Գլխավոր » Եվ նա ասուպի պես փայլատակեց ու գնաց
Եվ նա ասուպի պես փայլատակեց ու գնաց
13:20

 

Հուլիսի 17-ը կրտսեր քրոջս՝ շնորհալի լրագրող Նվարդ Օհանջանյանի ծննդյան օրն էր։ Արդեն 7-րդ տարին է, սակայն, որ Նվարդի ծննդյան օրը նշելու ենք նրա բացակայությամբ։ Այս տողերը գրել եմ քրոջս «Ամանորի նվերներ» գրքի վերջաբանում.

 

Նվարդի գիրքը՝ առաջին և, մեղա աստված, վերջին գիրքը, տպագրվել է հետմահու։ Հայրս չտեսավ իր լավագույն երկերի լույսընծայումը. նրա անտիպ 8 գրքերը տպագրվեցին միայն մահից հետո։ Վերջին գիրքը, ի դեպ, իր ձեռքով խմբագրել ու սրբագրել էր Նվարդը։ Երբ ազդօրինակը բերեցի, արդեն գամված էր անկողնուն... Ո՜վ գիտե, այդ պահին գուցե թե նա երազում էր, որ գեղեցիկ մի օր ինքը տպագրված է տեսնելու և իր քնքույշ մատներով բացելու է իր, սեփական գիրքը։ Մայրիկին ասել էր, որ այն պատրաստ է, մի քանի հետաքրքիր թեմա էլ ունի, մնում է պարզապես թղթին հանձնել և մտածել... հովանավոր գտնելու մասին...

 

Բայց, ավա՜ղ, նա այլևս չհասցրեց գրիչ վերցնել, և այդպես էլ չհասցրեց տպագրված տեսնել իր անդրանիկ գիրքը։ Եվ դարձյալ մեր օջախում գիրք է տպագրվում հետմահու՝ հեղինակի, գրողի մահից հետո...

 

Եվ դարձյալ մեր օջախում մի լուսատու հանգավ անժամանակ, ցավալիորեն անսպասելի՝ անկատար իր երազների թևատված փշուրները թողնելով որպես հուշ... Լուսատու, որ լույս էր սփռում ոչ միայն մեր օջախի վրա. նրան սիրում ու հարգում էին շատ-շատերը, մոտիկ թե հեռու, ծանոթ թե նրան միայն գրվածքներից ճանաչող...

 

Մեր օջախի փոքրն էր Նվարդը և, բնականաբար, բոլորիս սիրելին էր նա։ Մեր հոր մահից հետո ես նրան սիրում էի նաև հորս փոխարեն, հայրաբար։ Բոլորիս համար նա ՆՎԱՐԴԻԿ էր, սիրելի ու պաշտելի մի մեծ երեխա՝ մանկան պես մաքուր ու ազնիվ, արիստոկրատուհու պես գեղեցիկ ու հպարտ, աշխարհ տեսածի պես խելոք ու իմաստուն՝ պատրաստ անձնազոհաբար օգնելու մերձավորին թե միանգամայն անծանոթ մարդուն... Շատերին աջակցեց իր կարճատև կյանքում, շատերի կարեկիցն ու սատարը եղավ և շատերի կողմից սիրվեց Նվարդը։

Մեր բոլոր երազանքներում Նվարդն էր, լուսավոր գալիքի մասին մեր պատկերացումներում Նվարդն էր՝ իր լուսեղեն ու անկրկնելի ժպիտով, մաքրամաքուր սրտով...

 

Որքա՜ն դժվար է անցյալ ժամանակով գրել մի էակի մասին, որ ամբողջովին Կյանք էր, Լույս, Հույս ու Հավատ։ Իր նոթատետրի առաջին էջում գրել է Ջեկ Լոնդոնի հետևյալ խոսքերը. «Թող ես լինեմ փայլատակող ասուպ, քան հավերժական, բայց քնկոտ մոլորակ»։ Հաջորդ տողում ավելացրել է. «Ով հավատում է կյանքում հրաշքի, նրան է միայն հրաշքն այցելում»։ Նվարդն իրոք հավատում էր հրաշքի, այլապես չէր գրի այդ տողերը։ Բայց, ավա՜ղ, հրաշքն այդպես էլ չայցելեց նրան...

 

Եվ նա ասուպի պես փայլատակեց ու գնաց... Անսահման լավատես էր և այդպես էլ հանգավ՝ չիմանալով, չհասկանալով, որ ընդմիշտ հեռանում է իր սիրելիներից ու աշխարհից... Լուսեղեն իր երազները որբ թողեց և գնաց։ Չէ՛, նա չգնաց. Չարը նրան պոկեց մեզնից, ինչպես վարդն են կոպտորեն պոկում իր թփից, ու տարավ...

 

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ