Գլխավոր » ԵՐԲ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՈՅԱԼՔՎԵԼ ԵՐԿՐԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ
ԵՐԲ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՈՅԱԼՔՎԵԼ ԵՐԿՐԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ
09:53
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին։ Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտե. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը ոտնատակ անում կամ երեկվա սրբություններին ամբոխային կուրությամբ այսօր ոչնչացնում։ Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքն հավերժացնողը։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի հանդուրժում ստրուկի շղթաները։
Գարեգին Նժդեհ
 
Դժվեր է գրիչ վերցնել մեր օրերում, երբ իշխում են նորին մեծություն սուտն ու ցինիզմը, երբ շատերի համար կեղծիքը կենսակերպ է դարձել և մտավորականության մի զգալի մասն առաջնորդվում է «որտեղ հաց՝ այնտեղ ծռիր վիզդ, վաճառիր խիղճդ և փոխիր դիմակդ» սկզբունքով։ Ծանր է տեսնել արժանին մուրացիկի վիճակում, իսկ անարժան ոչնչությունը՝ վայելքներից հղփացած,- իր ապրած ժամանակաշրջանը բնութագրել է Շեքսպիրը։ Հարյուրամյակներ են անցել՝ ոչինչ չի փոխվել։
 
Երկիրն իր մտավորականի հոգսը պիտի քաշի, որպեսզի վերջինս չբարոյալքվի՝ խայտառակելով այդ բարձր կոչումը։ Կենսոլորտն այնքան է ապականված, որ թվում է անիմաստ է բարոյականության և մյուս արժեքների մասին խոսելը։ Բայց միաժամանակ՝ «դավաճան է նա, ով լռում է դեռ»։ Մենք նրա համար չանկախացանք, որ աղքատանանք։ Չհաղթեցինք, որ պարտվենք։ Արյամբ ազատություն նվաճեցինք ոչ թե կործանվելու, այլ բարգավաճելու համար։
 
Անմտություն է ինքնախաբեության ապավինելը։ Քանի գունավոր ակնոց էլ փոխենք, փորձելով լավատես լինել, չենք կարող աչք փակել անթույլատրելի չափերի հասած սոցիալական բևեռացման, բարոյազուրկ մտավորականի ազգակործան կենսակերպի, բարձրագույն կրթօջախը շուկայի հետ շփոթող դասախոսի, դիպլոմներ վաճառող մասնավոր բուհերի, արվեստը արհեստի վերածած, գրականություն թխող գրչակների, ժողովրդի անունից ու հոգսերից շարունակ ճառող ապազգային տարրերի և հազարումի այլ այլանդակությունների հանդեպ։
 
Աններելի է զգուշավորությունը, կրկնակի աններելի մորթապաշտությունը, երբ խոսքը վերաբերում է երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին։ Կրթական դաշտն այսօր կամ երեկ չի ապականվել, դեռևս խորհրդային ժամանակներում նախապես կազմում էին ցուցակները և գրպանվում «մուտքի» գումարները։ Մինչև ընդունելության քննություններն արդեն հայտնի էին, թե ովքեր պետք է ընդունվեն։ Այս առևտուրը շարունակվում է նաև այսօր։ Փառք Աստծո, որ այս տարվա ընդունելության քննություններում բացառվելու է մարդկային գործոնը։ Հուսանք, որ անգրագետը բուհ չի խցկի և խեղճ գյուղացին առևտրական դասախոսի թակարդը չի ընկնի՝ վերջին կովը մորթելով՝ միայն թե երեխան դիպլոմ ունենա։
 
«Բուհում է կերտվում երկրի ապագան» հայտնի ճշմարտությունը այսօր առավել, քան երբեք, կարևոր է մեր երկրի համար։ Իրոք՝ կադրերն են որոշում երկրի առաջընթացը։ Մարտնչող տգիտությունը խցկվում է ամենուր, պատեհապաշտ միջակությունը տիրանում պաշտոնական աթոռներին։ Առողջ բնազդը պահանջում է միաբանվել՝ ընդդեմ արտաքին թշնամու։ Բայց ինչպե՞ս կարող են նույն շահերն ունենալ և համախոհներ դառնալ գայլն ու գառը, ազգի տիտղոսավոր, հղփացած տականքն ու անապահով արժանավորը։ Մենք աշխարհից արդարություն ենք պահանջում, բայց ինքներս ներքին կյանքում առաջնորդվում անարդարություններով։ Այսօր մենք աշխարհի ուշադրության կենտրոնում ենք՝ լուծման սպասվող մեր խնդրով, և մեր հանցավոր սխալների համար չեն ների մեզ։ Այսօր լռությունն այլևս ոսկի չէ։
 
ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ