Գլխավոր » Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)
Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)
12:57

 

(հատված)

18.
Կամավորական բանակը Հյուսիսային Կովկասում վճռական պարտություն էր կրել: Դեռևս 1920 թ. ապրիլի 5-ին այդ բանակի Պետրովսկի զորամասը գեներալ Դրացենկոյի ղեկավարությամբ հասել էր Բաքու, բերելով իր հետ մեծ քանակությամբ զենք, զինվորական գույք, զինամթերք, այլև նավատորմ, բաղկացած 32 զանազան տեսակի նավերից: Այդ ամբողջ գույքը Դրացենկոն հանձնել էր Ադրբեջանի կառավարությանը, ստանալով որոշ դրամական վարձատրություն[1]: Իսկ նույն ապրիլ ամսի 28-ին, առանց դիմադրության հանդիպելու, Բաքու մտան բոլշևիկյան 11-րդ բանակի զորամասերը: Տապալվեց մուսավաթական կառավարությունը, որի անդամների մի մասը փախավ Իրան, իսկ շատերն էլ Վրաստանի վրայով անցան Թուրքիա, մուսավաթականների հիմնական մասը թաքնվեց Գանձակում, Բաքվում և թյուրքական ու քրդական գյուղերում:

Բաքվում կազմակերպվեց ռևկոմ և բանվորական խորհուրդ:

Այդ իրադարձություններին Ղարաբաղը տեղեկացավ միայն 1920 թվի մայիսի սկզբներին, երբ Սուլթանովը, ազատվելով գերության մեջ գտնվող մի մեծ խումբ շուշեցի հայերի, նրանց միջոցով հայտնեց Վարանդա, թե Բաքուն արդեն գրավված է Կարմիր բանակի կողմից և վերջինիս հրամանատարության առաջարկությամբ իր` Սուլթանովի նախագահությամբ Շուշում կազմակերպված է «ռևկոմ»: Սուլթանովը միաժամանակ «զգուշացնում էր» ղարաբաղցիներին` կռիվները դադարեցնել:

Գավառը սկզբում չհավատաց Սուլթանովի հաղորդմանը, համարելով այն թյուրքերի սովորական միտումնավոր խաբեություն: Բայց երբ շուշեցի հայ գերիների մի ուրիշ խումբ Վարանդա գալով, հայտնեց, որ շատերն իրենցից տեսել են սեփական աչքով Բաքվից Շուշի եկած ռուս զինվորների և Կարմիր բանակի ղեկավար մարդկանց, որոնց մեջ եղել են նաև հայեր, Բաքվի գրավման լուրերի հավաստիության նկատմամբ ստեղծված կասկածները փարատվեցին: Ջրաբերդից Վարանադա եկած հայ բոլշևիկներն ևս հավաստեցին, որ , իսկապես, Բաքուն գրավված է 11-րդ բանակի զորամասերի կողմից:

Մայիսի 14-ի լուսաբացին Քյաթուկ գյուղի շրջանում երևացին ռուս հետախույզներ, որոնք ետ շպրտվեցին հայ սահմանապահների կողմից[2]: Իսկ մայիսի 19-ին Դրոյի մոտ, Վարանդայի Ղարաբուլաղ գյուղը եկան Շուշուց ուղարկված բոլշևիկների ներկայացուցիչները` կովկասյան ճակատի ռազմական խորհրդի լիզորներ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կայդարովը և Պերնաեւին, որոնք «գլխավոր լիազոր» Օրջոնիկիձեի անունից հայտնեցին Դրոյին, որ մտադիր են Կարմիր բանակից զորամաս մտցնել Լեռնային Ղարաբաղ, որովհետև որոշված է, որ մինչև Ագարա գետը Ղարաբաղը պիտի կազմի Խորհրդային Ադրբեջանի տերիտորիայի մի մասը: Տեսնելով, որ «բոլշևիկների մտադրությունների տակ թաքնված է հին Ադրբեջանը», Դրոն, իրեն իրավասու չհամարեց լուծելու նման հարցերը, առաջարկեց բոլշևիկների ներկայացուցիչներին դիմել Հայաստանի կառավարությանը: Նա, միաժամանակ, միանգամայն իրավացիորեն, նկատեց, որ «լիազորների» պահանջները չեն համապատասխանում բոլշևիկների հայտարարած ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին[3]:

Եվ, հիրավի, տասնյակ տարիներ շարունակ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատները, հայ, թե ռուս, իրավացիորեն դատապարտում էին հայ ազգային հեղափոխական կուսակցությունների քաղաքականությունը, կռվան դարձնելով, որ նրանք հայ ժողովրդի ազատագրության հարցի դրական լուծումը կապում են իմպերիալիստական պետությունների միջամտության հետ, մինչդեռ, նրանց կարծիքով, հայ ժողովրդի ազատության, նրա ինքնորոշման հարցերի հետևողական լուծողը կարող է լինել միայն Ռուսաստանի հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված իշխանությունը: Այժմ, երբ Ռուսաստանում արդեն հաղթանակել էր պրոլետարիատը, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևի (բոլշևիկների) գլխավորությամբ, և այդ հաղթանակող պրոլետարիատի բանակը գրավել էր արդեն Ադրբեջանը, գրավել էր անարյուն, շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անձնվեր պայքարի, որը չէր կամենում ենթարկվել Ադրբեջանի իշխանությանը, ինչպիսի պիտակի տակ էլ նա հանդես գալու լիներ, այժմ այդ բանակի ղեկավարները այլ երգ են երգում, չկամենալով ճանաչել Ղարաբաղի 200 հազարից ավելի հայության ինքնորոշաման իրավունքը:

Ինչպես տեսնում ենք, Անդրկովկաս ոտ դնելու հենց առաջին օրերից, բոլշևիկների ընդգրկած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ըստ էության, ոչնչով չէր տարբերվում անգլիական գաղութարարների, թոմսոնների ու շատելվորտների քաղաքականությունից:

Ինչպես էլ տքնեն արդարացնել ազգերի ինքնորոշման սրբազան իրավունքի այդ ակնհայտ ոտնահարումը, այնուամենայինիվ, պատմությունը չի կարող չնշավակել նրա հեղինակներին այդ կարճամիտ, ոխակալ և խտրական քաղաքականության համար:

*  *  *
1920 թ. ապրիլի 29-ին, երբ արդեն գրավված էր Բաքուն Կարմիր բանակի զորամասերից, Մարտակերտում տեղի ունեցավ Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի համագումար, որին ներկա էին 70 հայկական գյուղերից օրինական մանդատներով 62 պատգամավորներ: Համագումարն իր միաձայն ընդունած բանաձևում մի անգամ ևս վճռականորեն անընդունելի համարեց «Ադրբեջանի հակահայկական տիրապետությունը Ղարաբաղի հայության վրա»[4]...

19.
Հայաստանի արտաքին գործերի մինիստրը, 1920 թ. մայիսի 31-ին, հիմնվելով Ղարաբաղից ստացված տեղեկությունների վրա, հեռագրում է Մոսկվա Չիչերինին, բողոքելով, որ կովկասյան ճակատի ռազմական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեի կողմից լիազորված մարդիկ հայտարարել են Ղարաբաղի հայ բնակչությանը, որ ռազմական խորհուրդը մտադիր է զորք մտցնել Լեռնային Ղարաբաղի սահմանները, հայտարարելով այն մինչև Ագարա գետը Ադրբեջանի սեփականություն: Հեռագրում հայտնվում էր, որ հայկական Ղարաբաղը մինչև համաշխարհային պատերազմի վերջը պահպանել է իր անձեռնմխելիությունը ամեն կողմից նրա վրա հարձակվող թշնամիներից: Իր ութ հերթական համագումարներում յուրաքանչյուր անգամ կատեգորիկ որոշում է ընդունված միանալու հարազատ հանրապետությանը` Հայաստանին: Այդ պատճառով, մինիստրը, կոմիսար Օրջոնիկիձեի պահանջը Ղարաբաղից` համարել իրեն Ադրբեջանի մի մասը, գտնում է միանգամայն անհասկանալի: Նա կրկին հիշեցնում էր Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` Ղարաբաղի հետագա վիճակի հարցի լուծումը հանձնել իրեն` բնակչությանը` վճռելու ռեֆերենդումի միջոցով, թե որ պետության հետ է կամենում միանալ[5]:

«Ղարաբաղի ժողովրդին ազատ հնարավորություն տալու համար արտահայտելու իր կամքը և արյունհեղությունից խուսափելու համար, - վերջացնում է իր հեռագիրը արտաքին գործերի մինիստրը, - խնդրվում է կարգադրել դադարեցնելու զորքերի առաջխաղացությունը դեպի հայկական Ղարաբաղ, այլև ետ քաշել զորքերը Հասան-Ռիզա շրջանից (Ջիվանշիրի գավառ), որ գտնվում է Հայաստանի հանրապետության սահմաններում»[6]:

Թե ինչ պատասխանեց Չիչերինը Համո Օհանջանյանի հեռագրին, մեզ անհայտ է: Հայտնի է միայն, որ Կարմիր բանակը Ղարաբաղի դեմ գործողություններ չսկսեց և թշնամական որևէ քայլ չարեց: Եվ ինչ միտք ուներ տեղիք տալ ավելորդ արյունահեղության, երբ բոլշևիկներն ունեին ավելի հզոր, վստահելի և փորձված զենք Ղարաբաղը Ադրբեջանին անարյուն ենթարկելու համար: Այդ գործուն զենքը քաղաքական ագիտացիան էր: Եվ դժվար չէր, իհարկե, քաղցից, անվերջ զրկանքներից, թշնամիների անընդհատ հարձակումներից երեք տարի շարունակ տառապող հոգնած ժողովրդին գրավել ապագայի հանգիստը և կուշտ կյանքի վարդագույն խոստումներով և հեռանկարներով, մանավանդ, երբ Ղարաբաղի սահմաններում վերստին կանգնած էր «ապահովության» և «խաղաղ կյանքի» խորհրդանիշը` ռուս զինվորը:

Ջրաբերդի և Գյուլիստանի շրջաններում ժողովուրդը հայ բոլշևիկների եռանդուն ագիտացիայի ազդեցության տակ ընդդիմացավ Դրոյի զորահավաքի կանչին, հայտարարելով, որ «իրենք բոլշևիկներ են»:

Խաչենում, Վարանդայում և Դիզակում նույնպես ուժեղ աշխատանք էին ծավալել ագիտատորները, որոնք կարողացել էին թափանցել նույնիսկ հայկական զորամասերի շարքերը:

Երբ արդեն ակներև նշաններ նկատվեցին զորքերի բարոյալքման, Դրոն կանչեց Ղարաբուլաղ, իր մոտ, տեղական բոլշևիկների զեկավարներից բժիշկ Սաքո Համբարձումյանին և նրան հանձնեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը: Իսկ ինքը հունիսի սկզբներին իր զորամասերի հետ անցավ Զանգեզուր: Քաշվեց Դիզակից նաև Նժդեհը իր ղափանցի ռազմիկներով:

Ղարաբաղը հայտարարվեց Խորհրդային Ադրբեջանի սեփականություն:

20.
Կարմիր բանակի զորմասերի համար Ադրբեջանում ստեղծված այդ խիստ վտանգավոր և կրիտիկական պահին դարձյալ օգնության հասան լեռնաբնակ հայերը: Գանձակի լեռնային մասի և Գյուլիստանի հայկական գյուղերի զինված ուժերը, բաղկացած մի քանի հազար փորձված ռազմիկներից, Բանանց գյուղացի Եգոր Տեր-Ավետիքյանի և Բուզլուխ գյուղացի Մնացական (Ցական) Հովհաննիսյանի հրամանատարությամբ հարձակվեցին Գանձակ քաղաքի վրա, որտեղ գտնվում էին թյուրք ապստամբների գլխավոր ուժերը: Հայ մարտիկները շրջապատեցին և երկու օրվա արյունահեղ մարտերում ջախջախեցին մուսուլման ապստամբների բազմահազար բանդաները և այդպիսով հնարավորություն տվեցին Կարմիր բանակի էշելոններին ազատորեն մտնելու Գանձակ և վերականգնելու կարգը քաղաքում ու ապստամբությանը հարած մուսուլմանական շրջաններում:1920 թ. հունիս ամսում, Նուրի-փաշայի և ադրբեջանական զինվորականների գլխավորությամբ, տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի ծավալուն ապստամբություն, ուղղված նոր հաստատված խորհրդային իշխանության դեմ: Ապստամբները  ցրեցին Գանձակում և Շուշում տեղավորված Կարմիր բանակի մասերը և պատրաստվեցին մեծ ուժերով դուրս գալու Բաքվից դեպի Գանձակ շարժվող 11-րդ բանակի էշելոնների դեմ:

Ադրբեջանի ղեկավարների և օսմանյան փաշաների համատեղ կազմակերպած հակախորհրդային (ավելի ճիշտ` հակառուսական) խժդժությունների բուռն շրջանում Ղարաբաղի հեղկոմի նախագահ Սաքո Համբարձումյանը, վախենալով, որ ապստամբ ուժերը Ադրբեջանում կարող են հաղթանակել, Գորիս ուղարկեց ուսուցիչ Գրիգոր Ղարագյոզյանին և նրա միջոցով խնդրեց Դրոյին` չհեռանալ Զանգեզուրից, որովհետև իրադարձությունները Ադրբեջանում կարող էին ծավալվել և այնպիսի վտանգավոր ընթացք ընդունել, որ Դրոն ստիպված լիներ կրկին վերադառնալ Ղարաբաղ: Բայց Եգոր Տեր-Ավետիքյանի և Ցական Հովհաննիսյանի փայլուն հաղթանակը Նուրի փաշայի ապստամբ հրոսակների դեմ` արդեն վճռել էր ադրբեջանական բանդայի բախտը[7]:


ՎԵՐՋԱԲԱՆ
1962  թ.
Եվ գրեթե կես դար մայր հայրենիքից անջատ իր ողորմելի գոյությունը քարշ տալուց հետո` հայկական Ղարաբաղը մի վայրկյան միայն զգաստացավ, գիտակցելով իր դառը վիճակի ամբողջ ողբերգականությունը, իր «բարեկամների» ստոր խաբեությունը, նրանց դավը, զգաց իր վաճառված ղեկավարների անարգ դավաճանությունը, ծառացավ և´ Ադրբեջանի, և´ իր ղեկավարների դեմ և ուղղեց բազմահազար ստորագրություններով հետևյալ բողոքը Մոսկվային.

«Սովետական Միության  Մինիստրների սովետի նախագահ և կոմունիստական կուսակցության քարտուղար ընկեր Ն. Ս. Խրուշչովին.

Մենք, ներքո ստորագրյալներս` Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզի կոլխոզնիկներս, բանվորներոս, ծառայողներս և Շամխորի, Խանլար, Դաշքեստանի, Շահումյանի շրջանների հայ բնակիչներս, մեր կյանքի ծանր պայմանների շնորհիվ հասած լինելով հուսահատության աստիճանի, որոշեցինք սրանով դիմել Ձեզ, հայցելով Ձեզնից արդարություն և պաշտպանություն:

Անհիշելի ժամանակներից մեր երկիրը, որ ընկած է Քուռի, Արաքսի և Սևանա լճի միջև և հայտնի է պատմության մեջ «Արցախ» անունով, միշտ կազմել է Հայաստանի անբաժան մասը: Թուրք-մոնղոլական ցեղերի արշավանքի ժամանակ հայերը դուրս մղվեցին դաշտային մասերից, ոչնչացան մեր ծաղկած քաղաքներն ու գյուղերը և վերածվեցին քոչվորական արոտավայրերի: Հայերին հաջողվեց ամրանալ միայն Ղարաբաղի լեռնային և նախալեռնային շրջաններում և պաշտպանել իրենց ֆիզիկական գոյությունը: Ռուսաստանին միանալուց հետո վերացավ Ղարաբաղի հայ բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքը, թեպետև հայությունը ստիպված էր կրելու ցարական իշխանության ծանր ճնշումները:

1905-1906 թվերին, պաշտպանելու համար Անդրկովկասը օր-ավուր ծավալվող հեղափոխական շարժումներից, ցարական կառավարությունը սուր թշնամություն սահմանեց և արյունահեղ ընդհարումներ առաջ բերեց երկու հարևան ժողովուրդների` հայերի և ադրբեջանցիների միջև: Առաջին իմպերիալիստական պատերազմի ժամանակ, մինչև ազգային հանրապետություններ ստեղծվելը և նրանից հետո, Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը մեկուսացրեց Ղարաբաղի հայկական շրջանները արտաքին աշխարհից և սկսեց ոչնչացնել հայերին ամենուրեք, որտեղ այդ  հնարավոր էր: Ուժերի մեծագույն լարումով Լեռնային Ղարաբաղի հայությանը հաջողվեց չենթարկվել Ադրբեջանին. նա կարողացավ հերոսական ջանքերով պաշտպանել իր անկախությունը և ինքնակա կյանքը: Այդպիսին է եղել Ղարաբաղի հայության տանջանքների և աղետների անընդհատ շղթան, և միայն խորհրդային իշխանությունը 1920 թ. ապրիլին վերջ դրեց այդ ամենին:

Մենք չսխալվեցինք, կարծելով, որ լենինյան ազգային քաղաքականությունը կհաղթանակի, և հայերով բնակեցված Ղարաբաղի տերիտորիան կտրվի Խորհրդային Հայաստանին: Եվ, իսկապես, Հայաստանի խորհրդայնացումից հետո, Ադրբեջանի խորհրդային կառավարությունը ընդունեց Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանին հանձնելու դեկլարացիա, որը ստորագրված և հռչակված էր 1920 թ. դեկտեմբերի 1-ին Ն. Նարիմանովի կողմից Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում: Բայց այդ ճշմարտացի և իսկական եղբայրական որոշումը չիրագործվեց: 1921 թ. մարտ ամսին Թուրքիայի հետ Մոսկվայում կնքված պայմանագրով Նախիջևանը մտցրվեց Ադրբեջանի մեջ, իսկ 1923 թվին Լեռնային Ղարաբաղին տրվեց ինքնավարություն Ադրբեջանի սահմաններում: Ինչ վերաբերում է Շամխորի, Խանլարի, Դաշքեստանի, Շահումյանի շրջաններին, որտեղ հայերը կազմում են բացարձակ մեծամասնություն (մինչև 90 տոկոս), նրանք պարզապես մտցրվեցին Ադրբեջանի մեջ: Այդպիսով Ղարաբաղի հայությունը անջատվեց Խորհրդային Հայաստանից, իսկ ինքնավար Ղարաբաղը չընդգրկեց բոլոր հայկական շրջանները: Ղարաբաղի ինքանավար մարզի իրավունքները աստիճանաբար կրճատվեցին, իսկ ներկայումս այդ իրավունքները հասցրված են զերոյի:

Ադրբեջանի ՍԽՀ մեջ ապրող հայ բնակչության նկատմամբ կիրառվում է սահմանափակումների զուտ ազգայնական քաղաքականություն և ստեղծված առավելագույն չափերով կյանքի անբարենպաստ պայմաններ: Եթե ինքնավարության ստեղծման առաջին ժամանակամիջոցում որևէ բան կատարվում էր արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ապա հետագա տարիներում բոլոր սկսված ձեռնարկումները արգելակվում էին, նախատեսվածները վերացվում կամ տրվում ադրբեջանական շրջաններին, իսկ պետական պարտավորությունները ավտոնոմ մարզից պահանջվում էին չափազանց բարձր և ուժից վեր նորմաներով. իբրև օրինակ հիշենք միայն այն դեպքերը, երբ բրդի պարտադիր հանձնման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայ գյուղացիների տներն էին մտնում և բռնությամբ դուրս թափում ու գրավում ներքնակների, վերմակների, բարձերի բուրդը: Բացի այդ քողարկված միջոցներից, որոնց նպատակն էր վատթարացնել մարզի հայ բնակչության տնտեսական դրությունը և ստիպել նրան լքելու իր բնակավայրը, այդ նպատակին էին ուղղված նույնպես մի շարք վնասարարական և հակահեղափոխական գործողություններ: Ժողովրդի թշնամի Բաղիրովը բնակեցրեց Հայաստանից գաղթեցված ադրբեջանցիներին ավտոնոմ մարզի Մարտունու և այլ շրջանների հայկական գյուղերում, սուր տարաձայնություններ առաջ բերելով եկվորների և տեղացիների միջև, մինդեռ գաղթեցված մուսուլմաններին կարելի էր տեղավորել Ադրբեջանի մյուս շրջաններում, որտեղ կային ազատ, ընդարձակ և ոռոգելի շատ հողեր:

Բաղիրովի հաջորդները ըստ երևույթին չեն մոռացել նրա դիրեկտիվները: Անվերջ և սիստեմատիկորեն արհամարհելով հայ բնակաչության շահերը, ծաղր ու ծանակի ենթարկելով հայ աշխատավորությանը, նրանք իրենց անհանդուրժելի վնասարարական գործողություններով ձգտում էին լիկվիդացնելու ոչ միայն ավտոնմիան, այլև վտարելու Ղարաբաղից հայ բնիկներին: Բերենք մի քանի փաստեր.

1. Ստեփանակերտի հացի գործարանը ենթարկել են Աղդամին, որը ադրբեջանական շրջանային կենտրոն է և հեռու է Ստեփանակերտից 40 կիլոմետր: Այդ նշանակում է, որ Աղդամը պիտի տնօրինի Ստեփանակերտի հացի մատակարարումը, պլանավորի ալյուրի բացթողումը, հաց թխելը և հացի տեսակայնությունը:

2. մարզային առողջապահության բաժինը ենթարկված է դարձյալ Աղդամին, որտեղից նշանակում և հեռացնում են մարզի առողջապահության աշխատողներին: Աղդամը իբրև թե պիտի ապահովի հիվանդանոցները և այլ հիմնարկները անհրաժեշտ գույքով և դեղորայքով, որը սակայն չի կատարվում: Մարզի դեղատները նույնպես Աղդամին են ենթարկված և այնտեղից են նշանակվում նրանց աշխատողները և ստացվում դեղորայքը և այլ ապրանքներն ու իրերը:

3. Ստեփանակերտի շինարարական վարչությունը ենթարկված է Մինգեչաուրին, որը հեռու է Ստեփանակերտից 120 կիլոմետր: Դրա անմիջական արդյունքն այն եղավ, որ լավագույն մեքենաները և մեխանիզմները ուղարկվեցին Մինգեչաուր, իսկ դրանց փոխարեն Ստեփանակերտ ուղարկվեցին անպետք և հնացած տեխնիկա: Ստեփանակերտի շինարարական պարկի գլխավոր աշխատողները ազատվեցին աշխատանքից և նրանց փոխարեն նշանակվեցին ադրբեջանցիներ:

4. Մարզի մետաքսի կոմբինատը, միակ ուժեղ ձեռնարկությունը մարզում, որն ունի մինչև 3000 բանվորներ, ենթարկել են Ստեփանակերտից 160 կիլոմետր հեռավորության վրա գտնված Նուխի քաղաքի համապատասխան սակավազոր ձեռնարկությանը, իսկ ներկերի գործարանը փոխադրել են Նուրի, որի հետևանքով նվազեցրել են աշխատավարձի ֆոնդը և իջեցրել բանվորների աշխատավարձը Ստեփանակերտում: Մի շարք գյուղերում` Խնձորեստանում, Սեյդիշենում, Ղշլարում և այլ վայրերում փակել են մետաքսաթելի գործարանները:

5. «Սոյուզպեչատի» մարզային բաժինը փոխադրել են Աղդամ (1926 թ. մայիսից): Այդ նշանակում է, որ Աղդամը պիտի պլանավորի, թե մենք ինչ պիտի կարդանք, իսկ «սոյուզպեչատի» Ստեփանակերտի աշխատակիցը մնացել է անգործ:

6. Ցեմենտ-բետոնի գործարանը Ստեփանակերտում ենթարկել են Բարդայի շրջանին, որ հեռու է մեզնից 60 կիլոմետր և բացարձակապես ոչնչով կապված չէ այդ գործարանի հետ:

7. Թարթարգէսի շինարարության պրոբլեմը մտցրված էր հետպատերազմյան հնգամյակը, բայց մինչև այժմ չի իրագործված լիովին: Այդ գէսը պիտի լուծեր էներգետիկայի և ոռոգման հարցերը մարզի լեռնային և նախալեռնային գոտիներում: Մինգեչաուրի շինարարությունը իբրև թե պատճառ էր դարձրել Թարթարգէսի սիստեմի կառուցման կոնսերվացիայի, մինչդեռ Մինգեչաուրը չի կարող լուծել մարզի այն խնդիրենրը, որ կարող է լուծել Թարթարգէսը:

8. Մարզի այն բազմաթիվ օբյեկտները, որոնք մտցված են վերջին հնգամյակի մեջ, չեն իրագործված: Ներկայումս նույնպես ոչինչ չի ձեռնարկվում, թեպետև այդ օբյեկտները մտցրված են յոթնամյա պլանի մեջ (հրուշակեղենի կոմբինատը, գինու գործարանը Կուրոպատկինոյում և այլն):

9. Ստեփանակերտի յոթնամյա պլանով նախատեսված ավտոնորոգման գործարանը, չնայելով բազայի և որակյալ կադրերի առկայությանը, կառուցել են Կիրովաբադում:

10. Անցած քառասուն տարում չի շինված հայկական գյուղերի և մարզային կենտրոնի միջև մի կիլոմետր ճանապարհ և չեն բարեկարգված եղած ճանապարհները:

11. Ոչինչ լուրջ և հիմնավոր աշխատանք չի կատարված մարզում գյուղատնտեսության զարգացման ասպարեզում: Նկատելի աճ չի կատարվել այգիների, տեխնիկական կուլտուրաների և հացաբույսերի տարածությունների ընդարձակման և բերքատվության մեջ: Անասնապահությունն ընկած է: Ոռոգման հարցերը անուշադրության են մատնված ղեկավարության կողմից: Լեռնային Ղարաբաղի մի շարք գետերի վրա ոռոգման համար ջրապահեստներ են կառուցված, բայց ջրով օգտվում են միայն ադրբեջանական գյուղերը, Լեռնային Ղարաբաղի կոլխոզնիկները զրկված են իրավունքից օգտվելու իրենց սեփական գետերի ջրից: Դեռևս հին ժամանակներից հայկական Ղարաբաղը հռչակված էր իր թթենու այգիներով, որոնք հաճախ աճեցված էին ծանր աշխատանքով լեռների քարքարոտ լանջերում: Այդ այգիները օգտագործվում էին սպիրտի, դոշաբի պատրաստման համար, այլև իբրև շինանյութ և վառելիք: Գրչի մի շարժումով, հաշվի չառնելով ժողովրդի բողոքները, արգելել են սպիրտի պատրաստումը և առաջարկել օգտագործել թթենու այգիները միայն շերամի համար: Դրա հետևանքով ոչնչանում են այգիները, մերկանում քարքարոտ լեռնալանջերը: Մարզը, նրա հողա-կլիմայական պայմանները չեն ուսումնասիրված, գոյություն չունի միկրոռայոնների մասնագիտացում: Մարգուշևանի ընդհանուր փորձակայանը ենթարկված է Բաքվին: Երևում է, որ մարզի գյուղատնտեսական հարցերը և հատուկ տեղական նշանակություն ունեցող տնտեսական և այլ հարցերի լուծումը չեն հետաքրքրում ղեկավարությանը:

12. Լուսավորությունը և կուլտուրան ընկած են: Դպրոցները վատ են աշխատում, որն առանձնապես արտահայտվում է Հայաստանի Սոց. խորհրդային Հանրապետության բարձրագույն դպրոցների ընդունելության քննությունների ժամանակ: Ստեփանակերտում գոյություն ունեցող երկամյա ուսուցչական ինստիտուտը լիկվիդացված է, փակված է երաժշտական ուսումնարանը: Ստեփանակերտի թատրոնը մեծ կուլտուրական նվաճում է, որը սակայն ձեռք է բերված Բաքվի հայկական թատրոնի լիկվիդացիայի գնով, մի քաղաք, որտեղ հայ բնակչությունը կազմում է շուրջ 300 հազար մարդ:

Ավտոնոմ մարզի և նրա հայ բնակչության վերաբերյալ ապօրինի և վնասարարական կարգադրությունների և գործողությունների թվարկը կարելի էր շարունակել, բայց այստեղ բերված տվյալները ինքնին բավականաչափ բնորոշում են այն աննորմալ և ծանր դրությունը, որի մեջ ստիպված է ապրել և աշխատել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը: Դա պարզապես ծաղրանք է ավտոնոմիայի նկատմամբ, ոտնահարում մարզի սովետական քաղաքացիների իրավունքների, ծաղրանք, ուղղված  լենինյան ազգային քաղաքականության դեմ:

Միանգամայն հասկանալի է, թե ինչ նպատակ էր հետապնդվում մի քանի տասնյակ տարիների ընթացքում, որը ներկայումս իրագործվում է:

Լեռնային Ղարաբաղին պատկանող ձեռնարկությունների և հիմնարկների վերաենթարկումը ադրբեջանական շրջանների համապատասխան ձեռնարկություններին, որոնք գտնվում են 40-ից մինչև 160 կիլոմետր հեռավորության վրա (Աղդամ, Բարդա, Մինգեչաուր, Կիրովաբադ, Նուխի և այլն), մարզի  ձեռնարկությունների և հիմնարկների տեղափոխումը Ադրբեջանի ՍԽՀ շրջանները, մարզի պլանում նախատեսված անհրաժեշտ արդյունաբերական և այլ ձեռնարկությունների պլանից հանելը, այդ ամենը հասցրին նրան, որ լիովին կազմալուծվեց և քայքայվեց ավտոնոմ մարզի վարչա-տնտեսական գործունեությունը:

Հենց այդ միակողմանի վնասակար ձեռնարկումները զրկեցին մարզի հայ բնակիչներին աշխատանքից և ապրուստից ու ստիպեցին շատերին թողնել հայրենի տունը և գաղթել այլ վայրեր: Ահա թե ինչով պիտի բացատրել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը 25 տարիների ընթացքում ոչ միայն չի աճել, այլև 1920 թվի համեմատությամբ մեծ չափով պակասել է: Շնորհիվ հայ տարրի այդ արտագաղթի, դրան զուգընթաց Լեռնային Ղարաբաղը բնակեցվում է ադրբեջանցիներով: Այդպիսով տեղի ունի ազգային-շովինաստական-պանթյուրքական քաղաքականություն, որը թեպետև անհեթեթություն է Խորհրդային իշխանության պայմաններում, բայց ինչպես երևում է, ձեռնտու  է Ադրբեջանի խորհրդային հանրապետության ղեկավարներին:

Այդ հակահայկական քաղաքականությունը ավտոնոմ մարզից դուրս գտնվող Շամխորի, Շահումյանի, Խանլարի, Դաշքեստանի շրջաններում ընդունել է ավելի զազրելի ձևեր և չափեր:

Ստեղծված է անհանդուրժելի դրությունը. ազգային խտրականություն ամենուրեք և ամեն բանում: Մեր վիճակն ավելի վատթար է, քան եղել է 1918-20 թվերին, թուրք-մուսավաթական և անգլիական օկուպանտների ժամանակ: Այժմ էլ կատարվում է նույնը, բայց «բարեկամության» և «եղբայրության» քողի տակ: Մենք առաջ ևս բողոքել ենք, որ գոյություն չունի ավտոնոմ մարզ: Փորձեցին պարզել այդ անբավականության պատճառները, գործադրելով դրա համար անթույլատրելի մեթոդներ: Օրինակ, Բաղիրովը Ստեփանակերտում հրավիրեց կուսակտիվի ժողով և առաջարկեց. «Ով ճիշտ չի համարում Ղարաբաղի միացումը Ադրբեջանին, թող հեռանա ժողովից»: Պարզ է, թե ինչով կարող էր վերջանալ կուսակտիվի ժողովից հեռացողի ճակատագիրը...

Մյուս դեպքը  տեղի է ունեցել մոտ ժամանակներս, երբ Ղարաբաղի հայության բողոքների պատճառները պարզելու համար հարցաքննում էին միայն մարզի ղեկավարության անդամներին և այն էլ Բաքու քաղաքում (Մուխիդդինով):

Ճնշման և խտրականության քաղաքականությունը առաջ է բերել արդարացի ատելություն դեպի Ադրբեջանի հանրապետությունը և մարզի ղեկավարությունը:

Ցավալին այն է, որ այդ հողի վրա ծագում են ազգամիջյան անախորժ փոխհարաբերություններ:

Այն օրերին, երբ անցնում ենք կոմունիզմի կառուցման, մենք չենք կարող նման պայմաններում ապրել: Մեզ անհնարին և անկարելի էր թվում նման գռեհիկ ազգային-շովինիստական քաղաքականությունը, բայց այժմ այլ-ս կասկածել չի կարելի, մեզ վերջնականապես համոզեցին դրանում Ադրբեջանի ղեկավարության 1962 թվականի սկզբի կարգադրությունները:

Մենք խնդրում ենք Ձեզ անհետաձգելի կերպով վճռել Լեռնային Ղարաբաղը և հարակիր հայկական շրջանները Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությանը միացնելու հարցը և կամ մտցնել Ղարաբաղը Ռուսաստանի Սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության կազմի մեջ:

Մենք խնդրում ենք միայն գործադրել լենինյան ազգային քաղաքականությունը նաև Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ:

(ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

ՎԵՐՋ

[1] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 119:
[2] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 119:
[3] Նույն տեղում, թ. 184:
[4] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 191-192:
[5] Այնպիսի ռեֆերենդում, որ իրավամբ համարվեր իսկական ժողովրդական հանրաքվե, Ղարաբաղում, խորհրդային օրոք, երբեք չի կատարվել: Միայն 1923 թ., մեզ անհայտ շարժառիթներով, Ադրբեջանը սարքեց Հայկական Ղարաբաղում ռեֆերենդումի մի կատարյալ պարոդիա Ղարաբաղի հայ բոլշևիկների ակտիվ մասնակցությամբ: Այդ «ռեֆերենդումին» ժողովուրդը չի մասնակցել գիտակցաբար, չեն եղել շահագրգռված մյուս կողմի` Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները: Մի խումբ հայ բոլշևիկներ (Լևոն Միրզոյան, Արմենակ Ղարագյոզյան, Սահակ Դովլաթյան և այլք) իրենք գլուխ ունենալով Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչ` ծպտյալ մուսավաթական Կարաևին, որը 1920 թվին, Ադրբեջանի խորհրդայանցումից հետո, Շուշում, իր աչքի առաջ կոտորել էր տվել Վարանդայի Տրնավարզ հայկական գյուղից բռնի քաղաք տարված 60 անմեղ հայ երիտասարդ գեղջուկների, ահա այդ մարդու ղեկավարությամբ վերոհիշյալ անձինք հավաքում էին տվյալ շրջանի «պարտիականներին» նույն շրջանի կենտրոնում և ստորագրել տալիս նախապես կազմված արձանագրությունը, որով համաձայնություն էր հայտնվում միանալու Ադրբեջանին: Մի գյուղում միայն անհաջող փորձ կատարվեց կաշառքի միջոցով մասնակից դարձնելու «ռեֆերենդումին» նաև ժողովրդին: Լևոն Միրզոյանն իր հայրենի Աշան գյուղում առաջարկեց Կարաևից ստացած բավականին մեծ գումար իր մոտ ազգական Ջավադ Առստամյանին` բաժանելու համար գյուղացիներին և համոզելու ստորագերլ Ադրբեջանին միանալու արձանագրությունը, սակայն կտրական մերժում էր ստացել: (Հիմք` Ջավադ Առստամյանի հաղորդածը տողերի գրողին): Ջավադ Առստամյանը մոտիկ ազգական է նաև ինձ: Նա մի կնոջ քրոջ ամուսինն է և վերոհիշյալը հայտնել է ինձ Երևանում:

[6] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 194-195:

[7] Ա. Ն. Մնացականյանը, խոսելով այդ ապստամբության մասին 1961 թվին լույս տեսած իր աշխատության մեջ (գլ. 5-րդ), գեթ մի քանի խոսքով չի հիշատակում այն անգնահատելի ծառայությունը, որ մատուցել են հայկական Ղարաբաղի և Գանձակի շրջանի լեռնաբնակ հայերի միացյալ զինված ուժերը ապստամբ բանդաների հիմնական ուժերի ջախջախման գործում: Անժխտելի պատմական փաստ է, որ լեռնաբնակ հայ աշխատավոր գյուղացիության քաջարի զավակների աննման հաղթական սխրագործություններն էին, որ հնարավորություն տվեցին 11-րդ Կարմիր բանակի զորամասերին վերակազմելու ապստամբներից մեծ կորուստներ կրած իրենց ստորաբաժանումները և ձեռարկելու ադրբեջանական վանդեայի տակավին չլուծարված առանձին փոքր օջախների լիկվիդացիային: Պատմության կարևոր փաստերը անտեսել «բարի» կամ «չար» նպատակներով, կամ թեկուզ հենց փառաբանելու համար «Ադրբեջանական, Հայկական, Վրացական եղբայրական սովետական ռեսպուբլիկաների փառապանծ քառասնամյակը», վայել չէ լուրջ պատմաբանին, այդ հակագիտական, անազնիվ, հակալենինյան գործ է: «Եղբայրությունը» գովիր, ինչքան քեֆ կուզի, թեկուզ այդ «եղբայրությունը» լինի կեղծ, հիմնված «ամենասակավազորի» հաշվին ձեռք բերված կողոպուտի վրա, բայց անտեսել պատմական կարևոր իրողությունները կամ աղավաղել` անվայել է մանավանդ կոմունիստ պատմաբաինի (տե´ս Ա. Ն. Մնացականյան, Ձևոլյուցիան Անդրկովկասում և Ռուսաստանի պատվիրակները, Հայպետհրատ, 1961 թ., էջ 128-138):

Հարություն Թումյան


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ