Գլխավոր » ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
23:00
Խորհրդային գաղափարախոսության կաղապարների ազդեցության ներքո շատերը շարունակում են կարծել կամ ներքին համոզմունք ունենալ, որ երկրի զարգացման բուն ուղին՝ խոշոր արդյունաբերության և հանքարդյունաբերության մեջ է: Եթե արդյունաբերական համալիրների կառուցումն ու դրանց արտադրանքի արտաքին՝ խիստ մրցակցային շուկայում իրացումը դիտվում է բարդ և ժամանակատար գործ, ապա հանքարդյունաբերությունն ընկալվում է որպես անհատապես արագ հարստանալու և պետության հարկային մուտքերն ավելացնելու դյուրին միջոց: Պարզագույն տեխնոլոգիաներով առաջնային հումքն ընդերքից կորզելը և այն արտերկրյա վերամշակողներին վաճառելն, իրոք, մեծ ջանք կամ գրագիտություն չի պահանջում: Միաժամանակ, հետխորհրդային տարածության քաղաքական (այսու իսկ՝ տնտեսական) վերնախավերի հումքային մատակարար լինելու պատրաստակամությունը մեծապես ձեռնտու է նաև զարգացած արևմտյան տերություններին, քանզի առաջնային հումք արտահանելու և ապօրինի մենաշնորհներ հաստատելու հաշվին ներքին տնտեսական գերակայություն պահպանող իշխանությունը ոչ միայն նրանցից էական կախման մեջ է հայտնվում, այլև բնազդորեն կամ գիտակցաբար խեղդում է իրենց երկրների մտավոր և արտադրական ներուժը՝ չեզոքացնելով միջազգային շուկայում մրցակցային նոր ախոյանների ի հայտ գալը: 

Տեղայնացնելով խնդիրը՝ փաստենք, որ մեզ բնորոշ մի շարք յուրահատկություններով հանդերձ, Արցախը տիպաբանորեն մարմնավորում է վերոնկարագրյալ պատկերը և թելադրում այն հաղթահարելու հրամայականը:
Մի կողմից, հաշվի առնելով հետպատերազմական վերականգնման ահռելի ծավալները և դրանք հրատապորեն սպասարկելու հրամայականը, ընկալելի է իշխանության և բնակչության սկզբնական ոգևորությունը՝ Արցախի ընդերքի շահագործման միջոցով զբաղվածության հարցը և պետեկան եկամուտներն ավելացնելու խնդիրը լուծելու առումով: Ի՜նչ խոսք, ասենք, հիշելով Դրմբոնի և հարակից գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակը նախքան հանքի շահագործումն ու այժմ, տեսնում ես նկատելի և համակողմանի առաջընթաց: Նման աշխուժացումն այս տարածքը շատ վաղուց չի ունեցել: Նշենք, որ գեթ արտաքին տեսքով, Դրմբոնի ներկայիս հանքավայրը շահեկանորեն տարբերվում է ՀՀ տարածքում խորհրդային շրջանից գործող հանքերից: Հուսանք նաև, որ Մաղավուզի գործարկվելիք հանքավայրը, որպես օրինակ, հետևի Դրմբոնի ներդրած նոր «չափանիշներին» (թեև դրանք էլ մասնագետ բնապահպանի գնահատմամբ խիստ անբավարար են):

Այսուհանդերձ, որքան էլ պահպանվեն միջազգայնորեն ընդունված բնապահպանական չափանիշները, յուրաքանչյուր հանք շարունակելու է մնալ բնպահպանական աղետ, որն՝ ի տարբերություն անմիջապես ստացվող և արագորեն ծախսվող կամ մսխվող եկամուտների, ունենալու է երկարաժամկետ ծանր հետևանքներ: Հաճախ՝ բնության հասցված վնասը վերականգնելու համար կպահանջվեն դարեր կամ, անգամ, հազարամյակներ:

Արցախի ողջ տարածքով հանքարդյունաբերող միավորների տարածման դեմ մեր կարծիքը հիմնված չէ սոսկ բնապահպանական կարգի դատողությունների կամ նախասիրությունների վրա: Մաքուր բնական միջավայրը՝ ջրերի, անտառների, բարձրադիր մարգագետինների և բնական այլ շերտերի անաղարտությունը հեռահար ռազմավարական պաշար է, որն արդեն մոտակա տասնամյակներում ունենալու է ահռելի քաղաքական կարևորություն: Արդեն այսօր ռազմաքաղաքական ծրագրավորման ոլորտում առաջատար շատ գիտահետազոտական կենտրոններ հրապարակավ հանդես են գալիս, օրինակ, «ջրային պատերազմների» կանխատեսմամբ: Զարգացած երկրները վաղուց գիտակցել են բնական անաղարտ միջավայրի պահպանության ռազմավարական նշանակությունը և վերջին տասնամյակների ընթացքում ձեռնամուխ են լինում նախորդ շրջանում արդյունաբերական և հանքարդյունաբերական հզորությունների հասցրած վնասների չեզոքացմանը:

Այս առումով, Արցախը կանգնած է թվացյալ երկընտրանքի առջև. մի կողմից՝ հարկ է օր առաջ վերականգնել պատերազմից ավերված հարյուրավոր բնակավայրեր և լուծել անթիվ սոցիալական խնդիրներ, որոնց համար հանքարդյունաբերության ընձեռած եկամուտները շատ կարևոր են. մյուս կողմից՝ պետք է ամենայն աչալրջությամբ պահպանել Արցախի բնական միջավայրի հնարավորինս համապարփակ անաղարտությունը՝ գիտակցելով վերջինիս օրըստօրե աճող ռազմավարական արժեք լինելու իրողությունը:

Թվացյալ երկընտրանքի շրջանակից դուրս գալու համար կարելի է հիշատակել շատ ոլորտներ՝ բարձրագույն տեխնոլոգիաների ասպարեզից մինչև գյուղատնտեսություն և զբոսաշրջություն: Նկատի ունենալով զբոսաշրջության մշակութային և քաղաքական հայտնի բաղադրիչ պարունակելու հանգամանքը՝ ոլորտում առկա խնդիրներին, խոչընդոտներին և զարգացման տեսությանը նպատակահարմար ենք համարում անդրադառնալ առանձին հրապարակումների շարքով, իսկ ստորև քննարկելու ենք գյուղատնտեսության զարգացման ընդհանուր հայեցակարգի ընդամենը որոշ տարրեր:

Նախ՝ նշենք, որ Արցախն ունի գյուղատնտեսության որոշ ճյուղերի զարգացման համար նպաստավոր ընդարձակ դաշտ: Արցախի հարավային և արևելյան դաշտավայրերն ընձեռում են այգեգործության և հացահատիկային կուլտուրաների մշակման լայն հնարավորություններ: Եթե հացահատիկային կուլտուրաների դեպքում մենք արդեն այսօր ունենք որոշակի առաջընթաց, ապա Արցախի հարավ-արևելյան մասի այգեգործական ներուժը դեռևս շատ քիչ է օգտագործվում:

Բավարարվենք առավել նշանակալից խնդիրների հիշատակմամբ: Արցախի մերձարաքսյան տարածքները՝ Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավային թևերը շարունակում են մնալ թերբնակեցված, հատկապես՝ Խուդափերինից մինչև Հորադիզ ընկած հատվածում: «Թուֆենկյան» հիմնադրամի հարավային ուղղությամբ հիմադրած միակ բնակավայրի՝ Առաջամուղի համար ընտրված տեղանքը միանգամայն անպատեհ էր: Մեխակավանին («ջաբրայիլ»ե) հարող զուգահեռ չոր ձորակում կառուցված սույն գյուղի բնակիչները բախվում են խմելու և ոռոգման ջրի հարատև պակասության խնդրին, մինչդեռ Արաքսի ափի երկայնքով ձգվող ավերակ գյուղատեղիները՝ ջրի, այգիների ու ցանքատարածությունների առումով անհամեմատ ավելի նպաստավոր էին վերաբնակիչների կյանքը կենցաղային հարմարություններով և տնտեսական հեռանկարով օժտելու համար:

Քաշաթաղի հարավում իրավիճակն ավելի բարվոք է, բայց նույնպես հեռու է բավարար լինելուց: Տարածքի խիստ թերբնակեցված լինելու հանգամանքը հանգեցրել է նրան, որ ցորենի դաշտերը զգալի չափով պատկանում են խոշոր ստեփանակերտաբնակ հողատերերին և մշակվում սեզոնային հիմունքներով տարածք փոխադրվող բանվորական ուժի կողմից: Խորը վրդովմունքով արձանագրում ենք նաև այն, որ ազատագրմանը հաջորդած տարիներին ընթացել է և տեղ-տեղ այսօր էլ շարունակվում է խորհրդային շրջանից մնացած ոռոգման հանգուցային խողովակաշարերի ապօրինի ապամոնտաժումն ու վաճառքը: Ոռոգման ջրի պակասը և տեղում կայուն բնակչության բացակայությունը լրջագույն խոչընդոտներից են՝ մերձարաքսյան տարածքների ներուժից հիմնավորապես օգտվելու համար:

Բոլորովին առանձին քննարկման նյութ է՝ Արաքսի ափին առևտրատնտեսական յուրահատուկ կարգավիճակ և ժամանցային գրավչություն ներկայացնող գոտիների ստեղծումը, որի մասին խոսելն այս պահին նույնպես նպատակահարմար չենք համարում:
Եզրափակելով՝ նշենք, որ Հարավային Արցախի գյուղատնտեսական կարողությունների վերականգնման համար պահանջվում է երկարամյա պետական ծրագիր, որի առանցքային բաղադրիչը պետք է լինի բնակարանաշինությունը՝ վերաբնակեցման կարևորագույն նախապայմանը: Միաժամանակ, հարկ է դադարեցնել արտադրական ենթակառուցվաքների թալանը:

Այժմ անդրադառնանք գյուղատնտեսական այլ ոլորտի՝ անասնապահությանը: Անասնապահությունը խթանելու առումով պետության առջև ծառացած խոչընդոտներն ավելի նվազ են և հեշտորեն կարգավորվող:
Քարվաճառն ամբողջությամբ և Քաշաթաղի հյուսիսային թևն անասնապահական և մեղվապահական իսկական դրախտավայր են: Այստեղ հնարավոր է պահել ահռելի անասնաքանակ ունեցող հարյուրավոր տնտեսություններ՝ ապահովելով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Վրաստանի մսամթերքի պահանջարկի որոշակի մաս՝ բնությանը հասցնելով զրո կամ ոչ էական և հեշտորեն վերականգնվող վնաս: Քարվաճառ-Հյուսիսային Քաշաթաղ գոտու անասնապահական ներուժն, ի դեպ, Խոհրդային Ադրբեջանի տնտեսության հիմնասյուներից էր:

Ի՞նչ կարող է անել պետությունն այսօր: Նախ՝ պետք է վերջ դնել «նոր բնակավայրեր չհիմնադրելու» 2005 թվականից ի վեր տարվող ապապետական քաղաքականությանը և վերսկսել բնակարանային շինարարությունը անտառային և մարգագետնային բնական շերտերի սահմանագծին գտնվող գյուղերում (Քաշաթաղում հարկ է նպաստել այդ գոտու գյուղերի ամրապնդմանը, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, բնակեցվել է դեռևս 1994-1999 թթ. ժամանակահատվածում): Կրկին հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանի ձորամիջյան բնակավայրերը, թե՛ պատմական անցյալում, և թե՛ խորհրդային շրջանում ունեցել են սոսկ սպասարկու նշանակություն, մինչդեռ գյուղերի և անասնապահական համալիրների մեծ մասը տեղավորված էր հենց անտառային և մարգագետնային շերտերի սահմանագծին՝ ելնելով վերջինիս անասնապահության համար առավելագույնս նպաստավոր գոտի լինելու ակնբախ հանգամանքից:

Նոր գյուղերի հիմնադրումը (պատերազմի հետևանքով լքված բնակավայրերի տեղում) և անասնապահական վարկավորման տրամաբանված ու մատչելի կարգի հաստատումը հաշված տարիների ընթացքում ապահովելու է շրջանի ժողովրդագրական պատկերի վերափոխումն ու տնտեսական արագընթաց զարգացումը: Տարեկան երկու-երեք գյուղերի վերականգնումը՝ սկզբնապես 10-20, ապա ամեն տարի՝ 3-5 տների վերակառուցմամբ՝ նոր և իրական շունչ է հաղորդելու Քարվաճառի շրջանին: Բոլորովին պատահական չէ, որ անասնապահական ամենախոշոր մասնավոր տնտեսություններն այսօր կենտրոնացած են հենց հիշյալ գոտու վերաբնակեցված միակ բնակավայրում՝ Նոր Մանաշիդում:

Ժամանակն է գիտակցելու, որ անասնապահությունը՝ խելամիտ պետական քաղաքականության դեպքում կարող է ոչ հեռավոր ապագայում դառնալ արտադրական ծավալների և եկամուտների առումով հանքարդյունաբերությանը միանգամայն մրցակից տնտեսության ոլորտ, որն առաջինի պես չի սպառնալու մեր ամենամեծ հարստությանը՝ բնության զարմանահրաշ անաղարտությանը: Հարկ է պարզապես պետական մտածողության ծիլեր դրսևորել, վերաբնակեցման գոտում տներ կառուցել և վերաբնակիչների ագարակային տիպի տնտեսություններին աջակցել:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ
Artsakh Today

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ