Գլխավոր » ԴՈՒՔ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԳՈՎԱԶԴ ԵՔ ԱՆՈՒՄ...
ԴՈՒՔ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԳՈՎԱԶԴ ԵՔ ԱՆՈՒՄ...
22:58
Պարսիկ իմաստասերն ասում է. «Երբ մարդ լուռ է, դժվար է կռահել՝ նա գոհարավաճա՞ռ է, թե՞ բամբակ գզող»: Իսկ հայերս ունենք ոչ պակաս իմաստուն ասացվածք. «Սանդի մեջ ջուր է ծեծում»։
Այս օրերին Հայաստանում քաղաքական կուսակցությունների համագումարների թեժ մթնոլորտ է, և մրցադաշտը խիստ հագեցած է... Մենք՝ սփյուռքահայերս, մասնակցություն չունենք այս մրցավազքի մեջ, սակայն ինձ նմանները, որ Հայաստանում հարստություն ու բիզնես չունեն, պաշտոն ու դիրք չունեն ու ընտրելու ու ընտրվելու իրավունք չունեն, երբեմն-երբեմն փորձում են, մեր ժողովրդի շահերից ելնելով, իրենց սրտացավ կեցվածքը դրսևորել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Հայաստանում... 

Խոսքս պրն Գ. Ծառուկյանի ու պրն Վ. Օսկանյանի ելույթների մասին է՝ հնչած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համագումարի ընթացքին...
Պրն Ծառուկյանը ասում է. «Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք.«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները հասնում են լրջագույն հաջողությունների՝ կյանքի տարբեր բնագավառներում դառնալով հայտնի դեմքեր, գործիչներ: Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում է մեկ-երկու տարում ոտքի կանգնել...»։

Հարգելի մեծահարուստ պրն Ծառուկյան, այս արտահայտությունը ոչ միայն անորակ բամբակ գզել է, այլ արտագաղթի բացահայտ գովազդ է: Ձեր ասածների մեջ ոչ մեկ իրականություն չկա: Հայաստանից արտագաղթածների մեծ տոկոսը վատ է ապրում: Այդ մարդկանց չվիրավորելու նպատակով չեմ նշում այն նվաստացուցիչ աշխատանքների ցանկը, որով նրանք զբաղվում են Հայաստանից դուրս: Դուք լավ գիտեք, թե Հայաստանից գաղթած հայ կանայք ինչպիսի անպատվաբեր աշխատանքով են զբաղված Թուրքիայում, Արաբական Էմիրաթներում, Իրանում և այլուր: Դուք և Ձեր կուսակցությունն, անշուշտ, տեղյակ եք, թե Կալիֆորնիայի բանտերում քանի հազար հայ կանայք ու տղամարդիկ են բանտարկված՝ գողության, անառակության, թմրադեղերի առ ու վաճառքի մեղադրանքներով, իսկ ժուլիկությամբ զբաղվող կազմակերպված բանդաները «մեծ համբավ» ունեն:

Եվրոպական սոցիալապես առավել բարեկեցիկ երկրներում Հայաստանից գաղթածների՝ նպաստով ապրողների թիվը համեմատվում է սոմալիցիների, թուրքերի ու բանգլադեշցիների հետ: Հայաստանի գաղթականների ծանր հոգեկան ու կարոտախտի տառապանքները գումարելով նշվածի հետ, ամեն մի ազնիվ, պատվախնդիր ու ազգասեր մարդու մոտ խորը ցավ է առաջանում: Պրն Ծառուկյան, այս մարդիկ Ձեր և ձեզ նման օլիգարխների զոհերն են: Դուք և Հայաստանը բռնագրաված Ձեր գործակիցներն են այս դժբախտությունների պատճառը:

Արդար լինելու համար մեջբերեմ Ձեր հետևյալ միտքը. «...Ուստի, մենք մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր՝ ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում»:
Գովելի ցանկություն է: Իսկ քսան տարի շարունակ ինչո՞վ էիք զբաղված (ընթերցողը կասի՝ թալանով): Դուք՝ Հայաստան երկիրը շահագործող օլիգարխներդ, աշխարհի առաջին ու վերջին կեղեքիչները չեք, դուք համաշխարհային դրամատիրական անարդար համակարգի մեկ օղակն եք... 
Իսկ նոր բարգավաճած նախկին արտգործ նախարարը (ՆԱՆ)՝ պրն Վարդան Օսկանյանը ասում է. «Մայիսի 6-ին մենք ընտրելու ենք Հայաստանի նոր խորհրդարանը: Դա սոսկ խորհրդարանական ընտրություն չէ, դա Հայաստանի ապագայի ընտրությունն է...»։

Ոչ ավել, ոչ պակաս՝ «Հայաստանի ապագայի ընտրությունն է»: Աստծո սիրույն, մի՛ վախեցրեք, ի՞նչ եք պատրաստվում անել: Հայ ժողովուրդը Ձեր աշխատանքի թղթապանակին լավ ծանոթ է... Պրն Օսկանյանը շարունակում է. «Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 871 հազար մարդ: Այսինքն՝ մենք իջել ենք 3 միլիոնի հոգեբանական շեմից, և այլևս չենք կարող ասել, որ 3-միլիոնանոց երկիր ենք, որովհետև չենք: Ակնհայտ է, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյա-հոգեբանական իրավիճակը կտրուկ չփոխվի, ոչ հեռու ապագայում մենք արդեն հատած կլինենք 2,5 միլիոնի շեմը»:

Ինչպիսի՜ դառն իրողություն ու ցավալի ինքնախարազանում: Պրն ՆԱՆ, Ձեր իշխանության տարիներին ինչքա՞ն մարդ է արտագաղթել Հայաստանից և ինչու՞... Իմ հարցի պատասխանն արդեն դուք տվել եք. «Գնում են, որովհետև կորցրել են հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ: Գնում են անարդարությունների պատճառով: Գնում են, որովհետև չեն վստահում: Գնում են, որովհետև չեն կարողանում հանապազօրյա հացը վաստակել»:
Գովելի է Ձեր համարձակությունը, այսպես հստակ պատասխանելու համար: Խնդրում եմ նույն համարձակությամբ պատասխանեք. Մարտի 1-ի ոճրագործությունից հետո քանի՞ հազար մարդ է լքել Հայաստանը: Դուք այդ ժամանակ երկրի արտգործնախարարն էիք և մեղսակից եք...

Դուք ասում եք. «Բարգավաճ Հայաստանն» իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը:
Պրն Օսականյան, մեր ժողովուրդը կյանքի փորձ ունի, երկրում տիրող դասակարգային կեղեքիչ տնտեսական համակարգում ձեր ասածները անհնարին է, անհամատեղելի ազատ շուկայական կապիտալիստական հարաբերություններում: Ձեր կուսակցապետը, նրա օլիգարխիկ ընկերներն ու կաշառակերության ու օրինազանցության մեջ հմտացած իշխանությունները, այդ թույլ չեն տալու:

Կապիտալիստական շահագործող սիստեմը ամբողջ աշխարհում սնանկանում է... Երկրագնդի կեսից ավելին, միլիարդավոր մարդիկ ապրում են աղքատության, անգրագիտության, գործազրկության, հիվանդությունների ու սոցիալական անապահովության ծայրահեղ վիճակում: Այս բոլորը դրամատիրական համակարգի դիկտատուրայի անարդար էության արգասիքներն են... Այս համակարգը Հայաստանում հրաշք գործել չի կարող...
Հարգելի նախկին սփյուռքահայ, Ձեր խոսքերի մեջ ժողովրդի ու երկրի առաջ ծառացած հարցերին ոչ մեկ գիտա-տնտեսական մոտեցում չկա... Հայաստանին ու մեր ժողովրդին կփրկի միայն տնտեսական համակարգային փոփոխությունը, որտեղ դուք «բարգավաճելու» և գիշատիչ «արծիվները» մեր ժողովրդի գլխին ճախրելու հնարավորություն չեն ունենալու*:

ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
The Royal Institute of Technology, Stockholm
HETQ.am
-----------------------------------------------
*Տպագրվում է կրճատումներով

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ