Գլխավոր » ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԱԲԿԱՆՔՆԵՐՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԱԲԿԱՆՔՆԵՐՈՒՄ
18:46
Սկիզբը՝ նախորդ համարում

Չնայած ուշացումով, Հայաստանի կառավարությունը 1920 թ. ապրիլին մի հեղինակավոր պատվիրակություն է ուղարկում Մոսկվա, որը Լենինի կառավարությանը ներկայացրել է 5 կետից բաղկացած առաջարկություն, որի առաջին կետով հիշեցնում են, որ խորհրդային իշխանությունը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը, ընդունելով, որ Հայաստանին են պատկանում Ղարաբաղն ու Գյուլիստանը...

Այդ բանակցությունից Հայաստանի պատվիրակներին պարզ է դառնում, որ խորհրդային Ռուսաստանն իր վրա է վերցրել բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի միջև, որպեսզի Հայաստանը ձեռք քաշի դաշնակիցներից (Անտանտայից) և հայոց դատը լրիվ հանձնի Ռուսաստանին։ Հայոց պատվիրակության ղեկավար Լ. Շանթը հասկացրեց (բայց իրո՞ք հասկացրեց) ՌՍՖՍՀ ԱԳ նախարար Չիչերինին, որ հայերը հասկանում են Ռուսաստանի քաղաքականության նպատակը և, դժգոհելով ասաց, որ «տաջիկները (թուրքերը - «ՆԷ») ռուսներից ստացած զենքով ամենից առաջ կհարվածեն հայերին, մինչդեռ ռուսները միամտորեն կարծում են, որ տաջիկներին մոտենալով, այնտեղ տեղի կունենա խորհրդայնացում։ Բանակցություններից պարզ է դառնում, որ խորհրդային կառավարությանը չէր հետաքրքրում կովկասյան հանրապետությունների սահմանների խնդիրը «համարելով այն մի աննշան հարց», քանի որ «նրա մտադրության առարկան Տաջկաստանի խնդիրն էր» («Հայրենիք», 1954, Գ.1, էջ 9-10)։

Ի դեպ, հենց այդ նույն օրերին թուրքական մի ներկայացուցչություն Բեքի Սամիբեքի և Քեմալ Աթաթուրքի եղբայր Յուսուֆ Քեմալի գլխավորությամբ Մոսկվայում էին գտնվում ռազմական օգնություն ստանալու համար (նույն տեղը)... 

Այնուամենայնիվ, տարածքների պատկանելության հարցի առումով պատվիրականությանը հայտնի է դառնում, որ Ռուսաստանն ուզում է, որ Նախիջևանի շրջանն ու Զանգեզուրն անառարկելիորեն համարվեն հայկական տարածք, իսկ Ղարաբաղը համարվի վիճելի, որի իրական վիճակը հետագայում որոշվելու է Ժողովրդական հանրաքվեով։ Սակայն դա տեղի չունեցավ Ադրբեջանի կառավարության և Բաքվում գործող մի խումբ հայ բոլշևիկների մեղքով, որոնք ձգտում էին ռուս բոլշևիկների և թուրքերի օժանդակությամբ խորհրդայնացել Հայաստանը։ Այդպիսով խորհրդային Ադրբեջանը, օգտագործելով Ռուսաստանի բոլշևիկյան զորքերի ուժը, ձգտում էր գրավել թե՛ Ղարաբաղը և թե՛ Զանգեզուրն ու Նախիջևանը։

Հետագայում՝ նույն տարվա հունիսի վերջերին մտքափոխ բոլշևիկյան Ռուսաստանի կառավարությունը հայտնում է արդեն նոր որոշում՝ սահմանների հարցով, ըստ որի Ղարաբաղը վերջնականապես թողնվում է Ադրբեջանին... Ցավով պիտի նշել, որ հենց այդ  օրերին Բաքվից Մոսկվա՝ Վ. Ի. Լենինին  և Գ. Չիչերինին (պատճենը՝ Ս. Օրջոնոկիձեին) է ուղարկվում մի հեռագիրը, որի տակ ստորագրել էին Ն. Նարիմանովը, Բ. Մդիվանին և Ա. Միկոյանը, որում ասված է. «ինչ վերաբերվում է իբրև վիճելի Զանգեզուրին և Ղարաբաղին, որոնք արդեն մտել են Ադրբեջանի կազմի մեջ, վճռականորեն հաստատում ենք, որ այդ շրջանները անվիճելիորեն այսուհետև ևս պետք է մնան Ադրբեջանի կազմում»։ 

Ի դեպ, Ա. Միկոյանը, Ա. Տեր- Գաբրիելյանը, Լ. Միրզոյանը, Հ. Նազարեթյանը, Ա. Կարագոզովը, Լ. Կարախանը և Բաքվի որոշ բոլշևիկներ կոչ էին անում ջախջախել դաշնակների ստեղծած անկախ Հայկական պետությունը և ոչնչացնել «իմպերիալիստական Հայաստանը»։ Ասենք, որ հենց նման յուրայիների մասին է մեր վաղամեռիկ ու երջանկահիշատակ բանաստեղծ Վազգեն Օվյանը գրել.

Անտառն ի՞նչ անի, 
       երբ իր խորքերում
Հավքերի-կողքին կռնչում է բուն,
Որ ծառերից են սնվում որդերը,
Ծառերին ուտում։
Ախր դու ծովին ո՜նց մեղադրես,
Երբ շնաձուկը անկուշտ է ու նենգ,
Ասա, այս ժայռը ի՞նչ մեղավոր է,
Երբ նրա ճեղքում օձն է բուն դրել...
               («Այս Ղարաբաղն է»)

Ի հավելումն այդ ամենի, նշենք, որ ամենաստոր արարքը Ա. Միկոյանինն է, որը հող ստեղծեց, որպեսզի ադրբեջանցի «պատմաբան» Զ. Բունիաթովը 1988 թ. Արցախյան շարժմանը լծված Ստեփան Միկոյանին խորհուրդ տա ընթերցելու իր հոր նկատառումները՝ Ղարաբաղի պատկանելության մասին։

Ն. Նարիմանովի, Ա. Միկոյանի և Բ. Մդիվանու կարծիքը Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ կիսում էր նաև Ստալինը, որը Ս. Օրջոնոկիձեին հասցեագիր հեռագրում ասում է. «իմ կարծիքն այն է, որ ուղակիորեն պաշտպանել կողմերից մեկին, տվյալ դեպքում, իհարկե, Ադրբեջանին՝ Թուրքիայի հետ միասին»։
Իսկ հարց է՝ Լենինը այդ խնդրում ինչպիսի դիրք ուներ։ Նա ընդամենը հեռագրում է Չիչերինին, ասելով. «Չի՞ կարելի, արդյոք, Նարիմանովի հետ գործը ավարտել խաղաղությամբ»։ Իսկ Չիչերինը Լենինին պատասխանում է. «Ղարաբաղը բուն հայկական բնակավայր է» (նույն տեղում, էջ 506)։

Դառնալով Ղարաբաղի ճակատագրի առումով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության դիվանագիտական անցուդարձին, հարկ է հիշել Ադրբեջանի հեղկոմի կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքներ հանդիսացող Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի վերաբերյալ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած հռչակագիրը և Անդերկոմի Լեռնային Ղարաբաղի 1921թ. հունիս-հուլիսյան որոշումների պատմությունները, որոնցում պարզորոշ երևում է ռուսների ադրբեջանամետ վարքագիծը։

1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, որով Ադրհեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին հանձնարարվեց հեղկոմի անունից հռչակագիր կազմել և մատնանշել, որ խորհուրդային Ադրբեջանի և խորհրդային Հայաստանի միջև վերանում են բոլոր տարածքային վեճերը։ Այդ որոշման հիման վրա կազմվում է հռչակագիր և հեռագրով հայտնվում Երևան, որը հրապարակվում է «Կոմունիստ» (Երևան) թերթի դեկտեմբերի 7-ի համարում։ Ահա այդ հռչակագրի բովանդակությունը.

«Ադրհեղկոմի որոշումը բոլորին, բոլորին. Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության անունից հայ ժողովրդին հայտարարում ենք Ադրբեջանի հեղկոմի նոյեմբերի 30-ի որոշումը. «Ադրբեջանի բանվորա-գյուղացիական կառավարությունը ստանալով ապստամբ գյուղացիների անունից (հղկված) ուրախալի լուրը՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության հռչակման մասին, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այս օրվանից վերացված են հայտարարվում սահմանային վեճերը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մասեր։ Կեցցե խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի բանվորների և գյուղացիների եղբայրությունն ու միությունը։
Ադրբեջանի խորհրդային հեղկոմի նախագահ Նարիմանով
Արտաքին գործերի կոմիսար Հյուսեինով»։

 Այս որոշումից թվում է, թե ամեն ինչ պարզ է և հասկանալի. Բաքուն ձեռք է մեկնում հայ ժողովրդին։ Սակայն հետագայում պարզվում է, որ Ադրբեջանի այդ որոշումը հայ ժողովրդին, հասարակությանը մոլորեցնելու միջոց է միայն և ոչ իսկություն։ Ինչո՞ւ Մոսկվայում բոլշևիկ ղեկավարները կազմակերպեցին այդ շինծու հռչակագիրը և  ողջունեցին Ադրբեջանի այդ քայլը (Օրջոնոկիձեի հեռագիրը Լենինին, Ստալինի հրապարակած հոդվածը «Պրավդա»-ում 1920թ. դեկտեմբերի 4-ին)։ Պատմաբան Լևոն Մկրտչյանը նկատել է, որ «պատահածը պարզապես հասարակ աչքակապություն և խաբեություն է Հայաստանի խորհրդայնացման ընթացքը արհեստականորեն դյուրացնելու համար»։

Թե՛ Մոսկվան և թե՛ Բաքուն այդ «հռչակագիրը» թխեցին հենց Հայաստանում խորհրդային իշխանության ստեղծման պահին՝ նոյեմբերի 29-ի հաջորդ օրը՝ 30-ին։ Մեր բոլոր հայ պատմաբանները և սթափ մտածող քաղաքական ու պետական գործիչները նույնպես այդ կարծիքին են...

Չմոռանանք, որ բոլշևիկա-դաշնակցական պայմանագրով Հայաստանի անվիճելի մասեր են համարվում նաև Կարսի մարզի մի մասը. Ղազախի գավառի մի մասը, Թիֆլիսի գավառի մի մասը։ Այս ամենից երևում է, որ բոլշևիկների դիվանագիտության այս հարցում հաղթող դուրս եկավ։ Մոսկվայի կողմից թելադրված որոշումը ինքնահանգստություն առաջ բերեց Հայաստանում՝ Ղարաբաղին տիրելու հարցում։ Մինչդեռ Զանգեզուրի ղեկավար Գ. Նժդեհը որպես հեռատես գործիչ չէր հավատում Ադրբեջանի որոշման անկեղծությանը։ 
Արցախը միամտորեն հավատալով նարիմանովյան հեղկոմի որոշմանը, դադարեց իր պայքարը...

Մյուս կողմից էլ՝ Ղարաբաղը հավատաց Կովբյուրոյի 1921 թ. հունիսի 3-ին և հուլիսի 4-ի որոշումներին, որոնցից վերջինիս ներկա էր նույնիսկ Ազգությունների գործերի նախարար-կոմիսար Ստալինը։ Բայց Ղարաբաղն ի՞նչ իմանար, որ այդ որոշումները, որոնք թելադրված էին Մոսկվայի կողմից, խաբկանք են։ Ի՞նչ իմանար, որ վերևներում նյութում ու թխում են ադրբեջանամետ որոշումներ, այդ թվում՝ Կովբյուրոյի հուլիսի 5-ի մի որոշումը, որը հնարվել էր Ստալինի կողմից ու գրվել նրա ձեռքով։ 

Ընթերցողը թող չկասկածի 1921 թ. հունիսի 3-ի Անդրերկոմի այն որոշման իսկության վրա, որով Ղարաբաղը ճանաչվում էր որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Այստեղ էլ բոլշևիկները հայերի վերաբերյալ օգտագործել են նույն մեթոդը, ինչ որ եղավ 1920 թ. նոյեմբերի 30-ի Անդրհեղկոմի կողմից։ Այստեղ էլ օգտագործվեց Զանգեզուրյան ապստամբության ճնշման դրդապատճառը. ուզում էին օգտագորել հայերին քաջալերելու մեթոդը, որպեսզի հայերը, ելնելով բոլշևիկների այդ խրախուսանքից, օգնեն, որպեսզի մարվի Զանգեզուրյան ազատագրական պայքարի ջահը...

Իսկ այն հարցին, թե Հայաստանի նոր իշխանավոր բոլշևիկները կարո՞ղ էին փրկել դրությունը և տեր դառնալ Ղարաբաղին, պատասխանում է պատմաբան Հրանտ Աբրահամյանը, որն իր «Մարտնչող Արցախ» գրքի Ա հատորում գրում է. «ճիշտ է 1920 թ. վերջին և 1921 թ. սկզբներին Հայաստանի ներքին և արտաքին լարված կացությունը հնարավորություն չտվեց գործնական քայերի դիմելու հայկական այն հողերը, որոնք Ադրհեղկոմի 1920 թ. նոյեմբերի 30-ի հռչակագրով Հայաստանի մաս հռչակվեցին, Հայաստանի հետ վերամիավորելու ուղղությամբ, բայց անժխտելի է այն, որ Հայաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկները անհեռատեսությունը ցուցաբերեցին և այդ ուղղությամբ ոչինչ չարեցին»։

Ի հավելումն պատմաբանի այդ կարծիքի, հարկ է նշել մեր ազգի բոլշևիկ ղեկավարներին (Մյասնիկով և ուրիշներ), որոնք միամտություն դրսևորեցին Նարիմանովի այդ առաջարկի նկատմամբ, որ ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցի տեղ Կովբյուրոյում քննարկման դնել ամբողջ Ղարաբաղի հարցը, դրանով իսկ հնարավորություն չտալով քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը Կովբյուրոյում...

 Բայց, բարեբախտաբար, Կիրովի և մյուսների միջոցով Լեռնային Ղարաբաղի հարցը տարանջատվեց ամբողջ Ղարաբաղից և հուլիսի 4-ի որոշմամբ այն մտցվեց Հայաստանի մեջ։ Համանման մի սպրդում էլ մերոնք թույլ տվին հուլիսի 5-ին Ստալինի կողմից մշակված որոշման այն ձևակերպման նկատմամբ. «թողնել Ադրբեջանի կազմում» կապակցությունը հայ ղեկավարների կողմից անհրաժեշտ դիմադրություն չստացավ։ 

Մինչդեռ այդ «թողնել» բառը նշանակում էր այն, որ Ղարաբաղը նախկինում էլ եղել է Ադրբեջանի կազմում և հիմա էլ որոշ ընդմիջումից հետո կրկին թողնվում է նրա կազմում։ Եվ այդ բառը, որ մերոնք այն ժամանակ կարևոր չհամարեցին, այսօր մեր դիվանագիտության համար կոկորդի ոսկոր է դարձել Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ, քանի որ թուրք- ազերիները շահարկում և կառչում են այդ բառից։

Եզրափակելով Ղարաբաղի հարցում բոլշևիկյան Ռուսաստանի դիվանագիտության խաբկանքների թեման, հարկ է իմանալ, որ օգտագործելով այն ժամանակների իրարամերժ պահերը, երբ համաշխարհային հեղափոխությունը ամեն գնով առաջ տանելու համար բոլշևիկները դեպի մուսուլմանական արևելք կողմնորոշվեցին և քաղաքական այդ նոր հաշվարկում գլխավոր դերը հատկացրին քեմալական Թուրքիային, որը և Նարիմանովին հնարավորություն տվեց հրաժարվել իր իսկ հրապարակած հռչակագրից, որպեսզի Հայաստանից հնարավորին չափ տարածքներ-կորզվեն հօգուտ Թուրքիայի և նորաստեղծ Ադրբեջանի։ Սա էր Խորհրդային դիվանագիտության գլխավոր նպատակը Անդրկովկասում 19-րդ դարի 20-ական թվականերին, որին էլ, ի դժբախտություն հայերի, հասավ։

ՄԻՔԱՅԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
գ. Քարահունջ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ