Գլխավոր » «ԵԹԵ ՏԵՍՆԵՆ, ԹԵ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ»…
«ԵԹԵ ՏԵՍՆԵՆ, ԹԵ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ»…
12:45
Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը հետևի Իսրայելի օրինակին և զինծառայությունը պարտադիր դառնա նաև կանանց համար,- այս հարցը հաճախ է ծագում բանակի խնդիրների վերաբերյալ ամենատարբեր քննարկումների ժամանակ: Շատերը համարում են, որ բանակում կանանց ներկայությունը թույլ կտա խուսափելու տհաճ միջադեպերից, արատավոր երևույթներից, որոնք այսօր, ցավոք, առկա են և հաճախ ողբերգական ավարտ են ունենում: Մյուսները կտրականապես դեմ են, որ կանայք ծառայեն՝ մշակութային-հոգեբանական նկատառումներից ելնելով: Դրա հետ մեկտեղ կա տեսակետ, որ կանանց՝ ծառայության անցնելու դեպքում, կբարձրանա նաև վերջիններիս կարգավիճակը հասարակության մեջ: Մենք փորձեցին զրուցել այս հարցադրումների շուրջ փորձագետների հետ:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ բանակը նաև կանանց անհրաժեշտությունն է զգում, սակայն այս բնագավառում յուրաքանչյուր նոր քայլ պետք է զգուշորեն անել:

«Ողջունելի է աղջիկների ներկայությունը բանակում: Տարիների ընթացքում հայկական բանակում կանանց ներգրավվածությունը մեծացել է: Այսօր զորամասերում կտեսնենք ոչ միայն բուժքույրերի, այլև կին դիպուկահարների, դիվերսանտների: Դուք տեսաք կին զինվորների նաև անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ: Սա փաստում է, որ պետությունը ողջունում է կանանց ներգրավվածությունը բանակում: Սակայն, փոփոխությունները այս ուղղությամբ պետք է աստիճանաբար անել՝ կամաց-կամաց: Եթե թեկուզ այսօրվա տեմպերով կանայք շարունակեն ծառայել հայրենիքին, ապա մի օր կհասնեք նաև պարտադիր զորակոչին»:
Ռազմական փորձագետը կանանց ներգրավվածությունը բանակում ողջունում է ոչ միայն զինված ուժերի թիվը ավելացնելու առումով, այլև այն դրական ազդեցությամբ, որ կանայք կունենան զորամասերում:

«Կանայք բանակի մթնոլորտը դեպի դրականը կփոխեն: Սա ամենակարևորն է»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ կանայք կփոխեն բանակի բարոյահոգեբանական պատկերը և իրենց ներկայությամբ կկարողանան ստիպել տղաներին ավելի լավ ծառայել: «Եթե տեսնեն, թե աղջիկներն ինչպես են ծառայում, ապա տղայական պատիվն ու արժանապատվությունը կխոսի և նրանք է՛լ ավելի դրական կտրամադրվեն ծառայությանը»,- հավաստիացնում է նա:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը դեմ չէ բանակում կանանց ծառայությանը, սակայն դեմ է, որ ծառայությունը լինի պարտադիր: Պարտադիր և պայմանագրային զինծառայության արդյունքում հայոց բանակը թվաքանակի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այսօր էլ չունի, հետևաբար հայ աղջիկները բանակում պարտադիր ծառայության անցնելու որևէ պատճառ չկա:

«Հայաստանում կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա կամավոր հիմունքների վրա է և որոշակի պայմանների լրացման դեպքում: Ես դեմ չեմ, որ բանակում կանանց թիվն աճի, բայց դեմ եմ, որ դա լինի պարտադիր: Մենք չունենք Իսրայելի պես մոտեցում, որ կանայք պետք է պարտադիր ծառայություն կրեն: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև մեր ազգի նկարագիրը, որտեղ կինը ընտանիքի պահապանն է, հոգատար կին և մայր»,- ասում է նա։
Նա միամտություն է անվանում տեսակետը, որ միայն կանանց քիչ ներկայությամբ է պատճառաբանվում բանակում առկա բացասական իրավիճակն ու արատավոր երևույթները: «Նախ և առաջ բանակում պետք է օրենքները գործեն, պետք է կարգապահական կանոնագիրք լինի, այլապես, կանայք շատ կլինեն, թե քիչ՝ ոչինչ չի փոխի: Էական որևէ փոփոխություն զորամասերում չի լինի կանանց ներկայությամբ պայմանավորված, եթե բանակում օրենքները չգործեն»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը նույնպես դրական է գնահատում, որ աղջիկները ցանկություն են հայտնում ծառայել հայոց բանակում: Նա հավելում է, որ խտրականություն չկա և ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է ծառայել բանակում, պարզապես նրանք հիմնականում չեն ընդունվում մարտական ծառայությունների՝ կապված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:
«Զորամասերում այսօր ծառայում են մեծ թվով կանայք: Նրանք հիմնականում բուժծառայողներ են, պաշտպանության նախարարության և զորամասերի գործավարներ, կապի ոլորտում են աշխատում կամ ճաշարաններում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
womennet.am

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ