Գլխավոր » ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ, ՆՐԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ
ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ, ՆՐԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ
21:40

Արցախում, ռազմաճակատի առաջին գծում թուրք-ադրբեջանական դիպուկահարների կողմից միայն վերջին օրերին երեք հայ զինծառայողի սպանության, ևս մեկ զինվորականի վիրավորելու ելուզակությանը անպայման պետք է հակադարձել։ Վստահ ենք, որ մեր շատ հայրենակիցներ համակարծիք կլինեն այդ տարբերակին։

Հակադարձել ասելով՝ ամենևին նկատի չունենք պետական կառույցների կամ քաղաքական ուժերի հայտարարությամբ հանդես գալը կամ միջազգային հանրությունից, Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջելը, որ համապատասխան գնահատական տան կոնկրետ ադրբեջանական իշխանությունների անմիջական հրամանով իրականացվող նախահարձակ և ստոր գործողություններին։ Դրանք քայլեր են, որ ինքնըստինքյան պետք է կատարվեն։

Հակադարձել ասելով՝ մենք բնականաբար նկատի ունենք ադրբեջանական զինուժի դեմ կոնկրետ «հատուցման ակտ» կամ «պատժիչ գործողություն» իրականացնելը։ Այնպիսի գործողություն, որով թշնամին մարդուժի առնվազն տասնապատիկ կորուստ կունենա, որքան շատ, այնքան՝ լավ։

Հայտնի բան է. երբ թշնամին չի հանձնվում, մեր պարագայում՝ չի հանդարտվում, նրան ուղղակի ոչնչացնում են։ Ի լրումն դրա, մեր պատմությունն ու հենց Արցախի ազատամարտը, Հայաստանի սահմանների ինքնապաշտպանության ընթացքը ապացուցել է այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը հասկանում է միայն ուժի «լեզուն»։

Սա զգացմունքների արտահայտման կամ զգացմունքային ընկալման խնդիր չէ։ Հակառակը, այս հարցում հնարավորինս պետք է զսպել զգացմունքները և պատասխան պատժիչ գործողությունների դիմել, ինչպես ասվում է՝ հակառակորդին պարտադրելով հետագա խաղաղ վարքագիծ։ Ընդհանրապես սա ոչ այնքան հրապարակավ խոսելու, որքան գործելու և կատարված փաստի առաջ կանգնեցնելու խնդիր է։

Ինչպե՞ս է վարվում, օրինակ, Իսրայելը։ Սպանվե՞լ է մեկ հրեա զինվոր կամ թեկուզ քաղաքացիական անձ, պատասխան հարվածը երբեք չի ուշանում։ Մենք էլ պետք է նույն կերպ վարվենք։ Իսկ եթե զանազան միջնորդները, եահկ-մեահկները շա՛տ են ուզում վերականգնել անդորրը, ապա թող գնան ալիևներին համոզեն։
Անշուշտ առաջին անգամ չէ, որ ռազմաճակատի գծում (հենց ռազմաճակատի գծում, այլ ոչ թե՝ «շփման», ինչպես հաճախ ասվում է) հայ զինվորականներ են զոհվում՝ թշնամու նախահարձակ՝ դիվերսիոն գործողությունների կամ դիպուկահարների կրակոցների հետևանքով։ Բայց այլևս բավական է։ Եվ հենց նախորդ դեպքերում, ինչ-որ տեղ նաև բանակցային գործընթացը չվտանգելու, զինադադարի հարաբերական ու առանց այն էլ փխրուն վիճակին հավելյալ լարվածություն չհաղորդելու գիտակցումից և մոտեցումից բխող մեր զուսպ կեցվածքն է նաև, որ նորանոր զոհերի պատճառ է դառնում։

Տեսեք. Մինսկի խմբի համանախագահները, միջնորդները հակամարտության կողմերին դիմեցին դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու հորդորով։ Հայաստանի և Արցախի պետական ու զինվորական ղեկավարությունը պաշտոնապես իր համաձայնությունն ու նման քայլ կատարելու պատրաստակամությունը հայտնեց։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկ-հորդորը։
Ավելին՝ վերջերս դիպուկահարների պատրաստման կենտրոն բացվեց Ադրբեջանում, անմիջականորեն Ալիևի մասնակցությամբ ու հակահայ, ֆաշիստական հայտարարությունների հերթական ժայթքումով հանդերձ։

Հարց. նույն այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, միջնորդները քանի՞ անգամ են դատապարտել Ադրբեջանի, այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները։ Պատասխանն ակնհայտ է. ո՛չ մի անգամ։ Ո՛չ մի։

Հարգված և մեծ հեղինակություն վայելող գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը Panorama.am կայքի թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունը ահաբեկչություն է, և եթե նրանք մտածում են, որ հայերն իրենց գործողություններից երկնչելու են, չարաչար սխալվում են... Հայկական կողմը կազմ ու պատրաստ է դիմակայելու ցանկացած ագրեսիայի, մեր զորքերի մարտունակությունը, ի տարբերություն մեծ-մեծ խոսող մեր հարևանի, բարձր մակարդակի վրա է, մեր դիրքերի ռազմավարական դիրքն առավել բարենպաստ է, և մենք ցանկացած դեպքում կճզմենք ցանկացած հակառակորդի, որը փորձ կկատարի ապօրինաբար հատել մեր սահմանը: Մեզ համար ցավալի են մարդկային զոհերը, սակայն ավելի լավ կլինի, որ մեզ չդրդեն ոչնչացնել ողջ շփման գծում տեղակայված այդ դիպուկահարներին»:

Գեներալ-գնդապետի հեղինակության ու վաստակի առջև խոնարհվելով՝ այնուհանդերձ նկատենք, որ վերջին ելուզակություններով «մեզ արդեն դրդել են»՝ ոչնչացնելու դիպուկահարներին և ոչ միայն դրանց։ Իհարկե արհեստավարժ զինվորականների որոշելու հարցն է՝ ի՛նչ, ինչպես, որտեղ և ե՛րբ անել։ Բայց, կարծում ենք, «ե՛րբ»-ը վաղուց է հասունացել։

Ի վերջո, մենք պետք է ընդունենք ակնհայտ իրողությունները. առնվազն Արևելքից և Արևմուտքից շրջապատված ենք մեզ և մեր պետությունը ոչնչացնելու նպատակ և ծրագիր ունեցող «հարևաններով»՝ Ադրբեջան, Թուրքիա։ Դրանցից առնվազն Ադրբեջանում պետականորեն հայատյացություն է քարոզվում բոլոր մակարդակներով։ Այնպես որ այնտեղ արդեն հասակ է առել մի սերունդ, որը մեծացել է այդ թույնով ներարկված, դաստիարակված ադրբեջանական «պատմության» հորինվածքներով։

Մենք այլ ելք, քան զենքի ուժով մեր ապրելու իրավունքը պաշտպանելն է, չունենք։ «Այլ ելք»-ը Հայաստանը կորցնելն է։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ