Գլխավոր » Վերջին էջ. ԱՐԵԳԱԿԻ ՎՐԱ ՃԵՂՔՎԱԾՔ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Վերջին էջ. ԱՐԵԳԱԿԻ ՎՐԱ ՃԵՂՔՎԱԾՔ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
21:22
Գուշակությունների, երազների, կանխատեսումների շարքին  ավելացավ նաև արևի վրա ճեղքվածքի հայտնվելու մասին լուրը, և բոլորը կարծես թե շտապում են հայտնել, որ ահա, աշխարհի վերջը սարերի հետևում չէ։ Հիշեցնենք, որ աստղագետներն արևի վրա մեծ «ճեղքվածք» են հայտնաբերել, որն այն բաժանում է երկու մասի։ Այս առիթով զրուցեցինք աստղագետ Արեգ Միքայելյանի հետ։

- Պարոն Միքայելյան, խոսենք թերևս Արեգակի, Արեգակնային համակարգի մասին. ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
- Արեգակը մեր աստղային համակարգի՝ մեր Գալակտիկայի, հարյուրավոր, միլիարդավոր աստղերից մեկն է (տարբեր գնահատականներով Գալակտիկայում կա 200-400 միլիարդ աստղ): Այն միայնակ աստղ է, կան նաև կրկնակի, եռակի և բազմակի աստղեր, որոնք գուցե մեծամասնություն են կազմում: Ավելի մեծ խմբավորումներ են, այսպես կոչված, բաց (կամ ցրված) և գնդաձև աստղակույտերը՝ բաղկացած հարյուրավոր, հազարավոր և նույնիսկ մինչև միլիոնի հասնող աստղերից:

Արեգակը բավական հեռու է Գալակտիկայի կենտրոնից՝ մոտ 10 կիլոպարսեկ, ինչը Գալակտիկայի շառավղի երկու երրորդն է կազմում, այսինքն մենք ավելի մոտ ենք եզրին, քան կենտրոնին: Բոլոր մյուս աստղերի նման Արեգակն էլ պտտվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը: Այս ամենը նշանակում է, որ Արեգակը Գալակտիկայում ոչ մի առանձնահատուկ դիրք կամ նշանակություն չունի՝ բացի այն, որ նրա շուրջը պտտվող մոլորակներից մեկի վրա մենք ենք ապրում: Թերևս յուրաքանչյուր աստղ իր շուրջն ունի իր ձգողության դաշտում պահվող բազմաթիվ մանր գոյացություններ՝ մոլորակներ, աստղակերպեր, գիսավորներ, երկնաքարեր, որոնք բոլորը միասին համատեղ ծագում ունեն:

- Արեգակը պատկանում է  G2V աստղային տեսակին՝ «դեղին թզուկ»։ Ի՞նչ տեսակ է սա։
- Համաձայն սպեկտրային դասակարգման, աստղերը բաժանվում են 10 հիմնական դասերի: Այդ դասակարգման հիմքում ընկած են աստղերի մակերևութային ջերմաստիճանների տարբերությունները, որոնք հիմնականում ընկած են համապատասխանաբար 33000-500 Կելվին միջակայքում, այսինքն O դասի աստղերն ամենաջերմն են, իսկ Y դասը ներկայացնում են համարյա մոլորակների պես սառը գորշ թզուկները: Կան նաև հազվագյուտ աստղեր, որոնց մակերևույթի ջերմաստիճանը հասնում է 200000 Կելվինի...

Ամենաջերմ աստղերը մանուշակագույն են, հետո՝ ծիածանի գույների հաջորդականությամբ մինչև կարմիր, իսկ ամենասառն աստղերն արդեն գորշ են և համարյա չեն ճառագայթում: Արեգակը G2 ենթադասն ունի՝ 5800 Կելվին ջերմաստիճանով և նրա ճառագայթման մեջ գերակշռում է դեղին գույնը: Բացի այդ, աստղերը դասակարգվում են նաև ըստ իրենց բացարձակ պայծառությունների կամ լուսատվությունների: Կա 7 հիմնական դաս, ընդ որում, աստղերի մեծամասնությունը պատկանում է V դասին՝ այսպես կոչված գլխավոր հաջորդականությանը: Արեգակը նույնպես այդ դասի է և համապատասխանաբար նշանակվում է G2V:

Գլխավոր հաջորդականության ամենաջերմ աստղերն ամենապայծառներն են և ամենամեծ չափերինը, իսկ սառն աստղերը՝ ամենաթույլերը և ամենափոքրերը: Այդ պատճառով, լինելով բավական թույլ, Արեգակը հաճախ կոչվում է «դեղին թզուկ»: Կան Արեգակից մինչև միլիոն անգամ ավելի պայծառ, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ զանգվածով և մեծ շառավղով աստղեր: Նմանապես, կան նաև մինչև միլիոն անգամ ավելի թույլ, մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր զանգվածով և փոքր շառավղով աստղեր: Կարևոր է նաև, որ Արեգակը հաստատուն կամ կայուն աստղ է՝ ի տարբերություն փոփոխականների, որոնք իրենց պայծառությունները կարող են  փոփոխել տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ: Այդ դեպքում նման աստղի շուրջ բնակելի մոլորակի մասին խոսք անգամ չէր կարող լինել:

- Ի վերջո, ինչի՞ հետևանք է Արեգակի վրա ճեղքվածքի հայտնվելը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երկիր մոլորակի վրա։
- Ինչպես ասացի, Արեգակը կայուն աստղ է համարվում, սակայն նույնիսկ նրա մակերևույթին փոքր մասշտաբների փոփոխություններ միշտ էլ կարելի է դիտել: Հայտնի է Արեգակի ակտիվության 11-ամյա պարբերաշրջանը, որի ընթացքում նրա ակտիվ գոյացությունների (արևաբծեր, բռնկումներ, հրվիժակներ, հրասյուներ և այլն) թիվը պարբերաբար աճում, հետո նվազում է: Առավելագույն փուլում, որին հիմա մենք մոտենում ենք (այն սպասվում է 2013 թ. գարնանը), այդ գոյացությունները կարող են մի քանի անգամ ավելի բազմաթիվ և հզոր լինել, սակայն ամեն դեպքում, Արեգակի ընդհանուր ճառագայթման մեջ նրանց ներդրումը չնչին է և չի կարող գերազանցել նույնիսկ 1%-ը:

Հաշվի առնենք, որ ներկայումս համացանցի առկայության պայմաններում մարդիկ շատ ավելի են տեղեկացված և վերջերս տեղի ունեցող յուրաքանչյուր արեգակնային բռնկում կամ այլ երևույթ շատ ավելի սուր է ընկալվում: Այո, դրանց պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ արեգակնային բռնկումների հետևանք են երկրամագնիսական փոթորիկները, որոնք կարող են բերել էլէկտրակայանների և ռադիոկապի խափանման, ինչպես նաև սրտանոթային հիվանդների առողջական ծանր խնդիրների և նույնիսկ մահացության:

Ինչ վերաբերում է վերջին լուրերին, ապա Արեգակի վրա ճեղքվածք չի հայտնաբերվել, այլ մի մութ շերտ, որի երկարությունը հասնում է 800000 կմ-ի: Սա իրոք հսկա գոյացություն է. Հիշեցնենք, որ Արեգակի տրամագիծը մոտ 1.4 միլիոն կմ  է, այսինքն այդ շերտը զբաղեցնում է համարյա նրա ամբողջ դիտվող սկավառակի երկարությունը: Դա համեմատաբար ավելի ցածր ջերմաստիճան ունեցող տիրույթ է, և այդպիսի ջերմաստիճանային տատանումներ հաճախ են լինում, սակայն որպես կանոն շատ ավելի փոքր չափերի: Թե ինչն է այդ գոյացության պատճառը, դեռևս պարզ չէ, սակայն պարզ է, որ այն ժամանակավոր է և շուտով կձևափոխվի:  Հիշեցնեմ նաև, որ Արեգակնային նյութը իոնացված գազային (պլազմայի) վիճակում է, և այդ պայմաններում ճեղքվածքի մասին խոսելն անհեթեթություն է:

- Եվ, վերջում, ի՞նչ ասել է աշխարհի վերջ։ Երբևէ  կլինի՞ այն։
- Այո, 2012 թ. շուրջ ծավալվել են անհեթեթ խոսակցություններ, իբր դեկտեմբերի 21-ին ավարտվում է մայաների օրացույցը, Երկրին պետք է բախվի «Նիբիրու» մոլորակը, մոլորակների շքերթ է լինելու, Երկիրն ու Արեգակը հայտնվելու են Գալակտիկայի կենտրոնի հետ մի գծի վրա, Երկրի առանցքներն իրենց տեղերը փոխելու են, Արեգակի ակտիվության աննախադեպ մաքսիմում է լինելու, Երկրի վրա սպասվում են բազմաթիվ մագնիսական փոթորիկներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, հրաբուխներ և այլն:

Նախ, ասեմ, որ ավարտվում է ոչ թե մայաների օրացույցը, այլ ընդամենը նրա հերթական պարբերաշրջանը, բացի այդ՝ օրացույցը մարդիկ են հորինում և այն չի կարող ազդել տիեզերական գործընթացների վրա, առավել ևս, որ մայաների օրացույցը մարդկության կողմից ստեղծված բազմաթիվ օրացույցներից մեկն է միայն: 2012-ին ոչ որևէ բախում է սպասվում, ոչ մոլորակների շքերթ և ոչ էլ Երկրի առանցքների փոփոխություն:

Ներկայումս դիտողական տեխնիկան զգալիորեն ավելի զարգացած է, և բոլոր շարժվող մարմինները հսկվում են հարյուրավոր միլիոն կիլոմետրեր հեռավորություններից սկսած: Ներկայումս մի փոքր ավելի հանգիստ կարող ենք լինել, քանի որ մարդկության կողմից ստեղծված ավերիչ միջուկային զենքը գուցե հնարավորություն տա սպասվող վտանգը կանխել կամ, գոնե մեղմացնել՝ շեղելով մոտեցող երկնաքարի ուղին կամ պայթեցնելով և մասնատելով այն:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ardarutyun.am

-----------------------------------------------
Տպագրվում է կրճատումներով

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ