Գլխավոր » «ԵՂԻՐ ՀԵԶ, ԲԱՆՈՂ ԵԶ...»
«ԵՂԻՐ ՀԵԶ, ԲԱՆՈՂ ԵԶ...»
22:17
Իր դրությամբ գոհ ստրուկը կրկնակի ստրուկ է,
քանի որ ոչ միայն նրա մարմինն է
ստրկության մեջ, այլև հոգին:
Է. Բերկ

«Անասուն. սպասավորների ու ստրուկների փիլիսոփայությունը». այսպիսի վերնագրով մի հոդված գտա ինտերնետում, որի բովանդակության պարզ շարադրանքը հնարավորություն է տալիս ռուսական իրականության մեջ տեղի ունեցող որոշ երևույթներ հասկանալ: Այս մոտեցումը նաև կօգնի բացատրել մեր հասարակությանը հարիր մտածելակերպը: Այսպես, Վիկտոր անունով բլոգերը ժամանակակից ստրուկին՝ շղթաներ չկրող, համեմատում է «Աֆոնյա» ֆիլմի համանուն հերոսի հետ. ֆիլմում, երբ Աֆոնյայի աշակերտը նետվում է ոռոգման ծորակը փակելու, Աֆոնյան նրան կանգնեցնում է. «Սա մեր տարածքը չէ»: Սա տիպիկ ստրկային մենթալիտետ է՝ իշխանական ունեցվածքը չարժե ափսոսալ:

Հիմա անցում կատարենք մեր օրեր և գտնենք մեր «աֆոնյաներին»: Տարեց մարդկանց բերանից շատ եմ լսել «հոքմյաթին պիտի խաբիս» արտահայտությունը, որով այսօր ևս առաջնորդվում են շատերը. պետությանը խաբում են, պետությունը թալանում են: Կարծում եմ՝ սրա բացատրություններից մեկն այն է, որ այսօր էլ «պետություն» հասկացությունն ընկալվում է որպես «պարոն», իսկ ավելի ճիշտ՝ նրա գլուխ կանգնածներին ընդունում ենք որպես «պարոն»: Բայց իրականում պետության գլուխ կանգնածներին չենք խաբում, այլ հենց պետությանը՝ ինքներս մեզ: Քանի մենք դեռ ապրում ենք պետությանը խաբելով, դժվար թե մոտակա ժամանակներս ունենանք պատշաճ պետական մտածողություն: Պետական մտածողության ամենառաջին սկզբունքն ընդհանուրի շահի գերակա և առաջնային լինելն է սեփականի հանդեպ:

Բլոգերն իր միտքը շարունակելով՝ բացատրում է, թե ինչու են մարդիկ աղտոտում փողոցներն ու ապականում բնությունը: Սա նույնպես կապում է ստրկամտության հետ, քանզի, ինչպես վերևում ասվեց, ստրուկին է բնորոշ չխնայել, չափսոսալ ուրիշի ունեցվածքը, որովհետև փողոցն ու անտառն, իր կարծիքով, իրեն չեն պատկանում: Շատ կլինեք լսած՝ «Սրա համար հատուկ նախատեսված մարդիկ կան»: Օրինակ, հազարավոր մարդիկ են վերուվար անում կենտրոնական փողոցով, բոլորն էլ տեսնում են բաց «լյուկն» ու մտածում. «Վա՜յ, ինչ-որ մեկը կարող է գիշերը հայտնվել լյուկի մեջ…», բայց միաժամանակ իրենց արդարացնում. «Դե, սրա համար հատուկ նախատեսված մարդիկ կան...»։ Մինչդեռ այնքան էլ դժվար չէ այն հրելով փակել: Նրանց ենթագիտակցության մեջ կամ մտածելակերպում «սրա համար նախատեսված մարդիկ» իր նման ստրուկներ են: Նույնպես տիպիկ ստրկային վերաբերմունք է՝ ստրուկը ստրուկի վրա թքած ունի: Ստրուկը ստրուկի վրա թքած ունի կամ էլ չարախնդություն է տածում իր նմանի նկատմամբ:

Սրա կենդանի օրինակը գտնելու համար պետք չէ հեռու գնալ, վերցրեք մեր ցանկացած պետական հիմնարկներից մեկի միջին օղակի չինովնիկին, և կտեսնեք, թե որքան փոխադարձ նախանձ կա հավասար դիրք գրավող մարդկանց միջև... Երբ պատրաստվում էի Աջափնյակում փախստականներին տրամադրված տների մասին հոդված գրել (իսկ ուզում էի շատ ավելի մանրամասնորեն գրել), միջին օղակի մի պաշտոնյա խորհուրդ տվեց. «Քո ի՞նչ գործն է, թող նրանք գնան նախագահին բողոքեն»:

Այս իրավիճակը ծանոթ կլինի շատերին. օրինակ, համոզված եմ, շատերի հետ է պատահել, երբ որևէ մի կտոր թղթի համար ժամերով ապարդյուն սպասել են քաղաքապետարանի որևէ բաժնի առաջ և գումարած դրան՝ վերջում ստացել գյադայական պատասխան: Նման վարվելակերպը բլոգերն անվանում է սպասավորի (լակեյի) պահվածք, քանի որ լակեյն երեկվա ստրուկն է, որն ի տարբերություն ստրուկի, կրում է կոճակներով ոսկեկար շքազգեստ ու կանգնում պարոնի դռան առաջ, որին ատում է, չնայած նրա համար աշխատում է չարքաշ անասունի պես: Միևնույն ժամանակ, նա երազում է լինել պարոն, այդ իսկ պատճառով արհամարհում է ստրուկներին, դրանով ասես իր գինը բարձրացնելով:
Հնում երբ գալիս էին պարոնի մոտ, հաճախ լակեյը, կանգնելով դռան առաջ, հպարտորեն ասում էր՝ պարոնը քնած է: Իրականում պարոնը քնած չէր լինում, նման վարվելակերպով լակեյը հոգու բավարարվածություն է զգում, մի պահ երանության մեջ կարծում է, թե պարոն է, կարծում է, թե իրեն հաջողվել է ներկայանալ մարդկանց որպես իր համար բաղձալի պարոն:

Երբ հնում ճորտը դառնում էր լակեյ, որոշակի իշխանություն էր ձեռք բերում և պատեհ դեպքում իր խղճուկ իշխանությունն օգտագործում էր ճորտի դեմ: Բացի դրանից, ճորտը ճիշտ գործել չի կարող, ճորտը ինքնուրույն գործել չի կարող, նրան ճիշտ ճանապարհ կարող է ցույց տալ միմիայն պարոնի հրամանը, որն ի կատար չածվելու դեպքում իրոք պատժի է արժանանալու: Պատիժն ու պատժի նկատմամբ անասնական վախն է ճորտին զգաստացնում:

Մի քանի ամիս առաջ «Կարմիր խաչի» գրասենյակի մոտ մեծ քանակությամբ աղբ էր կուտակված, բայց հենց որ կախեցին «Տուգանք՝ 40 000 դրամ» ցուցանակը, այդ հատվածը սկսեց փայլել ինչպես երբևիցե: Պատժողը միշտ ճորտի կողմից ավելի շատ է հարգվում, քան իսկական հարգալից վերաբերմունք ցույց տվողը: Նման երևույթները ցայտուն կերպով արտահայտված են բանակում, որտեղ առաջնորդվում են՝ «պատժողի խոսքը քաղցր է լինում» կարգախոսով: Ստրուկն ատում է պարոնին, բայց երազում է հայտնվել նրա տեղը: Լակեյը նույնպես ատում է պարոնին, նույնպես ուզում է հայտնվել նրա տեղը, բայց արհամարհում է ստրուկներին և սաստիկ վախենում է կրկին հայտնվել ստրուկի դերում:

Մեր հասարակության մեծ մասը բաղկացած է ստրուկներից ու լակեյներից: Ստրուկները բողոքում են իրենց վիճակից, բայց ստրուկ են, չէ՞, դրա համար էլ վախենում են այդ մասին արտահատվել: Մերօրյա լակեյը նյութապես ապահովված է, նրա գործը ստրուկների բերանը փակելն է ու պարոններին մեծարելը: Նրանց նմանները տեղ են զբաղեցնում տարբեր հիմնարկներում՝ քաղաքապետարանում, հարկային ծառայությունում, համալսարաններում, բուժհիմնարկներում, նախարարություններում և այլուր:

Այս մարդկանց թվին կարելի է դասել այսօրվա մեր «մտավորականությանը»՝ պահապան շներին: Վերջին տարիներին շատ արվեստագետներ բեմից ելույթ ունեցան, շատերի հոբելյանը շքեղ նշեցին, բայց միայն Ռուբեն Հախվերդյանի բերանից ըմբոստ ու ճշմարտությանը մոտ խոսք լսեցինք: «Եղիր հեզ, բանող եզ»,- ասվում է նրա երգերից մեկում... Ի դեպ, նման «մտավորականության» պես գործող մամուլը լրագրության մեջ հենց այդպես էլ կոչվում է՝ պահապան շների դեր կատարող մամուլ: Մեր մամուլն էլ է կատարում պահապան շների դեր, բայց ավելի «ազնվացեղ» շան դեր, քան, ասենք, «Հայլուրը»: Իսկ նրանք իրենց ներուժն օգտագործելով կարող են հանրության մեջ պատշաճ պետական մտածողություն ձևավորել, բայց, ըստ ամենայնի, դեռ վերևներից նման հրահանգ չեն ստացել: Տարբերությունը լակեյ պահապան շների ու սովորական պահապան շների միջև այն է, որ վերջիններս, անկախ ամեն ինչից, հավատարիմ են մնում տերերին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ