Գլխավոր » ԱՅԴՊԻՍԻ ՍՊԱՆԵՐ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ԿՐԱԿՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎՐԱ
ԱՅԴՊԻՍԻ ՍՊԱՆԵՐ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ԿՐԱԿՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎՐԱ
14:53
Գաբրիելը բու էր, գիշերները չէր քնում, նա իր թվային տեսախցիկով սիրում էր նկարահանումներ էր անել, ուսումնասիրել թշնամու մարտական դիրքերը։ Հետախուզությունը նրա թուլությունն էր։ Կապիտանի կոչումով վաշտի հրամանատար էր, բայց գնդի հրամանատարը նրան անհիմն աստիճանազրկեց ու պաշտոնազրկեց։ Դարձավ ավագ լեյտենանտի կոչումով դասակի հրամանատար։

Գաբրիելը մի քանի լեզու գիտեր՝ անգլերեն, հունարեն, ռուսերեն, թուրքերեն, ու նաև չինարեն ու հրեերեն էր սկսել ուսումնասիրել։ Նա 14 տարեկան էր, երբ 1991 թ. կամավորագրվեց ինքնապաշտպանության այն ջոկատում, որի վրա դրված էր Կրկժանի պաշտպանությունը և որի հիման վրա 1992 թվականին կազմավորվեց 6-րդ վաշտը, որտեղ ես խոհարար էի աշխատաում։ Իսկ 1996 թվականին ընդունվել է Հունաստանի ցամաքային զորքերի կադետային ռազմական ակադեմիա և չորս տարի հաջող ուսումնառությունից հետո, վերադարձել Արցախ ու անցել ծառայության։ Մի խոսքով, նա խելացի տղա էր ու, ինչպես հայտնի է, անգետները խելոք մարդկանց չեն սիրում։ Հրամանատարն ուզում էր վերացնել Գաբրիելին։

Մեր տանը հիմա երեք միլիոն դրամի ռազմական գույք կա, որոնք գնել էր սեփական միջոցներով, որպեսզի իր հետ բարձրացնի դիրքեր։ Սրանք են՝ սարքեր գիշերային տեսունակության համար, որից ամեն մեկը 350 հազար դրամ արժե, օպտիկական սարքեր, դեղարկղ և այլն։ Որդիս միշտ պատրաստ էր դիրքեր գնում։

Մի օր գումարատակի հրամանատարը կանչել էր որդուս ու ասել. «Չհասկացանք, ոչ դու ես «ուտում», ոչ էլ մեզ ես «կերակրում»։ «Ես կյանքում զինվորից տասը կոպեկ չեմ վերցնի»,- ասել էր որդիս։

Դրանից հետո գումարտակի հրամանատարը գնացել է գնդի հրամանատարի մոտ ու զրպարտություններ բարդել Գաբրիելի գլխին։ Նման դեպքում նա անպայման պիտի կանչեր որդուս ու ճշտեր, թե ինչն ինչոց է. կարգն է այդպիսին։ Սակայն գնդի հրամանատարը, որևէ մի բան չպարզած, մի քանի էջից բաղկացած զեկուցագիր է ուղարկել նախարարին, որտեղ բողոքել է Գաբրիելից։ Նախարարի հրամանով էլ որդուս աստիճանազրկել ու պաշտոնազրկել են և նրան տեղափոխել մի այլ վաշտ՝ որպես դասակի հրամանատար։ Այդ վաշտի դասակներից մեկում էր ծառայում նախկինում երկու անգամ դատված Սաքոյան Վլադիմիրը, որը նախկինում Ջաբրաիլում էր ծառայել և արդեն երկու անգամ դատվել էր՝ սկզբում գողության, հետո՝ սպա ծեծելու համար։

Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է նախկինում դատված մարդուն զենք տալ ու կանգնեցնել առաջին գծում։ Դիտավորյալ էին որդուս ուղղարկել այդ վաշտ՝ իմանալով, որ նա չի հանդուրժելու նման «հեղինակություն» վայելող զինվորին։ Կոնֆլիկտներն իրեն սպասել չտվին. պայմանագրային հիմունքներով ծառայող շարքային Սաքոյանը չէր ծառայում, իսկ որդիս այդ ամենի նկատմամբ անտարբեր լինել չէր կարող։ Սաքոյանը բոլորին վախեցրած էր պահում, տգեղ բաներ շատ էր անում։ Հերթական հիմարություններն անելիս, Գաբրիելը բռնացրել ու իր տեսախցիկով մի քանի անգամ նկարահանել էր, զգուշացրել, որ հաջորդ անգամ նման բաներ անելու համար զեկուցելու է հրամանատարությանը։

Հուլիսի 2-ին դիքրերում հերթափոխություն էր կատարվում, և որդիս բարձրանում է մարտական դիրքեր։ Իսկ հուլիսի 7-ին դիրքերում ինժեներական աշխատանքներ էին կատարվում։ Գաբրիելը գնում է ստուգելու, թե ինչպես են ինժեներական աշխատանքները տարվում։ Սաքոյանը Գաբրիելի դասակում չէր, այլ դասակում էր։ Նա խրամուղով գալիս է հարևան մարտական դիրքը, նկատում է, որ դիտակետերից մեկի դիտորդ Հ. Քոչարյանը քնած է, իսկ կողքի դիտակետում ընդհանրապես մարդ չկա։ Գաբրիելն այդ ամենը ֆիքսել է տեսախցիկով և Քոչարյանից հարցրել ու իմացել է, որ կողքի դիտակետում հսկողություն պիտի իրականացներ Սաքոյանը, որը, նրա խոսքերով, իբր զուգարանում էր։ Իրականում նա իսկի մարտական հերթապահության էլ չէր դուրս եկել։

Գաբրիելն առանց որևէ բան ասելու, գնում է Սաքոյանի դասակի հրամանատարի մոտ։ Սակայն դասակի հրամանատար Դավիթ Ավետիսյանը ոչ մի բան չի ձեռնարկում։ Քիչ անց արդեն գետնատնակում Քոչարյանը հասցրել էր Սաքոյանին պատմել եղածի մասին։ Իսկ սա իմանալով, որ Գաբրիելը պիտի վերադառնա, ասել էր. «Գնամ ասեմ, որ նկարները ջնջի, թե չէ իր համար վատ է լինելու»։

Երկու հոգով Գաբրիելին պիտի դիմավորեին. դրանցից մեկը Սաքոյանն էր։ Գաբրիելը սկզբունքային տղա էր, սպայի համառ կամք ուներ, երբեք չէր կատարի նման տականքի պահանջները։ Վերջը, Սաքոյանը հրամայական տոնով մի քանի անգամ ասում է՝ նկարները ջնջիր, իսկ Գաբրիելը հրաժարվել է դա անել։ Նա արդեն լիցքավորել էր իր ավտոմատը, և երբ հանել ու մատը դրել է ձգանի վրա, Գաբրիելը հասկացել է և, ի նշան համերաշխության, հանել ու գցել է իր ավտոմատի պահեստատուփը։ Սակայն դա չօգնեց. Սաքոյանը տասնվեց փամփուշտ արձակեց որդուս վրա, որից մեկը կպավ։ Գնդակը ջարդել է աջ ոտքի ոսկորն ու մտել որովայնը (զարկերակը կտրելով, այն մտել էր աղիքների մեջ)...

Փոխանակ Գաբրիելին օգնեին, փախչում են, իսկ Սաքոյանը գոռում է՝ «թուրք եմ խփել, թուրք եմ խփել»։ Ամբողջ երկու ամիս Ղարաբաղում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ իբր Գաբրիելի վրա կրակել են նշանաբառը չասելու համար։ Դա հորինել էր Սաքոյանը։

Եթե ժամանակին տեղ հասցնեին Գաբրիելին, որդիս կենդանի կմնար, նույնիսկ եթե մատներով փորձեին արյունահոսությունը կանգնեցնել։ Թողել են որդուս արյունաքամ լինելիս, իսկ իրենք փախել՝ մտածելով միայն այնպես անել, որ հետագայում այս պատմությունից չոր դուրս գան։

Քսան րոպե էր անցել, բայց որդիս դեռ կենդանի էր։ Հավաքվել են, որ Գաբրիելին դնեն ավտոմեքենայի մեջ, իսկ նա՝ լրիվ արյան մեջ կորած… Մինչդեռ որդուս դեղարկղում անհրաժեշտ ամեն ինչ կար։ Նրանք հետո են հասկացել, որ արյունահոսությունը կանգնեցնելու համար կարելի էր ավտոմատի փոկը օգտագործել, բայց արդեն…

Գնդից եկած բժիշկը փոխանակ զարկերակը փակի, ծնկից ներքև է կապում։ Ինչո՞ւ առաջին գծում բժիշկներ չկան, չէ՞ որ դա առաջին գիծ է։ Գնդի շտապ օգնության ավտոմեքենան լավ վիճակում չէր գտնվում։ Վարորդն ամբողջ ճանապարհին «աստված, աստված» էր կանչում, որպեսզի ավտոմեքենան հանկարծ չկանգնի։ Թարսի պես էլ ավտոն փչանում է։ Զանգում են գունդ՝ նոր մեքենա կանչելու համար, իսկ ժամանակն անցնում էր...

Նման դեպքում մարդը 10-15 րոպեից ավել չի կարող ապրել։ Երբ դասակի հրամանատար Դավիթ Ավետիսյանը մոտենում է, որպեսզի օգնի Գաբրիելին, Գաբրիելը նրան է փոխանցում իր տեսախցիկը։ Քանի որ Սաքոյանը Դավիթի զինվորն էր, վերջինս տեսախցիկի միջից հանում է չիպը, որպեսզի հետագայում խուսափի պատասխանատվությունից։ Իսկ երբ Ռազմական ոստիկանությունից իմանում են, որ տեսախցիկի հետ կապված պատմություն է եղել, Դավիթը նրանց վերադարձնում է տեսախցիկը, բայց՝ առանց չիպի։

Ռազմական ոստիկանություն գնալու ժամանակ Սաքոյանը վախեցնում է վաշտի անձակազմին, հետո էլ համոզում, որ բոլորը պատմեն նշանաբառի մասին հորինված պատմությունը։ Սակայն երբ Երևանից հետաքննող անձնակազմ է գալիս, Սևակ Գրիգորյանը զգում է, որ սխալ բան է անում, պատմում է իրականությունը։

Լեյտենանտ Դավիթ Ավետիսյանի, դիրքի ավագ Անդրանիկ Հարոյանի և դիտորդ Հարություն Քոչարյանի նկատմամբ քրեական պատասխանատվություն հարուցելու առումով ՀՀ զինդատախազության միջնորդություն հարուցելու խնդրանքը վերաքննիչ դատարանը մերժել է՝ հանցակազմի բացակայության պատճառբանությամբ։ Բայց չէ՞ որ նրանք էլ էին մեղավոր։

Առաջին ատյանը Սաքոյանին 15 տարի է տվել։ Նրանք բողոքել են շատ տալու համար, սակայն Վերադաս դատարանը անփոփոխ է թողել վճիռը։ Վճռաբեկ դատարան բողոքելու իմաստ չկա, որովհետև ամեն ինչ ակնհայտ է։

Գումարտակի հրամանատարը ինձնից ներողություն խնդրեց, իսկ թաղման ժամանակ գնդի հրամանատարը չմոտեցավ ինձ ցավակցելու, նախարարն էլ հավաստիացնում էր, որ նշանաբառը չասելու համար են Գաբրիելին սպանել։ Դեռ հետաքննություն չկատարած, ինչպե՞ս կարելի է նման պնդումներ անել։

Մեր բանակն ավելի հզոր ու կայացած կլինի հենց Գաբրիելի նման կադրային սպաների շնորհիվ, այլ ոչ թե սաքոյաններով։ Որդուս նման մի քանի լեզու իմացող գրագետ սպաներ մեր բանակում գրեթե չկան, իսկ մենք կրակում ենք նրանց վրա։ Մենք լուրջ մարտահրավերների առջև կանգնած հանրապետություն ենք և ըստ արժանվույն պիտի գնահատենք նման մասնագետներին։ Վերջին տարիներին որքա՜ն տղաներ զոհվեցին տարբեր անհեթեթ անփութությունների պատճառով։

Որդուս սպանել են անցյալ տարվա հուլիսի 8-ին, իմ ծննդյան օրից մի օր առաջ։ Իսկ մի ամիս հետո՝ օգոստոսի 13-ին, որդուս ծնունդն էր, պիտի դառնար 33 տարեկան։
Նրան կարող էին փրկել… Նա կյանքից հեռացավ այդպես էլ չհասցնելով ընտանիք կազմել։ Բանակից և սիրած գործից բացի ուրիշ ոչնչի մասին չէր մտածում... Գաբրիելից հետո ինձ համար դժվար է դարձել ապրելը, կյանքը կորցրել է իր իմաստը։ Նրանից բացի ես ոչ ոք չունեմ։

ԷԼՄԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ