Գլխավոր » ԲՈՐԶԻ
ԲՈՐԶԻ
21:39
Էսօր մի դեպք հիշեցի իմ ծառայությունից: Ծառայել եմ ԼՂՀ պաշտպանական բանակում 1999-2001: Մի զինակից ունեի Բորզի մականոնով՝ շատ արկածախնդիր տիպ էր: Սիրում էր էնպիսի բաներ անել, ինչով հետո կարող էր պարծենալ: Մեկ-մեկ չափազանցնում էր պատմությունները, բայց հնարավոր էր էղածն ավելացրածից տարբերել: 

Միասին էինք պոստ գնում: Ինքը «16»-ում էր, ես՝ «17»-ում: Մեկ մեկ սահմանն անցնում էինք, շպալերի նռնակներն էինք հանում, տեղերը փոխում, կարճ ասած՝ ականների ռակիրովկա անում, որ արդեն հին դիրքին սովոր անցնողը վարի գնար (մանր չարություններ էին, որոնց համար դատում են): 

Մի օր միտք ծագեց մտնել ազերու խրամատ: Բայց մենք մինչև օր ու ժամ էինք որոշում, մեր վաշտի հրամանատարը վատ հոտ առնելով մեր միասին զբոսանքներից, Բորզիին տեղափոխեց ցերեկային հերթափոխ: Բայց ազերու խրամատի միտքը Բորզուն հանգիստ չէր տալիս: Մի օր մենակ գնաց առանց որևե մեկին ասելու: Օրը ցերեկով գնաց ու բարեհաջող վերադարձավ: 

Հետո պատմում էր մոտավորապես էսպես՝ «Մտա խրամատ, շների հաչոցներ լսեցի, հետո ջոկեցի տեղը չի փոխվում հաչոցի, ասի կապած են ուրեմն, առաջ գնացի բլինդաժը գտա՝ մտա, ներսը 7-8 հոգի: Ասի՝ գռռցնեմ կալաշս, էն էլ քնած էին ....երը: Ձեռիս կռծած բիբարը խփեցի պատի մեխին ու հելա»: 

Էդտեղ մերոնք սկսեցին խնդալ, թե էլի հորինում ես, մտար ու բան չարի՞ր: Բորզին մի քիչ վիրավորվեց, բայց սովոր էր որ իրա պատմածներին էդքան էլ չեն հավատում, իրանից գոհ դեմքով հանեց մի հատ թղթի կտոր ու դրեց դեմներս: Շախ ու մատ: Ազերների «карточка огня»-ն էր: Դա դիրքի մարտավարական քարտեզն է, որը լինում է միայն դիրքի պատասխանատու սպայի մոտ: Էլ կասկած չկար: «Գիտեի որ չեք հավատալու: Մարդու չասեք, կդատվեմ». ասեց ու գնաց պառկեց հպարտ դեմքով: 

Որոշ ժամանակ անց քարտեզը շտաբ էր հասել, հարցուփորձ էին անում, թե որտեղից ու ով է ձեռք բերել: Էդպես էլ չիմացան: Բորզին էլ մենք էլ չգիտեինք՝ իմանալուց հետո կպարգևատրեի՞ն, թե՞ կդատեին սահմանը խախտելու համար: Հիմա որ հիշում էմ էդ խոսքերը «քնած էին գ....երը» ես էլ եմ հպարտություն զգում: Հասարակ շարքային էր Բորզին, շատ չէր մտածել էդ պահին: Արկած էր իրա համար էդ, հերոսական սխրանքի չէր գնացել: Գիտակցում էր, որ կարող է խփեն, ատում էր, ոնց որ կատեն թշնամուն, բայց չէր կարող քնած թշնամի սպանել: Դա, մեղմ ասած, պատիվ չէր բերի:

Եթե անգամ հրամանատարներն իմանային էլ, ամենաշատը որ կանեին իրա համար, էդ բոլոր չեպեները վրայից հանել ու արձակուրդ ուղարկելը կլիներ: Կամ միգուցե ռազմական ոստիկանություն. ի՞նչ իմանաս: 

Հիմա որ Սաֆարովի մասին եմ կարդում, մտածում եմ, թե ինչ մեղկ է էն ազգը, որը կարող է հերոսի կոչում տա մեկին, ով էնքան ռիսկ է ունեցել, որ քնած թշնամուն համարձակվել է սպանել, էն էլ ոչ պատերազմական պայմաններում: 

Եթե հայը քնած ազերի սպաներ Հունգարիայում, կամաչեի, որ տենց անասուն ենք ուղարկել ու խայտառակվել ու ուրախ կլինեի, որ բանտում փտեր: Իսկ թե ոնց էղավ, որ վերադարձավ ու ազատ արձակվեց, թող մտածեն մեր ու Հունգարիայի հեղինակազուրկ իշխանությունները: 

Մի բան էլ. պետք չէր Հունգարիայի դրոշ վառել: Բոլորս էլ կնեղվենք, երբ ուրիշ ազգը մեր դրոշը վառի մեր կաշառակեր իշխանավորների պատճառով: Հիշեք ինչ վիրավորական էր, երբ եվրոպացիք մեր արտգործնախարարին «պոնչ» էին անում: Քաղաքացին է վիրավորվում իր երկրի դրոշի այրելուց, ծախու իշխանավորն անգամ իր հասցեին էլ դա չի ընդունում:

Հ. Գ. Երբ կռիվ սկսվի, Սաֆարովի պես «հերոսեների» բանակը մինչև սպասի քնենք, մենք արդեն իրենց տանը կլինենք:

«Ով քնած է՝  արթուն կացեք,
Ով արթուն է՝  ձիեր թամբեք,
Ով թամբել է՝  զենքեր կապեք,
Ով կապել է՝  ելեք, հեծեք,
Չասեք Դավիթ  գող-գող եկավ, 
գող-գող գնաց…»։

Սասունցի Դավիթ
 
Մեր հերոսն էսպիսին ա, իսկ ձե՞րը:

ԲԱԲԿԵՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

September 3, 2012
groghucav.am

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ