Գլխավոր » ԴԻՄՈՒՄ
ԴԻՄՈՒՄ
14:49
ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ պրն Ա. Գ. Ավագյանին

Գրիգոր Դանիելյանի գործի շուրջը շատ է խոսվել ու գրվել, թե՛ մամուլի էջերում, թե՛ նրա գործընկերների և ուսանողների գրավոր ու բանավոր բացատրություններում, վկայություններում։ Գործին միջամտել են նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, օրինակ Արցախի աշխատանքի և պատերազմի վետերանների միությունը, Դանիելյանի ծննդավայր գյուղի բնակիչները և այլն։ Ու չնայած այդ ամենին, ինչպես ասում են, «Սայլը տեղից չի շարժվել»։

Բոլորիս համար պարզ է, որ նրա բռնադատվածությունը և աքսորը հեռավոր Չուվաշական հանրապետության խստացված գաղութներից մեկը կանխապես մտածված, կազմակերպված է եղել ԼՂԻՄ ՊԱԿ-ի և պարտոկրատիայի կողմից՝ զուտ քաղաքական մոտիվներով, որը հաստատվում է բազմաթիվ փաստերով։ Դրանցից նշենք մի քանիսը.

1980-ական թթ. քաղաքական իրավիճակը, ինչպես հայտնի է, շատ էր սրված ողջ մարզում, մանավանդ Ստեփանակերտում։ Հեյդար Ալիևի «Ինտերնացիոնալիստական» կարգախոսով թուրքերը մտնում էին Ղարաբաղ, հատկապես Ստեփանակերտ։ Մանկավարժական ինստիտուտը միտումնավոր դարձրել էին կեղծ բարեկամության ճամբար, մինչդեռ ներսում լուռ եռում էր անհամբերության մոլուցքը... Բազմաթիվ «մուալիմներ» ու բազմաթիվ ՊԱԿ-ի գործակալներ վխտում էին ամենուր։ Բոլորս էլ հսկողության տակ էինք, և ահա առաջինը թակարդի մեջ ընկավ ինստիտուտի հոգեբանության դասախոս Գրիգոր Դանիելյանը, որը եկել էր Երևանից ու ամենահամարձակն ու ամենակասկածելին դուրս եկավ։

Նրա հայտնվելը այդ իրավիճակում բոլորի կողմից դիտվեց իբրև «սպիտակ» ագռավ կամ այլմոլորակային, որը եկել էր հատուկ առաջադրանքով։ Մեզ հայտնի էր, որ նրան Ղարաբաղ էր առաքել անվանի գրող Սերո Խանզադյանը՝ հատուկ նպատակով։ Դանիելյանը լսարաններում և թե հասարակական վայրերում բացեիբաց բողոքում էր Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունից։ Հորդորում էր ուսանողներին, որ չփախչեն իրենց հայրենիքից, մինչև կգա օրը...

Այս ամենի պատճառով նրան բանտարկեցին, վարկաբեկեցին և Կովկասից աքսորեցին… Մեզ բոլորիս հայտնի դարձավ, որ նրա դեմ սարքած քրեական մեղադրանքի հիմքում ընկած են նրա քաղաքական հայացքները՝ նացիոնալիզմ, անտիսովետիզմ։ Այս հանգամանքը պարզ է, որ չէր կարող վրիպել ժամանակի իշխանավորների և հատկապես ՊԱԿ-ի հանձնակատարների կողմից։

Բերենք փաստերից մեկը։ Դանիելյանին աքսորելուց հետո մարզային ՊԱԿ-ի նախագահ Դուբրովինը ինստիտուտում ընդլայնված ժողով գումարեց, որտեղ նախ գովաբանեց Հ. Ալիևի «հայրական» հոգատարությունը մարզի նկատմամբ, հատկապես նրա «ինտերնացիոնալիստական» քաղաքականությունը, որի կենդանի վկայությունը համարեց մանկավարժական ինստիտուտում ստեղծված ադրբեջանական բաժինը։ Հետո անցավ Դանիելյանի նացիոնալիստական և հակասովետական հայացքների նետահարմանը։ Հենց այդտեղ մեր ինստիտուտի փիլիսոփայության դասախոս, դոցենտ Նիկոլայ Ավագիմյանը համարձակվեց հարց տալ Դուբրովինին՝ «Մենք ուզում ենք իմանալ՝ Դանիելյանին դուք մեղադրել և աքսորել եք քաղաքակա՞ն մոտիվներով, թե՞ քրեական»։

Դուբրովինը, նախ, Ավագիմյանին մի քանի խեղճացնող, քննչական բնույթի հարցեր տվեց՝ «Ո՞վ ես դու, պարտիակա՞ն ես, թե՞ ոչ, ի՞նչ ես ներկայացնում քեզնից և այլն», ապա ահաբեկիչ տոնով հայտարարեց. «Մենք նրան եթե քաղաքական տայինք սրոկը կարճ կլիներ, մի 2 տարուց ետ կգար ու նորից կփչացներ ուսանողությանը իր նացիոնալիստական հայացքներով, ուստի այնպես ենք արել, որ նրա պատժաչափը շատ երկար լինի, կամ առհասարակ ետ չգա»։ Դուք տեղյա՞կ եք, թե Դանիելյանի պատճառով ինչ կռիվ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի ուսանողների միջև «Պյատատաչոկ» այգում, երբ նա գտնվում էր Շուշիի բանտում։

Այդ արտահայտությունը նա կատարեց կոլեկտիվում, ավելացնելով՝ «Ձեր մեջ էլ կան նմանատիպ մարդիկ, նրանց հերթն էլ կգա»։ Դրան հետևեց ուսանողությանը և որոշ դասախոսների հոգեբանական «տեռորի» ենթարկելու ահաբեկչական գործընթացը, որը տևեց մինչև Ղարաբաղյան շարժման ծնունդը։

Մենք հաստատապես համոզվեցինք, որ Դանիելյանի նկատմամբ կիրառված հաշվեհարդարը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ժամանակի իշխանավորները դա կատարել են ինստիտուտի աշխատողների ազատատենչ մտքերը խեղդելու նպատակով, որը այդպես էլ չհաջողվեց նրանց։

Նշելով այս ամենի մասին, խնդրում ենք նկատի ունենալ Դանիելյանի երկարամյա աշխատանքը, նրա կատարած անուրանալի ծառայությունները ղարաբաղյան շարժմանը և նրա հարցը վերանայել...
Կրկնում ենք՝ նշած և այլ փաստեր ակնհայտորեն ապացուցում են, որ Դանիելյանի նկատմամբ կիրառված հաշվեհարդարը կազմակերպվել է մյուսներիս ազատատենչ հայացքները խեղդելու նպատակով, որը, ինչպես հայտնի է, չհաջողվեց։

Սույն նամակը ստորագրում են Արցախի ներկայիս պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները և կոլեկտիվի այլ անդամներ, որոնք եղել են Դանիելյանի երկարամյա տարիների աշխատանքային ընկերները ու նրան խորությամբ ճանաչողները.

Ստեփան Դադայան (ԱրՊՀ ռեկտոր, պրոֆեսոր), Արզիկ Մխիթարյան (հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր), Սոկրատ Խանյան (գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր), Վահրամ Բալայան (պրոռեկտոր), Լավրենտ Ղալայան (պրոֆեսոր), Վանյա Ավանեսյան (դոկտոր, պրոֆեսոր), Արտեմ Աբրահամյան (պրոռեկտոր, պրոֆեսոր), Անդրեյ Պետրոսյան, Վալերի Միրզոյան (դեկան), Կարեն Արամյան (դեկան), Արամայիս Աղասյան, Անահիտ Աթայան, Վանիկ Աթոյան, Վոլոդյա Մանասյան, Կարեն Ներսիսյան, Գեորգի Ֆարսյան, Ռուդիկ Առաքելյան, Մելանյա Մելիքսեթյան, Արկադի Թովմասյան, Զինաիդա Բալայան, Օֆելյա Բաբայան, Սմբատ Սաղյան, Աղավնիկ Ղազարյան, Նիկոլայ Իսրայելյան, Կամո Բեգլարյան, Սլավիկ Հարությունյան, Ռուդիկ Աղաբեկյան, Արթուր Առուստամյան....

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ