Գլխավոր » ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ՄԱՐԴ, ՔԱՂԱՔԱՑԻ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ՄԱՐԴ, ՔԱՂԱՔԱՑԻ
21:19

Հանրահայտ «Ղարաբաղ»-77 թիմի վաղեմի երկրպագուներից եմ: Ժամանակին սեփական հարկի տակ մեր թիմի մասնակցությամբ գրեթե ոչ մի խաղ բաց չեմ թողել: Ֆուտբոլիստներից բոլորին գիտեի: Իսկ երբ ֆուտբոլային իմ կուռքը՝ ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր Հովհաննես Զանազանյանը Սուրեն Մարտիրոսյանի հետ հրավիրվեց Արցախ, և հայկական ֆուտբոլի երկու նշանավորները դարձան մեր թիմի առանցքային խաղացողները, ավելի կապվեցի մեր ակումբին: Հորս հետ, որ լինելով մեծ ֆուտբոլասեր, «Խորհրդային Ղարաբաղ» մարզային թերթում հաճույքով մեկնաբանում էր արցախյան թիմի խաղերը, բազմիցս հանդիպել եմ Զանազանյանի և մեր թիմի այլ խաղացողների հետ:

Կիսապաշտպան Կառլեն Սիմոնյանին բոլորը «Գալո» մտերմիկ անվամբ էին կոչում: Հիշում եմ, ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ տրիբունաների շուրջ գտնվող բարձրախոսներից ներկայացրին մեր թիմի կազմը, ես զարմացա, որ Գալոյի անունը չեն հայտնել, բայց ֆուտբոլիստները «Գալո» են վանկարկում: Հետո միայն իմացա, որ Կառլեն Սիմոնյանը հենց մեր սիրելի կիսապաշտպանն է:

Այդ տարիներին Կառլենի հետ անձամբ ծանոթանալու առիթ չի եղել: Շատ տարիներ հետո միայն մենք ծանոթացանք, երբ նրա խնդրանքով 2009 թ. «Նոր էջի»-ում հրապարակեցի «Ղարաբաղյան ֆուտբոլը՝ խաղից դուրս կամ՝ վերելքներից սրընթաց վայրէջք» հոդվածը: Գրեցի, որովհետև մեր ֆուտբոլի տխուր ներկան նաև ինձ է մտահոգում:

Այնուհետև մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին մեր միջև: Գուցեև հիմնական պատճառն այն է, որ Կառլենի մեջ ֆուտբոլիստից, մարզիկից բացի տեսա ազնիվ ու հայրենասեր մարդու, անկրնելի զրուցակցի, որն ինտելեկտով երիցս բարձր է մերօրյա շատ պաշտոնյաներից, քաջատեղյակ է մեր ժողովրդի պատմությանն ու գրականությանը, մեր ազգային արժեքներին...

Ծնվել է Ստեփանակերտում՝ 1954 թվականին: Առաջին պատանի ֆուտբոլիստներից էր, որ 1972 թ. ընդգրկվել է նորաստեղծ ղարաբաղյան թիմի կազմում:
«Մեր ֆուտբոլի պատմության մեջ Կառլենը հատուկ տեղ ունի: 1977 թվականին, երբ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն, այդ մեծ հաջողության մեջ մեծ ավանդ ունի նաև նա: Շատ համարձակ ֆուտբոլիստ էր, մինչև վերջ իրեն նվիրում էր մեր թիմի յուրաքանչյուր մրցապայքարին»,- պատմում է նախկին «Ղարաբաղ» թիմի ավագ և մեր ֆուտբոլի աստղերից մեկը՝ Բենիամին Բաբայանը, անփոխարինելի 6-րդ համարը՝ Բենոն:

Իսկ նույն թիմի մի այլ նշանավոր ֆուտբոլիստ, Մոսկվայի բարձրագույն մարզչական դպրոցն ավարտած Գագիկ Ծատրյանն այսպես է բնութագրել իր ընկերոջն ու թիմակցին. «Կառլեն Սիմոնյանը տաղանդավոր էր, որի ճակատագիրը, սակայն, ամեն կերպ փորձեցին խաթարել: Բայց նա մնաց նույն ազնիվ, ասպետական և բարեկիրթ մարդը ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում»:

Երբ «Ղարաբաղը» դարձավ Ադրբեջանի չեմպիոն, տեղական «Սպորտ» թերթում այդ մասին գրել էին սև շրջանակի մեջ: Ազերիների համար դա իրոք սգո օր էր: Նրանք հնարավոր ու անհնարին ամեն ինչ արեցին արցախյան թիմի հաղթարշավը կասեցնելու համար, սակայն նրանց բոլոր ջանքերն անհաջողությամբ պսակվեցին: Դեռ ավելին՝ մեր թիմը չեմպիոնի կոչումը նվաճել էր խաղաշրջանի ավարտից դեռևս երկու տուր առաջ: Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը: 1979 թ. գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը:

«Այդ տարիներին քանի որ մենք խաղում էինք ադրբեջանական թիմերի հետ, անընդհատ վեճեր, կոնֆլիկտներ էին ծագում, մեր մրցակիցները շարունակ անթույլատրելի կոպիտ խաղ էին ցուցադրում մեր թիմի հետ հանդիպումների ժամանակ, և նրանց այդ ոչ մարզական վերաբերմունքից, որ երբեք անտարբեր չէր մնում, առաջին հերթին Կառլենն էր,- մեր զրույցը շարունակում է Բենիամին Բաբայանը:- Այդ, այսպես ասած, «մրցապայքարում», նրանց պատասխանն ինքն էր տալիս, որովհետև ցանկացած անարդարության հանդեպ բնավորությամբ լինելով անհանդուրժող, չէր կարողանում անտարբեր մնալ ազերիների կոպիտ արարքների նկատմամբ:

Բենոյին խնդրեցի որևէ հետաքրքրաշարժ դեպք հիշել՝ կապված Կառլենի անարդարություն չհանդուրժող բնավորության հետ:
«1977-ին երբ մենք խաղում էինք Ադրբեջանի առաջնությունում, կարծեմ Իմիշլիում կամ Սաբիրաբադում էր, երբ մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց, նա մրցավարից խլեց սուլիչը,- ծիծաղելով պատմեց Բենիկը:- Մի դեպք էլ հիշեցի: Մի տարի հետո, երբ արդեն խաղում էինք ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում, և Կառլենը մեր թիմի հիմնական խաղացողներից մեկն էր, Վրաստանում մեր մրցակիցը տեղի Սամտրեդիայի «Լոկոմոտիվ» թիմն էր: Դա այն թիմերից է, որ սեփական դաշտում գրեթե մշտապես հաղթում էր, որովհետև տեղի ղեկավարությունը մրցավարներին կաշառելով, ինչպես ասում են, «գնում էր» խաղը: Այդ հանդիպման մրցավարը խմած էր դաշտ մտել: Խաղի վերջին վայրկյաններին մեր տուգանային հրապարակից զգալիորեն հեռու կանոնների խախտում արձանագրեց և մեր դարպասին 11 մետրանոց նշանակեց: Ես, որ մեր թիմի ավագն էի, երկուսով՝ Կառլենի հետ մոտեցանք ու ասացինք՝ էդ ի՞նչ ես անում... Կառլենն այնքան էր ջղայնացած, վրդոված... Մրցավարը փորձեց դեղին քարտ ցույց տալ նրան, իսկ նա սրա ձեռքից խլեց դեղին քարտը: Կարծեմ հետո սուլիչն էլ է խլել կաշառված այդ հիմարի ձեռքից... Կարծեմ այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի...»:

Ընկերները գտնում են, որ որպես մարդ ևս Կառլենն անփոխարինելի է, նվիրված ընկեր է, բայց ամենից շատ նա իսկական հայրենասեր է: Ողջ կյանքում մշտապես ձգտում է արդար լինել, լինի սպորտում թե կյանքում: Յուրաքանչյուր անարդար վարմունք նրա մեջ հակառակ ռեակցիա է առաջ բերում, որովհետև բնավորությամբ լինելով օբյեկտիվ, ազնիվ ու արդար, չի հանդուրժում ցանկացած անարդարություն: Նաև դա է պատճառը, որ նրան հարգում էին թե՛ թիմում, թե՛ մարզական աշխարհում:

Ցավոք, բոլորը չէ, որ կարողացան գնահատել նրա մարդկային այդ որակը: Մի անգամ անցանկալի մի միջադեպ եղավ, և նրա դեմ «գործ» ստեղծեցին ու ազատազրկեցին մի քանի տարով: Ասում են՝ այդ տարիներին, տեղյակ չլինելով Կառլենի կյանքում երևան եկած մղձավանջային ժամանակների մասին, նրանով հետաքրքրվում էին խորհրդային ֆուտբոլի շատ մասնագետներ: Այդ թվում՝ հանրահայտ մարզիչ Նիկիտա Սիմնյանը, որը 1973 թվականին Երևանի «Արարատ» թիմին հասցրել էր խորհրդային ֆուտբոլի անհասանելի բարձունքին՝ ԽՍՀՄ չեմպիոնի կոչման ու գավաթակրի: Ի դեպ, Կառլենն այսօր էլ հպարտանում է ֆուտբոլի մեծ վարպետի հետ ունեցած բարեկամական-ընկերական կապով: Եվ վերջինիս հանդեպ հարգանքն է պատճառ դարձել, որպեսզի նա 1987 թ. ծնված իր որդուն կոչի իր կուռքի և տաղանդավոր մարզիչի անունով՝ Նկիտա Սիմոնյան: Վերջինս հոր պես կիսապաշտպան է և մի ժամանակ խաղում էր «Լեռնային Արցախ» թիմում:

Դժվար է ասել, թե ինչ մասնագիտություն կընտրեր Կառլենը, եթե չլիներ անչափ նվիրվածությունը կաշվե գնդակով մարզաձևին: Ինքը երբեք չի մտածել այլ մասնագիտությունների մասին: Իր ասելով, հնարավոր է զինվորական դառնար:
«Արցախյան շարժման, պատերազմի տարիներին Կառլենն ապրում էր Ռուսաստանում: Բայց նա սակավաթիվ այն արցախցիներից է, որ թողեց իր խաղաղ կյանքն ու եկավ Ղարաբաղ՝ ակտիվորեն մասնակցելով ազատագրական մեր պայքարին,- պատմում է Բենիկը:

Բենիամին Բաբայանի հետ զրույցից իմացա, որ Կառլենը մեծ ավանդ ունի նաև պատերազմական տարիներին մեր թիմի կազմավորման գործում: Երբ դեռ մարտեր էին գնում, և ֆուտբոլիստներն էլ էին մասնակցում պատերազմական գործողություններին, նա դիմել է Սերժ Սարգսյանին ու Սամվել Բաբայանին, խնդրելով տղաներից թիմ ստեղծել և հնարավորություն տալ մասնակցելու ՀՀ ֆուտբոլի առաջնությանը: Եվ այդպես էլ եղավ. նրա առաջարկն ընդունվեց: 1992-ին ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվեց ԲՄԱ «Երազանք» թիմը: Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը: 1993-ից ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»: 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում:

2001 թ. «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն: Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը: 2003 թվականից հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջև վեճեր ու ինտրիգներ են սկսվում, որի զոհը դառնում է արցախյան թիմը: Հովանավորների պահանջով թիմը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբի նախագահ Կառլեն Սիմոնյանը, որ դեմ էր այդ որոշմանը, հովանավորների հրահանգով ազատվում է պաշտոնից:
 
Վերջում ես ուզում եմ մեջբերել Բենոյի հետ զրույցի ժամանակ վերջինս հայտնած ցավալի մի դիտողությունը. «Առայսօր ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, ռազմագործողություններին պարզապես չեն մասնակցել, բայց հետո մեդալ ու շքանշան են ստացել, իսկ Կառլենը, որքան գիտեմ, այդպես էլ ոչ մի պարգև չի ստացել: Եվ, ցավոք, դա արդեն երևույթ է դարձել մեր կյանքում: Խոսքը միայն պարգևների մասին չէ, այլ այն մասին, որ Կառլենի նման արժանի մարդիկ անուշադրության են մատնված, նրանց գիտելքները, կարողությունները չեն օգտագործում»:

Ցավոք, նույնը կարելի է ասել նաև Բենիամին Բաբայանի մասին: Ամիսներ առաջ նրա 60-ամյակն էր: Ականավոր ֆուտբոլիստի հոբելյանի առթիվ, որն այսօր մարզական իր առաքելությունը շարունակում է ԱրՊՀ-ում (դոցենտ է) գրել էր նաև «Նոր էջը», «Ազատ Արցախը», կարծեմ հաղորդում է եթեր արձակել նաև տեղական հեռուստատեսությունը... Իսկ ահա, մեր բարձրագույն իշխանությունները «ոչ տեսել են, ոչ՝ լսել»...

Ու ամենևին չեմ զարմանում, որ Կառլեն Սիմոնյանի նման մասնագետը, երեկվա զինվորը, մարդը, իր երկրին նվիրված քաղաքացին 2003-ից ի վեր անգործ է: Այս երկրում նրա համար «հարմար» գործ չի գտնվում:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ