Գլխավոր » Ղարաբաղյան պատերազմի վերսկսվելուց օրեր անց մենք կկորցնենք ևս 6 շրջան. ադրբեջանցի փորձագետ
Ղարաբաղյան պատերազմի վերսկսվելուց օրեր անց մենք կկորցնենք ևս 6 շրջան. ադրբեջանցի փորձագետ
13:12


Haqqin.az կայքում հրապարակվել է ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը, որում ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս հողերի վերադարձման ու Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ ճանապարհով լուծելու մասին բազմաթիվ ռազմաշունչ հայտարարություններով: Սակայն ես վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվում է հենց այդ հայտարարություններով, ինչի մասին արդեն իսկ քանիցս գրել եմ այդ մասին:


Ամեն դեպքում մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը պատերազմ է սկսում: Ի՞նչ կլինի: Առաջինն այն է, որ թշնամին պատերազմին պատրաստ է գտնվել, առավել ևս, որ մեր երկրի ղեկավարությունը նրան վաղուց և բաց նախազգուշացրել է այդ մասին: Հակառակորդի մարտական, քաղաքական ու հոգեբանական նախապատրաստությունը կարող է մեզանից ավելի վատը չլինել՝ թեպետ իշխանությունների PR-ը և բարձրացրած աղմուկը շատ ավելի քիչ է:


Նրանց մոտ ավելի քիչ են գողանում, քիչ են ստում, քանի որ ավելի շատ են սիրում իրենց հայրենիքը, իսկ «դեդովշչինան», թեպետ և կա, շատ ավելի քիչ է մեզանից: Կոռուպցիայի մասին ես չեմ էլ ասում: Համեմատեք, թե որքան է նրանց մոտ գրանցվող փոխհրաձգության, սպանությունների և բանակային «ինքնասպանությունների» (սա չակերտի մեջ է վերցրել հեղինակը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հաճախ զինծառայողներին սպանելը որակում են որպես ինքնասպանություն – 168.am) դեպքերը, և որքան են դրանք մեզ մոտ:


Եվ այսպես պատերազմը սկսվեց: Հետ մղելով չափազանցված գովազդված առաջին հարվածը՝ հակառակորդը լիովին կարող է անցնել հակահարձակման: Հակառակորդը կարող է պատերազմի առաջին իսկ օրերին գրավել ևս վեց շրջան: Իսկ դա բացառել չի կարելի, քանի որ մեր կոռումպացված ուժայիններն ուժեղ են միայն խոսքերով և հեռուստաէկրաններին: Ցայժմ որքա՞ն զորավարժություն է անցկացրել նրանց բանակը, և որքան՝ մեր բանակը:


Հիշեք, թե որքան շփոթված ու երկչոտ իրեն դրսևորեց Նավթային ակադեմիա ժամանած ոստիկանությունը, երբ այնտեղ հնչեցին կրակոցներ: Ոստիկանները չէին ցանկանում մուտք գործել շենք: Նրանցից մեկը վտանգին ընդառաջ չգնալը հեռախոսով պետին զեկուցելիս պատճառաբանեց հետևյալ կերպ. «Այնտեղ կրակում են»: Բնականաբար, կրակում են և ոչ խաղալիք ատրճանակներից: Կրակոցները լսելուց հետո բանակի մեկ քառորդն իսկույնևեթ կդասալքի:


Երկրորդ քառորդը, ստանալով զենք ու մարտական փամփուշտներ, կոչնչացնի երրորդ քառորդին և այն սպաներին, որոնք խմել են նրանց արյունը՝ ծեծի են ենթարկել, բռնաբարել են, գումարներ են շորթել և նվաստացրել են: Իսկ մնացածին թշնամին կարող է հաղթել գործնականում առանց մեկ կրակոցի, եթե նա մի շարք խոստումներ տա Ադրբեջանի բանակին ու ժողովրդին:


Այդ խոստումները կարող են լինել ամենուրեք տիրող կաշառակերությանը վերջ դնելը, կաշառակերներին պատժելը, Սաակաշվիլիի օրինակով ճանապարհային ոստիկանության բարեփոխումը, բենզինի գնի նվազեցումը, ժողովրդավարական, չկեղծված ընտրությունների անցկացումը, թոշակի բարձրացումը, թոշակային տարիքի նվազեցումը, փոքր բիզնեսի զարգացումը, դատական համակարգի բարեփոխումը և այլն:


Ադրբեջանցիներից ո՞վ կպատերազմի այդպիսի հակառակորդի դեմ: Անկասկած է, որ ոչ ոք՝ չհաշված նրանց, ում ձեռնտու է ներկայիս վիճակը, ով սնվում է նավթային խողովակից՝ օլիգարխները, չինովնիկները ու նրանց ստորադասները, ոստիկանները: Բնականաբար, նրանց քանակը քիչ չէ, բայց արդյոք նրանք կպատերազմե՞ն: Պատերազմի սկսվելուց հետո ընդդիմադիր կուսակցությունները կշարունակեն քննադատել միմյանց: Մի մասը քննադատելու է մյուսին նրա համար, որ համաձայնության է եկել կառավարության հետ՝ օգտվելով պատերազմից: Իսկ երկրորդ կեսը քննադատելու է առաջինին, որ նա անտարբեր է համազգային շահերի նկատմամբ անգամ այդ պահին»:


Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել ռազմաշունչ դատարկաբանություններով: 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:


2011 թվականի կեսին վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի շարունակական գնումները, հայտարարեց, որ պատերազմի ժամանակ կարևոր դեր է խաղում ոչ միայն ռազմական տեխնիկան, այլև՝ ռազմական գործողությունների պլանավորումը: Ի դեպ, դեռևս 2006 թվականին ադրբեջանցի ռազմական փորձագետ, կոնֆլիկտաբան, Աֆղանստանի ու Ղարաբաղի պատերազմների մասնակից Ռաուֆ Ռաջաբովը Day.az-ին տված հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանում որոշ «ուռա-հայրենասերներ» շարունակ պատերազմի վերսկսման կոչեր են հնչեցնում, սակայն նրանք մոռանում են, որ իրենց առջև կանգնած է մինչև ատամները զինված հակառակորդը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

http://168.am/2013/03/06/191958.html#.Uun8fXBuqLQ.facebook

© 168 Ժամ առցանց լրատվական կայք


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Ուրախալի է, որ հակառակորդի, թշնամու ճամբարում սթափության կոչեր են հնչում՝ վեր հանելով սեփական պրոբլեմները, խնդիրները։ Անշուշտ՝ ոչ մեզ համար։ Նման մի հոդված տարիներ առաջ տպագրվել է նաև մեր թերթում, ինչպես նաև հայաստանյան պարբերականներում։ Ու՝ մի քանի անգամ։ Եվ՝ ոչ մի արձագանք, հատկապես նրանց կողմից, ում ուղղված է այն։ Նորից զետեղում ենք այդ հոդվածը.



Եվ դարձյալ՝ իսկ եթե այնուամենայնիվ պատերազմ լինի՞...


Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում։ Այս երկու տարակարծիք ճամբարների ներսում կարծիքները նույնպես բաժանվում են։ Օրինակ, ռուսների խայտառակ գործարքի դեմ գրողների մի որոշ մասը գտնում է, որ ռուսները միշտ էլ բացասական դերակատարություն են ունեցել վերջին 200-ամյա մեր ողբերգություններում, և այս անգամ նրանց «սմերչները» ավելացնելու են մեր պատմության սև էջերի թիվը, մի այլ մասը գտնում է, որ ռուսները, ճիշտ է, հերթական սրիկայությունն են անում մեր դեմ, բայց «սմերչն» այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում... և այլն։


Այսօրինակ հրապարակումներ էլ կան՝ «Սմերչով» Ստեփանակերտը ռմբակոծելու դեպքում ադրբեջանցիները ստիպված կլինեն մտածել միլիոնանոց Գանձակի ու հարակից բնակավայրերի ֆիզիկական գոյության մասին...


Ինձ մտահոգում են ոչ միայն այն հրապարակումները, որտեղ ստրկահաճորեն արդարացնում են հյուսիսային հարևանի ցանկացած ձեռնարկում, ներառյալ այնպիսիք, որ միանշանակ ուղղված են մեր լինելության դեմ, այլև վերջին կարգի կարծիքները՝ եթե դուք ռմբահարեք Ստեփանակերտը, մենք էլ «միլիոնանոց Գանձակի» ու հարակից բնակավայրերի բմբուլները քամուն կտանք։ Երևի շատ հեշտ է այս կարգի «վերլուծություններ» նկարել, հատկապես երբ աշխարհին նայում ես 9-րդ հարկի լուսամուտից, դիմացդ նոութբուք է, կողքիդ՝ հաճելի բույրով սուրճի բաժակ։


Ասենք թե նրանք հարվածեցին 40-50 հազար բնակչությամբ Ստեփանակերտին, մենք էլ նրանց «միլիոնանոց Գանձակին»։ Արդյունքում՝ զոհվեցին 2-3 տասնյակ հազար ստեփանակերտցի երեխաներ, կանայք, ծերեր, մենք էլ ոչնչացրինք, ասենք, հակառակորդի հնգապատիկ ավելի շատ խաղաղ բնակչություն (100-150 հազար ազերիների)։ Հետո՞։ Ու սա մխիթարի՞չ է։ Որ դրանից հետո եռակի, քառակի անգամ մեծ թափ է ստանալու արտագաղթը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում,- դա չի՞ մտահոգում մեր ուռա-վերլուծաբաններին...


Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում և հայաստանյան մամուլում ես հոդվածներ եմ տպագրել 2011, ապա 2012 թվականներին։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանություն և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ խաղաղ բնակչության շրջանում։


Այսօր, ադրբեջանաղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Արցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու, ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։


Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...


Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։ Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր...


Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ մի քանի ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...


Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման կամ հրթիռակոծության ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը... Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...


Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։


Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...


Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր կենսական անհրաժեշտություն է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որ սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։


Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։


Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գործողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ քայլերով։ Եթե հակառակորդն, ասենք, միջուկային զենք ունի, ապա մյուս կողմը պետք է մտածի պաշտպանական այնպիսի մեխանիզմի մասին, որ հնարավորինս նվազեցնում է սպասվելիք կորուստները։ Եթե այսօր թշնամին «Սմերչ» ունի, ապա մենք պետք է անհապաղ մտածենք համարժեք պաշտպանության մասին...


Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։


ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Որոնում

Օրացույց

«  Հունվար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ