վճիռը կամ որոշումը չի համապատասխանում նրանց կամ մինչև իսկ պետության պահանջներին, ամենքն իրենց կատաղության թույնը թափում են արդարության վրա։

Հավերժության կնիքը կրող արժանիքները չպետք է դառնան քանդիչների դյուրին ավարը։ Եվ որպեսզի արդարության զգացումը լինի խոր և շողարձակ, պետք է այն լինի մեր հոգու ամենօրյա ապրումը։ Թող լավ իմանան բոլոր տեսակի քանդիչները, որ արդարությունը չի կարող լինել ոչ մի շահաբեր պատահականության առարկան, և ոչ ոք չի կարող լռեցնել այն ամբոխավարական բացականչություններով ու սպառնալիքներով։ Արդարությունը սրբազան զգացում է, որի հիմքերն ու հենարանները գտնվում են Աստծո ձեռքում։ Ոչ գովեստներով կարելի է սնուցել արդարությունը, ոչ կաշառքով ու ստով։ Նրա դեմ ձեռնարկած ամեն ոտնձգություն կունենա իր անդրադարձը՝ ծանր կորուսներով։ Մեծագույն վնասը անհատը կրում է այն ժամանակ, երբ ձգտում է ցուցադրել իր «եսը» և երևալ հասարակության մեջ, որպես գերմարդ կամ գերկազմակերպություն։

Արդարությունը կյանքի գերագույն պարգևն է. այս ըմբռնումով ժողովուրդը կարող է երաշխավորել իր գոյատևումը։ Սա աստվածային պարգև է մարդու և մարդկության բարոյականության բարձրացման համար։ Հենց նրա բացակայությունն է պատճառը, որ աշխարհը դարձել է արյունոտ ռազմադաշտ ժողովուրդների և մարդկանց միջև։ Եվ մինչև որ այն չթափանցի մարդկային հարաբերությունների մեջ, բռնավորը պիտի տիրի և տկարը պիտի տուժվի ու տառապի։ Ուստի ամեն աղջախոհ անհատի պարտականությունն է հեռու պահել արդարությունը մարդկային կրքերից և պաշտպանել այն աչքի լույսի պես։ Գաղափարական ճակատամարտերի մեջ չես կարող ապահովել հաղթանակներ, եթե սպառազինված չես հոգևոր զենքոով։
Ցավալի է, երբ մարդ ունի իր ճշմարտությունը, բայց չի օգտագործում այն, չի պայքարում ճշմարտության հաղթանակի համար։ Հոգեկան, բարոյական և իմացական բոլոր ճակատամարտերը տանում են դեպի ճշմարտություն։ Եվ այդ սրբազան մարտի մեջ կհերոսանա այն մարդը, ով կճանաչի արդարությունը և կապրի նրա լույսի մեջ։

ԳԱՅԱՆԵ ՍԵՎՈՒՄՅԱՆ
լրագր. 4-րդ կուրս

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ