Գլխավոր » ԶՎԱՐՃԱՍՐԱՀ. ՀՈՐԵՂԲՈՐՍ ՈՐԴՈՒ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԻՑ
ԶՎԱՐՃԱՍՐԱՀ. ՀՈՐԵՂԲՈՐՍ ՈՐԴՈՒ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԻՑ
13:59
ՀՈՐԵՂԲՈՐՍ ՏՂԱՆ ԵՎ ԼԵՆԻՆԸ

Հորեղբորս տղան՝ Վահրամը, որ մանկության տարիներին արտակարգ աշխույժ, չարաճճի երեխա էր, չափազանց հետաքրքրասեր ու հարցասեր էր նաև։ Ինչպես ասում են՝ գյուղում մի հատ էր նա՝ բոլորի սիրելին ու զվարճության առարկան...

Խորհրդային տարիներին էր. գյուղի ակումբում ինչ-որ կարևոր ժողով կար, որին մասնակցում էին նաև շրջկոմից եկած պաշտոնյաներ։ Հորեղբայրս իր հետ ակումբ էր տարել նաև որդուն։ Ասեղ գցելու տեղ չկար, և փոքրիկը տեղ էր գրավել հոր ծնկներին։

Ակումբի դահլիճի պատերը զարդարված էին Լենինի նկարներով։ Ժողովն արդեն սկսվել էր։ Փոքրիկը նույնպես սկսել էր հարցերի տարափը.

- Պապ, էն նկարում ո՞վ է։
- Լենինն է։
- Ի՞նչ է անում։
- Զրուցում է գյուղացիների հետ...
- Պապ, բա էն մի նկարում ո՞վ է։
- Լենինն է։
- Ի՞նչ է անում։
- Ճառ է ասում...
- Էն մի նկարում ո՞վ է։
- Լենինն է,- համբերատար պատասխանում էր հայրը...
Եվ այսպես փոքրիկը մեկ առ մեկ քննարկեց Լենինի բոլոր լուսանկարները՝ տարբեր տեսարաններում։ Հետո ծանրումեծ խորհեց մի քիչ ու հարցրեց.
- Բա ինչո՞ւ Լենինին չիշիկ անելիս էլ չեն նկարել...

Սկզբում զվարթ քրքիջ պայթեց հորեղբորս շուրջ նստածների շրջանում, ապա, իրար շշնջալով, աշխուժության պատճառը հասավ լեփ-լեցուն դահլիճի բոլոր անկյունները։ Ակումբում այնպիսի մի անկասելի ծիծաղ էր, որ ելույթ ունեցող պաշտոնյան մնացել էր շվարած՝ կարծելով, թե իր վրա են ծիծաղում...

Ժողովը դեռ նոր-նոր սկսած՝ արդեն խանգարված էր։ Նույնիսկ կես ժամ հետո բավական էր մեկը հիշեր փոքրիկի հարցն ու փռթկացներ, դահլիճում համերաշխ պայթում էր քրքիջը...



ՀՈՐԵՂԲՈՐՍ ՈՐԴՈՒ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀԱՎԵՐԸ»...

Այս զվարճապատումը հորեղբորս որդու՝ Վահրամի (որի և Լենինի նկարների մասին օրերս պատմել եմ) ՖԲ էջից եմ վերցրել։

Մանկության տարիներին ամառային արձակուրդի օրերին ընկերներով գնում էին գյուղից ներքև գտնվող Կարկառ գետը՝ ձուկ որսալու։ Շատ հաճելի ու համով էր գետից բռնած, խորոված ձուկը։ Սակայն 1-2 օր թարսի պես ոչ մի ձուկ չէր մոտենում տղաների ինքնաշեն ուռկաններին։ Նրանցից ավագի՝ Գագոյի գլխում մի օր հետաքրքիր գաղափար ծնվեց. «Տղերք, մինչև գետն իջնելը, էդ ուռկաններով եկեք մեր գյուղի բաղերից հավ բռնենք։ Տեսեք որքա՜ն հավեր կան այնտեղ»։

Առաջարկը բոլորին դուր եկավ։ Ամենակրտսերը՝ Վահրամը, հավերին քշում էր դեպի հացի կտորտանքներով ուռկանները, թփերի հետևում թաքնված ընկերներին մնում էր խաբված, թփրտացող հավի հաշիվը մաքրել։ Այդ օրը երկու հավ որսացին, գետի մոտ խորովեցին ու փառահեղ օր անցկացրին։

Նույնը կրկնվեց նաև երկրորդ և երրորդ օրը՝ մեկական հավ որսացին ու դարձյալ քեֆ արեցին գետի մոտ։

Երրորդ օրը Գագոն առանց ուռկանի եկավ։ Անտրամադիր էր շատ։
- Գագո, էս ի՞նչ է, բա ձուկ բռնելու չե՞նք գնում,- զարմացած հարցրեցին ընկերներով։
- Արա՛, մոտ եկեք, բան ունեմ ասելու,- հրամայական տոնով ասաց Գագիկը։- Երդվեք, որ բերաններից խոսք չեք թռցնելու։
Տղաները երդվեցին ու սպասողական նայեցին Գագիկին։

- Երեկ տատս ասում էր. «Աչքիս հավերը քիչ էն երևում»։ Հաշվեց ու մեկել՝ «Վա՜յ, քոռանամ, չորս հավերս չկան»։ Արա՛, ջոկո՞ւմ եք, ինչ ենք արել...
Տղաները խոտերի մեջ թավալվում և զվարթ ծիծաղում էին։ Գագոն էր միայն տխուր ու շվարած կանգնած մնացել...

* * *
Այդ տղաներից Արթուրը զոհվել է 1992-ի սեպտեմբերի մեկին, Չլդրան գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է մարտական շքանշաններով։ Ունի երկու երեխա։ Գագիկը՝ 1994 թ. հունվարին։ Ունի երեք երեխա...

Վ. Օ.

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ