Գլխավոր » ԳԵՏԵՐԸ
ԳԵՏԵՐԸ
21:40
ԼՂ հանրապետության տարածքով են հոսում մեծ ու փոքր 2659 գետեր ու գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8395 կմ, նրանցից 2540-ը (95%) ունեն 10.0 կմ-ից պակաս երկարություն, որոնք միասին ունեն 5768 կմ (69%) երկարություն: Տասը և ավելի կմ երկարություն ունեցող գետերը 99-ն են, 2627 կմ ընդհանուր երկարությամբ: Ընդ որում՝ 5 գետ ունի 100 և ավելի կմ երկարություն:

Գետերի մեծ մասը սկիզբ է առնում տարածքի համեմատաբար բարձր՝ Մռավի և Ղարաբաղի լեռնաշղթաների մերձակա շրջաններից։ Բոլորն ունեն մեծ թեքություն ու մեծ անկման աստիճան և բոլորն էլ արագահոս են: Գետերի ջրահավաք ավազանների մակերեսը տատանվում է մի քանի քառ. կմ-ից մինչև 2650 քառ. կմ սահմաններում: Գետերից շատերը հասնում են Կուր և Արաքս գետերին, կազմելով նրանց ջրահավաք առանձին ավազաններ:

ԹԱՐԹԱՌ: Տարածաշրջանում Կուր գետի ավազանին պատկանող ամենաերկար (200 կմ) և ջրառատ գետն է, որի տարեկան հոսքը կազմում է մոտ 750 մլն մ3, և ունի մեծ ջրահավաք ավազան (2650 քառ. կմ), որի միայն միջին հոսանքներն են գտնվում մեր տարածքում: Գետի ակունքը գտնվում է 3120 մ բարձրության վրա: Կուր գետի մեջ է թափվում նրա գետաբերանից 523 կմ հեռավորության վրա: Նա ձախից ընդունում է Թրղի վտակը: Նրա հարթավայրային շրջանը սկսում է Մատաղիս գյուղից:

ԳԱՆՁԱԿ գետը սկիզբ է առնում Մռավի հյուսիսային լանջերից, որի ակունքը գտնվում է լեռնանցքի արևմտյան լանջերին: Գանձակը ևս թափվում է Կուր գետի մեջ՝ ակունքից 320 կմ հեռավորության վրա: Գետի երկարությունը 90 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 752 քառ. կմ տարածք:

ՔՅՈՒՐԱԿ գետը սկիզբ է առնում Մռավի հյուսիսային լանջերից 3100 մ բարձրության վրա, երկարությունը՝ 126 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 2080 քառ. կմ: Նրա նշանավոր վտակը Գերանն է, որն ունի 81 կմ երկարություն: Նա իր ճանապարհին ստեղծում է Գյոյ-Գյոլ, Մարալ-Գյոլ, Աղգյոլ և այլ լճեր:

ԻՆՋԱ գետը սկիզբ է առնում Մռավի արևելյան լանջերից՝ 2590 մ բարձրության վրա: Նա թափվում է Կուր գետի մեջ, երկարությունը 83 կմ է, իսկ ջրահավաք ավազանի մակերեսը՝ 255 քառ. կմ:

ԽԱՉԵՆ գետը Արցախի տարածքի համեմատաբար մեծ գետերից է, որը սկիզբ է առնում 2100 մ բարձրությունից և չի հասնում Կուր գետին: Նրա ջրահավաք մակերեսը կազմում է 657 քառ. կմ տարածք: 

Նրա առավել հայտնի վտակը Քոլատակն է, որի երկարությունը 25 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը հավասար է 102.3 քառ. կմ-ի:

ԿԱՐԿԱՌ գետը սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2080 մ բարձրության վրա, երկարությունը 109 կմ է: Նրա ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 1490 քառ. կմ-ի: 

Նրա առավել նշանավոր վտակներից են ՄԵՂՐԱԳԵՏԸ (27.6 կմ), ԲԱԴԱՐԱՆ (32.3 կմ) և ՏՐԱԿԵՏԸ, որի երկարությունը չի անցնում 25 կմ-ից:

ՀԱԳԱՐԻ գետը Թարթառից հետո տարածքի 2-րդ խոշոր և ջրատար, մեծ ջրահավաք ավազան ունեցող գետն է: Նա սկսում է Շոշավանքի և Հոչանց վտակների միախառնումից՝ 2580 մ բարձրության վրա, թափվում Որոտան գետի մեջ, երկարությունը՝ 113 կմ, ջրահավաք ավազանը՝ 2570 քառ. կմ:

ԻՇԽԱՆԱԳԵՏԸ թափվում է Արաքս գետի մեջ։ Սկիզբ է առնում 2280 մ բարձրությունից, գետի երկարությունը հավասար է 74 կմ-ի, իսկ ջրահավաք ավազանը՝ 483 քառ. կմ ։

ՎԱՐԱՆԴԱ գետը սկիզբ է առնում 1780 մ բարձրությունից և թափվում է Արաքսի մեջ, ջրահավաք ավազանն ունի 501.2 քառ. կմ մակերես: Գետի երկարությունը 81.2 կմ է, ջրահավաք ավազանն ունի 6.18 կմ լայնություն:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ