Գլխավոր » ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾԸ
ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾԸ
21:26
Եթե ազգը չի պահպանում իր նախնիների սովորույթները, ավանդույթները, ապա աստիճանաբար կորցնում է իր դիմագիծը։ Երեխան այդ ամենին հաղորդակցվում է տանը և դպրոցում։ Այսօր, ցավոք, փոխվել են չափանիշները։ Դպրոցում աշակերտը հաճախ նայում է իր ուսուցչին, որ տեսնի ինչպես է հագնված նա՝ թանկարժեք ու շքե՞ղ, թե՞ պարզ ու սովորական... Ու հաճախ նա ուսուցչին հարգում է ոչ թե իրեն տված գիտելիքների, այլ արտաքին տեսքի համար։

Այսօր շատ ավելի դժվարին է ուսուցչի գործը։ Նա աշակերտին պետք է գրավի ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև՝ գիտելիքներով։ 
Փոխվել են մարդկանց ընկերական, բարեկամական, ազգակցական ու հարևանական հարաբերությունները։ Ամեն ինչի հիմքում այսօր ընկած է շահը։ Հաճախ փողը, կարողությունն է վճռում ամեն ինչ, այդ թվում՝ կարևոր դեր կատարում մարդկային փոխհարաբերություններում։

Երեկվա մանուկն այսօր գրպանում բջջային հեռախոս ունի։ Խնդիրը միայն այն չէ, որ, ինչպես հայտնի է, կապային ժամանակակից այդ միջոցները բացասաբար են ազդում մարդկանց առողջության վրա, այլև այն, որ շատ ծնողներ իրենց երեխայի դաստիարակությունը մանուկ հասակից սխալ հիմքերի վրա են դնում... 

Մանկական խաղերը, մանկական հետաքրքրությունները, որ հատուկ էին նախորդ սերնդի երեխաներին, այսօրվա մատաղ սերնդին բացարձակապես չեն հետաքրքրում։ Շատ հազվադեպ կարելի է իրենց բակում մանկական նախկին ավանդական խաղերով տարված երեխաներ տեսնել։ Փոխարենը՝ բջջայինը ձեռքներին, ինչ-որ էժանագին երաժշտություն միացրած, աննպատակ թրևում են փողոցներում, մնացած ժամերն էլ անցկացնում ինտերնետ-ակումբներում։ 

Հաճախ էլ ծնողը կիսաբաց դռան հետևից նայում է ժամերով տանը համակարգչի առջև նստած, կոմպյուտերային խաղերով ու ինտերնետով զբաղված երեխային ու ինքն իրեն ասում. տանն ինչով ուզում է՝ թող զբաղվի, միայն դուրս չգա փողոց... Եվ նա չի հասկանում, որ այդպես խարխլում է իր զավակի առողջությունը, որը տարիներ հետո շատ սուր զգացնել է տալու իրեն։
Մեր երիտասարդությունը ազգային երաժշտություն է լսում միայն տոն օրերին՝ հրապարակում կամ մարզադաշտում։ Կորչում է սերը ազգայինի՝ երաժշտության, արվեստի նկատմամբ։ 

Եթե այսօր չուղղենք այս սխալները, շարունակենք կտրվել ազգային արմատներից, վաղը կանգնելու ենք տխուր ու անլուծելի փաստի առաջ։ Վեր ենք ածվելու մի խառնամբոխի, որ չունի ազգային դեմք ու դիմագիծ։

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
մանկավարժ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ