Գլխավոր » ԵՎ ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ՄԻ ԱՌԱԿ ՊԱՏՄԵՑ...
ԵՎ ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ՄԻ ԱՌԱԿ ՊԱՏՄԵՑ...
22:35
ՀԱՎԱՏԱՓՈԽԸ

Ծեր քրիստոնյայի մեկը գնաց Պըլը-Պուղու մոտ, թե՝ ուզում եմ ճանապարհվել սուրբ Երուսաղեմ՝ մեղքերս քավելու։ Պըլը-Պուղին նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ կարիք կա այդքան երկար ճանապարհ կտրել օր ծերության, երբ մեր եկեղեցում կարող ես այդ նույն բանն անել»։ Ծերունին պատասխանեց. «Մեղքերս այնքան շատ են, որ չեմ ուզում զզվեցնել մեր աստծուն»։

Եվ Պըլը-Պուղին նրան մի առակ պատմեց.
«Մի ծերունի, երբ զգում է մահվան շունչը, կանչում է կողակցին, թե՝ գնա մոլլա բեր, բան ունեմ ասելու։ Կինը զարմանում է. «Ա՛յ հալևոր,- ասում է,- խելքդ հո չես թռցրել, մոլլայի հետ ի՞նչ գործ ունես»։
Հալևորը ձենն այստեղ բարձրացնում է. «Ա՛յ կնիկ,- ասում է,- խելքս տեղն է, գնա ինձ համար մի մոլլա գտիր»։

Հնար չկար, էս կնիկը մի մոլլա է բերում։ Մոլլան մոտենում է մահվան հետ կռիվս տվող ծերունուն ու հարցնում. «Ա՛ հայ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում»։ «Ուզում եմ հավատս փոխել, մահմեդական դառնալ»,- պատասխանում է հալևորը, և մոլլայի բուռը երկու ոսկի խոթում։
Մոլլան իսկույն գրպանից հանում է Ղուրանը, մի քանի բան կարդում ու ասում. «Ա՛ հայ, էսօրվանից դու ալլահի կամքով մահմեդական ես»։
Այս հալևորը մի կերպ գլուխը բարձրացնում է, ասում. «Փա՜ռքդ շատ, աստված, էս աշխարհից մի մուսուլման էլ պակասեց», ու նոր միայն հոգին ավանդում»։


ՄԱՐԴՈՒԴ ՏԱՐ, ԿԱՊԻՐ

Պըլը-Պուղին կանչում է Միրզա խանին.
- Միրզա խան, հե՜յ Միրզա խան։
- Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ,- հաչում է Միրզա խանի շունը։
- Միրզա խա՜ն,- ձայնն ավելի է բարձրացնում Պըլը- Պուղին, և կատաղած շունը դուրս է նետվում բակից ու հարձակվում նրա վրա։ 
Պըլը-Պուղին մահակով խփում է շան դնչին ու դառնում պատշգամբում կանգնած Միրզա խանի կնոջը.
- Աղջի, մարդուտ տար՝ կապիր, շանդ ասա դուրս գա, բան եմ ասում։


ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ԼԵԶՎԱԳԵՏ

Մելիք Շահնազարը շտապ Պըլը-Պուղուն կանչում է ու հարցնում.
- Պուղի, աշխարհում քանի՞ լեզու կա։
- Երկու հարյուր և մեկ։
- Իսկ դու քանի՞ լեզու գիտես։
- Երկու հարյուր։
- Այդ լավ է,- ասում է Մելիքը։- Քիչ առաջ մեր տունը մի մարդ է եկել, լեզուն չեմ հասկանում, գնանք տեսնենք ինչ է ուզում։
- Բա լավ, չիմացա՞ր, թե էդ մարդը որ աշխարհից է եկել։
- Հնդուստանից։
Պըլը-Պուղին քորում է ծոծրակը.
- Հա՜, Մելիքն ապրած կենա, լավ հիշեցի, աշխարհում մենակ հնդու լեզուն է, որ չեմ իմանում։


ՄԱՏԸ ԹԵԼ ԿԱՊԻՐ

Մելիքի մայրը մահանում է։ Թաղման ժամանակ Մելիքը գրկում է հանգուցյալի դագաղն ու ասում.
- Այա՜, ապուն կասես դարդ չանես, վրեդ էնպիսի գերեզմանաքար եմ գցել, որ չուտես-չխմես, թամաշա անես... Այա՜, ապուն կասես թոռներդ մեծացել, էսօր-էգուց պսակվելու են... Այա՜, ցավդ տանեմ, չմոռանաս, կասես Շահնազարն ասում է՝ հազար գլուխ ոչխար ես թողել, չորս հազարն եմ արել... Այա՜, յանի միտդ ես պահելո՞ւ…
Պըլը-Պուղին այստեղ բռնում է Մելիքի թևն ու ասում.
- Ա՛յ Մելիք, այան էդքան բաները ո՞նց միտը պահի, պառավ կնիկ է՝ մատը մի թել կապիր, որ չմոռանա։


ԱՆՁՐԵՎ

Մելիքը և Պըլը-Պուղին ձիերը հեծած վերադառնում էին հանդից, երբ հանկարծ սկսում է ուժեղ անձրևը։ Պըլը-Պուղին իջնում է ձիուց, շորերը հանում, դնում խուրջինում և դառնում Մելիքին.
- Ա՛յ Մելիք, դու ինչի՞ ես սպասում, շորերդ հանիր։
- Պուղի, ոնց որ գժվել ես։
- Մելիք, հետո կփոշմանես։
- Անձրևի տակ մենակ շաշերն են լողանում,- ծաղրում է Մելիքը։
Շարունակում են ճանապարհը, և վերջապես անձրևը դադարում է։ Պըլը-Պուղին խուրջինից հանում է չոր ու ցամաք շորերը և հագնում, իսկ Մելիքը, որ լավ թրջվել է, սկսում է սրթսրթալ։

Պըլը-Պուղին նայում է Մելիքին ու հարցնում.
- Հը՛, հիմա մեզանից շաշը ո՞վ է։
Մելիքն օրորում է գլուխը. 
- Ա՛յ Պուղի, համա աղվեսի խելք ունես, հա՜...
- Մելիք Շահնազա՛ր, էդ անձրևի տակ լավ չի՞ աղվեսի խելք ունենալ, քան ավանակի կողահաստություն։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» գրքից)

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ