Գլխավոր » «ԲԱՐԵՎ, ՀԱՅ». ԲԵՄՈՒՄ ԱՊԱԳԱ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԵՆ
«ԲԱՐԵՎ, ՀԱՅ». ԲԵՄՈՒՄ ԱՊԱԳԱ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԵՆ
20:43
Հունիսի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետդրամթատրոնին կից գործող թատերական ստուդիայի «Բարև, հայ» ներկայացումը, որն, այսպես ասած, մեկ դերասանի թատրոն էր՝ մի խումբ դերասանների մասնակցությամբ։

Բեմադրության հեղինակն է թատերական ստուդիայի ղեկավար Վեներա Ավագիմյանը, որն իր սաների մասնակցությամբ հաճախ է թատերական ինքնատիպ ներկայացումներ հրամցնում Արցախի հանդիսատեսին։ Մեր տեղեկություններով՝ յուրատիպ ներկայացման գաղափարը ծնվել է ստուդիայի սաների մեջ, իսկ ապագա դերասանների շնորհաշատ ղեկավար Վ. Ավագիմյանը որոշել ու կյանքի է կոչել ոչ դյուրին այդ մտահղացումը։

Մեր թատերական կյանքում սա թերևս առաջին նախաձեռնությունն է՝ ներկայացում բեմադրել գեղարվեստական առանձին ինքնուրույն ու ամբողջական ստեղծագործությունների համադրմամբ։ Ռուսաստանում Եվգենի Պետրոսյանի գլխավորությամբ պարբերաբար ներկայացվող «Ծուռ հայելի» («Կրիվոյե զերկալո») կատակախաղը, որ իրենից ներկայացնում է երգիծանքի մի խումբ վարպետների առանձին համարներից կազմած-միավորած ամբողջական ներկայացում, վաղուց լայն մասսայականություն է վայելում Ռուսաստանում ու ԱՊՀ անդամ երկրներում։ 

«Բարև, հայ»-ը ինչ-որ տեղ մտահղացվել է նույնատիպ սցենարով, որտեղ առանձին գեղարվեստական ստեղծագործություններն իրար հետ կապող օղակի (հաղորդավարների և ոչ միայն) դերում հանդես են եկել նույն ստուդիայի սաներ Զարուհի Մկրտչյանն ու Էրիկ Ավագյանը։ Իրենց հերթին նրանք նույնպես ներկայացրել են երգիծական կամ միանգամայն լուրջ առանձին ստեղծագործություններ («Հայը», «Ծաղրածուն», «Իմ ընկերը», «Օգտակար խորհուրդներ» և այլն)։

Հանդիսատեսին մեծ բավականություն են պատճառել Քաջ Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի համանուն կատակերգությունից)՝ Վաչագան Ապրեսյանի և Անժելիկա Աղաջանյանի (Ուստիան) ներկայացմամբ, Մեծահոգին (Վազգեն Օվյանի համանուն երգիծական պատմվածքից)՝ Արթուր Հարությունյանի մարմնավորմամբ, «Ֆուտբոլասերը», «Հովանոցը» (Մարիաննա Գրիգորյան) և այլն։

Հիշեցնենք, որ «Բարև, հայ»-ի սցենարը կազմվել է Դերենիկ Դեմիրճյանի, Վազգեն Օվյանի մի շարք ստեղծագործությունների, Լեոնիդ Ենգիբարովի «Հովանոցը» քնարական մանրաքանդակի և Վարդգես Օվյանի նովելների հիման վրա։

«Հանդիսատեսը լավ է ընդունել ներկայացումը... Ես նկատի ունեմ շարքային հանդիսատեսին՝ երիտասարդ թե մեծահասակ, արվեստագետ թե ոչ արվեստագետ, այլ ոչ սակավաթիվ մի քանի անձանց, ովքեր ներկայացումը դեռ չտեսած արդեն կանխակալ կարծիք ունեին,- ասաց բեմադրության ռեժիսոր և թատերական ստուդիայի ղեկավար Վեներա Ավագիմյանը։- Չնայած մեր որոշ մտավախություններին, պարզվեց, որ հանդիսատեսի համար մատուցված նյութն իրոք հետաքրքիր էր։ Ստուդիայի սաներն իրենց անդրանիկ այդ «բեմել»-ից շատ են ոգևորվել և նրանց մոտ կրկին բեմ դուրս գալու մեծ ցանկություն է առաջացել։ Անկասկած ապագա դերասանի համար այսպիսի մի պրակտիկ ներկայացում-դասը շատ ավելին է, քան ամիսներով նրանց մատուցվող թեորիան... Անշուշտ կցանկանայի, որ այս նախաձեռնությունը շարունակական լիներ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի թատերական ստուդիային։ Չէ՞ որ այս ստուդիայում մեր թատրոնի ապագան է ծնվում...։

Վերջում փաստենք, որ Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի ավագ, տիտղոս-կոչումավոր դերասանական կազմը նպատակահարմար չի գտել ներկա գտնվել նույն թատրոնի ապագա դերասանների անդրանիկ ներկայացմանը։ Եվ, իզուր... Դա վկայում է, որ լուրջ վերանորոգման-առողջացման կարիք ունի ոչ միայն պետդրամթատրոնի շենքը...

Մ. ՕՀԱՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ