Գլխավոր » ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
21:35
Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «գծագրություն» առարկան հանվել է ուսումնական ծրագրից: Հաստատ, նախարարը համոզված է, որ այդ առարկան հայկական դպրոցի աշակերտների համար ավելորդ բեռ է և խանգարում է շախմատ խաղալուն: Ավելորդ չէ նշել, որ շախմատը, ի հեճուկս մեր թշնամիների, հայկական դպրոցներում մտցված է որպես հանրակրթական առարկա: Նախարարի վերոնշյալ կարծիքը էլ ավելի է բյուրեղացել ու անփոփոխելի դարձել, երբ հայ շախմատիստները թշնամական Թուրքիայում՝ Ստամբուլի 40-րդ շախմատային օլիմպիադայում, վերջին տուրում հաղթելով վերջերս թշնամի դարձած Հունգարիայի հավաքականին, երրորդ անգամ դարձել են օլիմպիական չեմպիոն:

Լավ, ասենք նախարարը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդպես է մտածում, մարդ է, էլի, հերթական անգամ օգտվում է իր սխալվելու իրավունքից (եթե հաշվի առնենք նաև օտարալեզու դպրոցների բացումը), բա մյուս պետական այրերն ի՞նչ են մտածում։ Մի՞թե ոչ մեկը չի կարդացել ՀՀ «Կրթության մասին» օրենքի «Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը» բաժնի հետևյալ դրույթը.

- Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:

Հետաքրքիր է, ինչպե՞ս են հայկական դպրոցներում մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ապահովելու առանց «գծագրություն» առարկայի, որը բազմաթիվ մասնագիտությունների հիմքն է: Առանց գծագրության պոլիտեխնիկական, ճարտարապետա-շինարարական կրթություն ստանալն ուղղակի անհնարին է:

ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշումը պատահական չէր. դեռ մինչ այդ մի քանի նախապատրաստական «միջոցառումներ» էլ են կատարել: Սկզբում՝ խորհրդային տարիներին, առարկան երեք տարով էր դասավանդվում՝ 7-9-րդ դասարաններում, ապա ԽՍՀՄ փլուզման շրջանում հանվեց 9-րդ դասարանի ուսումնական պլանից: Հետագայում նորանկախ Հայաստանի կրթության նախարարը նաև 7-րդ դասարանի ուսումնական պլանից հանեց: Փաստորեն ստացվում է, որ նախարարի քմահաճույքից է կախված այս ակամ այն հանրակրթական առարկայի ճակատագիրը: 

Հետաքրքիր մի փաստ ևս: Տարիներ առաջ կրթության նախարարը հայտարարել է, թե մեր երկրին անհրաժեշտ են իրավաբաններ և տնտեսագետներ: Ոգևորված նախարարի պատվիրանից, հայկական համալսարաններն այնքան տնտեսագետներ և իրավաբաններ են «թողարկել»« որ աշխարհում մեկ շնչին ընկնող նշված մասնագետների թվով ԼՂՀ-ն և ՀՀ-ն առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցնում: 

Ինչպես հայտնի է, ԼՂՀ կրթական համակարգը սերտորեն կապված է ՀՀ կրթական համակարգին (ավելի ճիշտ՝ մի մասն է կազմում)։ Կրթական բնագավառում Հայաստանում կատարվող ցանկացած փոփոխություն (լավ, թե վատ), տեղափոխվում է Արցախ: Ուստի ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ պետք է լրջորեն քննարկումներ կատարվեն գիտական-մանկավարժական և ակադեմիական մակարդակներում, որ հնարավոր լինի մեղմելու 12-ամյա կրթահամակարգի ավերածությունները, որի մասին բազմիցս ենք անդրադարձել: Ավելորդ չենք համարում կրկին մեջբերելու Հունաստանի Սահմանադրության հոդված 16-ի 2-րդ կետը. «Կրթությունը հանդիսանում է պետության կարևորագույն խնդիրը, որի նպատակն է բարոյական, հոգևոր, մասնագիտական և ֆիզիկական դաստիարակությունը, ազգային և կրոնական գիտակցության զարգացումը, ազատ և պատասխանատու քաղաքացիների ձևավորումը»: Հունական պետությունը ոչ միայն միջամտում է կրթական համակարգի «ներքին գործերին», այլև ամբողջովին վերահսկում, ֆինանսավորում և հովանավորում է այն: Նույնը պետք է կատարվի Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ), այլ ոչ թե թողնվի մեկ կամ մի քանի մարդկանց քմահաճույքին:

Իմ խորին համոզմամբ, Արցախյան պատերազմում կրած հաղթանակի համար առաջին հերթին պետք է երախտապարտ լինել հայկական դպրոցին, որից այժմ քիչ բան է մնացել: 

Արցախում պատերազմի հաղթական ավարտից հետո, սոցիալ-տնտեսական փոփոխությունները և աշխարհաքաղաքական զարգացումները մեզ՝ հայերիս, պարտադրել են փոփոխություններ կատարել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ նաև կրթական համակարգում։ Իրենց պայմաններն են թելադրել նաև Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը, եվրոպական համագործակցության մի շարք կառույցներ։ Կրթական համակարգը վերափոխելու համար մեծ քանակությամբ դրամական միջոցներ են հատկացվել ծրագրերի, մեթոդաբանության և դասագրքերի հրատարակման համար՝ առանց հաշվի առնելու մեր ազգային առանձնահատկությունները, հոգեկերտվածքը, ավանդույթներն ու սովորույթները, կրթության և դաստիարակության վերաբերյալ բազմադարյա փորձը։ Արդյունքում՝ մեր դպրոցներում ազգային արժեքները և ազգային գաղափարախոսությունը սկսեցին համարվել կեղծ հասկացություններ կամ երկրորդ պլան մղվել, իսկ դաստիարակությունը վերացավ:

Ամիսներ առաջ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ «Ի՞նչ արժեքների վրա պետք է դաստիարակվեն աշակերտները դպրոցում: Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին», նշել է. «Դաստիարակության հարցը որոշ իմաստով մեզ մոտ դեռ քննարկվող թեմա է: Անցած տարիներին, երբ ամեն ինչ վերանայվում էր, դպրոցից դաստիարակության հարցերն աննկատելիորեն դուրս մղվեցին: Հիմա արդեն երկար քննարկումներ ու աշխատանքներ ենք տանում, որպեսզի դաստիարակության խնդիրը դարձյալ վերադառնա դպրոց: Իհարկե, չի կարելի ասել՝ դպրոցներն այդ խնդրով չեն զբաղվում, բայց հեռանկարային կուռ համակարգ դեռ չենք ստեղծել, դաստիարակության հայեցակարգ դեռ չունենք, թեև հայրենասիրական դաստիարակության առումով բավականին շատ բան արվում է: Դպրոցները, իրենց ծրագրերով, միջոցառումներով, ուսուցիչների արժեքային համակարգի հետ պայմանավորված, որոշակի գործեր անում են»:

Փաստորեն, մեր հայկական դպրոցներում ուսում (կրթություն և դաստիարակություն) դասական իմաստով չի իրականացվում: Մենք էլ միամտորեն կարծում ենք, թե մեր երեխաները ուսում են ստանում: Բայց, արի ու տես՝ շախմատ են խաղում: Ականջդ կանչի ընկեր Նաջարյան. «Ում հետ էիր շաշկի խաղում... ասա թող մի դիմում էլ նա գրի»: Մենք դեմ չենք, որ հայ երեխանները շախմատ խաղալ սովորեն, բայց շախմատը հանրակրթական առարկա դարձնելը զավեշտ է, մանավանդ գծագրություն առարկան հանելու ֆոնի վրա: 

Իմ կարծիքով, հայկական դպրոցներում պետք է մեծ ուշադրություն դարձնեն ռազմագիտություն և մարմնակրթություն առարկաներին, ավելացվեն դասաժամերը: Նպատակահարմար է, որ յուրաքանչյուր դպրոցի սպորտդահլիճին կից կառուցեն հրաձգարան: Եթե դա հնարավոր չէ, ստեղծել տարածքային հրաձգարաններ՝ 5-6 դպրոցի համար կառուցել մեկ ընդհանուր հրաձգարան: Հրաձգարաններում մեր երեխանները պետք է սովորեն դիպուկ կրակել՝ տարբեր զինատեսակներից: Ցանկալի է, որ յուրաքանչյուր տարի անցկացվեն դիպուկահարների համադպրոցական մրցույթներ: 

Հայկական դպրոցներում համարյա ուշադրություն չեն դարձնում երգ-երաժշտություն առարկային: Ախր, ո՞նց կարելի է պատկերացնել ազգային դպրոցն առանց հայկական մշակույթի անբաժան մաս կազմող երգ ու երաժշտության: Եվ, ընդհանրապես, հայ մարդն առանց հայկական երգ ու պարի ինչի՞ կնմանվի: 

Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ։ Հակառակ դեպքում՝ ազգակործանումն անխուսափելի է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ