Գլխավոր » ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ...
ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ...
21:09
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայկական, ռուսական և արևմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության կամ անհավանականության վերաբերյալ նյութերով։ Ոմանք փորձում են ապացուցել, թե Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի՝ հայերի դեմ, վկայակոչում են այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն և Ադրբեջանի նախագահի ու ամենատարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել, որ Ալիևը երբեք պատերազմ չի սկսի, Արևմուտքը դա թույլ չի տա և այլն։

Վաղը պատերազմ կսկսվի, թե ոչ՝ դա հստակ չեն կարող ասել ոչ մեր կամ արևմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ոչ էլ աշխարհի լրատվամիջոցները։ Փաստն այն է միայն, որ Ալիև երկրորդն իր երկրում մեծ քանակությամբ զենք է կուտակում, և այդ երկրի ռազմական բյուջեն անընդհատ աճում է։ Հակառակորդն իրո՞ք պատերազմի է պատրաստվում, թե՞ պարզապես ժամանակակից զինտեխնիկայի հավաքածու է պահում ու պարապ-սարապ հոխորտում պատերազմ սկսելու մասին՝ դժվար է ասել։ Այդ հարցի պատասխանը գիտե միայն Ադրբեջանի ղեկավարը և թաքուն կամ օրը ցերեկով նրան սատարող հզոր երկրներից մեկը (կամ մի քանիսը)։ Սակայն հանրահայտ մի արտահայտություն կա՝ «Եթե պատից հրացան է կախված, ապա այն մի անգամ կրակելու է»։ Մի այլ հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։

Վաղն Ադրբեջանի ֆյուրերն իրո՞ք ռազմական արշավ է ձեռնարկելու Արցախի դեմ, թե՞ ոչ, դա, հնարավոր է, անձամբ չմտահոգի շարքային արցախցուն, եթե նա հստակ իմանա, որ իր երկիրը հնարավոր ու անհնարին ամեն ինչ արել ու անում է, որպեսզի պաշտպանված լինի հակառակորդի ամեն կարգի ոտնձգությունից։ Եթե մարդ նախապես պաշտպանված է ու պատրաստ է դիմագրավել ցանկացած հարձակում, ապա հնարավոր չէ նրան հաղթել։
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից 17 տարի հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված են զգում Արցախի շարքային քաղաքացիները, ասենք, մեր հանրապետության ամենախոշոր բնակավայրում՝ Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Տարբեր քաղաքագետներ, ռազմագետներ ու այլ մասնագետներ հաճախ են ակնարկել, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն։ Մարդիկ են աշխատում այնտեղ, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենաբազմահազարանոց քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։
Արցախի մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «խրուշչովկաները», խորհրդային նախկին առաջնորդի ժամանակներում կառուցված շենքեր, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայր։

Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը...

Ենթադրենք հակառակորդը կարողանում է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։ Տարրական ինքնապաշտպանական այս հարցերի մասին որևէ պաշտոնյա մտածե՞լ է երբևէ, որևէ խորհրդական այս մասին երբևէ հիշեցրե՞լ է իր տիրոջը։
Փոխարենը՝ արդեն ավանդույթ է դարձել շենքերին նոր մասնավոր շինություններ կցելը։ Խնդիրը միայն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը։

Մյուս կողմից, Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում։ Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն և ամուր շենքերն են քանդում ու տեղը մի նոր «առևտրի կենտրոն» կամ նման այլ անհեթեթություն կառուցում։ Աղքատ կոչվող մեր երկրի մայրաքաղաքի կենտրոնն աջ ու ձախ պատում են մարմարե սալիկներով։ Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի։ Մարդիկ մինչև անգամ կատակում են՝ շուտով շենքերի տանիքներն էլ են սալիկապատելու...

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Թե՞ «մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է» կարգախոսը վահանի պես բռնած՝ հետ ենք անդրադարձնելու մեր ուղղությամբ արձակած բոլոր հրթիռները, ականներն ու ռումբերը... Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։ Սա է ճշմարտությունը, մնացյալը դատարկ խոսքեր են, ինքնահանգստացման և ցանկալին ճշմարտության տեղ ընդունելու խաղեր։

Շարունակ մեր մտապատկերում «Ծովից ծով Հայաստանն» է։ Այն արդեն քրոնիկական հիվանդություն է դարձել։ Այն աստիճան, որ այսօր էլ ձայներ են հնչում Կարսն ու Մուշը, Վանն ու Սասունն ազատագրելու մասին։ Փոխանակ եղածը պահելու մասին մտածենք և խորհենք, թե ինչպես և ինչու Մեծ եղեռն եղավ։ Արդյո՞ք միայն թուրքն է ամենամեծ մեղավորը։

«Եթե վաղը պատերազմ լինի... Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում»,- մեզանում մոտավորապես այսպես են մտածում խոշորագույն չինովնիկից մինչև շարքային քաղաքացին։ 4-5 հազարամյակ շարունակ դասեր չենք քաղել մեր սխալներից։ Անցյալ դարի ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանը գրել է. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝ խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

Եվ, մի վերջին հարց էլ։ Արդյո՞ք և իրո՞ք սա մեր երկիրն է, թե ընդամենը մի ցատկահարթակ է, որտեղից պիտի թռնենք ռուսաստաններ ու ամերիկաներ և այնտեղից ողբանք մեր կորուսյալ Հայրենիքի համար ու աշխարհից պահանջենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականից մինչև Սումգայիթ ու այսօր...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ